«Բաներ, ինչպես դրանք իրականում կան» 2.0
Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար
Կիրակի, 3 նnյեմբերի 2024 թ․
Սյուզանը և ես երախտապարտ ենք՝ ձեզ հետ երկրպագելու և սովորելու հնարավորության համար։ Մենք սիրում ենք ձեզ: Ամբողջ աշխարհում, որտեղ էլ որ լինեք, մենք սիրում ենք ձեզ:
Եվ մենք անկեղծորեն աղոթում ենք, որ Սուրբ Հոգին օրհնի բոլորիս՝ լսելու, այն, ինչի կարիք ունենք լսելու և տեսնելու այն, ինչ կարիք ունենք տեսնելու, որ կարողանանք առաջ գնալ Փրկչի հանդեպ հավատքով և Նրան հետևելու և ծառայելու աճող ցանկությամբ։
Ժամանակների լրության տնտեսությունը
Մենք օրհնված ենք, որ ապրում ենք ավետարանի վերջին տնտեսության նշանակալի ժամանակաշրջանում՝ ժամանակների լրության տնտեսությունում: Սուրբ գրությունները և մարգարեների խոսքերն օգնում են մեզ սովորել և ավելի խորապես գնահատել այն առանձնահատուկ օրերը, որոնցում մենք ապրում ենք։
Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է․ «Սիոնի հաստատումն այն գործն է, որը բոլոր դարերում հետաքրքրել է Աստծո ժողովրդին. դա այն հիմքն է, որի վրա առանձնակի բերկրանքով հենվել են մարգարեները, քահանաներն ու թագավորները. Նրանք ուրախ ակնկալիքով սպասել են այն օրվան, որում մենք ապրում ենք, և ոգեշնչված երկնային և ուրախության ակնկալիքներով, նրանք երգել են, գրել և մարգարեացել մեր այսօրվա մասին, սակայն մահացել են, չտեսնելով այն, … որը թողնվել է, որ մենք տեսնենք, մասնակցենք և օգնենք, որ առաջ տանենք վերջին օրերի փառքը»:
Մեկ այլ առիթով Մարգարեն հայտնել է, որ «Երկնային Քահանայություն [կրողները] կմիավորվեն երկրայինի հետ, առաջ բերելու այն մեծ նպատակները, … մի աշխատանք, որն Աստված և հրեշտակները մտածել էին հրճվանքով անցած սերունդների համար, որը խանդավառեց հնադարյան հայրապետների և մարգարեների հոգիները, մի աշխատանք, որը նախատեսված է առաջ բերելու խավարի զորությունների կործանումը, երկրի նորացումը, Աստծո փառքը և մարդկային ընտանիքի փրկությունը»:
Վերջին օրերի հոգևոր կարևորությունը դարեր շարունակ եղել է մարգարեների ուշադրության կենտրոնում։ Եվ այդ առանձնահատուկ ժամանակաշրջանը, որում մենք ապրում ենք, այժմ է, և կշարունակի լցված լինել տպավորիչ հոգևոր զարգացումներով և իրադարձություններով։
Տեխնոլոգիայի դերը աշխարհի այս առանձնահատուկ ժամանակաշրջանում:
Մեզ այսօր հասանելի «Լրության» կարևոր կողմը նորարարությունների և գյուտերի հրաշագործ առաջընթացն է, որոնք հնարավորություն են տվել և արագացրել Աստծո փրկության և վեհացման աշխատանքը. սկսած գնացքներից մինչև հեռագրեր, ռադիո, ավտոմեքենաներ, օդանավեր, հեռախոսներ, տրանզիստորներ, հեռուստացույցներ, համակարգիչներ, արբանյակային փոխանցումներ, դեպի համացանց, դեպի արհեստական բանականություն և տեխնոլոգիաների և գործիքների գրեթե անվերջ ցուցակ, որոնք օրհնում են մեր կյանքը: Այս բոլոր առաջխաղացումները Տիրոջ արագացման աշխատանքի մասն են կազմում վերջին օրերում:
1862-ին Բրիգամ Յանգը հայտարարել է. «Գիտության և արվեստի յուրաքանչյուր հայտնագործություն, որն իսկապես ճշմարիտ է և օգտակար մարդկության համար, տրվել է Աստծո անմիջական հայտնության միջոցով, թեև քչերն են դա ընդունում: Այն տրվել է՝ ճանապարհ նախապատրաստելու ճշմարտության վերջնական հաղթանակի և մեղքի ու սատանայի իշխանությունից երկրի փրկագնման համար: Մենք պետք է օգտվենք այս բոլոր մեծ հայտնագործություններից, դարերի կուտակված իմաստությունից և մեր երեխաներին տանք օգտակար գիտելիքի յուրաքանչյուր ճյուղի օգուտը, որպեսզի պատրաստենք նրանց քայլել առաջ և արդյունավետ կերպով կատարել իրենց բաժինը այդ մեծ աշխատանքում»:
1966 թվականին նախագահ Դեյվիդ Օ․ Մակքեյը մարգարեացավ գիտական հայտնագործությունների մասին, որոնք «կցնցեն երևակայությունը», հնարավոր կդարձնեն ավետարանի քարոզչությունը ամեն ցեղի, լեզվի և ժողովրդի։ Եվ հետագայում․ «Հայտնագործությունները, որոնք ծածուկ էին պահվում զորեղ ուժի կողմից, կամ օրհնություն կբերեն, կամ էլ կկործանեն մարդկությանը, ստիպելով մարդուն պատասխանատվություն կրել դրանց վերահսկման համար, որը գրեթե լիովին կհանձնվի մարդկության ձեռքը։ … Այս դարաշրջանը լի է անսահման վտանգներով, ինչպես նաև աներևակայելի հնարավորություններով»։
Բաներ, ինչպես դրանք իրականում կան
Տասնհինգ տարի առաջ չափահաս երիտասարդների համաշխարհային մի հավաքում ես խոսեցի Իր զավակների համար մեր Երկնային Հոր երջանկության մեծ ծրագրի մասին։ Ես շեշտեցի Հոր ծրագրում մեր ֆիզիկական մարմինների կարևորության մասին, ինչպես է Լյուցիֆերը գայթակղում մեզ նվազեցնել և սխալ օգտագործել մեր ֆիզիկական մարմինները և բարձրացրեցի նախազգուշացնող ձայն թվային տեխնոլոգիաների հնարավոր վնասակար ազդեցությունների մասին, որոնք կարող են ունենալ մեր հոգիների և մյուս մարդկանց հետ մեր փոխհարաբերությունների վրա։
Ես շեշտեցի, որ թվային նորարարությունները, կամ բուռն փոփոխությունը դրանց մեջ ոչ բարի են, ոչ՝ չար։ Ավելի շուտ, ես զգուշացրեցի, որ իրական մարտահրավերն այն է, որ հասկանանք նորարարությունները և փոփոխությունները երջանկության մեծ ծրագրի համատեքստում։ Ես նաև առաջադրեցի «երկու հարց, որոնց մասին դուք կմտածեք և աղոթքով կուսումնասիրեք», թե արդյոք մենք ճիշտ ենք օգտագործում այս տեխնոլոգիաները:
-
«Տարբեր տեխնոլոգիաների և մեդիաաղբյուրների օգտագործումը հրավիրո՞ւմ է Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը ձեր կյանքում, թե՞ խանգարում է դրան:
-
Ժամանակը, որը ես անցկացնում եմ տարբեր տեխնոլոգիաներում և լրատվամիջոցներում, արդյո՞ք մեծացնում է, թե սահմանափակում է ապրելու, սիրելու, և իմաստալից ուղիներով ծառայելու իմ կարողությունը»։
2009 թվականի իմ ուղերձի վերնագիրն էր «Բաներ, ինչպես դրանք իրականում կան»։ Դա այն ժամանակ էր։
Այսօր իմ ուղերձի վերնագիրն է՝ «Բաներ, ինչպես դրանք իրականում կան 2.0»։ Սա այժմ է։
Եղեք իմաստուն
Իմ այսօրվա ուղերձի սկզբնաղբյուրը կարելի է գտնել այս տարվա հունվարին Բրիգամ Յանգի Համալսարանում հոգևոր հավաքի ժամանակ իմ ունեցած ելույթի ավարտական մասում։
«Երբ դուք ձգտում եք սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը և կատարում աշխատանքը, որը պետք է անեք, ես հատկապես հորդորում եմ ձեզ, որ իմաստուն լինեք ժամանակակից տեխնոլոգիական սարքերն օգտագործելիս։ Նորարարությունները, ինչպիսիք են արհեստական բանականությունը, [կարող է] ինչպես (1) օգնել ձեզ ստանալ հրաշալի օրհնություններ, այնպես էլ (2) նվազեցնել և խեղդել ձեր բարոյական ազատ կամքը։ Խնդրում եմ, թույլ մի տվեք, որ ենթադրյալ ճշգրտությունը, արագությունը և ժամանակակից տեխնոլոգիաների հեշտությունը հրապուրեն ձեզ խուսափել կամ շրջանցել արդար աշխատաքը, որը հրավիրում է ձեր կյանք այն օրհնությունները, որոնք ձեզ անհրաժեշտ կլինեն։ Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, հոգևոր դյուրանցումներ կամ արագ շտկումներ չկան»։
Ես այժմ կկենտրոնանամ երեք թեմայի վրա, որոնց անդրադարձել եմ նախորդ հայտարարության մեջ՝ արհեստական բանականության, բարոյական ազատ կամքի, և արդար աշխատանքի։
Արհեստական բանականություն
Արհեստական բանականությունը, որը հաճախ անվանվում է ԱԲ, տեխնոլոգիա է, որը հնարավորություն է տալիս համակարգիչներին և մեքենաներին նմանակել մարդկային բանականությունը և խնդիրներ լուծելու ունակությունները։ Վերջին տարիներին ԱԲ տեխնոլոգիաների զարգացումը առաջ է գնացել բացառիկ ընթացքով և ազդել է մարդկային գործունեության գրեթե ամեն բնագավառի վրա՝ բժշկության, գիտության, կրթության, ճարտարապետության ու շինարարության, հաղորդակցության, էկոնոմիկայի, մանրածախ առևտրի, արտադրության և շատ ուրիշների։ Եվ քանի որ ԱԲ-ի օգտագործումը ավելի քան երբևէ լայնածավալ է դառում, անսահման վտանգները և անասելի հնարավորությունները, որոնց մասին մարգարեացել էր նախագահ ՄակՔեյը, դառնում են ավելի ակնհայտ։
Այս նշանավոր տեխնոլոգիան առաջարկում է առաջադեմ գիտելիքի ներուժը, որը բարելավում է մեր կյանքի որակը, հեշտացնելով հաղորդակցությունը և կապը, բարձրացնելով անհատական ուսումնառությունն ու աճը, ինչպես նաև խթանելով ստեղծարարությունն ու նորարարությունը։
ԱԲ-ը նաև ներուժ ունի մթագնելու մեր ճշմարիտ ինքնությունը որպես սիրառատ Երկնային Հոր որդիներ և դուստրեր, շեղելու մեզ հավերժական ճշմարտություններից և արդար աշխատանքից, որն անհարաժեշտ է հոգևոր աճի համար, առաջ է բերում հպարտություն և նվազեցնում է Աստծուց մեր կախվածության ընդունումը, ինչպես նաև խեղաթյուրում է և փոխարինում մարդկանց հետ իմաստալից շփումները։
«Երբ նրանք ուսյալ են, նրանք կարծում են, թե իմաստուն են, և նրանք չեն լսում Աստծո խորհուրդը, քանզի նրանք այն մի կողմ են դնում՝ ենթադրելով, որ իրենք իմանում են ինքնուրույն, ուստի նրանց իմաստությունը հիմարություն է, և այն նրանց օգուտ չի բերում: Եվ նրանք կկորչեն:
Բայց ուսյալ լինելը լավ է, եթե նրանք ականջ են դնում Աստծո խորհուրդներին»:
Խորհեք հետևյալ հնարավոր դեպքերի շուրջ։ Արհեստական բանականությամբ ստեղծված ընկերակիցը՝ ընկերուհին կամ ընկերը, կարող են «մանրամասնորեն նախագծված լինել գրավիչ և կախվածություն առաջացնող փորձառություններ [առաջարկելու]՝ հուզական և սոցիալական կարիքների լայն շրջանակի բավարարման համար»:
Այս անհատականացումը ստեղծում է կապվածության և փոխըմբռնման [զգացողություն]՝ շատ գրավիչ դարձնելով շփումը այդ վիրտուալ ընկերակիցների հետ։ Հմայքն ավելի է մեծանում նրանց 24/7 հասանելիությամբ և բարդույթների բացակայությամբ, որը հաճախ լինում է մարդկային [անկեղծ] շփումներում։ Սկսած կարևոր ամսաթվեր հիշելուց մինչև հետևողականորեն ըմբռնումով արձագանքելը, այս ԱԲ-ի ընկերակիցները ծրագրված են կատարել իդեալականացված ընկերական դերեր՝ դրանք [հատկապես] կախվածություն են առաջացնում», և աղավաղում հասկացությունները այն՛«բաների [վերաբերյալ], ինչպես դրանք իրականում կան» մարդկային շփումներում։
Ավելին, վիրտուալ ընկերակիցները, որոնք հատուկ նախագծված են անձի հուզական կարիքները հոգալու և զարգացնելու համար, կարող են կործանել նախկինում ապահով հարաբերությունները: Ածխածնի մոնոքսիդի նման, այդպիսի վիրտուալ հարաբերությունները կարող են դառնալ իրական հարաբերությունների «անտեսանելի կործանիչները»։ Կեղծ հուզական մտերմությունը կարող է դուրս մղել իրական կյանքի զգացմունքային մտերմությունը, հենց այն, ինչը երկու մարդկանց կապում է միմյանց։ Մարդը կարող է մխիթարություն և հանգստություն գտնել վիրտուալ ընկերոջ հետ այնպես, որը կքայքայի ամուսնու և կնոջ միջև փոխադարձ կախվածությունը: Եվ որոշ անհատներ գուցե ընկնեն այս թակարդը առանց հասկանալու, որ դա իր կողակցի հանդեպ պարտավորության բացարձակ խախտում է, որովհետև վիրտուալ ընկերակիցը «իրական» չէ և չի համարվում մեկ այլ անձնավորություն։
«Միշտ հիշեք, որ ԱԲ ընկերակիցը ընդամենը մաթեմատիկական ալգորիթմ է։ Այն չի հավանում ձեզ։ Այն չի հոգում ձեր մասին։ Այն իրականում չգիտի դուք գոյություն ունեք, թե՝ ոչ։ Կրկնեմ, դա համակարգչային հավասարումների մի շարք է, որը ձեզ կվերաբերվի որպես առարկայի, որի վրա պետք է ներգործել, եթե թույլ տաք: Խնդրում եմ, մի՛ թույլ տվեք, որ այդ տեխնոլոգիան դրդի ձեզ դառնալ առարկա։
Այս օրինակը արհեստական բանականության հնարավոր վտանգներից միայն մեկն է։
Ես մտադիր չեմ ասելու, որ արհեստական բանականությունն առհասարակ վատ բան է, դա այդպես չէ։ Ոչ էլ ասում եմ, որ պետք չէ օգտագործել արհեստական բանականության շատ ունակություններ՝ պատշաճ ուղիներով սովորելու, հաղորդակցվելու, կյանքեր բարձրացնելու և պայծառացնելու և Եկեղեցին կառուցելու և զորացնելու համար, իհարկե, մենք պետք է դա անենք։ Մենք չպետք է վախենանք, ոչ էլ փորձենք թաքնվել ԱԲ-ից։ Բայց այս զարմանալի տեխնոլոգիական գործիքի արդար հնարավորությունները կարող են իրագործվել միայն այն դեպքում, եթե մենք տեղյակ լինենք և պաշտպանվենք դրա վտանգներից։
Հոգևորության և տեխնոլոգիայի բարդ խաչմերուկում կողմնորոշվելու համար, վերջին օրերի սրբերը պետք է խոնարհությամբ և աղոթքով (1) որոշեն ավետարանի այն սկզբունքները, որոնք կարող են առաջնորդել արհեստական բանականության իրենց օգտագործումը և (2) անկեղծորեն ձգտեն ունենալ Սուրբ Հոգու ընկերակցությունը և հայտնության հոգևոր պարգևը։
Ես հրավիրում եմ ձեզ վերանայել և ուսումնասիրել ԱԲ առաջնորդող սկզբունքներ գիրքը, որը մշակվել և բաշխվել է Եկեղեցու կողմից այս տարվա սկզբին։ Այս սկզբունքները տեղեկացնում են արհեստական բանականության Եկեղեցում օգտագործման մասին և տալիս ամուր հիմք, որը ձեզ թույլ կտա պաշտպանվել տեխնոլոգիաների անպատշաճ օգտագործման վտանգներից։
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու գերագույն համաժողովի ժամանակ որպես նախագահ իր առաջին ելույթում Ռասսել Մ. Նելսոնը շեշտել է անձնական հայտնության կարևորությունը մեր կյանքում: Նա ասել է․ «Մեր Փրկիչը և Քավիչը՝ Հիսուս Քրիստոսը, կկատարի Իր հզորագույն գործերից մի քանիսը ներկայիս և Իր գալուստի միջև [ընկած ժամանակահատվածում]: Մենք կտեսնենք հրաշագործ նշաններ, որ Հայր Աստված և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը նախագահում են այս Եկեղեցու վրա վեհությամբ և փառքով: Բայց գալիք օրերում, հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես մխիթարող ազդեցության»:
Փառք քեզ, Տեր, մարգարեի համար, և այսօր մենք փառք ենք տալիս նախագահ Դեյվիդ Օ․ Մակքեյի և նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի նախազգուշացումների համար։
Բարոյական ազատ կամք
Ես նախկինում նշել եմ, որ արհեստական բանականությունը հավանականություն ունի նվազեցնել և խեղդել մեր բարոյական ազատ կամքը։ Ի՞նչ է նշանակում այդ պնդումը և ինչպես կարող է այդպիսի ազդեցություն առաջանալ։
Հոր երջանկության մեծ ծրագրի գերագույն նպատակներն են` Իր հոգևոր զավակներին ֆիզիկական մարմիններ ստանալու, մահկանացու փորձառության միջոցով «բարին չարից» տարբերելու, հոգևորապես աճելու և հավերժորեն առաջադիմելու հնարավորություններ տալը։ Եվ բարոյական կամքի ազատությունը առանցքային տարր է Աստծո ծրագրում՝ իրականացնելու Իր որդիների և դուստրերի անմահությունը և հավերժական կյանքը։
Բարոյական ազատ կամք արտահայտությունը ուսուցողական է։ Բարոյական բառի համար հոմանիշներ կարող են հանդիսանալ՝ «բարի», «ազնիվ», «առաքինի», և «պատվավոր» բառերը։ Ազատ կամք բառակաապակցության համար կարող են հոմանիշներ հանդիսանալ «գործողություն», «գործունեություն» և «աշխատանք» բառերը։ Հետևաբար, բարոյական ազատությունը կարելի է հասկանալ որպես լավ, ազնիվ, առաքինի և պատվաբեր ձևերով ընտրելու և ինքներս մեզ համար գործելու կարողություն և արտոնություն։
Աստծո արարչագործությունները ներառում են «թե՛ ներգործող բաները և թե՛ ներգործվող բաները»։ Եվ ամենակարևորը, բարոյական ազատ կամքը աստվածայնորեն մշակված «անկախ գործողության ուժն է», որը մեզ՝ որպես Աստծո զավակների, զորացնում է դառնալու ներգործող գործակալներ և ոչ թե պարզապես ներգործվող թիրախներ։
Տերը Ենովքին ուսուցանեց վարդապետության այս որոշակի կետի վերաբերյալ:
«Նայիր քո այս եղբայրներին. նրանք իմ իսկ ձեռքերի ստեղծագործությունն են, և ես նրանց տվեցի իրենց գիտելիքը, այն օրը, երբ ես ստեղծեցի նրանց. և Եդեմի պարտեզում ես մարդուն տվեցի իր կամքի ազատությունը,
Եվ քո եղբայրներին ես ասել եմ, և նաև տվել պատվիրաններ, որ նրանք պետք է սիրեն միմյանց, և որ նրանք պետք է ընտրեն ինձ, իրենց Հորը»։
Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ ազատ կամքի գործադրման համար հիմնական նպատակներն են սիրել միմյանց և ընտրել Աստծուն։ Մտածեք, որ մեզ պատվիրված է, ոչ թե հորդորված, հարկադրված կամ խորհուրդ տրված, այլ պատվիրված է` օգտագործել մեր ազատ կամքը, մտածել շրջապատի մասին, սիրել միմյանց և ընտրել Աստծուն։
Մի ծանոթ օրհներգ ինչ-որ նպատակով վերնագրվել է «Ընտրիր շիտակ»։ Մենք չենք օրհնվել բարոյական ազատ կամքով, որպեսզի անենք ինչ ցանկանանք և երբ կամենանք: Ավելի շուտ, համաձայն Հոր ծրագրի, մենք բարոյական ազատություն ենք ստացել՝ փնտրելու և գործելու հավերժական ճշմարտության համաձայն: Որպես «[ինքներս մեր] գործակալներ», մենք պետք է ջերմեռանդորեն ներգրավված լինենք բարի գործերի մեջ «շատ բաներ անենք մեր իսկ ազատ կամքով, և շատ արդարություն գործեն[ք]»:
Բարոյական ազատ կամքի կենսական կարևորությունը ընդգծված է նախաերկրային խորհրդի մասին սուրբգրային պատմության մեջ: Լյուցիֆերը ապստամբեց Հոր ծրագրի դեմ և նրա մարտահրավերը հատկապես կենտրոնացած էր ուղղակիորեն բարոյական ազատ կամքի սկզբունքի դեմ։
«Ուստի, քանի որ սատանան ապստամբեց իմ դեմ, և փնտրեց կործանել մարդու կամքի ազատությունը, … Ես այնպես արեցի, որ նա ցած գցվեր»:
Հակառակորդի եսասիրական ծրագիրն էր՝ խլել Աստծո որդիներից և դուստրերից «իրենց համար գործակալներ դառնալու» պարգևը, ովքեր կկարողանային արդարությամբ գործել։ Նրա մտադրությունն էր, որ Երկնային Հոր բոլոր զավակները դառնային թիրախներ, որոնց վրա հնարավոր կլիներ միայն ներգործել:
Երկիրը արարվել է որպես մի տեղ, որի վրա Երկնային Հոր զավակները կարող են ստուգվել՝ տեսնելու, թե նրանք կանեն «այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց»։ Արարչագործության և մեր գոյության բուն նպատակն է տեսնել, թե դուք և ես արդյոք կընտրենք և կաշխատենք դառնալ այն, ինչ Տերը հրավիրում է մեզ դառնալ։ Ինչպես նախագահ Նելսոնն է հայտարարել. «Աստված՝ մեր Երկնային Հայրը, ցանկանում է, որ դուք վճռեք վերադառնալ տուն՝ Իր մոտ: Հավերժական առաջընթացի Նրա ծրագիրը բարդ չէ, և այն հարգում է ձեր ազատ կամքը»:
Մեր հույսն ու ձգտումը սելեստիալ փառքն է մեր ընտանիքների հետ՝ լինելու Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու՝ Տեր Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ: Սրա համար և բազմաթիվ այլ պատճառներով, նախագահ Նելսոնը հրավիրել է մեզ «սելեստիալ մտածելակերպ ունենալ»:
Այժմ մի զգուշացում։ Օգտագործման հեշտությունը, ընկալվող ճշգրտությունը և արագ արձագանքման ժամանակը, որով բնութագրվում է արհեստական բանականությունը, կարող են հավանաբար գայթակղիչ, կախվածություն առաջացնող և գերակշռող ազդեցություն ստեղծել մեր բարոյական ազատ կամքի գործադրման վրա: Քանի որ արհեստական բանականությունը հիմնված է գիտական առաջընթացի հավաստիության և խոստումների վրա, մենք կարող ենք միամտորեն գայթակղվել՝ հանձնելու մեր թանկարժեք բարոյական ազատ կամքը մի տեխնոլոգիայի, որը կարող է միայն «թելեստիալ մտածելակերպ ունենալ»: Այդպես անելով, մենք կարող ենք աստիճանաբար փոխակերպվել գործակալներից, ովքեր կարող են գործել՝ դառնալով ներգործվող թիրախներ։ Եվ մենք գուցե անմտորեն օգնենք Լյուցիֆերին ձեռք բերել մահկանացու կյանքում այն, ինչը նա չկարողացավ իրականացնել նախամահկանացու կյանքում։
Ճշմարտությունը գիտելիք է բաների մասին, ինչպես դրանք իրականում կան։ Արհեստական բանականությունը չի կարող ընդօրինակել, նմանակել կամ փոխարինել Սուրբ Հոգու ազդեցությանը մեր կյանքում։ Անկախ նրանից, թե որքան բարդ և առաջնակարգ կարող է ԱԲ տեխնոլոգիան ի վերջո դառնալ, այն պարզապես երբեք չի կարող վկայություն տալ Հոր և Որդու մասին, բացահայտել բոլոր բաների ճշմարտությունը, կամ սրբացնել նրանց, ովքեր ապաշխարել են և մկրտվել:
Ճշմարտությունը գիտելիք է բաների մասին, ինչպես դրանք իրականում կլինեն։ Երբ մենք իմաստուն լինենք, պահպանենք և գործադրենք մեր բարոյական ազատ կամքը՝ սիրելու Աստծուն և ծառայելու մեր եղբայրներին ու քույրերին, և Սուրբ Հոգին մեզ առաջնորդ վերցնենք, մենք կարող ենք խուսափել խաբեությունից և հոգեպես բարգավաճել այն դժվարին և օրհնված ժամանակներում, որում մենք ապրում ենք։
Արդար աշխատանք
Երկնային Հոր երջանկության ծրագիրը հասկանալը, օգնում է մեզ ընդունել, որ արդար աշխատանքը անհրաժեշտ է հոգևոր առաջընթացի համար։
Որպես Աստծո որդիներ և դուստրեր «մեզանից յուրաքանչյուրն ունի աստվածային էություն և ճակատագիր» և Նրանից ժառանգել է հոգևոր կարողություններ։ Մեր Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին արարիչներ են և մեզանից յուրաքանչյուրին վստահել են բաժնեմասեր մահկանացու կյանքում Իրենց արարչագործական զորությունից: Մեր աշխատելու և ստեղծագործելու առանձնահատուկ կարողությունը ունի հոգևոր նշանակություն, հատկապես այն պատճառով, որ այն առանցքային է Հոր ծրագրում և հանդիսանում է մեր աստվածային ներուժի մեծագույն դրսևորումներից մեկը։
Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը բացատրել է․ «Աստված աշխարհը կիսատ թողեց, որպեսզի [տղամարդիկ և կանայք] աշխատեն [իրենց] հմտությունների վրա: Էլեկտրականությունը թողեց ամպի մեջ, նավթը՝ երկրի մեջ։ Նա թողեց գետերը անկամուրջ և անտառները չհատված և քաղաքները չկառուցված։ Աստված տալիս է [մեզ] անմշակ հումքի մարտահրավերը, ոչ թե պատրաստի բաների հեշտությունը։ Նա թողնում է չնկարված նկարներ, չերգված երգեր և չլուծված խնդիրներ, որպեսզի [մենք] կարողանանք իմանալ արարչագործության ուրախություններն ու փառքերը»։
Բարոյական ազատ կամքը, գործակալ դառնալը, և արդար աշխատանքը փոխկապակցված են իսկապես հզոր ձևերով։ Դիտարկենք օրինակ, Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի սահմանումը Lectures on Faith գրքում:
«Հավատք առ [Քրիստոս], առաջին սկզբունքն է բացահայտված կրոնի, … ողջ արդարակեցության հիմքը, … և բոլոր բանական էակների գործունեության սկզբունքը»:
Քրիստոսի հանդեպ հավատքի հոգևոր պարգևը ենթադրում է մեր ազատ կամքի գործադրումը՝ գործելու և հետևելու Նրան, ապրելու Նրա ուսմունքներով, պահելու Նրա պատվիրանները, կապվելու Նրա հետ ուխտերի միջոցով, վստահելու Նրա խոստումներին, և հեզորեն ընդունելու Նրա կամքը և ժամանակացույցը մեր կյանքում։ Քավիչը հայտարարել է, որ վարդապետության և ճիշտ սկզբունքների համաձայն գործելը կարևոր է, որովհետև «հավատքը առանց գործերի մեռած է»։
Մենք նաև սովորում ենք, Lectures on Faith -ում, որ … «հավատքը ոչ միայն գործելու սկզբունք է, այլ նաև զորության … լինի երկնքում, թե երկրի վրա»: Հավատքը Քրիստոսի հանդեպ միշտ առաջնորոդում է դեպի արդար գործի, որը մեծացնում է մեր հոգևոր կարողությունը և ուժը։
Հետևաբար, Քրիստոսի հավատարիմ աշակերտները մշտազբաղ աշխատողներ են, որովհետև «զորություն կա նրանց մեջ, որով նրանք գործակալն են իրենց կամքի»: Նվիրված աշակերտները հետևողականորեն և բարեխղճորեն, ըստ իրենց ունակությունների և հանգամանքների, գործում են որպես գործակալներ՝ անելու կամ ստեղծելու ինչ-որ բան, ինչպես իրենց կյանքի աշխարհիկ և հոգևոր ուղղություններում, այնպես էլ ուրիշների համար իրենց ծառայության մեջ։
Հասկանալը, որ հավատքը Փրկչի հանդեպ գործունեության և զորության սկզբունք է, ենթադրում է արդար աշխատանքի շարունակական օրինակ, որը Նրան ապավինելու և վստահելու հիմնարար արտահայտությունն է և ուսման ու աճի աղբյուր: Այս կարևոր պատճառներից ելնելով, աշխատանքը կարևոր է մեր հոգևոր առաջընթացի համար։
Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնն ուսուցանել է․ «Մերը աշխատանքի ավետարան է՝ նպատակային, անեսասեր և Քրիստոսի մաքուր սիրով մատուցվող։ Միայն այսպես մենք կարող ենք աճել աստվածային հատկանիշներում։ Միայն այսպես կարող ենք դառնալ արժանի գործիքներ Տիրոջ ձեռքում»։
Իմ մեծագույն մտահոգություններից մեկն այն է, որ գերապավինումը արհեստական բանականության տեխնոլոգիային, պատճառ կլինի, որ դառնանք հոգևարապես ծույլ և մակերեսային և զրկվենք այն օրհություններից, որոնք հնարավոր են արդար աշխատանքի միջոցով։
Հետաքրքիր է, թե հաղորդության ժողովի քանի ելույթ և Կիրակնօրյա դպրոցի, քահանայության և Սփոփող միության քանի՞ դաս կգեներացնի ԱԲ-ն հաջորդ կիրակի օրը։ Մի պարզ հրաման, որն ասվում է ձեր թվայնացված սարքի մեջ, մի քանի վայրկյան կամ րոպե և դուք ունենում եք այն, ինչի կարիքն ունեք։ Բայց դուք իսկապես ունենու՞մ եք այն, ինչի կարիքն ունեք։
Այժմ, ես հավատում եմ, որ արհեստական բանականությունը պատշաճ կերպով կօգնի հավաքել տեղեկատվություն, քննադատել մեր մտածելակերպը, գնահատել մեր գրելու ոճը և արագացնել «տող առ տող [և] ցուցում առ ցուցում» սովորելու կրկնվող գործընթացը։ Բայց ստեղծելու և աշխատելու աստվածային ունակությունը պատկանում է միմիայն մեզ, որպես Աստծո որդիներ և դուստրեր։ Անկասկած, մենք կարող ենք ստեղծել կամ պատրաստել հիասքանչ բովանդակությամբ ժողովի ելույթ՝ արհեստական բանականության օգնությամբ։ Բայց նպատակը պարզապես տպավորիչ բովանդակություն ստեղծելն ու ներկայացնելը չէ, այլ, ավելի շուտ՝ աշխատելն ու դառնալն է այն, ինչ Աստված մտադիր է և ակնկալում է, որ մենք դառնանք։
Ես անձամբ չեմ օգտագործում այս տեխնոլոգիան այլ նախագծերի համար իմ ելույթները, հոդվածները կամ տեքստը ստեղծելու կամ մշակելու համար: Իմ ջանասեր և ստեղծագործական աշխատանքի և ամենակարևորը՝ Սուրբ Հոգու ոգեշնչման համար բաց լինելու շնորհիվ եմ գրում իմ ելույթները։
Ես անշուշտ օգտագործում եմ այս տեխնոլոգիան իմ աշխատանքը քննադատելու համար։ Օրինակ, այս ելույթը, որով կիսվում եմ ձեզ հետ այս պահին, ավարտելուց հետո, ես հարցրեցի մի արհեստական բանականության հավելվածի վերլուծել և նկարագրել իմ ելույթի ոճը, որն ուղղված է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի չափահաս երիտասարդ անդամների համաշխարհային լսարանին։ Ահա կարծիքը, որը ես ստացա։
«Այս ելույթի ոճը հանդիսավոր է և ուսուցանող, քանի որ հեղինակը հիմնվում է սուրբ գրությունների հղումների և անձնական փորձառությունների վրա՝ ուսուցանելու աշխարհիկ պատրանքներից հոգևոր իրականությունները տարբերելու կարևորության մասին։ Ելույթը նաև հուսադրող է ու խրախուսող, քանի որ հեղինակը հրավիրում է չափահաս երիտասարդներին փնտրել հայտնություն և հետևել Փրկչի օրինակին իրենց ամենօրյա կյանքում։ Ելույթը նպատակաուղղված է խթանել հավատք և գործողություն իր ունկնդիրների մոտ և նախազգուշացնել նրանց սատանայի ստերից խաբվելու վտանգների դեմ»։
Հիմնվելով այդ կարծիքի վրա ես կատարեցի մի քանի փոփոխություններ, որը հուսով եմ բարելավեց ընդհանուր ուղերձը։
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, խնդրում եմ, միշտ հիշեք, որ մենք չպետք է վաճառենք «արարչագործության ուրախությունների և փառքերի գիտության» մեր հոգևոր անդրանիկության իրավունքը տեխնոլոգիական շիլաշփոթ «ապուրի դիմաց»։
«Մի՛ խաբվեք. Աստված չի ծաղրվի։ Որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի։
Իր մարմնի համար սերմանողը մարմնից ապականություն կհնձի, իսկ Հոգու համար սերմանողը Հոգուց հավիտենական կյանք կհնձի»:
Հունձքի օրենքը ճշմարիտ է՝ երեկ, այսօր և հավիտյան։
Շարունակական դարձը դեպի Տերը պահանջում է կենտրոնացած, երկարատև և արդար աշխատանք։ Մենք պետք է ձգտենք դառնալ գործակալներ, ովքեր հավատք են գործադրում Փրկչի հանդեպ և գործում են ու խուսափում թիրախներ դառնալուց, որոնք պարզապես ներգործվում են։
Միշտ հիշեք, որ նվիրված աշակերտ դառնալը պահանջում է կենտրոնացած, երկարատև և արդար աշխատանք: Մենք պետք է ձգտենք դառնալ գործակալներ, ովքեր հավատք են գործադրում Փրկչի հանդեպ և գործում են ու խուսափում թիրախներ դառնալուց, որոնք պարզապես ներգործվում են:
Անձնական հայտնությունը պահանջում է կենտրոնացած, երկարատև և արդար աշխատանք։ Մենք պետք է ձգտենք դառնալ գործակալներ, ովքեր հավատք են գործադրում Փրկչի հանդեպ և գործում են ու խուսափում թիրախներ դառնալուց, որոնք պարզապես ներգործվում են:
Հոգու պարգևներին պատշաճորեն ձգտելը պահանջում է կենտրոնացած, երկարատև և արդար աշխատանք: Մենք պետք է ձգտենք դառնալ գործակալներ, ովքեր հավատք են գործադրում Փրկչի հանդեպ և գործում են ու խուսափում թիրախներ դառնալուց, որոնք պարզապես ներգործվում են:
Հստակ լինելու համար ասեմ, որ մենք չենք վաստակում կամ որակավորվում Աստծո օրհնությունների համար բացառապես մեր անհատական գործերով կամ դրանց միջոցով: Աստծո կամքն ու ժամանակացույցն է որոշում ինչպես և երբ ենք մենք ստանում Նրա գորովագութ ողորմությունները։ Բայց դուք և ես հոգևոր պարտականություն ունենք՝ աշխատելու, ստեղծելու և սովորելու։
Խոստում և վկայություն
Նախազգուշացնող ձայնը, որը ես բարձրացրեցի 2009 թվականին, լուրջ էր, ազդեցիկ և հրատապ, քանի որ տեխնոլոգիական վտանգներն ու հնարավորությունները, որոնք քննարկում ենք, նոր էին հայտնվում։ Դա այն ժամանակ էր։
Նախազգուշացնող ձայնը, որը ես բարձրացնում եմ այսօր, ավելի լուրջ է, ավելի ազդեցիկ և նույնիսկ ավելի հրատապ, քանի որ տեխնոլոգիական վտանգներն ու հնարավորությունները, որոնք մենք քննարկում ենք, մշտապես ամենուրեք են: Սա այժմ է։
Սուրբ Հոգին վկայում է ճշմարտության մասին: Դուք և ես պատասխանատվություն ենք կրում՝ ապահովելու, որ Սուրբ Հոգին կարողանա միշտ հաստատել ճշմարտությունը և հավաստիությունը բոլոր բաների մասին, որ մենք ասում ենք և կիսվում, ինչպես մեր ձևով, այնպես էլ բովանդակությամբ։ Մեզանից յուրաքանչյուրի համար խոստումն այն է, որ մենք կարող ենք սովորել պատշաճ օգտագործել այս տեխնոլոգիան Սուրբ Հոգու զորությամբ եկող առաջնորդությամբ, պաշտպանությամբ և զգուշացումներով։
Ես խոստանում եմ, որ եթե մենք «նայենք [Փրկչին] ամեն մտորումներում» և ձգտենք Սուրբ Հոգու ընկերակցությանը, մենք կօրհնվենք քայլելու Տիրոջ Հոգու հեզությամբ և կունենանք խաղաղություն Նրանում։ Եվ մենք չենք «կասկածի, [չենք] վախենա», և կնկատենք ճշմարտությունը բոլոր բաներում, նույնիսկ «բաներում, ինչպես դրանք իրականում կան»։
Ես վկայում եմ, որ Երկնային Հայրն ապրում է, և Նա է երջանկության մեծ ծրագրի ստեղծողը: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը Հոր Միածինն է և Սիրելի Որդին: Եվ ես վկայում եմ, որ նա հարություն է առել։ Նա ապրում է: Նա մեր Քավիչն է և Փրկիչը: Եվ ես վկայում եմ, որ մենք օրհնված ենք՝ ապրելով ժամանակների լրության տնտեսության նշանակալից մի ժամանակաշրջանում։ Ես ուրախությամբ վկայում եմ այս ճշմարտությունների մասին Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: