Մատթեոս 13․3-8, 18-23
Սերմնացանի առակը
Հիսուսն ուսուցանեց մի առակ սերմեր ցանող մարդու մասին: Այդ սերմերն ընկնում էին տարբեր տեսակի հողերի մեջ և տարբեր արդյունք էին տալիս: Նմանապես, Աստծո խոսքը տարբեր կերպ է ընդունվում լսողների կողմից: Այս դասը կօգնի ձեզ պատրաստել ձեր սիրտը՝ Աստծո խոսքը ընդունելու և սնուցելու համար:
Օգտագործեք առարկաներ և նկարներ Առարկաները և նկարները կարող են օգնել ուսանողներին սուրբ գրություններում պատկերացնել մարդկանց, իրադարձություններ, առարկաներ և խորհրդանիշներ: Օրինակ՝ սուրբ գրություններում նշված առարկաների մասին խոսելու փոխարեն ուսանողներին առաջարկեք նկարել դրանք:
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկի այս շաբաթվա համառոտ շարադրանքի հետևյալ հարցի շուրջ. «Ինչո՞ւ երբեմն մեր սրտերն ընդունում են ճշմարտությունը, մինչդեռ որոշ դեպքերում մենք գայթակղություն ենք զգում դիմադրել ճշմարտությանը»: («Մարտի 20-26 Մատթեոս 13, Ղուկաս 8, 13. «Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023):
Հնարավոր ուսումնական վարժություններ
Պատրաստվեք լսել Աստծո խոսքը
Կարող եք դասը սկսել՝ խնդրելով մի քանի ուսանողի կիսվել իրենց պատասխաններով այն հարցին, որի շուրջ նրանք խորհել են դասին պատրաստվելիս:
Գնահատեք, թե դուք որքանով եք պատրաստ ընդունել Աստծո խոսքը: Օգտվեք այս սանդղակից՝ հետևյալ հայտարարություններից յուրաքանչյուրի համար.
Հաճախ-Երբեմն-Հազվադեպ
Ցուցադրեք այս հայտարարությունները կամ դանդաղ կարդացեք դրանք, որպեսզի ուսանողները ժամանակ ունենան մտածելու Աստծո խոսքի իրենց անձնական ընկալունակության մասին: Ուսանողները պետք է խորհեն լուռ, առանց բարձրաձայն պատասխանելու:
Ես ուսումնասիրում եմ սուրբ գրությունները սովորելու և աճելու համար:
Ես փորձում եմ նկատել Սուրբ Հոգու ազդեցությունն իմ կյանքում և հետևում եմ ինձ տրված ուղղորդումներին:
Ես լսում եմ և ենթարկվում եմ այն խորհուրդներին, որոնք Տերն ինձ առաջարկում է Իր մարգարեների և առաքյալների միջոցով:
Ես փորձում եմ ամրապնդել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին իմ անձնական վկայությունը:
Այժմ, երբ քննեցիք ձեր մոտեցումը Աստծո խոսքին, դուք պատրաստ եք ուսումնասիրել սերմնացանի առակը: Այդ առակում Տերը նշմարում է մի քանի հնարավոր խնդիրներ, որոնք կարող են թույլ չտալ, որ սերմն աճի, արմատակալի և պտուղ տա: Ինչպես Իր բոլոր առակներում, այստեղ ևս Տերն օգտագործեց ծանոթ տարրերը՝ հոգևոր դասեր ուսուցանելու համար:
Սերմնացանի առակը ուսումնասիրելու համար օգտագործեք հետևյալ չորս քայլից բաղկացած օրինակը: Անկախ նրանից, թե դուք ինչպես եք պատասխանել վերը նշված հայտարարություններին, այս դասի նպատակն է օգնել ձեզ պատրաստել ձեր սիրտը՝ ընդունելու այն օրհնությունները, որոնք Տերն է ցանկանում ձեզ տալ: Ուսումնասիրելիս փորձեք իմաստալի փորձառություն ունենալ Աստծո խոսքի հետ:
Եթե այս օրինակը ներկայացվել է նախորդ դասի ժամանակ, կարող եք ուսանողներին խնդրել հիշել քայլերից յուրաքանչյուրը, ապա գրել դրանք գրատախտակին:
-
Գտեք կարևոր մանրամասներ:
-
Կատարեք հոգևոր համեմատություններ:
-
Հայտնաբերեք արժեքավոր դասեր:
-
Որոշեք անձնական կիրառումը:
Գտեք կարևոր մանրամասներ
Հետևյալ վարժության ժամանակ ուսանողները կարող են զույգերով աշխատել: Զույգից մեկը կարող է կարդալ հատվածների առաջին մասը, իսկ մյուսը՝ նշել կարևոր մանրամասները: Նրանցից յուրաքանչյուրը կարող է իր օրագրում որևէ պատկեր նկարել: Ապա ուսանողները կարող են փոխվել դերերով և կրկնել վարժությունը հատվածների մյուս մասերի համար:
Կարևոր մանրամասները պատկերացնելու համար կարելի է նկարել առակի մասերից յուրաքանչյուրը: Ձեր օրագրի մի էջը բաժանեք չորս մասի: Կարդացեք հատվածները և նկարեք նկարագրվածի պարզ նկարը:
-
Մատթեոս 13․3-4
-
Մատթեոս 13․5-6
-
Մատթեոս 13․7
-
Մատթեոս 13․8
Եթե ուսանողներին պետք է օգնել հասկանալ, թե ինչ պետք է նկարեն, նմանատիպ օրինակներ բերեք.
Կատարեք հոգևոր համեմատություններ
Առակի վերաբերյալ Հիսուսի բացատրությունները կարդացեք հետևյալ հատվածներում: Նրա համեմատությունները գրեք ձեր նկարների կողքին:
Ուսանողները կարող են աշխատել անհատապես, զույգերով կամ փոքր խմբերով: Եթե նրանք աշխատում են խմբերով, բաժանեք հատվածները խմբերի անդամների միջև և խնդրեք ուսանողներին զեկուցել իրենց խմբերին, թե ինչ են գտել:
-
Մատթեոս 13.19
-
Մատթեոս 13.20-21
-
Մատթեոս 13.22
-
Մատթեոս 13.23
Հայտնաբերեք արժեքավոր դասեր
Արժեքավոր դասեր հայտնաբերելու համար օգտակար կլինի հարցեր տալ, որպեսզի թույլ տաք Սուրբ Հոգուն անհատապես ուսուցանել ձեզ: Բացի հետևյալ հարցերից՝ մտածեք, թե էլ ինչ կարող եք հարցնել:
-
Ի՞նչ է Տերը կամենում, որ ես սովորեմ այս առակից:
-
Տերն ինչո՞ւ է կամենում, որ ես իմանամ, թե ինչպիսին է իմ սիրտը:
Դուք կարող եք պատկերացնել նաև, թե այս առակն ինչպես կարող է կիրառվել իրական կյանքում: Օրինակ՝ փորձեք պատկերացնել, թե քարոտ կամ փշոտ հողի նման սիրտ ունեցող մարդու գործողությունները ինչով են տարբերվում լավ հողի նման սիրտ ունեցող մարդու գործողություններից: Այս գործողությունների մասին մտածելիս գրեք դրանցից մի քանիսը ձեր նկարներից յուրաքանչյուրի կողքին:
Կարող եք ուսանողներին խնդրել իրենց գրած գործողությունների մի քանի օրինակ բերել: Եթե ուսանողները դժվարանում են օրինակներ մտածել, կարող են օգնել «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնի սցենարները:
-
Ի՞նչ կառաջարկեիք մեկին, ում սիրտը դաժան է, քարոտ կամ փշոտ:
Որոշեք անձնական կիրառումը
Մտածեք, թե ինչպիսին է ձեր սեփական սիրտը, և հողի չորս տեսակներից որն է լավագույնս նկարագրում ձեզ: Եթե ձեր սրտի հոգևոր վիճակը այս պահին այնպիսին չէ, ինչպիսին դուք կկամենայիք, իմացեք, որ դուք կարող եք փոխվել:
Հիմնվելով այսօրվա ձեր սովորածի վրա՝ խորհեք, թե ինչ կարող եք անել՝ ձեր սրտի վիճակը բարելավելու համար:
-
Ի՞նչ եք անելու, որպեսզի ձեր սիրտ հրավիրեք Աստծո խոսքը:
-
Ի՞նչ գործողություններ կձեռնարկեք՝ ձեր սրտի վիճակը բարելավելու համար:
-
Ո՞ր խոչընդոտները հաղթահարելու համար կխնդրեիք Տիրոջ օգնությունը:
Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել, թե այսօր ինչ են սովորել Տիրոջ և Նրա այն ցանկության մասին, որ Իր խոսքը աճի մեր սրտերում:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսը գերագույն համաժողովում ելույթ ունեցավ՝ պատմելով սերմնացանի առակի մասին: Հետևյալ հարցերի պատասխանները հիմնված են նրա բացատրությունների վրա:
Որո՞նք են այն սերմերը, որոնք «ճանապարհի մոտ ընկան» (տես Մատթեոս 13.4, 19)
Այն սերմերը, որոնք «ճանապարհի մոտ ընկան» ( Մարկոս 4:4) , չհասան պարարտ հողին, որտեղ կարող էին ծլարձակել: Դրանք այն ուսմունքներն են, որոնք ընկնում են կարծրացած կամ անպատրաստ սրտի մեջ:
(Դալլին Հ. Օուքս, «Սերմնացանի առակը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 32)
Ի՞նչը կարող է ստիպել, որ որևէ մեկի սիրտը հայտնվի «քարքարոտ տեղում» (տես Մատթեոս 13.5, 20-21)
Երիտասարդներ, … ահա մի հատուկ օրինակ: Եթե հաղորդության խորհրդանիշները սպասավորելու ընթացքում դուք հաղորդագրություն եք ուղարկում, շշնջում, խաղում տեսախաղ կամ տարվում մեկ այլ զբաղմունքով, ձեզ զրկելով հիմնական հոգևոր սննդից, դուք կտրում եք ձեր հոգևոր արմատները և տեղափոխվում քարքարոտ հողի վրա:
(Դալլին Հ. Օուքս, «Սերմնացանի առակը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 33)
Ինչպե՞ս կարող ենք ճանաչել կյանքի «փշերը» (տես Մատթեոս 13.7, 22)
Մենք տրվում ենք «այս կյանքի հաճույքներին», [ Ղուկաս 8:14 ] (1) երբ կախվածության մեջ ենք ընկնում, որը խաթարում է ազատ կամքի Աստծո թանկագին պարգևը, (2) երբ գայթակղվում ենք հասարակ շեղումներով, որոնք մեզ հեռացնում են հավերժական կարևորության բաներից, և (3) երբ մենք մեր մասին ունենք գերազանցության մտածելակերպ, որը դանդաղեցնում է անձնական աճը, իսկ դա անհրաժեշտ է մեր հավերժական ճակատագրին արժանանալու համար:
Մենք տարվում ենք «այս կեանքի հոգսերով» [ Ղուկաս 8:14 ], երբ մեզ պատում է ապագայի հանդեպ վախը, որը խանգարում է մեզ հավատքով առաջ գնալ, վստահել Աստծուն և Նրա խոստումներին:
(Դալլին Հ. Օուքս, «Սերմնացանի առակը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 34-35)
Ինչ է պահանջվում «բարի երկրից» պտուղ ստանալու համար (տես Մատթեոս 13.8, 23)
Մենք ունենք ավետարանի խոսքի սերմը: Մեզանից յուրաքանչյուրը անձամբ պետք է սահմանի առաջնահերթություններ և կատարի այնպիսի գործեր, որոնք մեր հողը կդարձնեն պարարտ, իսկ մեր բերքը՝ առատ: Մենք պետք է ձգտենք ամուր արմատներ գցել և դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը (տես Կողոսացիս 2.6–7): Մենք այդ դարձին հասնում ենք աղոթքով, սուրբ գրություններն ընթերցելով, ծառայելով և մշտապես հաղորդությունը ճաշակելով, որպեսզի Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենանք:
(Դալլին Հ. Օուքս, «Սերմնացանի առակը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 35)
Օժանդակ ուսումնական վարժություններ
Զննեք հողը տնկելուց առաջ
Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և խմբերից յուրաքանչյուրին տրամադրեք սերմնացանի առակում նկարագրված հողի տեսակներից մեկով լիքը աման: Ուսանողներին առաջարկեք զննել հողը և քննարկել, թե նրանք ինչ կանեն, որպեսզի հողը կատարյալ դարձնեն սերմ աճեցնելու համար: Ուսանողներին խնդրեք ուսումնասիրել առակը՝ փնտրելով, թե հողի որ տեսակը կարող է ներկայացնել հոգևորությունը, և քննարկել իրենց խմբերի հետ, թե ինչ կարող են սովորել դրանից:
Տեսեք և լսեք սերմնացանի առակը
Ցուցադրեք «Սերմնացանի առակը» տեսանյութը (4:36) 0:00-0:55-ը և ուսանողներին առաջարկեք նկարագրել կարևոր մանրամասները: Այնուհետև ուսանողները կարող են դիտել տեսաֆիլմը 3:00-4:36-ը և հոգևոր կապեր կառուցել՝ հիմնվելով Հիսուսի բացատրությունների վրա: Օգտակար կլինի դադար տալ յուրաքանչյուր մանրամասնությունից հետո, որպեսզի ուսանողները կարողանան քննարկել, թե ինչ են սովորում:
Առակը իրական կյանքում
Կարող եք օգտագործել հետևյալ սցենարները, որպեսզի ուսանողներին օգնեք բացահայտել հողի տեսակները կամ սրտի վիճակները: Ուսանողները կարող են առաջարկներ անել, թե սցենարում ներկայացված մարդն ինչ պիտի անի՝ Փրկիչին ավելի շատ մոտենալու և Աստծո խոսքը իր սրտում աճեցնելու համար:
Սքոթի ընկերները նրան ներկայացրին վերականգնված ավետարանը և կարճ ժամանակ անց նա մկրտվեց: Սակայն Եկեղեցուն միանալուց մի քանի ամիս անց որոշ մարդիկ սկսեցին ծաղրել նրան իր նոր համոզմունքների համար: Սքոթը չէր կարողանում տանել ուրիշների բացասական ուշադրությունը:
Ջիլը դպրոցում լավ է սովորում, պիեսում է խաղում և սիրում է իր աշխատանքը: Իր դպրոցական և աշխատանքային պարտականությունների պատճառով Ջիլը որոշել է չգնալ Եկեղեցական միջոցառումների և չմասնակցել սեմինարիային այս տարի: Նա իսկապես ուզում է կենտրոնանալ իր կրթության և կարիերայի վրա:
Համեմատություններ կատարել Մորմոնի Գրքի օգնությամբ
Ուսանողներին առաջարկեք կարդալ, թե ինչպես է Ալման Աստծո խոսքը համեմատել սերմի հետ (տես Ալմա 32.26-43): Նրանք կարող են ուսումնասիրել նաև Լեքիի կենաց ծառի երազը և երազում նկարագրված խմբերից յուրաքանչյուրը համեմատել սերմնացանի առակում ներկայացված հողի տեսակների հետ (տես 1 Նեփի 8.19-34): Ուսանողները կարող են կիսվել, թե Մորմոնի Գրքի այս պատմությունները ինչպես են նպաստում սերմնացանի առակում ներկայացված Փրկիչի ուսմունքների իրենց ընկալմանը: