2026 թվականի հոգևոր հավաքներ
Նշումներ և քննարկումներ. երեց և քույր Քիրոնները և չափահաս երիտասարդները


38:21

Նշումներ և քննարկումներ. երեց և քույր Քիրոնները և չափահաս երիտասարդները

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար

Կիրակի, 2026 թվականի փետրվար 1

Երեց Պատրիկ Քիրոն․ Հրաշալի է այսօր երեկոյան այստեղ լինել ձեզ բոլորիդ հետ՝ նշելու ինստիտուտի 100 -ամյակը և մտածելու այն բոլոր կյանքերի մասին, որոնք փոխակերպվել են սեմինարիայի և ինստիտուտի կողմից այդ տասնամյակների ընթացքում։ Հրաշալի էր տեսնել, թե ինչպես էիք ներս մտնում այս երեկո։ Եվ ես պատրաստվում էի ասել, որ միջավայրը մի տեսակ հարմար է՝ ամենալավ և հրաշալի իմաստով։ Հուսով եմ՝ նկատել եք, որ մենք լարային լույսեր ունենք՝ միջավայրն ավելի հարմարավետ դարձնելու համար։

Հրաշալի է ձեզ հետ լինելը, և մենք անհամբեր սպասել ենք ձեզ հետ հանդիպմանը և շնորհակալություն ենք հայտնում գալու համար։ Մենք հասկանում ենք, որ ձեզանից ոմանք խցանման մեջ են հայտնվել, և, բարեբախտաբար, դուք այնուամենայնիվ այստեղ եք։

Քույր Ջենիֆեր Ք․ Քիրոն․ Այո՛, մենք շատ շնորհակալ ենք այն եռուզեռի համար, որը զգում ենք այսօր երեկոյան, և մեզ դուր է գալիս նայել նրանց դեմքերին, ովքեր այսօր երեկոյան մեզ անձամբ են միանում։ Բայց մենք նաև փորձում ենք պատկերացնել ձեզանից նրանց, ովքեր հավաքվել են հավաքատներում, տներում կամ որևէ այլ տեղ՝ առանձին դիտելու այս հավաքը՝ մինչ դուք ձգտում եք ավելի սերտ կապվել ձեր Փրկչի հետ։ Մենք սիրում ենք ձեզ բոլորիդ, և մենք շատ շնորհակալ ենք, որ ձեզ հետ ենք։

Մի քանի շաբաթ առաջ մենք հիանալի հնարավորություն ունեցանք հանդիպելու ձեր հասակակիցների երկու տարբեր խմբերի հետ, և իրականում նրանցից մի քանիսը այսօր երեկոյան այստեղ են, և մենք պարզապես նստեցինք ու զրուցեցինք նրանց հետ։ Մենք մոտ մեկ ժամ զրուցեցինք այս երկու տարբեր խմբերի հետ։ Նրանք եկել էին մի քանի հարցերով, և մենք նրանց որոշ պատասխաններ տվեցինք։ Նրանք ներկայացնում էին հինգ տարբեր ազգեր՝ երիտասարդներ Միացյալ Նահանգներից, Մեքսիկայից, Նորվեգիայից, Կարիբյան ծովի Կյուրասաո կղզուց և Կոնգոյի Հանրապետությունից։

Երեց Քիրոն. Այսպիսով, մենք հիմա վերանայելու ենք տեսանյութում տրված հինգ հարցերը։ Այնուհետև մենք մեկ կամ երկու մեկնաբանություն կանենք յուրաքանչյուրի համար։ Այսպիսով, եկեք դիտենք առաջին տեսանյութը։

Ճանաչե՛ք և հաղթահարե՛ք արգելափակոցները

Չափահաս երիտասարդ․ Որո՞նք են ամենամեծ արգելափակոցները, որոնք դուք տեսել եք, որ մենք՝ ԵԱ, դնում ենք մեր սեփական ճանապարհին և որոնք մեզ խանգարում են զգալ Աստծո սերը կամ գուցե այնպիսին դառնալուն, ինչպիսին Աստված ուզում է, որ մենք լինենք։

Երեց Քիրոն․ Երբ մտածում եմ երիտասարդների առջև ծառացած արգելափակոցների մասին, մտածում եմ այն գաղափարի շուրջ, որ մահկանացու կյանքը նման է ուսումնական թեստի, թեստ, որը հաջող հանձնելը անհնարին է թվում։ Չգիտեմ: Բայց կարծում եմ, որ հենց այդպիսի մտածելակերպն է, որ կարող է արգելափակոց հանդիսանալ մեր մահկանացու կյանքի և հավերժական կյանքի նկատմամբ մեր մոտեցմանը։

Ես ձեզ կներկայացնեմ մի հրաշալի մեջբերում նախագահ Հենրի Բ. Այրինգի խոսքերից․ «Տերը մեզ չի տալիս այս թեստը … մեզ գնահատելու համար․ Նա դա անում է, քանի որ ընթացքը փոխելու է մեզ»։

Մենք չենք ստուգվում այնպես, ինչպես դուք՝ ուսանողներդ. մեզ հնարավորություններ են տրվում աճելու և սովորելու։ Ոչ թե որովհետև ինչ-որ մեկը պահում է որևէ հիանալի հավերժական միավորների քարտ, այլ որովհետև մենք պետք է աճենք, զարգանանք, հասկանանք և գիտակցնեք, թե մենք ովքեր ենք։ Այնպես որ, խոսքը արգելափակոցների մասին չէ։ Իրականում խոսքը մեզ համար հարթվող ճանապարհի մասին է՝ երբեմն՝ հիանալի փորձառություններով, որոնք գեղեցիկ են, իսկ երբեմն՝ շատ դժվար և շատ ձգվող փորձառություններով։

Քույր Քիրոն․ Իսկ ի՞նչ կասեք սեփական ուժերին չվստահելու և վախի արգելափակոցի մասին։ Ձեր ներքին ձայնի մասին։ Դա իսկապես կարող է արգելափակոց լինել։ Հուսահատեցնող ձայներ։ Ձայներ, որոնք ասում են, որ դուք ձախողակ եք։ Ձայներ, որոնք ասում են, թե արժանի չեք։ Եվ դրա համար կան բազմաթիվ պատճառներ. գուցե դուք չեք ընդունվել աշխատանքի։ Գուցե դուք չեք հանձնել թեստը։ Գուցե ցանկանում եք ամուսնանալ, բայց դեռ չեք ամուսնացել։ Գուցե ամուսնալուծված եք։ Հնարավոր է՝ պայքարում եք այն նույն մեղքի, նույն խնդրի դեմ, որը երկար ժամանակ ունեցել եք։ Ու այս ձայները ձեզ ասում են. «Ես պարզապես բավականաչափ լավը չեմ, ես երբեք բավականաչափ լավը չեմ լինի, ես երբեք արժանի չեմ լինի, և հավանաբար ես չեմ լինի այն, ինչ Աստված է ուզում, որ լինեմ»։ Կարծում եմ՝ դա արգելափակոց է։ Եվ երբեմն ես ինքս եմ լսում այդ ձայները։

Ինչպիսի՞ն է Փրկչի ձայնը ձեր գլխում։ Այն շատ տարբերվում է այն բանից, ինչ ես նկարագրել եմ՝ ցինիզմի, քննադատության և ամոթի հուսահատ ձայներից։ Լսեք, թե ինչ է Փրկիչն ասում մեզ Հովհաննեսի 10-րդ գլխում ։ Ես սիրում եմ այս խոսքերը։

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է ու ավազակ։

Սակայն ով դռնով է մտնում, նա ոչխարների հովիվն է։

… Ոչխարները լսում են նրա ձայնը։ Նա իր ոչխարներին կանչում է անուն առ անուն և նրանց դուրս է հանում։

… Նա գնում է նրանց առջևից, իսկ ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը։

Բայց օտարի հետևից չեն գնա, այլ նրանից կփախչեն, որովհետև օտարների ձայնը չեն ճանաչում»։

Երբեմն ձեր գլխում օտարի ձայնն է լսվում՝ գողի ու ավազակի, և իմ մոտ էլ է պատահում։ Մեկի ձայնը, ով քեզ չի ճանաչում, ով քեզ համար չի հոգում և, ըստ էության, ով վճռականորեն տրամադրված է քեզ կործանելու։ Մենք չպետք է լսենք այդ ձայները՝ օտարների, գողերի և ավազակների ձայները, այլ փոխարենը լսենք մեր Բարի Հովվի ձայնը, որը միշտ խրախուսող է, միշտ սիրող, միշտ հույսով լի։ Այո՛, Նա մեզ կոչ է անում ավելի լավը դառնալ։ Այո՛, անհրաժեշտության դեպքում Նա ապաշխարության կոչ է անում մեզ։ Բայց Նրա ձայնը միշտ այն անձի ձայնն է՝ Փրկչի, որը սիրում է մեզ, որը վճարել է մեզ համար վերջնական գինը և, ըստ էության, որը կապված է ուխտով մեզանից յուրաքանչյուրի հետ։ Այսպիսով, սնվեք Քրիստոսի խոսքերով, այլ ոչ թե օտարի։

Լավ, եկեք դիտենք հաջորդ տեսանյութը։

Օգնեք նրանց, ովքեր հեռանում են

Չափահաս երիտասարդ․ Կյանքում կան տարբեր փուլեր, երբ ես պահում եմ պատվիրանները՝ համաձայն իմ զգացածի, թե Աստված ինչ ակնկալիքներ ունի, բայց ինչպե՞ս օգնել ընկերոջը, որը դանդաղորեն հեռանում է Եկեղեցուց կամ Հոգին ամեն օր զգալուց։ Ինչպե՞ս օգնել նրանց և, ըստ էության, չասել, որ նրանք սխալ ճամապարհով են գնում։

Քույր Քիրոն․ Դժվար է, որովհետև դուք չեք ցանկանում դատել նրանց։ Դուք չեք ցանկանում ասել. «Ավետարանով ապրելու իմ ձևը շատ ավելի լավն է կամ ճիշտ ձևն է»։ Կարծում եմ՝ միշտ կախված է սիրուց և ժամանակից։ Ձեր ընկերները պետք է զգան ձեր սերը և իմանան, որ դուք պատրաստ եք նրանց տրամադրել այն ժամանակը, որն անհրաժեշտ է։

Եվ գուցե ձեր ընկերները գտնվում են այն փուլում, երբ պետք է քննարկեն իրենց մտքում և սրտում կատարվող որոշ բաներ։ Եվ դուք կարող եք նրանց հաղորդել այն ուղերձը՝ հստակ ուղերձը, որ ձեզ հետ նրանք ապահով են, դուք այն մարդն եք, ով կսիրի նրանց, կհարգի նրանց, կհոգա նրանց մասին և կօգնի նրանց՝ անկախ նրանից, թե ինչի միջով են նրանք անցնում։ Դուք կարող եք չհամաձայնել նրանց հետ, չընտրել այն, ինչ նրանք են ընտրում, բայց դժվարին իրավիճակում գտնվող ընկերների համար իսկապես դրական փոփոխություն է, երբ ունեն անվտանգ վայրէջքի վայր և ունեն վստահելի մեկին, ով հոգ է տանում իրենց մասին։

Կարծում եմ՝ օգտակար է խոսել այն ժամանակների մասին, երբ, գուցե, նրանք Հոգին ավելի ուժեղ էին զգում, կամ ավետարանով ավելի հավատարմորեն էին ապրում, քան հիմա։ Խոսեք նրանց հետ այն մասին, թե ինչպիսին էր նրանց կյանքն այն ժամանակ և այն տարբերությունների մասին, որոնք նրանք նկատում են։

Անկեղծ, սրտից և հոգուց բխող զրույցներ, որտեղ դուք նրանց չեք տալիս նման ուղերձ՝ «Դուք չեք ասում այն, ինչ ես սպասում էի, կամ դուք չեք տալիս ինձ այն պատասխանը, որը ես ուզում եմ լսել, ուստի ես չեմ ցանկանում շարունակել այս զրույցը»։ Կարծում եմ, որ դա շատ կարևոր է։

Եվ սա սկզբունք է, որը կիրառվում է մեր բոլոր հարաբերություններում։ Սկզբունք, որը կիրառվում է ծնողավարության մեջ։ Սկզբունք, որը կիրառելի է, երբ խոսում ենք մեր սիրելիների հետ ցանկացած իրավիճակում։

Երեց Քիրոն․ Այո։ Եվ ես կարծում եմ՝ կախված նրանից, թե որտեղ են նրանք գտնվում, Քերոլը խոսում էր այն ընկերների մասին, ովքեր կարող են շեղվել, մենք պետք է փորձենք օգնել նրանց ներգրավված մնալ Եկեղեցում։ Մենք խոսում ենք Եկեղեցում ակտիվ լինելու մասին։ Մենք խոսում ենք Եկեղեցում ակտիվ լինելու մասին։ Շատ հետաքրքիր արտահայտություն է նորադարձի համար այդ բառը լսելը։ Բայց կարծում եմ՝ մենք ուզում ենք անել ամեն բան, որպեսզի նրանք ներգրավված լինեն, ակտիվ մնան, օգնենք նրանց օգնել ուրիշներին։ Եթե նրանք կոչում ունեն, արձագանքել այդ կոչմանը և զբաղվել դրանով։ Ուսուցանել, սպասավորել և հոգ տանել նրանց մասին, ովքեր կարող են դժվարությունների մեջ լինել։ Կարծում եմ՝ շատ տեղին է, որ Մորմոնի Գիրքը սկսվում է Լեքիով և նրա ընտանիքով՝ Նեփիի գնալով և անելով, իսկ մենք այն ժողովուրդն ենք, որը գնում և անում է։ Եվ ես կարծում եմ, որ դրանում մեծ զորություն կա։ Այն մեր հավատքը կենդանի է պահում։ Եվ եթե մեր հավատքը մի փոքր տատանվել է, դա կարող է մեզ հետ բերել։ Ինձ դուր է գալիս այն, ինչ նախագահ Մոնսոնն ասել է Փրկչի մասին։ Նա ասել է, որ Փրկիչը միշտ պատրաստ էր գործելու։ Կարծում եմ՝ մենք կարող ենք հրաշալի կերպով հետևել այդ օրինակին։

Եկեք դիտենք հաջորդ տեսանյութը։

Զգալ խաղաղություն՝ անկախ անհանգստությունից

Չափահաս ամուրի․ Որպես անհանգիստ մարդ, երբեմն ինձ համար դժվար է երջանիկ լինել, երբ անընդհատ անհանգիստ եմ։ Եվ ինձ հետաքրքրում է՝ արդյոք դուք ունե՞ք մտքեր այն մասին, թե ինչպես ավելի շատ խաղաղություն զգալ Փրկչի մեջ, որպեսզի ուրախությունը կարողանա իր ճանապարհը գտնել ավելի առատորեն։

Երեց Քիրոն․ Դա հիանալի հարց է, քանի որ մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ վախ և անհանգստություն ենք ունենում։ Մեզանից ոմանք ավելի շատ են ծանրաբեռնված դրանցով, քան մյուսները։ Մեզանից ոմանք օգնության կարիք ունեն մեր վախի և անհանգստության հետ գործ ունենալու համար։ Մեզանից ոմանց համար դա մտնում է բժշկական ոլորտ, և բարեբախտաբար, մենք ավելի ու ավելի ենք հմտանում միմյանց օգնելու գործում կամ բժշկական օգնություն ստանալու հարցում վախի և անհանգստության դեպքում:

Եթե նայեք սուրբ գրություններում, որքանով ինձ է հայտնի, ամենաշատը Հակոբն է խոսում անհանգստության և իմ «մեծ անհանգստության» մասին։ Եվ դա հետաքրքիր է, քանի որ նրա անհանգստությունը բավականին տարբերվում է իմ անհանգստությունից, շատ առումներով։ Նա անհանգստանում է ուրիշների համար։ Նա անհանգստանում է իր ժողովրդի և նրանց բարեկեցության համար։ Իմ անհանգստությունը հիմնականում կապված է ինձ հետ, այն բանի հետ, թե ինչպես եմ ես, և արդյոք ես խառնաշփոթ եմ ստեղծել այդ տեսակի բաների հետ կապված։ Մի բան, որ ես շարունակ սովորել եմ և պետք է շարունակեմ սովորել, այն է, որ եթե մտածում եմ ուրիշի մասին, իմ անհանգստությունն անհետանում է։ Ես պարզապես պետք է մտածեմ ուրիշի բարեկեցության մասին, և իմ անհանգստությունը սկսում է անհետանալ։ Իրականում, այն անհետացել է։ Հաճախ դա պարզապես անցնում է։ Եվ եթե ես ինչ-որ լավ բան եմ անում ինչ-որ մեկի համար, դրանում պարզապես հսկայական ուժ կա։ Այսպիսով, ես կցանկանայի ավելի շատ նմանվել Հակոբին և իմ անհանգստությունն ավելի շատ կենտրոնացնել ուրիշների վրա։ Եվ գիտեմ, որ կա հսկայական բժշկում։

Քույր Քիրոն. Կարծում եմ, որ մենք՝ այս ժամանակակից դարաշրջանում, սովոր ենք անհարմարություն կամ ցավ զգալուն և անմիջապես ուզում ենք, որ այն անհետանա։ Մենք պարզապես այնքան սովոր ենք անհապաղ լուծումներ գտնելուն։ Պատկերացրեք՝ կանգնած եմ ցնցուղի տակ, և ջուրը մի փոքր սառն է, այդ պատճառով ես պարզապես մի փոքր ձախ եմ տանում բռնակը, և այն տաքանում է։ Կամ ցանկացած այլ իրավիճակ։ Եվ մենք պարզապես այնքան սովոր ենք հարմարավետությանը։ Մենք հարմարավետություն ենք ուզում։ Մարդիկ ուզում են հարմարավետ զգալ, մենք չենք ուզում անհարմարություն զգալ։

Երբ մենք անհանգստանում ենք ապագայի համար, քանի որ այն անորոշ է և անհայտ, դա շատ բնական է։ Եվ կարծում եմ, որ մենք պետք է ընդունենք, որ մարդ լինելու, այս աշխարհում ապրելու մի մասն է անհարմարության պահերը ընդունելը և, գուցե, նույնիսկ անհարմարության ժամանակահատվածները ընդունելը և անորոշության հետ հաշտ լինելը։ Դուք կարող եք ակնկալել, որ կլինեն մի քանի օր, մի քանի շաբաթ կամ նույնիսկ մի քանի ամիս, երբ դուք մի փոքր անհանգիստ կամ նույնիսկ մի փոքր տխուր կլինեք։ Մեզ պետք են երջանկություն և տխրություն։ Մեզ պետք են ուրախություն և վիշտ։ Եվ այդ ապրումները, այդ հույզերը, հենց դա է կյանքը դարձնում այդքան հետաքրքիր և գեղեցիկ։

Երեց Քիրոն. Ես ուզում եմ ավելացնել մի կոնկրետ օրինակ Հակոբից։ Ես խոսում էի Հակոբի մասին, և Հակոբի 4-րդ գլխի 2-4 հատվածներում կարող ենք կարդալ.

«Բայց մենք կարող ենք գրել մի քանի խոսքեր թիթեղների վրա, որոնք կտան մեր զավակներին, և նաև մեր սիրելի եղբայրներին գիտելիքի մի փոքր աստիճան մեր մասին, կամ իրենց հայրերի մասին,

Եվ այս բանում մենք, իսկապես, հրճվում ենք, և մենք տքնում ենք ջանասիրաբար, փորագրելով այս խոսքերը թիթեղների վրա, հուսալով, որ մեր սիրելի եղբայրները և մեր զավակները կստանան դրանք երախտապարտ սրտով, և կկարդան դրանք, որ կարողանան իմանալ ․․․ ուրախությամբ, և ոչ թե տխրությամբ: …

Քանզի, այս միտումով ենք մենք գրել այս բաները, որպեսզի նրանք կարողանան իմանալ, որ մենք գիտեինք Քրիստոսի մասին, և մենք ունեինք նրա փառքի մի հույս՝ նրա գալստից շատ հարյուրավոր տարիներ առաջ»։

Ինձ այս հատվածներում դուր է գալիս այն, որ Հակոբը կրկին, միշտ մտածում է ուրիշների մասին։ Նա միշտ մտածում էր իր շրջապատի մարդկանց մասին, իսկ այստեղ նա մտածում է հաջորդ սերունդների մարդկանց մասին։ Ահա, թե ուր էր նա հասել։ Ի՞նչ էր դա տալիս նրան։ Դա նրան օգնեց հաղթահարել սեփական անհանգստությունները, մեծ ուրախություն պարգևեց նրան և սերունդներին՝ մինչ այսօր։

Քույր Քիրոն. Կարծում եմ՝ մեզանից շատերի համար անհանգստության հիմնական աղբյուրներից մեկն այն է, երբ մենք նայում ենք աշխարհին և տեսնում ենք անկարգություններ, տեսնում ենք, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհի լուրերում, և դա անհանգստության պատճառ է։ Եվ ցավալիորեն, մեզանից ոմանք ապրում են անհանգստությունների և անարդարության այդ ժամանակաշրջաններում։ Եվ ինչո՞ւ է դա մեզ մոտ անհանգստություն առաջացնում։ Որովհետև մեր հոգիները նախատեսված չեն հակառակության համար։ Հիսուսն այնքան հստակ է ուսուցանում, որ «հակառակության ոգին [Իրենից] չէ»։ Մեր հոգիները նախատեսված են քնքշության, հեզության, սիրո, ներման և խաղաղության համար։ Եվ ուրեմն, երբ տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ անցնում անհանգստության և կյանքի անարդարությունների միջով, որոնք ամենուրեք տիրում են մեր շուրջը, դա շատ դժվար է մեր հոգիների համար։ Մենք չենք ցանկանում դա տեսնել։

Ի՞նչ կասեր Փրկիչն այս ամենին ի պատասխան։ Մենք գիտենք, որ Նա ասել է․ «Աշխարհում,- այո,- նեղություն պիտի ունենաք»։ Կլինեն անհանգստություն և անարդարություն։ Կլինի պատերազմ, և կլինի աղետ։ Բայց, չնայած դրան, Հիսուսն ասաց. «Քաջալերվե՛ք»։ Ինչո՞ւ: Որովհետև «ես հաղթել եմ աշխարհին»։ Մենք պետք է համոզվենք, որ բավականաչափ անջատվում ենք մեր սոցիալական ցանցերի լրահոսից՝ մեր Փրկչի հետ կապվելու և Նրա խաղաղությունից օգտվելու համար, որը գալիս է, քանի որ Նա հաղթել է աշխարհին և արդեն վճարել է մեր շուրջը առկա ողջ անարդարության գինը։ Հանիր սպասումն ու անհանգստությունը քո կրծքից և դիր այն Նրա վրա։ Նա բավականաչափ ուժեղ է դա կրելու համար։

Եկեք դիտենք հաջորդ տեսանյութը։

Գտնել ուրախություն անորոշության մեջ

Չափահաս երիտասարդ․ Ինչպե՞ս գտնել ուրախություն որպես չափահաս երիտասարդ, երբ իրականում չգիտես, թե ինչ է քեզ սպասվում ապագայում։

Քույր Քիրոն. Դրա՝ ինչպես շատ ուրիշ բաների պատասխանը, հիմնված կլինի Հիսուս Քրիստոսի և Նրա սիրառատ, սիրող սրտի հանդեպ հավատքի և վստահության վրա։ Նա պարզապես ամենագեղեցիկ ապագան ունի ձեզ համար՝ մեզանից յուրաքանչյուրի համար։ Որքան շատ վստահենք այդ ճշմարտությանը, այնքան շատ կարող ենք թույլ տալ մեզ հանձնվել Իրեն և ապրել Իր կամքի համաձայն, այնքան շատ կարող ենք վստահել գալիք բարիքներին։ Կարծում եմ՝ դա իսկապես օգնում է մեզ ուրախություն գտնել։ Այն մեզ տալիս է ամուր հիմք և խաղաղության զգացում՝ վստահություն Տիրոջ առջև։ Մենք չենք կարող չուրախանալ, երբ մեծացնում ենք մեր հավատքն ու վստահությունը Քրիստոսի և մեզ համար Նրա ծրագրի հանդեպ։ Դա իմ փորձառությունն է եղել։ Եվ երբ դժվար բաներ են պատահում, ինչը միշտ լինում է և միշտ էլ կլինի, մենք չպետք է զարմանանք դրանից, չպետք է շեղվենք ուղուց։ Մենք պարզապես կարող ենք մեր սրտերն ավելի լիովին դարձնել դեպի Նա և հարցնել Նրան. «Լավ, այս իրավիճակում ի՞նչ կցանկանայիր, որ ես սովորեի դրանից։ Ի՞նչ պետք է անեմ հիմա», լիակատար վստահությամբ, որ Նա կառաջնորդի ձեզ։

Երեց Քիրոն․ Ինձ այդ միտքը ևս դուր եկավ։ Երբեմն, երբ մենք անհանգստանում ենք ապագայի համար, օգտակար կարող է լինել հետ նայելը։ Եվ ձեր կյանքը, հավանաբար, եղել է հիանալի ժամանակների և դժվարին ժամանակների խառնուրդ՝ տարբեր համամասնություններով։ Ես լսել եմ մարդկանց ասելիս. «Մենք չգիտենք, թե որքան բարձր ենք մագլցել, մինչև հետ չնայենք լեռան ստորոտին»։ Դա ինձ համար հիանալի պատկերում է։ Եվ, իհարկե, այն լեռը, որը մենք պետք է բարձրանանք, միշտ վախեցնող է թվում, բայց երբ մենք հետ ենք նայում և ասում. «Վա՜յ, ես երկար ճանապարհ եմ անցել», դա կարող է մեզ վստահություն տալ ապագայի համար։

Քույր Քիրոն. Իսկապես օգտակար է հիշել, որ «Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության»։ Դուք գտնվում եք կյանքի մի փուլում, երբ ձեր առջև շատ որոշումներ կան՝ այնքան շատ հնարավոր խաչմերուկներ, և դա անորոշ է։ Անորոշ է, բայց օգտակար է հիշել, որ դուք՝ ձեզանից յուրաքանչյուրը, նախապես կարգված եք։ Նախքան այս երկիր գալը, երբ ապրում էիք ձեր երկնային ընտանիքի հետ, դուք նախասահմանված էիք որոշակի նպատակների և որոշակի առաքելությունների համար, և դուք նախասահմանված էիք հաջողության հասնելու, նախասահմանված էիք մեծության համար, որպեսզի օգնեիք Տիրոջն Իր մեծ գործում։ Երբ Եհովան խոսում է Մովսեսի հետ, ասում է․ «Ես աշխատանք ունեմ քեզ համար, … որդի՛ս»։ Եվ նույնը Նա ասում է մեզանից յուրաքանչյուրին։ Նա գործ ունի ձեզ և ինձ համար, և մենք նախասահմանված ենք կատարելու մեծ գործեր։

Երեց Քիրոն. Հրաշալի միտք է։ Եվ կարծում եմ, որ այս երեկո մեր հրավերներից մեկն այն է, որ մենք ավելի խորությամբ մտածենք նման բանի մասին։ Քանզի, թերևս, այս գիտելիքով մեծացած ոմանց համար մեծության համար նախասահմանված լինելու գաղափարը գոյություն ունի։ Բայց արդյո՞ք այն կորցրել է իր արժեքը, քանի որ միշտ էլ եղել է մեր գոյության մի մասը, ինչպես մեղմ երաժշտություն։ Բայց դա իրական է։

Պարզ ասած, երբ մենք նշանված էինք, մեր կյանքում մի իմաստուն հոգի՝ անորոշ ապագայում ուրախություն գտնելու առումով, մեզ ասաց. «Ուրախությունը գդալներով է տրվում»։ Ավելին, նա ասաց՝ «թեյի գդալներով»։ Դա մի գեղեցիկ համեմատություն էր, որը տպավորվեց մեր մեջ։ Նա նկատի ուներ, որ ուրախությունը գեղեցիկ առավոտն է։ Ուրախությունը ինչ-որ բանի ընդամենը մի փոքրիկ համտես է։ Ուրախությունը ընկերոջ հետ անցկացրած պահն է։ Կամ ցանկացած այլ բան։ Բայց ուրախությունը գդալներով է գալիս։ Սա մեկ։

Եվ մյուսը, որին ցանկանում էի անդրադառնալ, ուրախություն գտնելը գործողություն է պահանջում։ Այս ամենը պահանջում է գործողություն, որոշակի աշխատանք և ջանք։ Եվ ես կհրավիրեի ձեզ, մենք կհրավիրեինք ձեզ շաբաթական մեկ ժամը դարձնել ուրախություն գտնելու իրական նպատակ՝ կիրակի օրվա հաղորդության ժամը։ Եկեք այն դարձնենք շաբաթվա ամենաուրախալի պահը, որը կարող ենք զգալ։ Եվ այդ ժամանակ մենք կարող ենք հույս ունենալ, որ այդ ուրախությունը կտարածվի այնտեղից։ Բայց պատկերացրեք, եթե մենք այդ ժամը չդարձնեինք շաբաթվա ամենաբերկրալին։ Ի՜նչ կորուստ կլինի դա։ Եվ այսպես, ձեզ ուղղված հրավերն է՝ ձեր հաղորդության ժամը դարձնել հրաշալիորեն, հիասքանչորեն ուրախալի։ Եվ այո՛, արցունքներ կլինեն, երբ մտածեք Փրկչի մեծ քավող պարգևի մասին, բայց պետք է ուրախություն լինի, երբ մտածեք Նրա՝ այդ գերեզմանից դուրս գալու և այն ամենի մասին, ինչ դա խորհրդանշում է, և այն ամենի մասին, ինչ Նա վերցրել է ձեզանից՝ որպես բեռ։

Լավ, կարծում եմ՝ ևս մեկ տեսանյութ։

Հասկանալ և կիրառել Հիսուս Քրիստոսի Քավությունը

Չափահաս երիտասարդ․. Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ հասկանալ Քավությունը։ Ինչպե՞ս կարող ենք կիրառել Քավությունը մեր կյանքում։

Երեց Քիրոն․ Ես եկեղեցուն միացել եմ, երբ 26 տարեկան էի։ Ես վերադառնում եմ դրան և այն մտքին, թե որքան դժվար էր ինձ համար հասկանալ Քավությունն այդ ժամանակ։ Ես ապշած էի և չէի կարողանում հավատալ դրան։ Եվ այսպես, երբ հիմա մտածում եմ այդ մասին, մտածում եմ ծրագրի տեսանկյունից. Երկնային Հայր, սիրող Երկնային Հայր, ով անչափ սիրում է մեզ՝ Իր զավակներին։ Եվ մեր այստեղ գալու նպատակն է՝ սովորել, աճել, շփվել, սիրել, հավատքով գործել։ Եվ Քավությունը։

Նա գիտեր, որ մենք սխալներ կգործենք, ուստի ուղարկեց Իր թանկագին Որդուն, որպեսզի ինչ-որ կերպ, որի համար դուք ասում եք. «Դուք նայում եք և արտասվում, մտածում եք և արտասվում», որպեսզի ինչ-որ կերպ մեր մեղքերը վերցնի Իր վրա։ Ինչպե՞ս։ Նա մի օր կբացատրի դա, բայց մենք գիտենք, որ Նա արեց դա։ Եվ, երբ ես այդպես մտածում եմ Քավության մասին, ես մտածում եմ Երկնային Հոր երջանկության ծրագրի նպատակի մասին՝ ձեզ և ինձ համար։ Եվ այդ համատեքստում ես կարող եմ սկսել հասկանալ։ Բայց չեմ կարծում, որ մեզանից որևէ մեկը կարող է մոտենալ Քավության կատարյալ ըմբռնմանը։

Բայց երբ մենք հասկանում ենք, որ ծրագիրը և Քավությունը կարող են օգնել մեզ ցանկացած փորձության, ցանկացած մարտահրավերի ժամանակ, հասկանալ խաղաղությունը, հասկանալ սերն ու ուրախությունը, ինչպես նաև ուրիշների չարագործություններն ու մեղքերը, ապա ես ճիշտ ճանապարհին եմ։ Եվ արցունքներից հետո ինձ համար գալիս է պոռթկուն ուրախությունը։ Անսահման երախտագիտություն, որ Նա իսկապես վերցրեց այդ ամենն ինձնից։ Եվ դա ամենագեղեցիկ գիտակցումն է ցանկացած արցունքից, ցանկացած վշտից, ցանկացած ցավից հետո՝ ուրախությունը։ Դա պարզապես, կրկին, իմ հասկացողությունից վեր է։ Բայց այն այնտեղ է, իրական է, և այնքան գեղեցիկ է։ Եվ ես հիմա զգում եմ դա։

Քույր Քիրոն. Ամեն անգամ, երբ ինձ ուժ է տրվում լինել մի փոքր ավելի համբերատար, քան կլինեի այլ կերպ, կամ մի փոքր ավելի զուսպ, քան կլինեի այլ կերպ, կամ կատարել ավելի լավ ընտրություն՝ ամեն անգամ, երբ ինձ ուժ կամ առաջնորդություն կամ մի փոքր ոգեշնչում է տրվում պարզապես մի փոքր ավելի լավը դառնալու համար, դա ինձ համար Հիսուս Քրիստոսի զորությունն ու ուժն է, որը բխում է Նրա քավող զոհաբերությունից։ Նա ունի ողորմության իրավունքները։ Նրան տրվել են ողորմության իրավունքները և Հորից ստացած զորությունը՝ մեզ Իր ուժն ու զորությունը տալու այն փաստի շնորհիվ, որ Նա տառապեց ձեզ և ինձ համար այդ պարտեզում և այդ խաչի վրա։ Եվ քանի որ հոժար էր դա անել և համբերեց մինչև վերջ, Նա ունի իրավունք և զորություն՝ ձեզ տալու Իր ուժը, ձեզ տալու Իր սերը և ձեզ տալու Իր հույսը։

Քույր Քիրոն. Մովսեսի գրքում մենք կարդում ենք, որ Աստծո արարչագործություններն անթիվ են։ Մենք ոչ մի կերպ չենք կարող դրանք հաշվել։ Սակայն Մովսեսի 1-ին գլխում Նա ասում է․ «Դրանք անհաշվելի են մարդու համար, բայց ինձ համար դրանք հաշվելի են, քանզի դրանք իմն են»։ Այս երեկո դուք միլիոնից մեկն եք, բայց իրականում աշխարհում դուք ութ միլիարդից մեկն եք, բայց Աստծո համար դուք համրված եք։ Դուք Նրա կողմից ճանաչված եք։ Դուք ճանաչված և սիրված եք, և Նա տեղյակ է ձեր կյանքի յուրաքանչյուր մանրուքի մասին։ Նա ձեզ անունով գիտի, և Նա «իննսունինը [կ]թողնի»՝ մեկի հետևից գնալու համար։ Եթե այդ մեկը դուք եք, եթե այդ մեկը ձեր սիրելիներից մեկն է, ապա 99 տոկոսը բավարար չէ Փրկչի համար։ Նա ցանկանում է յուրաքանչյուրին Իր մոտ բերել, և Նրա գործը չի ավարտվի, մինչև բոլորը անվտանգ չհավաքվեն։

Երեց Քիրոն. Եվ եթե մենք հասկանում ենք Փրկչի Քավության հետ կապված մեկ այլ կարևոր բան, դա կարող է լինել սա՝ 2 Նեփիի 9-րդ գլխից. «Ուստի, պետք է անպայման լինի մի անսահման քավություն, մինչև չլինի մի անսահման քավություն, այս ապականությունը չի կարող հագնել անապականություն»: Ես անչափ երախտապարտ եմ Հիսուս Քրիստոսի անսահման Քավության համար և որ մենք բոլորս կարող ենք այս երեկո հավաքվել այն հավատքով, զորությամբ և հասկացողությամբ, որը բխում է դրանից։

Հիմա մենք ունենք մի ուղերձ՝ դուք ունեք ուղերձ նախագահ Դալլին Հ. Օուքսից։ Եվ այն շատ կարճ է՝ մոտ մեկուկես րոպե։ Բայց այն լսելիս, խնդրում եմ, լսեք այն խոստումը, որը նա տալիս է ձեզ։

Նախագահ Դալլին Հ. Օուքս. Իմ սիրելի՛ ընկերներ, սովորելու, հավաքելու և ուրիշներին բարձրացնելու ամենամեծ հնարավորություններից մեկը գտնվում է ինստիտուտում։

Մենք ապրում ենք այնպիսի օրերում, երբ աղմուկն ու խառնաշփոթը տարածված են։ Ի հակադրություն սրա, ինստիտուտում դուք կսովորեք տարբերակել ճշմարտությունը սխալից, կկառուցեք ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ, կգտնեք ուղղություն և կբացահայտեք կյանքի ամենամեծ հարցերի պատասխանները, կհանդիպեք ուրիշների, որոնք կօգնեն ձեզ ուխտի ճանապարհին, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ կարող եք ընտրել ժամադրվել և ամուսնանալ, և կպատրաստվեք սիրել և առաջնորդել Փրկչի պես։

Սիրելի՛ չափահաս երիտասարդներ, ես հրավիրում եմ ձեզ մշտապես հաճախել ինստիտուտ։ Ես նաև խրախուսում եմ ձեզ հրավիրել ընկերներին՝ բաժին ունենալու այս նույն օրհնություններից։ Ես խոստանում եմ, որ ինստիտուտում անցկացրած ձեր ժամանակը կբերի Փրկչի խաղաղությունը, ուրախությունը և աստվածային սերը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Հենրի Բ. Այրինգ, «Սպասելով Տիրոջը» (Բրիգամ Յանգի համալսարանի հոգևոր հավաք, 30 սեպտեմբերի 1990), speeches.byu.edu:

  2. Հովհաննես 10․1–5։

  3. «Փրկիչը միշտ պատրաստ էր՝ ուսուցանելով, վկայելով և փրկելով ուրիշներին» (Թոմաս Ս. Մոնսոն, «Anxiously Engaged», Լիահոնա, նոյեմբեր 2004, 56):

  4. Հակոբ 1․5, տես Հակոբ 2․3, 4․18։

  5. Հակոբ 4․2–4։

  6. 3 Նեփի 11.29։

  7. Հովհաննես 16.33։

  8. Բ Տիմոթեոսին 1․7։

  9. Մովսես 1.6:

  10. Մովսես 1․37, շեշտադրումն ավելացված է։

  11. Ղուկաս 15․4:

  12. 2 Նեփի 9․7, շեշտադրումն ավելացված է: