Հովհաննես 6.22-58
«Ես եմ կեանքի հացը»
Հինգ հազար մարդու կերակրելու հրաշքից հետո շատերը որոնում էին Հիսուսին, «ոչ թէ նորա համար որ նշաններ տեսան, բայց որ հացիցը կերան եւ կշտացան» (Հովհաննես 6.26): Փրկիչն ուսուցանեց նրանց. «Ես եմ կեանքի հացը. ինձ մօտ եկողը չի սովիլ» (Հովհաննես 6.35): Այս դասը կարող է օգնել ձեզ բացահայտել, թե ինչպես կարող եք գալ Փրկիչի մոտ, որպեսզի Նա հագեցնի ձեր հոգևոր կարիքները:
Գրավոր վարժություններ Հրավիրելով ուսանողներին գրավոր պատասխանել մտածելու տեղիք տվող հարցերին՝ կարող եք օգնել նրանց խորացնել և հստակեցնել իրենց մտքերը։ Երբ ուսանողները գրավոր պատասխանեն հարցերին՝ նախքան իրենց մտքերով դասարանի հետ կիսվելը, դա նրանց ժամանակ կտա ձևակերպել իրենց գաղափարները և Սուրբ Հոգուց հուշումներ ստանալ։
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչու է Հիսուս Քրիստոսը խորհրդանշում հացը, և խնդրեքպատրաստ գալ՝ մտքերով կիսվելու համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
«Ես եմ կեանքի հացը»
Կարող եք հաց բերել (և, անհրաժեշտության դեպքում, այլընտրանք այն ուսանողների համար, որոնք ի վիճակի չեն գլյուտեն ընդունել): Ցուցադրեք հետևյալ հարցերը, որպեսզի ուսանողները դրանք տեսնեն դասարան մտնելիս: Առաջարկեք նրանց դասի ընթացքում օգտագործել իրենց մտքերը ուսանողի պատրաստման վարժությունից:
-
Ձեր կարծիքով, որքա՞ն հաց կարող եք ուտել:
-
Անկախ նրանից, թե որքան հաց եք ուտում այս պահին, ի՞նչ կլինի ի վերջո:
Երբ Փրկիչն ավելի քան հինգ հազար մարդու կերակրեց ընդհամենը հինգ հացով և երկու ձկով, որոշ մարդիկ առձագանքեցին այս հրաշքին՝ որոնելով Նրան՝ ևս մեկ կերակուր ստանալու համար, այլ ոչ թե հոգևոր նպատակներով ( Հովհաննես 6.5-14 , Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 6.26 [ Հովհաննես 6.26 , ծանոթագրություն ա]): Հիսուսը պատժեց նրանց, ովքեր փնտրում էին Իրեն ոչ թե հավերժական կյանք, այլ ավելի շատ հաց ստանալու համար: Նրանք կասկածի տակ դրեցին Նրա ինքնությունը և իրենց հավերժական կյանք տալու ունակությունը (տես Հովհաննես 6.30, 41-42):
Կարդացեք Հովհաննես 6.32, 35-ը և տեսեք, թե Փրկիչն ինչպես պատժեց այդ մարդկանց: Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել Փրկիչի՝ «երկնքից ճշմարիտ հաց» և «կեանքի հաց» տիտղոսները: Այս տիտղոսները ավելացրեք ձեր օրագրի «Հիսուս Քրիստոսի տիտղոսները և դերերը» գրառումին: (Կարող եք սկսել այս գրառումը Հովհաննես 1.1-51 դասի ժամանակ):
-
Ձեր կարծիքով, Փրկիչն ինչո՞ւ է Իրեն անվանում «երկնքից ճշմարիտ հաց» և «կեանքի հաց»:
-
Ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին հատված 35 -ից:
Հովհաննես 6.35 գլուխն ուսուցանում է, որ եթե մենք գանք Հիսուս Քրիստոսի մոտ և հավատանք Նրան, Նա կարող է հագեցնել մեր հոգևոր քաղցն ու ծարավը:
Կարող եք գրատախտակին գրել կամ ցուցադրել հետևյալ հարցերը:
Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ պատճառներով եք դուք ամեն օր Հիսուս Քրիստոսի կարիքը զգում: Ինչպե՞ս է արտահայտվում ձեր հոգևոր «քաղցն» այս պահին:
-
Դուք ի՞նչ եք անում, որպեսզի Փրկիչն օգնի ձեզ հագեցնել այդ քաղցը: Ի՞նչն է լավ ստացվում: Ի՞նչը՝ ոչ:
Ձեր ուսումնասիրությունը շարունակելիս փնտրեք Սուրբ Հոգու ազդեցությունը, որպեսզի կարողանաք բացահայտել, թե ինչպես կարող եք գալ Փրկիչի մոտ, որպեսզի Նա հագեցնի ձեզ հոգևոր քաղցը:Կարդացեք Հովհաննես 6.47-58-ը՝ փնտրելով, թե Փրկիչն ինչ է առաջարկում մեզ անել և ինչ է խոստանում փոխարենը: Մտածեք, թե ինչպես են այդ առաջարկներն ու խոստումները օգնում ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես ընդունել ձեր քաղցն ու ծարավը հագեցնող Փրկիչի պարգևը: Կարող եք նաև դիտել ChurchofJesusChrist.org կայքում գտնվող «Ես եմ կեանքի հացը» տեսաֆիլմը, 3:20-5.08-ը և զուգահեռ հետևել ձեր սուրբ գրություններին: Կարող եք նմանատիպ օժանդակ աղյուսակ ստեղծել:
Կարող եք ցուցադրել այդ աղյուսակը գրատախտակին և լրացնել այն դասարանի հետ միասին: Փրկիչի որոշ առաջարկներն են՝ հավատալ Իրեն ( Հովհաննես 6.47) և ուտել կյանքի հացը ( հատված 51): Որոշ խոստումներ ներառում են՝ հավիտյան ապրելը ( հատված 50) և Իր հետ լինելը ( հատված 56):
|
Փրկիչի առաջարկները |
Փրկիչի խոստումները |
-
Նրա առաջարկներն ու խոստումները ձեզ ի՞նչ են ուսուցանում Իր մասին:
Մորմոնի Գրքում ներկայացված Ենովսի մասին պատմությունը լուսաբանում է, թե Փրկիչն ինչպես կարող է հագեցնել մեր հոգևոր քաղցը: Կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ Ենովս 1.1-8 հատվածները և կիսվել իրենց գտածով: Ուսանողները կարող են քննարկել, թե Ենովսն ինչ արեց՝ իր քաղցը հագեցնելու համար, և Տերն ինչպես օրհնեց նրան: Ուսանողները կարող են նաև մտածել, թե Ենովսի օրինակն ինչպես կարող է օգնել իրենց հոգևոր սնունդ ստանալ Կյանքի Հացից:
Ճաշակեք Փրկիչի մարմինն ու արյունը
Բազում մարդիկ, ովքեր լսել էին Փրկիչի քարոզը հարցեր ունեին, թե ինչ է նշանակում ուտել Փրկիչի մարմինը և խմել Նրա արյունը (տես Հովհաննես 6.52, 60):
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ հայտարարությունը, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչ են նշանակում Փրկիչի խոսքերը, և ինչպես կարող ենք ընդունել Նրա հրավերը:
Ուտել Նրա մարմինը և խմել Նրա արյունը անսովոր եղանակ է, որով արտահայտում ենք, որ Փրկիչին ամբողջապես պիտի բերենք մեր կյանք ու մեր գոյություն, որ մենք մեկ լինենք: …
Մենք ճաշակում ենք Նրա մարմնից ու արյունից, երբ Նրանից ստանում ենք Քավության զորությունն ու օրհնությունները:
Քրիստոսի վարդապետությունը արտահայտում է, թե մենք ինչ պիտի անենք՝ քավիչ շնորհը ստանալու համար: Դրանք են՝ հավատալ և հավատք ունենալ Քրիստոսի հանդեպ, ապաշխարել, մկրտվել և ստանալ Սուրբ Հոգին, «ապա գալիս է ձեր մեղքերի թողությունը՝ կրակով և Սուրբ Հոգով» [ 2 Նեփի 31.17 ] …
Ես խոսեցի Փրկիչի քավիչ շնորհը ստանալու մասին, որը վերցնում է մեր մեղքերը և դրանց հետևանքները, որոնք մեր մեջ են: Բայց փոխաբերականորեն՝ նրա մարմինն ուտելը և Նրա արյունը խմելը ունի լրացուցիչ իմաստ, այն է՝ անձնավորել Քրիստոսի հատկանիշներն ու բնավորությունը, հանելով բնական մարդուն և դառնալով Սուրբ՝ «Տեր Քրիստոսի քավության միջոցով» [ Մոսիա 3.19 ]: …
Ուտելով Քրիստոսի միսը և խմելով Քրիստոսի արյունը մենք ձգտում ենք սրբության:
(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Կենդանի հացը, որն իջնում է երկնքից», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 36-38)
-
Ինչպե՞ս կբացատրեք, թե ինչ է նշանակում ուտել Աստծո Որդու մարմինը և խմել Նրա արյունը:
-
Ե՞րբ եք դուք և ուրիշները հետևել Երեց Քրիստոֆերսոնի խորհրդին և զգացել, որ Փրկիչը հագեցնում է ձեր հոգևոր քաղցը: Ի՞նչ եք արել այդ փորձառությունների ժամանակ, որը հրավիրել է Փրկիչին՝ ձեր քաղցը հագեցնելու համար:
Պատկերացրեք, որ դուք ներկա էիք Փրկիչի՝ Հովհաննես 6.22-58 հատվածներում ներկայացված քարոզին: Օրագրում գրառում կատարեք՝ պատկերացնելով, որ այնտեղ էիք: Ձեր գրառման մեջ ներառեք հետևյալը.
-
Ինչ եք սովորել Փրկիչի մասին և ինչ եք սովորել Նրանից:
-
Յուրաքանչյուր փորձառություն, որ դուք կամ ուրիշներն ունեցել են, երբ Հիսուս Քրիստոսը հոգացել է ձեր կամ նրանց հոգևոր կարիքները :
-
Ինչ գործողություններ եք կատարել Սուրբ Հոգու ոգեշնչմամբ և ինչու
Ժամանակի առկայության դեպքում հորդորեք ուսանողներին կիսվել իրենց գրառումներով դասարանի հետ կամ զույգերով ու փոքր խմբերով: Կարող եք ամփոփել Փրկիչի՝ որպես Կյանքի Հացի մասին վկայությամբ և առաջարկել ուսանողներին նույնպես վկայել:
Բացատրական և պատմական տեղեկություն
Հիսուսն ինչո՞ւ մարդկանց ուշադրությունը կենտրոնացրեց նրանց հոգևոր, այլ ոչ թե ֆիզիկական կարիքների վրա
Յոթանասունի անդամ ծառայելիս Երեց Կարլոս Հ. Ամադոն ուսուցանել է.
Որպես Եկեղեցի՝ մենք պետք է կերակրենք քաղցածներին, սփոփենք հիվանդներին, հագցնենք մերկերին և ապաստան տանք անտուններին: Արագ առաջարկներով մենք հագեցնում ենք մեր անդամների հիմնական և անհապաղ կարիքները, իսկ բարօրության ծրագրով մենք հոգում ենք նրանց երկարաժամկետ կարիքնեերը: Բնական աղետների ժամանակ մարդասիրական ծառայության միջոցով մենք օգնություն ենք տրամադրում մեր եղբայրներին և քույրերին, ովքեր մեր հավատքից չեն:
Չանտեսելով այս ժամանակավոր կարիքները, Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին՝ Տիրոջ պատվիրանով շարունակում է իր ամենավսեմ ծառայությունը՝ օրհնել բոլոր մարդկանց, ուսուցանելով նրանց Քրիստոսի վարդապետությունը և առաջարկելով նրանց ընդունել փրկիչ արարողությունները՝ «անմահությունն ու հավերժական կյանք» ձեռք բերելու համար ( Մովսես 1.39):
(Կարլոս Հ. Ամադո, «Ծառայություն՝ աստվածային որակ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 35-36)
Հովհաննես 6.56 Փրկիչն ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց, որ լինելու մեզ հետ
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.
Մենք պետք է իմանանք, որ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր մեզ համար մահանալու նպատակով, և դա Քրիստոսի վարդապետության հիմքն է: Բայց մենք պետք է նաև գնահատենք, որ Տերը, Իր Քավության և Սուրբ Հոգու զորության միջոցով, ցանկանում է ապրել մեր մեջ՝ ոչ միայն մեզ առաջնորդելու, այլև զորացնելու համար:
(Դեյվիդ Ա. Բեդնար, «Քավությունը և մահկանացու ճամփորդությունը», Ensign, ապրիլ 2012, 42)
Օժանդակ ուսումնական վարժություններ
Հայրը ցանկանում է, որ բոլորը գան Իր Որդու մոտ՝ փրկվելու համար
Կարող եք ուսանողներին առաջարկել ուսումնասիրել Հովհաննես 6.39-40 հատվածները և խաչաձև հղումներ գտնել Մովսես 1.39 և Հովհաննես 3.16-17 հատվածների հետ: Խնդրեք նրանց մտածել, թե ինչպես են այս հատվածները օգնում իրենց ավելի լավ հասկանալ Երկնային Հոր ցանկությունը՝ փրկել Իր բոլոր զավակներին: Նրանք կարող են կենտրոնանալ այն բանի վրա, թե այս հատվածներն ու դրանցում ներկայացված խոստումներն ինչ են ուսուցանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի՝ Կյանքի Հացի առաքելության մասին:
Հովհաննես 6.24-27, 48-50 : Նախընտրեք հոգևորը կամ հավերժականը՝ աշխարհիկից կամ ժամանակավորից
Կարող եք ուսանողներին առաջարկել ուսումնասիրել այս հատվածները և մտածել, թե մենք ինչու ենք աշխարհիկը կամ ժամանակավորը նախընտրում հոգևորից: Նրանք կարող են խաչաձև հղուները գտնել այս հատվածների և հետևյալ սուրբ գրությունների միջև. Ա Կորնթացիս 4.18 , Մոսիա 2.41 , Վարդապետություն և Ուխտեր 25․10 և այլն: Կարող եք նրանց խնդրել վերլուծել իրենց սեփական առօրյա որոշումները: Առաջարկեք նրանց խորհել, թե ինչ գիտեն Փրկիչի և փրկության ծրագրի մասին, որը կարող է նրանց օգնել ավելի շատ կենտրոնանալ հոգևոր բաների վրա: Նրանք կարող են բացահայտել, թե ինչպես կարող են նախապատվություն տալ հոգևոր բաներին՝ իրենց ներկայիս աշխարհիկ գործելակերպի փոխարեն:
Հովհաննես 5․1-16 «Կամենո՞ւմ ես առողջ լինիլ»
Եթե ուսանողներին օգտակար կլինի ուսումնասիրել, թե ինչպես Հիսուս Քրիստոսը Բեթհեզդայի ավազանում մի մարդու բժշկեց, կարող եք օգտագործել այս ուսումնական փորձառությունը՝ այլ դասերի փոխարեն:
Ուսանողներին առաջարկեք կարդալ Հովհաննես 5.2-9-ը՝ փնտրելով «առողջանալ» և «բժշկվել» բառերի յուրաքանչյուր օգտագործումը: Հարցրեք, թե, իրենց կարծիքով, ինչ են նշանակում այդ բառերը: Կարող եք նաև դիտել «Հիսուսը բժշկում է կաղին Հանգստության օրը» տեսաֆիլմը (2:23) ChurchofJesusChrist.org կայքում: Քննարկեք ուսանողների հետ, թե ինչ կարող են սովորել Փրկիչի մասին և Փրկիչից՝ այդ մարդու հետ Նրա շփումից:
Կարդացեք հատված 14 -ը և հարցրեք ուսանողներին, թե ինչ է այն ավելացնում «առողջանալ» և «բժշկվել» բառերի նրանց ընկալմանը: Չապաշխարած մեղքի ազդեցությունն ինչպե՞ս կարող է «ավելի վատ բան» լինել, քան մարդու 38-տարվա հյուծիչ հիվանդությունը: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսն Իր իմաստությամբ ոչ միշտ է անմիջապես բժշկում բոլոր ֆիզիկական արատները, ինչպես Նա չբժշկեց բոլորին այդ օրը (տես հատված 3): Այնուամենայնիվ, մեր սիրող Փրկիչը կարող է բժշկել և կբժշկի բոլորին մեղքի ազդեցություններից, եթե նրանք ապաշխարեն և գործադրեն իրենց հավատքը Իր հանդեպ: