Չափահաս երիտասարդներին ուղղված հոգևոր ուղերձ
Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար
Կիրակի, 3 նnյեմբերի 2024 թ․
Ինչ հաճելի է վերադառնալ ԲՅՀ–Այդահո. մի վայր, որը մենք լավ գիտենք և այնքան շատ ենք սիրում։ Երբ երեց Բեդնարը ծառայում էր ԲՅՀ–Այդահոյի նախագահ, մեր երեխաները չափահաս երիտասարդներ էին։ Այսօր մենք այստեղ ենք մեր չափահաս երիտասարդ թոռներից ոմանց հետ։ Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին լինի ինձ հետ և ձեզ հետ, մինչ կկիսվեմ որոշ խոհերով և զգացումներով, որոնք եկել են իմ միտքին ու սիրտին:
Մի քանի տարի առաջ ես և երեց Բեդնարը մասնակցեցինք հարց ու պատասխանի մի հոգևոր հավաքի՝ չափահաս երիտասարդների մի մեծ խմբի հետ։ Վերջերս ես աչքի էի անցկացնում ներկայացված հարյուրավոր հարցերը և ապշած էի այն բազմաթիվ հարցերից, որոնք հիմնված էին վախի, համարձակության և վստահության բացակայության, մի քիչ էլ ինքնավստահության պակասի վրա։ Ես որոշեցի այսօր իմ դիտարկումները կենտրոնացնել այդ հարցերից մի քանիսի վրա և ձեզ հետ կիսվել սուրբգրային գաղափարներով ու անձնական փորձառություններով, որոնք հուսով եմ, օգտակար կլինեն ձեր կյանքի ճանապարհին՝ այժմ և ապագայում։
Գուցե դուք կարողանաք կապ տեսնել, երբ լսեք այս հարցերը։
-
Ինչպե՞ս կարող եմ վախը փոխարինել քրիստոսանման սիրով և հավատքով:
-
Ինչպե՞ս կարող եմ հոգևորապես ուժեղ մնալ, երբ այդքան թույլ եմ զգում ինձ։
-
Ինչպե՞ս կարող եմ սովորել վստահել Աստծուն։
Ես վստահ եմ՝ մենք բոլորս ունեցել ենք այս հարցերը։
Սուրբ գրությունը, որը կկամենայի օգտագործել որպես իմ դիտարկումների հիմք, գտնվում է Եսայի 41․10-ում:
«Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով»:
Հուսով եմ, որ երբ մի քանի րոպե միասին ուսումնասիրենք այս սուրբ գրության հատվածը, դուք կստանաք տպավորություններ, որոնք ձեզ կօգնեն ձեր վախը փոխարինել քրիստոսանման սիրով ու հավատքով, պահպանել ավելի խոր համոզմունք, որ դուք կարող եք մնալ ուժեղ, երբ այդքան թույլ եք զգում, և վստահություն ձեռք բերել ձեր հանդեպ, մինչ սովորում եք վստահել Աստծուն։
Սկզբում եկեք դիտարկենք Եսայի 41.10-ի առաջին մասը։
«Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի զարհուրիր»։
Հիշեք սուրբգրային պատմությունը Ղուկաս 24-ում, երբ Հիսուսի Հարության օրը Նրա հետևորդներից երկուսը Երուսաղեմից քայլում էին դեպի Էմմաուս գյուղը։
Ճանապարհին մի անծանոթ միանում է նրանց և հարցնում, թե ինչու են տխուր։ Նրանք զարմանում են, որ այդ մարդը ոչինչ չգիտի այն մասին, թե ինչ էր պատահել Երուսաղեմում և պատմում են Նրան այդ երեք օրերի իրադարձությունների մասին։ Նրանք պատմում են, թե ինչպես են Հիսուսին կեղծաբար մեղադրել և մահվան դատապարտել, խաչել, իսկ հետո Նա հրաշքով հարություն է առել։ Այդ մարդիկ 7 մղոն քայլելուց հետո միայն իմացան, որ իրենք քայլում էին հենց Իր՝ հարություն առած Տիրոջ հետ։
Ինչո՞ւ է այս պատմությունը կարևոր։ Քանի որ ես հավատում եմ, որ Հիսուսը քայլում է ձեզ և ինձ հետ մեր կյանքի ճանապարհին ավելի շատ, քան մենք երբևէ կիմանանք։ Նա մեզ հետ է: Ինչպե՞ս կարող ենք վախը փոխարինել քրիստոսանման սիրով և հավատքով: Հիշեք այս արտահայտությունը Եսայու գրքից.
«Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի զարհուրիր»։
Այժմ եկեք վերանայենք այս սուրբ գրության երկրորդ մասը.
«Որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ»:
Տարիներ առաջ, երբ մենք ապրում էինք այստեղ՝ Ռեքսբուրգում, ես մեքենայով գնացի Սոլթ Լեյք Սիթի՝ լինելու իմ զարմուհու հետ այն օրը, երբ նրա ամուսինը սրտի բաց վիրահատություն էր տանում: Դժվար, անորոշ ժամանակ էր, և նրա ամուսնուն տեսնելուց հետո ես հասկացա, թե ինչու էր նա այդքան անհանգստացած: Նա լավ չէր ապաքինվում և բժիշկները որոշեցին, որ նա արյան փոխներարկման կարիք ունի։
Ես երբեք արյան փոխներարկում չէի տեսել և զարմացած էի, երբ արյունը կաթիլ առ կաթիլ դանդաղ հոսում էր վար՝ նեղ խողովակի միջով դեպի երակ։ Երբ նայում էի, մտածում էի մեր Փրկչի և այն մասին, թե քանի կաթիլ արյուն է Նա հեղել ինձ համար։ Ընդամենը ժամերի ընթացքում, ես ականատես եղա նոր կյանքի էներգիայի և ուժի, որը տվեց փոխներարկումը։
Ինչ-որ կերպ և ինչ-որ ձևով, որը ես լիովին չեմ հասկանում կամ պատկերացնում, Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը մեզ ուժ և օգնություն է տալիս՝ դժվար գործեր անելու համար։ Մենք օրհնված ենք, որ կարող ենք անել բաներ, որոնք, մեր կարծիքով, չենք կարող անել: Ինչպե՞ս կարող ենք հոգևորապես ուժեղ մնալ, երբ այդքան թույլ ենք զգում։ Հիշեք այս արտահայտությունը Եսայու գրքից.
«Որովհետև ես քո Աստվածն եմ: Ես կզօրացնեմ քեզ, նաև, կօգնեմ քեզ»:
Թույլ տվեք կիսվել մի քանի մտքերով Եսայի 41․10 հատվածի վերջին արտահայտության վերաբերյալ։
«Նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով»:
Աջ ձեռքը հաճախ անվանում են ուխտի ձեռք։ Քրիստոսի հետ մեր ուխտի կապի շնորհիվ մենք կարող ենք վստահություն ունենալ, որ մեր Փրկիչը նեցուկ կլինի, կպաշտպանի և կաջակցի մեզ։
Սա ինձ հիշեցնում է Մատթեոս 14-ի պատմությունը, որտեղ Հիսուսի աշակերտները նավի մեջ էին՝ ծովի մեջտեղում, և այս ու այն կողմ էին քշվում քամուց և ալիքներից։ Պետրոսը տեսնում է, որ Հիսուսը քայլում է ջրի վրայով և խնդրում է Հիսուսին հրամայել իրեն՝ գալ Իր մոտ: Հիսուսը հարգում է խնդրանքը, և Պետրոսը սկսում է քայլել ջրի վրայով դեպի Նա: Նա քայլում է, քանի դեռ մնում է Հիսուսի վրա կենտրոնացած։ Բայց երբ Պետրոսը տեսնում է փոթորկոտ քամին, սկսում է սուզվել ու խնդրում է Հիսուսին փրկել իրեն: «Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան»: Եվ ես իսկապես հավատում եմ, որ Նա մեզ ևս կբռնի։
Ինչպե՞ս կարող ենք սովորել վստահել Աստծուն։ Հիշեք այս արտահայտությունը Եսայու գրքից.
«Նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով»։
Ես վկայում եմ, որ Երկնային Հայրը ճանաչում ու սիրում է մեզ: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն ու Քավիչն է: Նա քայլում է մեզ հետ, Նա զորացնում է մեզ և Նա օգնում է մեզ։ Եվ մենք կարող ենք վստահել, որ Նա նեցուկ կլինի, կպաշտպանի և կաջակցի մեզ, երբ մենք հիշենք մեր կապած ուխտերը Նրա հետ։ Ես գիտեմ, որ Սուրբ Հոգին հայտնող է, և խոհեր է բերում մեր մտքին ու զգացմունքներ՝ մեր սրտին։ Ես գիտեմ, որ երեց Բեդնարը կանչվել է Աստծո կողմից՝ «մարգարեությամբ և ձեռնադրումով»։ Նա Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալն է:
Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: