«Դաս 184. Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմինների մասին. Պահպանենք ֆիզիկական առողջության կանոնները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմինների մասին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
Դաս 184. Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն
Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմինների մասին
Պահպանենք ֆիզիկական առողջության կանոնները
Մեր ֆիզիկական մարմինը անհավանական պարգև է սիրող Երկնային Հոր կողմից: Մենք հարգանքով ենք վերաբերվում այս պարգևին՝ կատարելով խելամիտ ընտրություն մեր մարմինների մասին հոգ տանելու հարցում: Այս դասը կօգնի ուսանողներին երախտագիտություն ցուցաբերել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ հոգ տանելով իրենց ֆիզիկական մարմինների մասին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մեր ֆիզիկական մարմինները
Նշում․ Այս դասն ուսուցանելիս պետք է հիշել, որ այս թեման կարող է դժվար ընկալվել որոշ ուսանողների կողմից: Սննդի խանգարումներ, հաշմանդամություն, լուրջ հիվանդություններ և այլ հանգամանքներ ունեցողների համար հատկապես դժվար է հոգ տանել իրենց ֆիզիկական մարմինների մասին:
Օգնեք ուսանողներին նախապատրաստվել ուսումնասիրելու այս դասը՝ առաջարկելով նրանց կիսվել մարդկանց կողմից ճնշումների և իրենց ֆիզիկական արտաքինի հանդեպ մարդկանց վերաբերմունքի մասին։ Դա անելու համար գրատախտակին գրեք Ֆիզիկական մարմին բառակապակցությունը և ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց մտքերով հետևյալ հարցերի վերաբերյալ.
-
Ի՞նչ ճնշումների կարող են ենթարկվել մարդիկ իրենց ֆիզիկական մարմինների պատճառով:
-
Ինչպե՞ս է տարբերվում մարդկանց վերաբերմունքն իրենց մարմինների հանդեպ:
Ուսանողներին առաջարկեք իրենց ուսումնասիրության օրագրում պատասխանել հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր մարմնին: Ինչո՞ւ։
-
Ըստ ձեզ, որքանո՞վ եք հոգ տանում ձեր մարմնի մասին: Ինչո՞ւ։
Այս դասը ուսումնասիրելիս՝ ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգուց, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք հոգ տանել ձեր ֆիզիկական մարմնի մասին:
Ճշմարտություն Տիրոջից մեր մարմինների մասին
Կարդացեք «Ձեր մարմինը սուրբ է» բաժնի առաջին պարբերությունը Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց գրքույկից ([2022], 23)։
-
Ի՞նչն էր առանձնահատուկ ձեզ համար:
Երբ ուսանողները կիսվեն, գրատախտակին գրեք իրենց նշած ցանկացած ճշմարտություն: Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ըստ իրենց, որ ճշմարտությունն է այսօր կարևոր դեռահասների համար:
Եթե ուսանողները չնշեն դա, գրատախտակին ավելացրեք հետևյալ ճշմարտությունը. Ձեր մարմինը հիանալի պարգև է Երկնային Հոր կողմից:
-
Իմացությունը, որ մեր մարմինն Աստծո կողմից տրված պարգև է, ինչպե՞ս կարող է ազդել դրա նկատմամբ մեր վերաբերմունքի վրա:
-
Ինչպե՞ս կարող է այս ճշմարտության իմացությունն ազդել մեր մարմինների մասին հոգ տանելու վրա:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը և այն, թե ինչպես պետք է հոգ տանենք որպես պարգև ստացած մեր ֆիզիկական մարմինների մասին, կարող եք չորս ուսումնական անկյուններում բաժանել «Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմինների մասին» աշխատաթերթը: Դասարանը բաժանեք փոքր խմբերի, որոնք հերթականությամբ կկատարեն ուսումնական վարժություններից յուրաքանչյուրը: Յուրաքանչյուր անկյունին տրամադրեք թուղթ, որպեսզի ուսանողները կատարեն վարժության գրավոր մասը յուրաքանչյուր բաժնի վերջում: Այնուհետև ուսանողները կարող են կարդալ, թե ինչ են գրել մյուս խմբերը և ավելացնել դա իրենց գրածին։
Հոգ տանենք մեր ֆիզիկական մարմինների մասին
Մեր մարմնի պատկերը
-
Ինչպե՞ս կարող են ուրիշների կարծիքներն ազդել մեր մարմինների հանդեպ մեր վերաբերմունքի վրա:
-
Ճշմարտությունները, որոնք Տերը ցանկանում է, որ մենք հասկանանք Ծնունդ 1.26–27 և Ա Կորնթացիներին 6.19–20 հատվածներից, ինչպե՞ս են տարբերվում այն ուղերձներից, որոնք մենք կարող ենք ստանալ ուրիշներից:
Ուսումնասիրեք հետևյալ խորհուրդը, որը Տերը տվել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնի և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի միջոցով՝ փնտրելով, թե ինչը կարող է օգտակար լինել մեր մարմնի պատկերի համար.
Ամեն անգամ հայելու մեջ նայելիս ձեր մարմնին նայեք որպես ձեր տաճարի: Ամեն օր այդ ճշմարտությունը երախտագիտությամբ թարմացնելը կարող եք դրական ազդեցություն թողնել ձեր մարմնի մասին հոգ տանելու և այն խելամտորեն օգտագործելու ձեր որոշումների վրա: Իսկ այդ որոշումները կկանխորոշեն ձեր ճակատագիրը: (Ռասսել Մ․ Նելսոն, «Հավերժական որոշումներ», Լիահոնա, նոյեմբեր 2013, 107)
Ես խնդրում եմ ձեզ … ավելի հանդուրժող եղեք ձեր նկատմամբ, այդ թվում՝ ձեր մարմնի կազմվածքի և ձևի նկատմամբ և ավելի քիչ ցանկացեք նմանվել մեկ ուրիշին: Մենք բոլորս տարբեր ենք։ Ոմանք բարձրահասակ են, ոմանք՝ ցածրահասակ: Ոմանք գեր են, ոմանք՝ նիհար։ Եվ գրեթե բոլորը ինչ-որ պահի ուզում են լինել ոչ այնպիսին, ինչպիսին հիմա են: Սակայն, ինչպես ասել է դեռահաս աղջիկների մի խորհրդական. «Դուք չեք կարող ապրել ձեր կյանքն՝ անհանգստանալով, որ աշխարհը նայում է ձեզ: Երբ թույլ եք տալիս, որ մարդկանց կարծիքները ձեզ ստիպեն ամաչել, դուք կորցնում եք ձեր ուժը: … [Վստահության] զգացում ունենալու բանալին միշտ լսելն է ձեր ներքին «ես»-ին՝ [ձեր իրական ինքնությանը։]» Իսկ Աստծո արքայությունում ձեր իրական ինքնությունը «սուտակից էլ թանկ է» [Առակներ 3.15]: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «To Young Women,» Լիահոնա, նոյ. 2005, 29)
-
Ի՞նչ սովորեցիք այս հատվածներից։
Գրեք ինչ-որ բան, որն ըստ ձեզ, Տերը կցանկանար, որ դուք ասեիք մեկին, ով դժվարանում է դրականորեն վերաբերվել իր մարմնին:
Քունը
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88․124 հատվածը՝ փնտրելով, թե ինչ է Տերն ուսուցանել քնի մասին:
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ է քունը կարևոր։
Ոչ բավարար քունը կարող է լուրջ առողջական խնդիր առաջացնել: Փորձագետների մեծամասնությունը խորհուրդ է տալիս դեռահասներին քնել օրական 8–10 ժամ (տես National Sleep Foundation, «How much Sleep Do You Really Need?», հոկտ․ 1, 2020, thensf.org)։ Ոչ բավարար քնի դեպքում մարդը կարող է հոգնածություն զգալ, վատ աշխատել և ունենալ ֆիզիկական և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Հոգնածության զգացումը կարող է հանգեցնել նրան, որ մենք ավելի ընկալունակ դառնանք գայթակղությունների հանդեպ:
-
Նկատե՞լ եք, որ քնելու սովորություններն ազդում են ձեր կյանքի վրա:
-
Ինչպե՞ս կարող են քնելու առողջ սովորությունները բարելավել Տիրոջը ծառայելու մեր կարողությունը:
Ձեր խմբի հետ քննարկեք մի խորհուրդ, որը կտայիք այն մարդուն, որը ցանկանում է բարելավել քնելու իր սովորությունները, կամ ում խորհուրդ կտայիք դիմել խորհրդատվության համար: Գրեք ձեր մտքերը տրամադրված թղթի վրա:
Ֆիզիկական վարժություններ և ակտիվ ապրելակերպ
Ծուլանալ նշանակում է վատնել մեր ժամանակը կամ խուսափել աշխատանքից: Կարդացեք հետևյալ հատվածներից մեկը կամ երկուսը՝ փնտրելով Տիրոջ վերաբերմունքն Իր զավակների ծուլության հանդեպ. Վարդապետություն և Ուխտեր 42.42, 60․13, 75․3։
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք լինենք ակտիվ և աշխատասեր, այլ ոչ թե ծույլ:
-
Տերն ինչպե՞ս է օրհնել ձեզ, երբ փորձել եք լինել ակտիվ և աշխատասեր:
-
Ինչպե՞ս կարող են ֆիզիկական վարժությունները և ակտիվ ապրելակերպը բարելավել մեր հոգեկան առողջությունը: Ինչպե՞ս դա կարող է օգնել մեզ՝ ծառայել Տիրոջը:
Գրեք ձեր խորհուրդն՝ ուղղված դեռահասին, որը ցանկանում է բարելավել իր ֆիզիկական վարժությունների և ակտիվ ապրելակերպի մակարդակը:
Առողջ սնվելու սովորություններ
Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով Փրկչի խորհուրդն առողջ սնունդ ընտրելու վերաբերյալ. Վարդապետություն և Ուխտեր 59.16–20, 89․10–16։
-
Ինչպե՞ս է սննդի ընտրությունն ազդում մեր կյանքի վրա:
Քննարկեք, թե ինչ խոչընդոտներ կան, որոնք խանգարում են առողջ սնվելուն: Կիսվեք, թե մենք ինչպես կարող ենք խնդրել Տիրոջ օգնությունը և հաղթահարել այդ խոչընդոտները:
-
Ինչպիսի՞ երկարաժամկետ օգուտներ կարող ենք ստանալ՝ հետևելով երիտասարդ տարիքում ճիշտ սնվելու Փրկչի խորհրդին:
Խմբով կազմեք երեք սյունակ հետևյալ վերանգրերով՝ «Խուսափել», «Երբեմն» և «Առողջ սնունդ»: Վարժությունը միասին կատարելու համար՝ ընտրեք մի քանի տարածված մթերք, որոնց դուք առնչվում եք ամեն օր: Քննարկեք, թե ձեր ընտրած սնունդը որ սյունակին է համապատասխանում։
Ավարտելուց հետո ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց սովորածով և մտահոգություններով: Ստորև ներկայացվող հարցերը կարող են օգտակար լինել.
-
Ինչո՞ւ կարող է դժվար լինել զարգացնել առողջ սովորությունները և մեր մարմինների մասին պատշաճ կերպով հոգ տանելը:
-
Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է մեզ օգնել հիշելը, որ մեր մարմինն Աստծո կողմից տրված պարգև է:
-
Ինչպե՞ս է Տերն օգնել ձեզ կամ ձեր ծանոթին զարգացնել առողջ սովորություններ:
Դասարանին առաջարկեք կիսվել ճշմարտություններով կամ փորձառություններով, որոնք կարող են օգնել ուսանողների կողմից նշված դժվարությունների հաղթահարմանը կամ մտահոգությունների փարատմանը:
Դասի ավարտին ուսանողներին առաջարկեք իրենց օրագրում գրել, թե ըստ իրենց, Տերը ինչ կցանկանար, որ իրենք անեին՝ իրենց մարմինների մասին ավելի լավ հոգ տանելու համար: