«Դաս 166. Գործել հավատքով՝ պատասխաններ գտնելու համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Գործել հավատքով՝ պատասխաններ գտնելու համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 166. Վարդապետության սերտում. Ինչպես պատասխաններ գտնեմ իմ հարցերին
Գործել հավատքով՝ պատասխաններ գտնելու համար
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 2
Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ նայել Իրեն և գործել հավատքով մեր ողջ կյանքում: Շատ կարևոր է, որ մենք կենտրոնանանք Փրկչի վրա, հատկապես, երբ չենք կարողանում հեշտությամբ լուծում գտնել հարցերի և իրավիճակների համար: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս՝ իրենց հարցերի պատասխանները փնտրելիս:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հարցեր տալու կարևորությունը
Դասից առաջ կարող եք գրատախտակին գրել Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ հարցը: Երբ ուսանողները ներս մտնեն, առաջարկեք նրանց խորհել, թե ինչպես կպատասխանեին այդ հարցին և ինչու այդպես կպատասխանեին: Խորհելու համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո նրանց առաջարկեք կիսվել իրենց պատասխաններով։
Նախկինում Առաջին նախագահության անդամ նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը տվել է հետևյալ հարցը:
Արդյոք նորմա՞լ է Եկեղեցու կամ դրա վարդապետության մասին հարցեր ունենալը: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Արտացոլանքը ջրում» [Church Educational System devotional, Nov. 1, 2009], thechurchnews.com)
-
Ինչպե՞ս կպատասխանեիք այդ հարցին: Ինչո՞ւ այդպես կպատասխանեիք:
Նախագահ Ուխդորֆի ելույթի մնացած մասը կարդալիս ուշադրություն դարձրեք, թե ինչպես են ձեր պատասխանները համադրվում նրա պատասխանների հետ:
Իմ թանկագին երիտասարդ ընկերներ, մենք հարցասեր մարդիկ ենք, քանի որ մենք գիտենք, որ հարցեր տալը տանում է դեպի ճշմարտություն: Հենց այսպես սկսվեց Եկեղեցու պատմությունը՝ մի երիտասարդ տղայից, որը հարցեր ուներ։ Իրականում ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է որևէ մեկը բացահայտել ճշմարտությունը՝ առանց հարցեր տալու: …
… Վկայությունը ծնունդ է առնում հարցերից։ … Հարցեր տալը թուլության նշան չէ. դա աճի նախադրյալ է: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Արտացոլանքը ջրում» [Church Educational System devotional, Nov. 1, 2009], thechurchnews.com)
-
Ի՞նչ օրինակների եք հանդիպել սուրբ գրություններում, Եկեղեցու պատմության մեջ կամ ձեր կյանքում, որոնք ցույց են տալիս, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են, որ մենք հարցեր տանք:
Երբեմն մենք կարող ենք հայտնաբերել նոր տեղեկություններ Եկեղեցու վարդապետության, գործելակերպի կամ պատմության վերաբերյալ, որոնք, կարծես, դժվար է հասկանալ։ Մենք կարող ենք նաև ունենալ հարցեր, որոնց դժվար է պատասխանել: Հարցեր ունենալը նույնը չէ, ինչ կասկածելը։ Հավատքով հարցեր տալը կարող է մեծացնել մեր հասկացողությունը և վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին: Կասկածի խթանումը կարող է բացասաբար ազդել Նրա հանդեպ մեր հավատքի վրա (տես Թեմաներ և հարցեր, «Ավետարանական հարցերի պատասխաններ», topics.ChurchofJesusChrist.org):
Առաջարկեք ուսանողներին մտածել այն հարցերի մասին, որոնք կարող են ծագել Եկեղեցու կամ նրա վարդապետության վերաբերյալ և որոնց իրենք չեն կարող հեշտությամբ պատասխանել: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել այդ հարցերն իրենց օրագրերում: Առաջարկեք նրանց այս դասում փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել իրենց, երբ դժվարին հարցեր են ծագում:
Ինչպես պատասխանել դժվար հարցերին
Հարցեր տալու կարևորությունը ցուցադրելու և հավատքով գործելու մոդելը ցույց տալու համար դասարանին ներկայացրեք մի սցենար: Օգտագործեք ստորև ներկայացվող նկարագրությունը կամ ցուցադրեք տեսանյութը՝ «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ. Մեդիսոնի պատմությունը», ChurchofJesusChrist.org, 0:00-1:44:
Սեմինարիայում Մեդիսոնը իմացավ, որ Ջոզեֆ Սմիթը բազմակի ամուսնություն է կիրառել: Դա լսելուց հետո նրա մտքում որոշ հարցեր ծագեցին։
Որպեսզի օգնեք ուսանողներին քննարկել ստորև բերված հարցերը, կարող եք դասարանը բաժանել զույգերի կամ փոքր խմբերի։ Հարցերը քննարկելուց հետո ուսանողները կարող են իրենց պատասխանները ներկայացնել դասարանին:
-
Ինչպիսի՞ բացասական և դրական մոտեցումներ կարող է կիրառել Մեդիսոնը՝ իր հարցերի պատասխանները գտնելու համար:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ այդ մոտեցումները բացասական կամ դրական կարող են լինել:
Երբ բախվում ենք դժվարին հարցերի, օգտակար կլինի օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Հնարավոր է՝ որոշ ուսանողներ նախկինում ուսումնասիրել են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները սեմինարիայում: Եթե դա այդպես է, ուսանողներին հարցրեք՝ արդյոք կարող են մտաբերել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները։ Անհրաժեշտության դեպքում առաջարկեք նրանց կարդալ «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 4-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023): Կարող եք այդ սկզբունքները գրել գրատախտակին․
-
Գործեք հավատքով։
-
Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից։
-
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով:
Գործեք հավատքով
Այսօրվա ուսումնասիրությունը կկենտրոնանա հավատքով գործելու սկզբունքի վրա:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 6․36 հատվածը։ Նշեք, թե Փրկչի այս հրավերը ինչպես կարող է օգնել մեզ գործել հավատքով:
-
Այս հատվածի ո՞ր բառերը կամ արտահայտությունները կարող են օգնել Մեդիսոնին և ուրիշներին, որոնք հարցեր ունեն ավետարանի կամ Եկեղեցու վերաբերյալ:
-
Ինչպե՞ս կարող են օգտակար լինել այդ բառերը կամ արտահայտությունները:
Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, օգնեք նրանց բացահայտել հետևյալ ճշմարտությունը. երբ մենք ունենք անպատասխան հարցեր, մենք կարող ենք նայել Հիսուս Քրիստոսին և չկասկածել:
Բացատրեք ուսանողներին, որ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում կարելի է գտնել բազմաթիվ օրինակներ, թե մենք ինչպես կարող ենք նայել Հիսուս Քրիստոսին։
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–7-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում փնտրելով ուղիներ, որոնցով դուք կարող եք գործել հավատքով, երբ հոգևոր հարցեր ունեք:
-
Ըստ ձեզ՝ այս պարբերությունների պնդումներից ո՞րն է առավել օգտակար այն մարդու համար, որը դժվար հարց ունի: Ինչո՞ւ։
Կարող եք առաջարկել ուսանողներին գտնել սուրբ գրություններ, որոնք հաստատում են իրենց պատասխանները: Օրինակ՝ եթե ուսանողները նշում են աղոթքը, նրանք կարող են հղում կատարել 2 Նեփի 32․8–9 կամ Հակոբոս 1.5–6 հատվածներին։ Եթե նշում են սուրբ գրությունների ուսումնասիրությունը, կարող են հղում կատարել 2 Նեփի 32․3 կամ Բ Տիմոթեոս 3․15–17 հատվածներին։
Գտեք բնական հնարավորություններ ուսանողներին հիշեցնելու այն մասին, որ կարևոր է այդ գործողությունները կատարել՝ կենտրոնանալով Հիսուս Քրիստոսի վրա։ Կարող եք առաջարկել ուսանողներին մտածել, թե իրենց բացահայտած գործողությունները ինչպես կարող են լինել Հիսուս Քրիստոսին նայելու օրինակներ:
Հավատքով գործելու օրինակներ
Կիսվեք Մեդիսոնի մասին սցենարի եզրափակիչ մասով: Առաջարկեք ուսանողներին նշել, թե Մեդիսոնն ինչպես որոշեց գործել հավատքով՝ իր հարցերի պատասխանները փնտրելիս: Կարող եք ցուցադրել «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ․ Մեդիսոնի պատմությունը» տեսանյութի 1:44-8:35 հատվածը։ Եթե տեսանյութը հասանելի չէ, կարդացեք հետևյալ պարբերությունը։
Դասից հետո Մեդիսոնը մոտեցավ իր ուսուցչին և հարցրեց, թե ինչու է Ջոզեֆ Սմիթը բազմակի ամուսնություն կիրառել: Նրա ուսուցիչը խրախուսեց նրան պատասխաններ փնտրելիս շարունակել ապրել ավետարանով և անկեղծ աղոթել։ Երբ Մեդիսոնն աղոթում էր և ուսումնասիրում էր սուրբ գրությունները, նա հուշում ստացավ, որ ժամանակի ընթացքում կստանա պատասխանը: Մեդիսոնը շարունակեց գործել հավատքով և ապավինել այն վկայությանը, որն ուներ Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին, և նա աստիճանաբար սկսեց գտնել պատասխաններ, որոնք օգնեցին նրան խաղաղություն զգալ: Ողջ ընթացքում Մեդիսոնը զգում էր, որ իր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ աճում են: Նա հասկացավ, որ երբ մենք գործում ենք հավատքով, Աստված տալիս է այն պատասխանները կամ խաղաղությունը, որը մենք փնտրում ենք:
Հետևյալ հարցի քննարկման ժամանակ խնդրեք ուսանողներին նշել, թե Մեդիսոնի գործողություններից որն է կապված Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում իրենց ուսումնասիրածի հետ։
-
Մեդիսոնի գործողություններն ինչպե՞ս ցույց տվեցին նրա հավատքն առ Հիսուս Քրիստոս:
-
Ի՞նչ կարող ենք սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին Մեդիսոնի փորձառությունից:
Առաջարկեք ուսանողներին մտածել և պատմել այն դեպքերի մասին, երբ նրանք բախվել են դժվարին հարցերի և օրհնվել են հավատքով գործելու համար: Այնուհետև առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչ սովորեցին և զգացին այսօր, որը կարող է օգնել իրենց անձնական հանգամանքների և հարցերի լուծմանը: Կարող եք նրանց ժամանակ տալ, որպեսզի օրագրերում գրեն իրենց մտքերն ու տպավորությունները:
Ավարտեք ձեր վկայությամբ՝ մեր հարցերի պատասխանները փնտրելիս հավատքով գործելու և Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալու կարևորության մասին։