«Դաս 130. Վտարում Միսսուրիից. Դառնանք դեպի Աստծված մեր տառապանքների ժամանակ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վտարում Միսսուրիից», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 130. Վարդապետություն և Ուխտեր 115–120
Վտարում Միսսուրիից
Դառնանք դեպի Աստծված մեր տառապանքների ժամանակ
1838–39 թ-ի աշունն ու ձմեռը Միսսուրիի Սրբերի համար ծայրահեղ դժվարությունների ժամանակաշրջան էր: Երբ Եկեղեցու անդամների և Միսսուրիի այլ բնակիչների միջև լարվածությունը սրվեց, նահանգապետ Լիլբերն Վ. Բոգսը հրամայեց վտարել Սրբերին նահանգից: Այդ դժվարությունների ժամանակ շատերը դարձան դեպի Աստծված և ստացան Նրա օգնությունը: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծացնել դեպի Աստված դառնալու իրենց ցանկությունը, երբ հայտնվեն դժվար իրավիճակներում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ո՞ւմ եք դուք դիմում
Կարող եք ցուցադրել հետևյալ խոսքերը և որևէ ուսանողի առաջարկել բարձրաձայն կարդալ այն:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը (1917–2008) ուսուցանել է.
Դժբախտության պահին դրսևորած մեր արձագանքը կարող է կարևոր գործոն լինել այն բանի, թե որքան երջանիկ և հաջողակ կարող ենք լինել կյանքում: (Ջոզեֆ Բ. Վիրթլին, «Ինչ էլ որ լինում է, սիրիր այն», Լիահոնա, նոյեմբեր 2008, 26)
-
Ի՞նչ օրինակներ կարող եք բերել, որոնք ներկայացնում են, թե ինչ է ուսուցանվում այս խոսքերում:
Ուսանողներին առաջարկեք մտածել դժվար իրավիճակների մասին, որոնց իրենք բախվել են անցյալում: Այնուհետև առաջարկեք նրանց մտածել, թե ինչպես են իրենք սովորաբար արձագանքում կամ արձագանքել դժվար իրավիճակներին: Մի քանի պատրաստակամ ուսանողի խնդրեք դասարանի հետ կիսվել պատասխաններով, որոնք խիստ անձնական չեն:
Խրախուսեք ուսանողներին ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել Հոգու հուշումներին: Հոգու հուշումները կարող են օգնել նրանց իմանալ, թե Աստված ինչպես կկամենա, որ իրենք արձագանքեն իրենց դժվար իրավիճակներում:
Դժվարություններ Միսսուրիում
Բացատրեք, որ 1839 թվականին մոտավորապես 8000-10000 Սրբեր ապրում էին հյուսիսային Միսսուրիում: Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում մեծ մասը ստիպված էր լքել իրենց հողերն ու տները: Հետևյալ ամփոփումները կօգնեն ուսանողներին հասկանալ այն համատեքստը, որը հանգեցրեց այս հանգամանքներին: Կարող եք ցուցադրել ամփոփումները կամ տպել դրանք և մի քանի ուսանողի հանձնարարել կիսվել դրանցով դասարանի հետ:
Ամփոփումներն օգտագործելու փոխարեն կարող եք դիտել «1838 թվական․ Սրբերը վտարվեցին Միսսուրիից» տեսանյութը (5:15), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
-
Միսսուրի նահանգի Ջեկսոն գավառից վտարվելուց հինգ տարի անց Սրբերը նոր համայնքներ հիմնեցին նահանգի այլ տարածքներում: Միսսուրիի շատ բնակիչներ զայրացած էին Սրբերի աճող թվից, ինչպես նաև Եկեղեցու ղեկավարների հայտարարություններից, որ Սրբերը պաշտպանելու են իրենց ամբոխների հարձակումներից: Խնդիրն ավելի շատ բարդացավ, երբ Եկեղեցու անդամների մի փոքր խումբ սկսեց սպառնալիքներ հնչեցնել Եկեղեցու թշնամիների հասցեին (տես Սրբեր, 1.313–15):
-
Սրբերի և Միսսուրիի բնակիչների միջև աճող լարվածությունն ի վերջո հանգեցրեց ֆիզիկական բախումների: Մի քանի փոքր բնակավայրերի Սրբեր ստիպված եղան փախչել, քանի որ ամբոխներն այրել էին նրանց տներն ու ունեցվածքը: 1838 թվականի հոկտեմբերի 25-ին Վերջին Օրերի երեք Սուրբ և Միսսուրիի ոստիկանության մեկ անդամ սպանվեցին մի վայրում, որը հետագայում անվանվեց Քրուքդ գետի ճակատամարտ (տես Սրբեր, 323–28, 1․330–34, 335–45):
-
Միսսուրիի նահանգապետ Լիլբերն Ու. Բոգսը չափազանցված զեկույցներ ստացավ այն մասին, որ 50-60 Միսսուրիի բնակիչ սպանվել է ճակատամարտում: Նահանգապետը նաև երդվյալ հայտարարություններ ստացավ Եկեղեցու զայրացած նախկին ղեկավարներից, որոնք սուտ վկայություններ էին տվել Ջոզեֆ Սմիթի դեմ: 1838 թվականի հոկտեմբերի 27-ին նահանգապետ Բոգսը հրաման արձակեց, որտեղ ասվում էր. «Մորմոններին պետք է վերաբերվել որպես թշնամիների, նրանց պետք է բնաջնջել կամ վտարել նահանգից» (տես Սրբեր, 1.345–46):
-
Երբ նահանգապետ Բոգսն արձակեց իր հրամանը, Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ ձերբակալվեցին Միսսուրիի ոստիկանության կողմից: Ամբոխները հարձակվեցին Ֆար Վեստ քաղաքի և Վերջին Օրերի Սրբերի այլ բնակավայրերի վրա (տես Սրբեր, 1.347–58, 359–67):
-
Եթե այդ ժամանակ Եկեղեցու անդամ լինեիք, ինչպե՞ս կբնութագրեիք այն զգացմունքները կամ հարցերը, որ կարող էիք ունենալ:
-
Ի՞նչ գործողություններ կցանկանյիք անել։
-
Այդ դժվար ժամանակներում Սրբերից շատերը դրսևորեցին իրենց հավատքը՝ դառնալով դեպի Աստված:
Հետևյալ պատմությունը կօգնի ուսանողներին տեսնել մի օրինակ, թե Եկեղեցու անդամներից մեկն ինչպես ընտրեց դառնալ դեպի Աստված՝ իր տառապանքների ժամանակ: Բաժանեք «Ամանդա Սմիթի պատմությունը՝ Հոնս Միլ քաղաքից» վերնագրով աշխատաթերթը։
Կարող եք ամբողջ դասարանով ուսումնասիրել այդ պատմությունը՝ խնդրելով մի քանի ուսանողի հերթով բարձրաձայն կարդալ պատմության տարբեր հատվածները: Ուսանողները կարող են նաև ուսումնասիրել պատմությունը փոքր խմբերով:
Ամանդա Սմիթի պատմությունը՝ Հոնս Միլ քաղաքից
1838 թվականի հոկտեմբերի 30-ին Միսսուրիի ամբոխները հարձակվեցին Վերջին Օրերի Սրբերի բնակավայրի վրա, որը հայտնի է որպես Հոնս Միլ: Ամբոխը կրակեց տղամարդկանց և տղաների վրա, որոնք մտել էին դարբնոց՝ ապաստան փնտրելու և իրենց ժողովրդին պաշտպանելու համար։ Վերջին Օրերի Սրբերից տասնյոթ մարդ սպանվեց հարձակման ժամանակ և ավելի քան մեկ տասնյակ մարդ վիրավորվեց:
Վիրավորների թվում էր վեցամյա Ալմա Սմիթը, որի ազդրի ոսկորն ամբողջովին վնասվել էր կրակոցից: Ալմայի մայրը՝ Ամանդա Բարնս Սմիթը, հուսահատված էր, երբ գտավ նրան: Նա նաև սգում էր իր ամուսնու և իր 10-ամյա որդու համար, որոնք զոհվել էին հարձակման ժամանակ:
Ոչ ոք չկարողացավ օգնել նրան, Ամանդան հավաքեց իր մնացած երեխաներին և աղոթեց ուղղորդման համար: «Օ, իմ Երկնային Հայր,– աղոթեց նա, –դու տեսնում ես իմ խեղճ վիրավոր տղային և գիտես իմ անփորձ լինելու մասին: Օ, Երկնային Հայր, ուղղորդիր ինձ, թե ինչ անեմ»:
Երբ Ամանդան ավարտեց իր աղոթքը, նա լսեց մի ձայն, որը նրան հրահանգեց մոխիրը ջրի հետ խառնել: Այդ լուծույթը նա օգտագործեց Ալմայի վերքը լվանալու համար՝ մինչև այն մաքրվի: Այնուհետև, Ամանդան հուշում ստացավ պոկել թեղի ծառի արմատները և մանրացնել դրանք՝ դարձնելով մածուկ: Նա մածուկը դրեց Ալմայի վերքի վրա և փաթաթեց կտորով:
«Հիմա այդպես անշարժ պառկիր, – ասաց նա որդուն,– և Տերը քեզ համար ուրիշ ազդր կստեղծի»:
Ալմայի վերքը խանգարեց Ամանդային և նրա ընտանիքին տարհանվել հարձակումից հետո: Շաբաթներ անցան, ամբոխը վերջնաժամկետ սահմանեց նրա և մնացած Սրբերի հեռանալու համար: Ամանդայի վախը մեծանում էր, քանի մոտենում էր վերջնաժամկետը: Նա թաքնվեց եգիպտացորենի ցողունների մեջ՝ բարձրաձայն աղոթելու համար, որպեսզի իրեն չլսեն: Այնուհետև նա լսեց մի ձայն, որը կրկնեց այս խոսքերը.
-
Հոգուն, որ Հիսուսին է ապավինել հանգիստ առնելու,
-
Ես չեմ կարող թողնել իր ոսոխներին,
-
Այդ հոգուն, եթե նույնիսկ դժոխքը ողջ դողա,
-
Ես երբեք, ոչ, երբեք, նրան չեմ լքի, երբեք:
«Որքան ամուր է հիմքը» օրհներգի այս խոսքերն (Հիմներ, համ․ 85) օգնեցին Ամանդային նոր ուժ և քաջություն զգալ:
Կարճ ժամանակ անց, երբ Ամանդան դրսում էր, տնից լսեց իր երեխաների բղավոցը: Նա շտապեց դեպի տուն և տեսավ Ալմային, որը վազում էր սենյակում: «Ես լավ եմ, մայրիկ, ես լավ եմ»: Նա լաց եղավ։ Ամանդան և իր երեխաները շուտով հեռացան Հոնս Միլից:
(Մեջբերված և ամփոփված է Սրբեր, 1․347–50, 353–55, 378–79)
-
Այս պատմության մեջ ի՞նչն է տպավորում ձեզ:
-
Ի՞նչ իմացաք կամ զգացիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, երբ կարդացիք այս պատմությունը:
Երբ ուսանողները կիսվեն նախորդ հարցի իրենց պատասխաններով, առաջարկեք նրանց կիսվել իրենց իմացած ճշմարտություններով, որոնք կօգնեն իրենց փորձությունների ժամանակ: Ճշմարտություններից մեկը, որ կարող են բացահայտել ուսանողները, հետևյալն է. երբ մենք դառնում ենք դեպի Աստված մեր տառապանքների ժամանակ, կարող ենք զգալ Նրա առաջնորդությունը, մխիթարությունը և զորությունը։
Կարող եք ամբողջ դասարանով երգել կամ լսել «Որքան ամուր է հիմքը» օրհներգը (Հիմներ, համ․ 85)։ Բառերը, որոնք զորացրել են Ամանդա Սմիթին, գտնվում են հատված 7-ում:
Սուրբ գրություններ, որոնք օգնում են մեզ դառնալ դեպի Աստված
Որոշ ժամանակ տրամադրեք՝ գտնելու սուրբ գրություններ, որոնք կարող են մեծացնել դեպի Աստված դառնալու ձեր ցանկությունը, երբ դժվարությունների եք հանդիպում: Կարող եք ուսումնասիրել հետևյալ հատվածներից մի քանիսը կամ բոլորը կամ գտնել այլ հատվածներ:
-
Առակաց 3.5–6
-
Ի՞նչն էր ձեզ համար կարևոր ձեր ուսումնասիրած հատվածներում։ Ինչո՞ւ։
-
Ե՞րբ է Աստված օրհնել ձեզ կամ ձեր ծանոթներին, երբ դժվար իրավիճակում դարձել եք դեպի Նա:
Նախորդ հարցի քննարկման ընթացքում կարող եք կիսվել ձեր կյանքից որևէ օրինակով:
Մտածեք ձեր կյանքի մասին
Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել իրենց սովորածի և զգացածի մասին, առաջարկեք նրանց իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերից առնվազն մեկին։
-
Ինչ սովորեցիք կամ զգացիք այսօր, որը կարող է զորացնել ձեզ, երբ հաջորդ անգամ հայտնվեք դժվար իրավիճակում:
-
Այսօրվա ձեր ուսումնասիրությունից հետո ինչպիսի՞ գործունեության ցանկություն է առաջացել ձեզ մոտ։
Մի քանի պատրաստակամ ուսանողի խնդրեք կիսվել իրենց գրածով: Վկայեք ձեր քննարկած ճշմարտությունների մասին և խրախուսեք ուսանողներին գործել ըստ իրենց ստացած հոգևոր հուշումների։