«Դաս 102․ Վարդապետություն և Ուխտեր 88.51–95. «Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 88․51–95», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 102․ Վարդապետություն և Ուխտեր 88
Վարդապետություն և Ուխտեր 88․51–95
«Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ»
Վարդապետություն և Ուխտեր 88 բաժնում Հիսուս Քրիստոսը հայտնել է, թե Ինքը ինչպես է կառավարում Իր արարչագործությունները և հրավիրում է մեզ մոտենալ Իրեն: Այս դասը կօգնի ուսանողներին ստանալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին մոտենալու օրհնությունները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մոտ հարաբերություններ
Կարող եք դասը սկսել՝ մոտ հարաբերություններ զարգացնելու մասին քննարկումով: Կարող եք յուրաքանչյուր ուսանողի առաջարկել գրատախտակին գրել իր համար մտերիմ մեկի անունը: Խնդրեք մի քանի ուսանողի կիսվել, թե ինչու են իրենք ընտրել այդ մարդուն:
Կարող եք տալ հետևյալ հարցերը.
-
Ի՞նչն է ստեղծում մոտ հարաբերություններ երկու մարդու միջև: Ի՞նչն է հեռացնում մարդկանց։
-
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի կրկին ստեղծեք մոտ հարաբերություններ այն մարդու հետ, որից հեռացել եք:
Վարդապետություն և Ուխտեր 88 բաժնում Փրկիչը նկարագրել է Իր զորությունը, որը կառավարում է Իր արարչագործությունները (տես հատվածներ 41–45): Նա ուսուցանել է, որ երբ մենք տեսնում ենք աստղերն ու մոլորակները երկնքում, մենք «[տեսնում ենք] Աստծուն իր վեհափառությամբ ու զորությամբ շարժվելիս» (Վարդապետություն և Ուխտեր 88.47): Այնուհետև Հիսուս Քրիստոսը մի առակ է պատմել, որպեսզի ուսուցանի Աստծո՝ Իր արարչագործությունների հետ փոխհարաբերությունների մասին: Այն ուսուցանում է, որ Աստված ստեղծել է բազմաթիվ աշխարհներ՝ բնակեցված Իր զավակներով, և որ Նա այցելում է նրանցից յուրաքանչյուրը: Տերը պատվիրել է Իր ընկերներին դիմել Իրեն, երբ Ինքն իրենց մոտ է (տես հատվածներ 51–62):
«Մոտեցեք ինձ»
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88․63 հատվածը՝ փնտրելով, թե ինչ է Հիսուս Քրիստոսը հրավիրում մեզ անել։
-
Ո՞ր հրավերներն եք համարում կարևոր ձեզ համար:
-
Ի՞նչ սկզբունքներ կարող եք բացահայտել այս հրավերներից:
Ուսանողները կարող են տարբեր սկզբունքներ նշել, օրինակ՝ երբ ես մոտենամ Հիսուս Քրիստոսին, Նա կմոտենա ինձ։ Կարող եք նշել, որ Հիսուս Քրիստոսին մոտենալով, մենք մոտենում ենք նաև Երկնային Հորը:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը, կարող եք քննարկել, թե ինչպես է այն պատկերված առակում: Հետևյալ հարցերը նույնպես կարող են օգնել․
-
Ինչպե՞ս կնկարագրեք, թե ինչ է նշանակում մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
-
Ըստ ձեզ, ինչպե՞ս են Նրանք մոտենում մեզ:
-
Ի՞նչ պատճառներով են մարդիկ ցանկանում մոտ զգալ իրենց Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Ուսանողներին հնարավորություն տվեք խորհելու այն մասին, թե իրենք որքան մոտ են իրենց զգում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Կարող եք առաջարկել նրանց իրենց օրագրի էջի վրա գրել «Երկնային Հայր և Հիսուս Քրիստոս» բառերը: Այնուհետև խնդրեք ուսանողներին նկարել իրենց անձնական պատկերը: Ուսանողները կարող են խորհել այն դեպքերի մասին, երբ իրենք մոտ են եղել Աստծուն և Նրա Որդուն, և ինչն է օգնել իրենց զգալ դա: Ուսանողները կարող են նաև խորհել, թե ներկայումս որքան մոտ են իրենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Հիշեցրեք ուսանողներին, որ եթե մենք զգում ենք, որ հեռացել ենք Տիրոջից, ապա կարող ենք քայլեր ձեռնարկել՝ փոխելու մեր իրավիճակը: Ուսանողներին առաջարկեք խորհել իրենց կարիքների մասին և, թե ինչպես կօրհնվեն, եթե ավելի մոտ լինեն Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ուսանողներին հորդորեք հայտնություն փնտրել այն մասին, թե իրենք ինչ կարող են անել՝ Նրանց ավելի մոտենալու համար:
Հրավերներ և օրհնություններ
Ուսանողները կարող են լրացնել հետևյալ աղյուսակը գրատախտակին կամ իրենց օրագրերում: Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 88.63–69 հատվածների տարբեր արտահայտությունները: Օրինակ՝ կարող եք պարզաբանել հատված 65-ը՝ բացատրելով, որ աղոթելիս մենք չպետք է ոչ պատշաճ շարժառիթներ ունենանք և չպետք է փորձենք բավարարել աշխարհիկ ցանկությունները: Կարող եք օգնել ուսանողներին հասկանալ նպատակահարմար բառի իմաստը հատվածներ 64–65-ում, որը նշանակում է տեղին կամ համապատասխան:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88․63–69 հատվածները և լրացրեք հետևյալ աղյուսակը.
|
Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին մոտենալու եղանակները |
Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին մոտենալու օրհնությունները |
|---|---|
Որպեսզի օգնեք ուսանողներին յուրացնել այս հատվածները, որևէ ուսանողի առաջարկեք դասարանի առջև պահել Փրկչի պատկերը: Մեկ այլ ուսանողի խնդրեք կանգնել դասասենյակի վերջում:
Մինչ ուսանողները կկիսվեն իրենց գտածով, դասարանի վերջում կանգնած ուսանողը կարող է մի փոքր մոտենալ Փրկչի պատկերը պահող ուսանողին: Փրկչի պատկերը պահող ուսանողը նույնպես կարող է մոտենալ:
Կարող եք օգտագործել որոշ արտահայտություններ «Լրացուցիչ նյութերից», որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին մոտենալու եղանակները:
Հետևյալ հարցերը կարող են օգնել ձեզ քննարկել, թե ինչ են գտել ուսանողներն իրենց կարդացած հատվածներում.
-
Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող են այս վարժություններն օգնել ձեզ մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
-
Ինչպե՞ս կարող են այս օրհնություններն ազդել Նրանց հետ ձեր հարաբերությունների վրա:
Իմ ծրագիրը
Կարող եք ցուցադրել «Ինչպես եմ ես հետևում #ԼսիրՆրան կոչին. Երեց Դեյլ Գ. Ռենլանդ» տեսանյութը (3:00): Ուսանողներին խնդրեք փնտրել, թե ինչ է ուսուցանում երեց Ռենլանդը Հիսուս Քրիստոսին մոտենալու մասին: Քննարկեք, թե ինչ սովորեցին ուսանողները նրա փորձառությունից:
Որպեսզի օգնեք ուսանողներին կիսվել դասարանի հետ հետևյալ հարցերի պատասխաններով, առաջարկեք նրանց նախ գրել դրանք իրենց օրագրերում։ Կարող եք նաև կիսվել ձեր փորձառությամբ, թե ինչ եք արել Հիսուս Քրիստոսին մոտենալու համար և ինչպես եք զգացել, որ Նա մոտենում է ձեզ:
-
Ինչպե՞ս եք դուք ձգտում մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
-
Ինչպե՞ս եք դուք կամ ձեզ ծանոթ մեկն օրհնվել՝ Նրանց մոտենալու ձգտման համար:
Ուսանողներին առաջարկեք փնտրել Սուրբ Հոգին, որպեսզի առաջնորդի իրենց իմանալու, թե ինչ կարող են անել՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին մոտենալու համար: Հիշեցրեք ուսանողներին, որ իրենք, հնարավոր է, արդեն հուշումներ են ստացել դասի ընթացքում:
Ուսանողները կարող են գրի առնել, թե ինչպես են իրենք ձգտելու մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, ինչպես դա կարող է օգնել հաղթահարել իրենց առջև ծառացած դժվարությունները և խոչընդոտները։ Ուսանողները կարող են գրել իրենց նկարած նկարների վրա կամ կատարել նշումներ, որոնք իրենք կտանեն տուն:
Ուսանողներին հորդորեք իրենց աղոթքներում կիսվել Երկնային Հոր հետ, թե ինչ են ծրագրում անել և խնդրել Նրա օգնությունը: