Ա Կորնթացիս 12
Հոգևոր պարգևներ
Պողոսը գրել է կորնթացի Սրբերին, որպեսզի օգնի նրանց ճանաչել Քրիստոսի հետ միավորվելու իրենց կարիքը: Նա ուսուցանել է, որ եթե բոլոր անդամները ճանաչեն և օգտագործեն Տիրոջից ստացած հոգևոր պարգևները, նրանք կարող են նմանվել ներդաշնակ կերպով միասին գործող մարմնի տարբեր մասերի: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ճանաչել այն հոգևոր պարգևները, որոնք Տերը ձեզ տվել է՝ ուրիշներին օրհնելու և Իր Եկեղեցին հզորացնելու համար:
Հոգևոր պարգևներ Տերը օրհնում է Իր Եկեղեցու բոլոր անդամներին հոգևոր պարգևներով և կարողություններով: Փորձեք հայտնաբերել, զարգացնել և մեծարել այդ հոգևոր պարգևները՝ սեմինարիայի ուսանողներից յուրաքանչյուրին ծառայելու համար և ուսանողներին հորդորեք նույն կերպ վարվել:
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք բացահայտել իրենց տրված մեկ կամ երկու հոգևոր պարգևներ: Նրանք կարող են խնդրել ընտանիքի անդամներին կամ այլ վստահելի և մտերիմ մարդկանց օգնել իրենց այդ հարցում: Խնդրեք ուսանողներին խորհել իրենց պարգևների մասին և այն մասին, թե ինչպես են իրենք օգտագործում այդ պարգևները՝ ուրիշներին օրհնելու համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Պարգևներ ստացեք
Կարող եք փաթեթավորված պարգև բերել դասարան և ցուցադրել այն քննարկման ժամանակ:
-
Ի՞նչ նշանակալից պարգև եք երբևէ ստացել:
-
Այդ պարգևը ի՞նչ ազդեցություն է թողել ձեզ վրա: Ի՞նչ է այն թույլ տվել ձեզ անել:
-
Ի՞նչ եք զգացել այն մարդու հանդեպ, ով ձեզ տվել է այդ պարգևը:
Ա Կորնթացիս 12 գլուխն ուսումնասիրելիս դուք կսովորեք, թե Երկնային Հայրը ինչ հոգևոր պարգևներ է տալիս Իր զավակներին: Որոնեք, թե Նա ինչու է տալիս այդ պարգևները, և ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգուց, որպեսզի կարողանաք բացահայտել ձեզ տրված պարգևը:
Տերը մեզ հոգևոր պարգևներ է տալիս
«Հոգևոր պարգևները օրհնություններ կամ ունակություններ են, որոնք Աստված տալիս է Իր զավակներին Սուրբ Հոգու զորության միջոցով» (Ավետարանական թեմաներ, «Հոգևոր պարգևներ», topics.ChurchofJesusChrist.org):
Ուսանողների համար օգտակար կլինի աշխատել խմբերով՝ հետևյալ հատվածներն ուսումնասիրելիս: Խմբի անդամներից յուրաքանչյուրը կարող է կարդալ տարբեր հատվածներ և զեկուցել մյուսներին իր սովորածի մասին:
Սովորեք հոգևոր պարգևների մասին՝ կարդալով Ա Կորնթացիս 12.3-11 հատվածները: (Նկատի ունեցեք, որ «ամեն մէկին» բառակապակցությունը 11-րդ հատվածում նշանակում է «անհատապես» կամ «մեկ առ մեկ»:)
-
Ի՞նչ հոգևոր պարգևներ են նշվում են այս հատվածներում:
Գոյություն ունեն բազմաթիվ տարբեր հոգևոր պարգևներ: Մյուսների մասին իմանալու համար կարդացեք Մորոնի 10.8-18-ը , Վարդապետություն և Ուխտեր 46.11-26-ը և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Մարվին Ջ էշթոնի (1915–94) հետևյալ հայտարարությունը.
Թույլ տվեք հիշատակել մի քանի պարգևներ, որոնք ոչ միշտ են նկատելի կամ ուշադրության արժանի, սակայն չափազանց կարևոր են. … խնդրելու պարգևը, լսելու պարգևը, ականջ դնելու և մեղմ, ցածր ձայնով խոսելու պարգևը, լաց լինելու պարգևը, հակառակությունից խուսափելու պարգևը, համերաշխ լինելու պարգևը, պարգև` փնտրելու այն, ինչն արդար է, չդատելու պարգևը, Աստծո առաջնորդությունը փնտրելու պարգևը, աշակերտ լինելու պարգևը, մյուսների մասին հոգ տանելու պարգևը, խորհելու ընդունակություն ունենալու պարգևը, աղոթք ասելու պարգևը:
(Մարվին Ջ. էշթոն, «Գոյություն ունեն բազմաթիվ պարգևներ», Ensign, նոյեմբեր 1987, 20)
Երբ ուսանողները ժամանակ ունենան, առաջարկեք նրանց կիսվել ճշմարտություններով, որոնք նրանք սովորել են Տիրոջ մասին և այն պարգևների մասին, որոնցով Նա ցանկանում է օրհնել մեզ:
-
Ո՞ւմ է Տերը օրհնում այս հոգևոր պարգևներով:
-
Ի՞նչ է դա օգնում ձեզ հասկանալ Տիրոջ մասին:
Ճշմարտություններից մեկն այն է, որ Տերը Իր Եկեղեցու անդամներից յուրաքանչյուրին տալիս է առնվազն մեկ հոգևոր պարգև, որով նա կարող է օրհնել ուրիշներին:
Ուսանողներին առաջարկեք խորհել իրենց հոգևոր պարգևների շուրջ: Առաջարկեք պատրաստված ուսանողներին մտածել հոգևոր պարգևների վերաբերյալ այն զրույցի մասին, որը նրանք ունեցել են ընտանիքի անդամի կամ որևէ այլ անձի հետ:
-
Ի՞նչ եք մտածում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին՝ իմանալով, որ Նրանք ձեզ օրհնել են հոգևոր պարգևներով:
-
Դա ինչպե՞ս կարող է ազդել ձեր աստվածային ինքնության մասին ձեր կարծիքի վրա:
-
Ձեր կարծիքով, Աստված ինչո՞ւ է տալիս հոգևոր պարգևներ Եկեղեցու բոլոր անդամներին, այլ ոչ թե մի քանիսին:
Տերը ցանկանում է, որ մենք օրհնենք միմյանց
Երբ ուսանողները սովորեն մարմնի տարբեր մասերի մասին և այն մասին, թե դրանցից յուրաքաnչյուրը որքան կարևոր է մարդու համար, առաջարկեք նրանց կատարել մի հանձնարարություն, որը կընդգրկի ամբողջ դասարանը, օրինակ՝ դասարանով որևէ մեծ առարկա տեղափոխել: Այլ տարբերակներից մեկն է ուսանողներին թույլ տալ օգտագործել միայն մեկ ձեռքը՝ փոքր կառույց կառուցելիս, թղթի կտորը պատռելիս կամ այլ հանձնարարություն կատարելիս:
Կարդացեք Ա Կորնթացիս 12.14-20 հատվածները և գտեք այն համեմատությունը, որը Պողոսն օգտագործեց, որպեսզի մեզ օգնի ճանաչել մեր անհատական ներդրումների կարևորությունը:
-
Ինչի՞ հետ է Պողոսը համեմատում Եկեղեցին այդ հատվածում: Այդ համեմատությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ հոգևոր պարգևների մասին:
-
Ինչպե՞ս եք դուք օրհնվել ուրիշների հոգևոր պարգևներով:
Ուրիշների հետ իրենց հոգևոր պարգևներով կիսվող մարդու օրինակ տեսնելու համար կարող եք դիտել «Ձեր ողջ սրտով» տեսանյութը (3:26) ChurchofJesusChrist.org կայքում, որը պատմում է մի երիտասարդ մարդու մասին, ով կանչվել է՝ օգտագործելու Տիրոջ տված մի պարգև, որը նա վերջերս է հայտնաբերել: Այս տեսանյութը դիտելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին այն մասին, թե դուք ինչպես կարող եք օգտագործել ձեր պարգևը՝ ուրիշներին օրհնելու համար:
Մի քանի կամավորների առաջարկեք կիսվել այն հոգևոր պարգևներով, որոնք նրանք տեսնում են իրենց, համադասարանցիների կամ այլ հասակակիցների մեջ, և հորդորեք նրանց բացատրել, թե այդ պարգևներն ինչպես կարող են օրհնել ուրիշներին: Որպես ուսուցիչ մտածեք, թե ուսանողներից ում համար կարող է օգտակար լինել, եթե դուք նրան դասի ժամանակ կամ անհատապես ասեք, թե ձեր կարծիքով, նա ինչ հոգևոր պարգևներ ունի:
Խորհեք, թե ձեր հոգևոր պարգևներն ինչպես են օրհնել ձեզ, և ինչպես կարող եք դրանք օգտագործել՝ ձեր ընտանիքը, ծուխը կամ ճյուղը և ուրիշներին օրհնելու համար: Կարող եք օրագրում գրանցել ցանկացած տպավորություն պարգևների մասին, որոնք դուք կստանաք Սուրբ Հոգուց:
Քննարկեք հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը կամ ուսանողներին առաջարկեք պատասխանել դրանց իրենց օրագրերում:
-
Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է ցանկանում, որ դուք հասկանաք ձեր և ձեր հոգևոր պարգևների մասին:
-
Ինչպե՞ս կքաջալերեիք որևէ մեկին, ով կարծում է, որ չունի հոգևոր պարգևներ:
-
Ի՞նչ հոգևոր պարգև կցանկանայիք ունենալ: Ի՞նչ կարող եք անել այդ պարգևը ստանալու համար: (Տերը մեզ առաջարկում է հոգևոր պարգևներ փնտրել, տես Ա Կորնթացիս 12.31 , 14.1 , Վարդապետություն և Ուխտեր 46.7-9):
-
Ինչպե՞ս կարող եք օգտագործել հոգևոր պարգևները ուրիշներին օրհնելու համար: Ինչպե՞ս դա կօգնի ձեզ ավելի շատ նմանվել Փրկիչին:
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գրածով: Կարող եք կիսվել անձնական փորձով կամ հոգևոր պարգևների մասին վկայությամբ:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ինչպե՞ս կարող եմ օգտագործել իմ սովորածը ուրիշներին ծառայելու համար
Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահությունից, կիսվել է, թե մենք ինչպես կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին.
Երբ մտածում եմ Փրկչի մասին, հաճախ պատկերացնում եմ Նրան՝ ձեռքերը մեկնած, հասնելու սփոփելու, բժշկելու, օրհնելու և սիրելու համար: Եվ Նա միշտ բարեհաճորեն էր խոսում մարդկանց հետ: Նա սիրում էր խոնարհներին ու հեզերին և քայլում էր նրանց մեջ, սպասավորելով նրանց և առաջարկելով հույս և փրկություն:
Ահա՛, թե ինչ արեց Նա Իր մահկանացու կյանքի ընթացքում: Դա այն է, ինչ Նա կաներ, եթե Նա ապրեր մեր մեջ այսօր, և մենք ինչ պետք է անենք՝ որպես Նրա աշակերտներ և որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ: …
Ընդօրինակելով Նրա կատարյալ օրինակը՝ մեր ձեռքերը կարող են դառնալ Նրա ձեռքերը, մեր աչքերը` Նրա աչքերը, մեր սիրտը` Նրա սիրտը:
(ԴիտերՖ. Ուխդորֆ, «Դուք Իմ ձեռքերն եք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 68)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
Մենք հոգևոր պարգևներ ենք ստանում՝ ուրիշներին օրհնելու համար: Եթե մեր ցանկությունն է պարգև ստանալ, քանի որ ուզում ենք դա, ապա հավանաբար չենք ստանա: Եթե մենք փորձում ենք ծառայել ուրիշներին Հիսուս Քրիստոսի ուսմունքների համաձայն, ապա մենք օրհնվում ենք հոգևոր պարգևներով և ընդլայնում ուրիշներին ծառայելու մեր կարողությունները:
(Դեյվիդ Ա. Բեդնար, «Հասկանանք Երկնային Հոր ծրագիրը», ChurchofJesusChrist.org/prophets-and-apostles/unto-all-the-world/understanding-heavenly-fathers-plan)
Ի՞նչ կարող եմ անել, եթե զգում եմ, որ չունեմ որևէ կարևոր հոգևոր պարգև
«Երգված և չերգված երգերը» տեսանյութում (0:57-2:57-ը) կարող եք դիտել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խորհուրդը: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Յոթանասունից երեց Ջոն Ս. Փինգրի Կրտսերը պատմել է մի քրոջ մասին, որն իմացավ, որ ինքն ունի մի հոգևոր պարգև, որը անտեսել էր.
Մի օր մի հուսալքված քույր դիմեց Տիրոջը. «Տեր, ո՞րն է իմ անձնական ծառայությունը»: Նա պատասխանեց. «Նկատի՛ր ուրիշներին»: Դա հոգևոր պարգև էր: Այդ ժամանակից ի վեր նա ուրախություն գտավ՝ նկատելով նրանց, ում հաճախ մոռացության են մատնում, և Աստված աշխատեց նրա միջոցով՝ շատերին օրհնելու համար: Մինչ մեր հոգևոր պարգևներից մի քանիսը աշխարհիկ չափանիշներով աչքի ընկնող չեն, բայց դրանք կարևոր են Աստծո և Նրա աշխատանքի համար:
(Ջոն Ս. Փինգրի Կրտսեր, «Ես աշխատանք ունեմ քեզ համար», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 33-34)
Ի՞նչ պետք է անեմ, երբ ինձ անհամապատասխան եմ զգում Եկեղեցու իմ հանձնարարությունների համար
Այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը սովորեցրել է.
Հնարավոր է զգաք, որ կան մարդիկ, որոնք ավելի ընդունակ են կամ ավելի փորձված, և կարող են կատարել ձեր կոչումներն ու հանձնարարություններն ավելի լավ, քան դուք, բայց Տերը ձեր պատասխանատվությանն է հանձնել դա ինչ-որ պատճառով: Կարող են լինել մարդիկ և սրտեր, որոնց միայն դուք կարող եք հասնել և հուզել: Թերևս ուրիշ ոչ-ոք չէր կարող դա անել միանգամայն նույն ձևով»:
(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Բարձրացրեք, որտեղ կանգնած եք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 56)
Օժանդակ ուսումնական վարժություն
Յուրաքանչյուրը կարևոր է
Ուսանողներին օգնեք հասկանալ, որ չնայած տարբերություններին, բոլորն են հրավիրված գալՔրիստոսի մոտ և ծառայել Նրա Եկեղեցում: Այս դասը կարող է լուսաբանվել գլուխկոտրուկի միջոցով: Կարող եք գրել Ա Կորնթացիս 12.12 հատվածի բառերը թերթիկի վրա և այնուհետև կտրել թերթիկը տարբեր մասերի, որպեսզի ուսանողները դրանք հավաքեն գլուխկոտրուկի նման: Ուսանողներին առաջարկեք կարդալ այս հատվածը և քննարկել, թե այն ինչ է ուսուցանում Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մասին:
Ուսանողները կարող են դիտել «Մենք միավորվում ենք և միասնական ենք դառնում» տեսանյութը (6:20) ChurchofJesusChrist.org կայքում: