Մատթեոս 5․48
«Արդ դուք կատարեալ եղիք»
Երանիների պատվիրանները և բարձր օրենքը ուսուցանելուց հետո Փրկիչը պատվիրան տվեց Իր Երկնային Հոր բնույթի վերաբերյալ: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ Փրկիչի պատվիրանը` լինել «կատարեալ …, ինչպէս [մեր] Հայրը որ երկնքումն է, կատարեալ է» (Մատթեոս 5.48):
Ուսուցանելիս աղոթքով փնտրեք Տիրոջ օգնությունը Ավետարանի ուսուցումը Տիրոջ աշխատանքն է, և Նա ցանկանում է, որ դուք հաջողության հասնեք այդ գործում: Եթե դուք դիմեք Նրան ամեն օր, դուք կզգաք և կճանաչեք Նրա օգնությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 100․5-8):
Ուսանողի պատրաստում. Այս դասից առաջ խնդրեք ուսանողներին հնարավորության դեպքում դասարան բերել իրենց մանկական նկարները: Ավելի արդյունավետ կլինի դա անել առնվազն դասից մի շաբաթ առաջ՝ ծնողների օգնությամբ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ինչպե՞ս դուք եք փոխվել
Կարող եք օգտագործել հետևյալ կամ նմանատիպ հարցերից մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչպես են աճել ու փոխվել մանկությունից սկսած:
Գտեք ավելի վաղ տարիքի որևէ նկար կամ մտածեք, թե ինչպիսին էիք դուք, երբ երեխա էիք:
-
Ինչպե՞ս եք ֆիզիկապես կամ հոգևորապես աճել ու փոխվել այդ ժամանակից ի վեր:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ փոփոխությունը մեր Երկնային Հոր ծրագրի բնական և կարևոր մասն է:
-
Արդյո՞ք դուք աճել եք վերջին մի քանի տարիների ընթացքում՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար: Եթե զգում եք, որ ձեր հոգևոր աճը բավարար չէ, մտածեք, թե ինչն է ձեզ խանգարել, և ինչ կարող եք անել այդ օրինաչափությունը փոխելու համար:
Կարդացեք Մատթեոս 5.48-ը՝ փնտրելով, թե գլուխ 5 -ում Փրկիչն ինչպես եզրափակեց Իր ուսմունքները: Իմացեք, որ հունարեն բառը, որն այս հատվածում նշանակում է կատարյալ կարող է նաև թարգմանվել որպես «ամբողջական, ավարտուն կամ լիարժեք զարգացած» ( Մատթեոս 5.48 , ծանոթագրություն բ):
Մատթեոս 5.48-ում ներկայացված Փրկիչի ուսմունքներից մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսը մեզ պատվիրել է Երկնային Հոր նման կատարյալ լինել:
-
Մատթեոս 5-րդ գլխում ներկայացված Փրկիչի ուսմունքներից որո՞նք են ձեզ ոգեշնչել ավելի շատ նմանվել Երկնային Հորը: Ինչպե՞ս։
Ուսանողներին կարող է օգտակար լինել կրկնել Մատթեոս 5-րդ գլխում ներկայացված ուսմունքները, այդ թվում՝ իրենց սուրբ գրություններում կամ օրագրերում արված գրառումները:
-
Ինչպե՞ս եք վերաբերվում Փրկիչի՝ կատարյալ լինելու պատվիրանին:
-
Այս պատվիրանի սխալ ընկալումն ինչպե՞ս կարող է բացասական ազդեցություն ունենալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:
Հասկանալ, թե ինչ է նշանակում «կատարեալ» լինել
Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի՝ ուսումնասիրելու նախագահ Ռասսել Մ. Նելսոնի, Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի և Երեց Ջերիթ Վ. Գոնգի հետևյալ հայտարարությունները: Այս հայտարարությունների մի քանի օրինակներ կարող են տպվել և փակցվել դասասենյակում կամ ցուցադրվել այլ եղանակներով:
Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի, Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջերիթ Վ. Գոնգի հետևյալ հայտարարությունները՝ փնտրելով օգնություն կամ սփոփանք՝ Երկնային Հոր նման կատարյալ դառնալու ճանապարհին:
Մատթեոս 5.48 հատվածում օգտագործվող կատարեալ եզրույթը թարգմանված է հունարեն teleios բառից, որը նշանակում է «ամբողջական»: … Բայի անկատար ձևը՝ teleiono (ամբողջացնել), նշանակում է՝ «հասնել վերջնակետին, լիարժեք զարգանալ, հասցնել ավարտին»: Ուշադրություն դարձրեք, որ բառը չի ենթադրում «սխալներից ազատում, այլ ենթադրում է՝ «հասնել հեռավոր նպատակի»: …
… Մենք չպետք է շփոթվենք, եթե կատարելությանն ուղղված մեր անկեղծ ջանքերն այժմ այնքան անմատչելի [դժվարին] և անվերջանալի են թվում։ Կատարելությունն ընթացքի մեջ է։ Այն կարող է կատարված համարվել միայն Հարությունից հետո և միայն Տիրոջ միջոցով: Այն սպասում է բոլոր նրանց, ովքեր սիրում են նրան և պահում են նրա պատվիրանները:
(Ռասսել Մ. Նելսոն, «Կատարելությանը սպասելիս», Ensign, նոյեմբեր 1995, 86, 88)
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեզանից յուրաքանչյուրը ձգտում է ապրել ավելի Քրիստոսանման կյանքով, քան մեզ սովորաբար հաջողվում է ապրել: … Եթե մենք հաստատակամ շարունակենք, հավերժության մեջ մեր զտումը կավարտվի ու կամբողջացվի, ինչը կատարելություն բառի նշանակությունն է Նոր Կտակարանում:
Ես վկայում եմ այդ հոյակապ ճակատագրի մասին, որը մեզ հասանելի դարձավ Տեր Հիսուս Քրիստոսի Քավությամբ, ով շարունակեց «շնորհից շնորհ» [ Վարդապետություն և Ուխտեր 93.13 ], մինչև Իր անմահության մեջ Նա ստացավ սելեստիալ փառքի կատարյալ լիությունը:
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 42)
Կատարելություն բառը … երբեմն սխալմամբ ընկալվում է որպես՝ երբեք սխալ չանել: Գուցե դուք կամ ձեր ծանոթներից մեկը փորձում է լինել կատարյալ հենց այս ձևով: Այդպիսի կատարելությունը միշտ թվում է անհասանելի, քանզի նույնիսկ լավագույն ջանքերը կարող են ավարտվել հուսահատությամբ: Մենք ապարդյուն փորձում ենք կառավարել մեր հանգամանքները և մեզ շրջապատող մարդկանց: Մենք տառապում ենք մեր թուլություններից ու սխալներից: Եվ որքան ավելի շատ ենք փորձում հասնել կատարելության, այնքան ավելի հեռու է այն թվում: …
Կատարյալ լինելու սխալ ընկալումը կարող է բերել կատարելապաշտության, երբ մարդը ցանկանում է լավը լինել և վերածում է այդ ցանկությունը հենց հիմա կատարյալ լինելու անիրական ակնկալիքի: Երբեմն կատարելապաշտությունը ծնվում է այն զգացումից, որ միայն նրանք, ովքեր կատարյալ են, արժանի են սիրո կամ, մենք արժանի չենք երջանիկ լինելու, եթե մենք կատարյալ չենք:
(Ջերիթ Վ. Գոնգ, «Ինչպես դառնալ կատարյալ Քրիստոսի մեջ», Ensign, July 2014, 14–15, 17)
Հիշեք, որ պատվիրան պահելու և ապաշխարելու մեր բոլոր ջանքերը երբեք բավարար չեն լինի, _ եթե դրանց նպատակը մեղքերից մաքրվելը և մահից վերածնվելը չէ՝ այն, ինչ մենք ստանում ենք Փրկիչ Հիսուս Քրիստոսից՝ Նրա Քավության շնորհիվ: (Տես 2 Նեփի 25.23 ; Ալմա 34.9–10):
Եթե ուսանողները կարիք ունեն լրացուցիչ օգնության՝ կատարյալ լինելու պատվիրանը հասկանալու համար կամ չեն ընկալում կատարելապաշտություն հասկացությունը, նրանց կարող է օգնել «Կատարելապաշտություն. Արդյո՞ք ես կկարողանամ երբևէ բավականաչափ լավը լինել» տեսաֆիլմը «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժնից:
Առաջարկեք ուսանողներին դասարանի հետ կիսվել, թե ինչ են քննարկել իրենց խմբերով:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես է Փրկիչը մեզ օգնում դառնալ կատարյալ, կարող եք կարդալ և քննարկել Մորոնի 10.32 հատվածը:
Քննարկման հնարավոր հարցեր
Ուղղեք հետևյալ հարցերից մեկը կամ մի քանիսը՝ քննարկում սկսելու համար: Կարող եք նաև ցուցադրել այս կամ նմանատիպ հարցեր և խնդրել ուսանողներին պատասխանել դրանցից երկուսին կամ մի քանիսին իրենց օրագրերում: Այնուհետև ուսանողները կարող են դասարանով քննարկել իրենց գրածը:
-
Այս մարգարեների խոսքերը ի՞նչ են ուսուցանում այն մասին, թե ինչ է նշանակում «արդ դուք կատարեալ եղիք» արտահայտությունը:
-
Ի՞նչ են մարգարեներն ուսուցանում այն մասին, թե այս բառերը ինչ չեն նշանակում:
-
Ո՞րն է Փրկիչի դերը` կատարյալ դառնալու գործում մեզ օգնելիս:
-
Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը ձեզ հույս է տալիս, որ մի օր դուք կարող եք Նրանց նման կատարյալ դառնալ:
-
Ի՞նչ հոգևոր, ֆիզիկական, սոցիալական կամ մտավոր ջանքեր եք այժմ գործադրում՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար:
Կարող եք վկայել Փրկիչի, Մատթեոսի 5-րդ գլխում ներկայացված Նրա ուսմունքների և մեզ կատարյալ դարձնելու Նրա դերի մասին:
Բացատրական և պատմական տեղեկություն
Ինչպե՞ս կարող եմ կատարյալ դառնալ
Յոթանասունից երեց Սքոթ Դ․ Վայթինգն ուսուցանել է․
Նրա նման լինելու պատվիրանը նախատեսված չէ ստիպելու ձեզ մեղավոր, անարժան կամ չսիրված զգալ: Մեր ողջ մահկանացու կյանքի փորձառությունը առաջընթացի, փորձելու, ձախողվելու և հաջողության մասին է: …
Դուք բավականաչափ լավն եք, դուք սիրված եք, բայց դա չի նշանակում, որ դուք կատարյալ եք: Այս կյանքում և հաջորդ կյանքում աշխատանք կա անելու: Միայն Նրա աստվածային օգնությամբ մենք բոլորս կարող ենք առաջ ընթանալ՝ Նրա նման դառնալու համար:
Մեր օրերում, երբ «բոլոր բաները [կարծես], խառնաշփոթի մեջ են և … [թվում է] երկյուղը պատում է բոլոր մարդկանց» [ Վարդապետություն և Ուխտեր 88.91 ], միակ հակաթույնը, միակ դեղն է՝ ձգտել նման լինել Փրկիչին, Քավիչին ողջ մարդկության, աշխարհի Լույսին, և նմանվել Նրան, ով հայտարարել է. «Ես եմ ճանապարհը»: [ Հովհաննես 14.6 ]:
Ես գիտեմ, որ Նրա աստվածային օգնությամբ և ուժով Նրա նման դառնալը իրագործելի է քայլ առ քայլ: Եթե այդպես չլիներ, Նա մեզ չէր տա այս պատվիրանը [տես 1 Նեփի 3.7 ]:
(Սքոթ Դ․ Վայթինգ, «Դառնալով Նրա նման», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 14)
Օժանդակ ուսումնական վարժություններ
Այս դասը սկսելու այլընտրանքային եղանակ. Անել մի բան, որն անհնարին է թվում
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ ճիշտ հեռանկարի, հրահանգների և օգնության դեպքում, անհնարինը կարող է հնարավոր դառնալ: Կարող եք մի քանի անգամ փորձարկել այս վարժությունը՝ մինչ դասին ներկայացնելը:
Թղթի միջով անցնելու հնարքը. Ուսանողներին թուղթ և մկրատ տվեք: Հրահանգ տվեք թղթի մեջ մի անցք բացել, որը պետք է բավականաչափ մեծ լինի՝ դրանով անցնելու համար: Երբ նրանք փորձեն (և ձախողվեն), տվեք նրանց հետևյալ հրահանգները ու ևս մի թուղթ.
Քայլ 1. Թերթը երկայնքով ծալեք երկու մասի:
Քայլ 2. Ծալվածքը ձեր կողմ ուղղելով՝ կատարեք ութ հավասարաչափ կտրվածքներ՝ շարունակելով դեպի թերթի մյուս կողմը, բայց կանգ առեք՝ հակառակ ծայրին 1 սանտիմետր չհասած, որպեսզի չկտրեք ամբողջ թերթը:
Քայլ 3. Շրջեք թերթն այնպես, որ ծալվածքը մյուս կողմում ընկնի: Նախորդ կտրվածքների միջև կատարեք յոթ կտրվածք և նորից կանգ առեք՝ ծալվածքին 1 սանտիմետր չհասած, որպեսզի չկտրեք ամբողջ թերթը:
Քայլ 4. Վերադարձեք ծալված ծայրին: Ծալված ծայրում արված ութ կտրվածքներն այժմ կազմեցին ինը օղակ: Կտրեք յուրաքանչյուր օղակի ծալվածքի երկայնքով՝ բացի առաջինից և վերջինից:
Քայլ 5. Զգուշորեն բացեք թերթը այնպես, որ չպատռեք այն: Այժմ այն կազմեց մի մեծ օղակ, որով դուք կարող եք անցնել:
Հասկանալ կատարելապաշտությունը
Եթե դա օգտակար կլինի և դասաժամանակը կհերիքի, կարող եք ցուցադրել «Կատարելապաշտություն. Արդյո՞ք ես կկարողանամ երբևէ բավականաչափ լավը լինել» տեսանյութը (4:33), որը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:
Փրկիչը նեփիացիներին ուսուցանեց կատարելության մասին
Այն, ինչ Փրկիչն ուսուցանեց նեփիացիներին Իր Հարությունից առաջ (տես Մատթեոս 5.48) համեմատեք Հարությունից հետո Նրա ուսուցանածի հետ (տես 3 Նեփի 12.48): Առաջարկեք ուսանողներին հղումներ կամ խաչաձև հղումներ կատարել իրենց սուրբ գրություններում: Եթե անհրաժեշտ է, նշեք, որ Փրկիչը հիշատակեց նաև Ինքն Իրեն՝ նեփիացիներին կատարելությունը նկարագրելիս: Քննարկեք, թե դա ինչ է դա ուսուցանում:
Լեռան քարոզը. օրագրի վարժություն
Եթե ուսանողներն արդեն ունեն նշումներ «Մատթեոս 5.1-12» դասի վերաբերյալ, կարող եք առաջարկել նրանց ավելացնել այսօրվա դասից ստացած մտքերն ու տպավորությունները: