«Դաս 149․ Վարդապետություն և Ուխտեր 136. Գաղթ դեպի Արևմուտք. Ուխտի ճամփորդություն դեպի Սոլթ Լեյքի հովիտ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 136․ Գաղթ դեպի Արևմուտք», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 149. Վարդապետություն և Ուխտեր 135–136
Վարդապետություն և Ուխտեր 136․ Գաղթ դեպի Արևմուտք
Ուխտի ճամփորդություն դեպի Սոլթ Լեյքի հովիտ
1846 թվականի փետրվարին Վերջին Օրերի Սրբերի առաջին խումբը լքեց Նավուն և ուղևորվեց դեպի Արևմուտքի անհայտ տարածքներ: Նեբրասկա նահանգի Վինթեր Քուրթերսում Նախագահ Բրիգամ Յանգը ստացավ հայտնություն, որն այժմ կոչվում է Վարդապետություն և Ուխտեր 136։ Այս հայտնության մեջ Փրկիչը խոստացավ օրհնել Սրբերին, եթե նրանք հավատարմորեն պահեն իրենց ուխտերը՝ դեպի արևմուտք իրենց ճամփորդության ժամանակ: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ Երկնային Հայրը կօրհնի իրենց, եթե ձգտեն պահպանել Իր պատվիրաններին հնազանդվելու իրենց ուխտը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Երկար ու դժվարին ճամփորդություն
Դասը սկսեք՝ ցույց տալով ծածկված սայլի նկար և ռահվիրաների ճանապարհի քարտեզը: Ուսանողներին առաջարկեք պատկերացնել, թե իրենք ինչ կզգային, եթե ստիպված լինեին կատարել այն ճամփորդությունը, որը կատարեցին վաղ շրջանի Սրբերը: Կարող եք կարդալ կամ ամփոփ ներկայացնել հետևյալ պարբերությունը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ զոհաբերեցին վաղ շրջանի Սրբերը, որպեսզի հնազանդվեն Տիրոջ պատվիրանին և կատարեն իրենց ճամփորդությունը դեպի արևմուտք:
1846-1868 թվականներին ավելի քան 60000 Վերջին Օրերի Սրբեր Նավուից դեպի Սոլթ Լեյքի հովիտ ուղևորվեցին ծածկված սայլերով կամ ձեռնասայլերով: Ընտանիքներն իրենց հետ վերցրին միայն այն, ինչը կարող էր տեղավորվել ծածկված սայլի կամ ձեռնասայլի մեջ: Մնացած ամեն ինչ մնաց այնտեղ։ Սայլերով տեղափոխվում էին միայն հիվանդ կամ վիրավոր ուղևորները։ Ընտանիքի մեծ մասը ստիպված էր Նավուից մինչև Սոլթ Լեյքի հովիտ ոտքով անցնել 1200 մղոն (1900 կմ):
Որպես օրինակ, կարող եք ցուցադրել ձեր տարածքի քարտեզը և նշել 1200 մղոն (1900 կմ) հեռավորության վրա գտնվող վայր:
-
Ի՞նչ մտահոգություններ դուք կունենայիք այս ճամփորդության վերաբերյալ։
-
Փրկիչն ինչպե՞ս կարող էր օգնել ձեզ դիմանալ այս ճամփորդությանը: Ինչպե՞ս կգործեիք Նրա հանդեպ հավատքով:
Կարող եք հարցնել ուսանողներին, թե ինչպես կարող է կյանքի մեր անձնական ճամփորդությունը նման լինել Սրբերի ռահվիրաների գաղթին դեպի արևմուտք: Ի հավելումն ուսանողների պատասխանների՝ կարդացեք նախագահ Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերը.
Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.
Չնայած տեղին է և կարևոր հիշել 19-րդ դարի Մորմոն ռահվիրաների պատմական գաղթը, մենք պետք է հիշենք, որ «գաղթը կյանքի ճանապարհներով շարունակվում է» մեզանից յուրաքանչյուրի համար, երբ մենք ապացուցում ենք մեր «հավատքն ամեն քայլով»: …
Դեպի մեր Երկնային Հայրը հետադարձ ուղին ամենակարևորն է մեր կյանքում, և այն շարունակվում է ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս և ամեն տարի, երբ մենք մեծացնում ենք մեր հավատքը Նրա հանդեպ և Նրա Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ: …
Մնացեք ավետարանի ուղու վրա՝ ունենալով «հավատք ամեն քայլում», որպեսզի դուք անվտանգ հետ վերադառնաք Երկնային Հոր և Տեր Հիսուս Քրիստոսի ներկայություն: (Մ․ Ռասսել Բալլարդ, «Գաղթը շարունակվում է», Լիահոնա նոյ. 2017, 105–6):
-
Ի՞նչը տպավորեց ձեզ Նախագահ Բալլարդի ուսմունքից:
Այսօր ուսումնասիրելու ընթացքում մտածեք, թե ինչպես է ընթանում ձեր կյանքի ճամփորդությունը: Ինչպե՞ս եք մոտենում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Ինչպե՞ս են Նրանք օգնել ձեզ այդ ճամփորդության ընթացքում: Աղոթքով խորհեք, թե ձեր կարծիքով, ինչպես եք առաջ ընթանում և ինչ դժվարություններ ունեք:
Խրախուսեք ուսանողներին խնդրել Հոգու առաջնորդությունը, որպեսզի օգնի իրենց հասկանալ, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես են օրհնում իրենց այսօր և ինչպես կշարունակեն օրհնել՝ իրենց անձնական ճամփորդության ընթացքում:
Տիրոջ խոսքն ու կամքը
Կարող եք կարդալ կամ ամփոփ ներկայացնել հետևյալ պարբերությունը՝ Վարդապետություն և Ուխտերի 136 բաժնի պատմական համատեքստը ներկայացնելու համար: Կարող եք նաև խնդրել ուսանողներին քարտեզի վրա գտնել Վինթեր Քուորթերսը:
Այովայով երկար ու դժվարին ճամփորդությունից հետո Սրբերը ժամանակավոր ապաստան գտան Նեբրասկա նահանգի մի վայրում, որն անվանեցին Վինթեր Քուորթերս: Այնտեղ ձմեռելուն պատրաստ չլինելով՝ Սրբերը մահանում էին, տառապում էին քաղցից և հիվանդություններից՝ փորձության ենթարկելով իրենց ուժն ու տոկունությունը: 1847 թվականի հունվարին Վինթեր Քուորթերսում Նախագահ Բրիգամ Յանգը ստացավ հայտնություն, որն այժմ կոչվում է Վարդապետություն և Ուխտեր 136։ Այդ հայտնության մեջ Փրկիչը ցուցումներ տվեց Սրբերին, թե ինչպես պատրաստվել և շարունակել իրենց ճամփորդությունը դեպի արևմուտք:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 136․1–11 հատվածները՝ փնտրելով, թե Փրկիչն ինչ է ցանկացել, որ անեն Սրբերը՝ դեպի արևմուտք ուղևորվելիս:
-
Այդ հատվածներում ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ:
Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները: Եթե օգտակար լինի, տվեք հետևյալ հարցերից մի քանիսը. «հատվածներ 2 և 4-ում ի՞նչ է ուսուցանել Փրկիչը Սրբերին՝ իրենց ուխտերը կապելու և պահելու վերաբերյալ»: «Ինչպե՞ս պետք է Սրբերը հոգ տանեին միմյանց մասին և նրանց մասին, ովքեր հետևում էին իրենց»: «Համաձայն հատված 11-ի, ի՞նչ օրհնություններ խոստացավ Փրկիչը, եթե Սրբերը կապեն և պահեն իրենց ուխտերը ողջ ճամփորդության ընթացքում»:
Ուսանողներին օգնեք բացահայտել այն ճշմարտությունը, որ երբ մենք հարգենք Տիրոջ պատվիրանները պահելու մեր ուխտերը, Նա կօրհնի մեզ ամեն ինչում։
Կարդացեք Մոսիա 18.8–10 և Վարդապետություն և Ուխտեր 20.77 հատվածները՝ փնտրելով որևէ նմանություն այն ուխտերի հետ, որոնք մենք կապում ենք մկրտության և հաղորդության ժամանակ:
Հավատք ամեն քայլում
Դասի հաջորդ մասի ընթացքում ուսանողներին կարող եք բաժանել «ռահվիրաների խմբերի»: Կարող եք սեղանները կամ աթոռները դասավորել շրջանաձև, որպեսզի խմբերը միասին քննարկեն հատվածները և հարցերը: Յուրաքանչյուր խումբ կարող է ընտրել իր «ավագին», որպեսզի դասարանին հայտնի, թե, ըստ իրենց, ինչն էր կարևոր իրենց քննարկման ժամանակ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 136․19–29 հատվածները և նշեք այն պատվիրանները, որոնք Փրկիչը տվեց Սրբերին, երբ նրանք ուղևորվում էին դեպի արևմուտք: Ընտրեք մի քանի պատվիրան, որոնք կարևոր են ձեզ համար:
-
Ինչո՞ւ են կարևոր ձեր ընտրած պատվիրանները, որոնց պետք է հետևեն ռահվիրաների խմբերը:
-
Նույն պատվիրանները պահելը ինչպե՞ս կարող է օգնել մեզ:
-
Տերը ի՞նչ օրհնություններ կարող է տալ մեզ այսօր՝ այդ պատվիրանները պահելու համար:
Ուսանողները կարող են ուսումնասիրել ռահվիրաների մասին հետևյալ պատմությունները և քննարկել հետևյալ հարցերը խմբերում կամ ամբողջ դասարանով: Եթե դա արվում է խմբերում, համոզվեք, որ ուսանողներն ունեն իրենց անհրաժեշտ բոլոր ցուցումներն ու հարցերը, և որ խմբերի ղեկավարները գիտեն, որ պետք է հայտնեն քննարկման կարևոր պահերի մասին, կամ որ կարող են խմբի մեկ այլ անդամի հանձնարարել, որ հայտնի դրանց մասին:
Սրբերը հնազանդորեն հաղթահարեցին հազարավոր մղոններ «դեպի այն տեղը, որտեղ Տերը պետք է տեղակայի Սիոնի ցիցը» (Վարդապետություն և Ուխտեր 136.10): Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե Տերն ինչպես օրհնեց ռահվիրաներին, քանի որ նրանք ձգտում էին պահել Տիրոջը հնազանդվելու իրենց ուխտերը, կարող եք անել հետևյալը.
-
Ուսանողներին առաջարկեք իրենց խմբում կիսվելու համար ընտրել իրենց սիրած պատմությունը՝ կապված ռահվիրաների Սոլթ Լեյքի հովիտ գաղթի հետ։
-
Տրամադրեք հետևյալ պատմությունները․ Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում գրքից, հ․ 2, Ոչ մի անմաքուր ձեռք, 1846–1893 (2020), 58–96 և «Pioneers» կամ «The Trek West» ChurchofJesusChrist.org կայքից, որոնք ուսանողները կարող են կարդալ իրենց խմբերում:
-
Ցուցադրեք «Watched Over by God: Elizabeth Panting’s Journey to Zion» տեսանյութը 7:47-11:16 ռահվիրայի ճանապարհին կատարված հրաշքի մասին պատմությունը:
-
Ինչպե՞ս է այս ռահվիրայի մասին պատմությունը ցույց տալիս Տիրոջ օրհնությունները, երբ մենք ձգտում ենք պահել Նրա պատվիրանները:
-
Ինչպե՞ս կարող է այսօր այս պատմությունն օգնել դեռահասներին, որոնք ուխտ են կապում՝ պահել Աստծո պատվիրանները:
Դասեր ռահվիրաների ճամփորդությունից
Ուսանողներին առաջարկեք խորհել, թե իրենց կյանքի ճամփորդության ընթացքում Երկնային Հայրն ինչպես է օրհնել իրենց, երբ իրենք պահել են Նրա պատվիրանները: Հարցրեք՝ արդյոք որևէ ուսանող ցանկանում է կիսվել իր փորձառությամբ: Կարող եք կիսվել նաև ձեր փորձառությամբ:
Դասարանի բոլոր անդամներին առաջարկեք գրել, թե ինչ սովորեցին այսօր, որով կարող են կիսվել ընտանիքի անդամների կամ ընկերոջ հետ: Ուսանողները կարող են կիսվել, թե ռահվիրաների մասին պատմություններն ինչպես կարող են օգնել մեզ հավատարիմ մնալ Տիրոջ պատվիրաններն այսօր պահելու մեր ուխտերին և Տերը ինչպես կօրհնի մեզ մեր ջանքերում: Առաջարկեք նրանց կիսվել իրենց սովորածով դասարանից դուրս՝ ընտանիքի անդամների կամ ընկերոջ հետ: