«Դաս 98․ Վարդապետություն և Ուխտեր 86․ Փրկիչը հավաքում է Իսրայելը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 86», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 98. Վարդապետություն և Ուխտեր 85–87
Վարդապետություն և Ուխտեր 86
Փրկիչը հավաքում է Իսրայելը
Վարդապետություն և Ուխտեր 86 բաժնում նկարագրված հայտնության մեջ Փրկիչը բացահայտել է ցորենի և որոմների մասին առակի Իր սկզբնական մեկնաբանության լրացուցիչ իմաստը (Մատթեոս 13.36–43): Նա ուսուցանել է արդարներին հավաքելու Իր ջանքերի մասին՝ Իր Երկրորդ Գալուստին պատրաստվելու համար: Այս դասը կօգնի ուսանողներին Իսրայելի հավաքմանը Փրկչի հետ մասնակցելու իրենց ջանքերում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Փրկիչը հավաքում է Իր ժողովրդին
Կարող եք առաջարկել ուսանողներին մտածել այն մարդկանց մասին, որոնց կողքին գտնվելն իրենց հաճելի է, և այն մասին, թե ինչու:
Այնուհետև կարող եք առաջարկել ուսանողներին մտածել այն մարդկանց մասին, որոնք ցանկանում էին լինել Հիսուս Քրիստոսի կողքին Նրա երկրային ծառայության ընթացքում: Անհրաժեշտության դեպքում կարող եք կիսվել հետևյալ մի քանի օրինակով՝ Մատթեոս 9․10, 19․1–2, 13–15, Հովհաննես 6.1–14, 3 Նեփի 17.1–5։
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ են մարդիկ ցանկանում լինել Փրկչի կողքին:
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ է Փրկիչը ցանկանում, որ մարդիկ հավաքվեն Իր շուրջը:
Կարող եք առաջարկել ուսանողներին ուսումնասիրել սուրբ գրություններ, որոնք ուսուցանում են մեզ, թե ինչու է Փրկիչը ցանկանում, որ մենք հավաքվենք Իր շուրջը: Օրինակները կարող են ներառել Մատթեոս 11.28–30, 3 Նեփի 9.13–14, 10․4–6 հատվածները։
Մտածեք Փրկչին հետևելու կամ Նրա շուրջը հավաքվելու ձեր ցանկության մասին: Նաև մտածեք ձեր ցանկության մասին՝ օգնել ուրիշներին հավաքել Նրա շուրջը: Ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի շուրջը ձեր և ուրիշների հավաքվելու կարևորությունը:
Ցորենի և որոմների առակը
Կարդացեք կամ ամփոփ ներկայացրեք հետևյալ պարբերությունը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 86 բաժնում արձանագրված հայտնության պատմական համատեքստը:
Երբ Ջոզեֆ Սմիթը և Ֆրեդերիկ Գ. Ուիլյամսն աշխատում էին Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանության վրա, Փրկիչը բացահայտեց ցորենի և որոմների մասին առակի մեկնաբանությունը: Այդ մեկնաբանությունը գրված է Վարդապետություն և Ուխտեր 86 բաժնում։
Մինչ ուսանողները կուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 86 բաժինը, օգնեք նրանց հասկանալ ցորենի և որոմների մասին առակը: Նրանք կարող են կարդալ Մատթեոս 13.24–30 հատվածները, ուսանողներից մեկը կարող է ամփոփ շարադրել առակը կամ կարող եք ցուցադրել «Հիսուսը պատմում է ցորենի և որոմների, մանանեխի հատիկների և թթխմորի մասին առակները» տեսանյութը 0:00-ից մինչև 1։30-ը։ Այդ տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Օգտակար կլինի բացատրել, որ որոմը թունավոր մոլախոտի տեսակ է: Ծլելիս ցորենն ու որոմը շատ նման են իրար, սակայն հասունանալուց հետո դրանց կարելի է տարբերել։ Եթե հնձվորը փորձեր քաղել-հանել որոմները՝ նախքան ցորենի ու որոմների հասունանալը, նա հավանաբար կփչացներ նաև ցորենի մեծ մասը:
-
Այդ պատմության մեջ ի՞նչն է առավել տպավորիչ ձեզ համար։
-
Ի՞նչ են խորհրդանշում ցորենը և որոմները: (Տես Մատթեոս 13․38։)
Փրկիչը տալիս է առակի մեկնաբանությունը
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 86.1–7 հատվածները՝ փնտրելով, թե այդ առակից որ խորհրդանիշներն է Փրկիչն օգնել մեզ հասկանալ:
-
Ի՞նչ սովորեցիք այս առակից այն մասին, թե Տերն ինչպես էր պատրաստվում Իր Երկրորդ Գալուստին:
Երբ ուսանողներից մի քանիսը կկիսվեն իրենց բացահայտածով, նշեք հետևյալ ճշմարտությունը. Տերը հավաքում է Իսրայելն Իր Երկրորդ Գալուստից առաջ:
-
Այս ճշմարտության գիտակցումն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ հույս և խաղաղություն գտնել՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին մտածելիս:
-
Այս ճշմարտությունն ինչպե՞ս կարող է ուղղորդել ձեզ ձեր այսօրվա որոշումներում:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է, թե մենք ինչպես կարող ենք այսօր Տիրոջ հետ մասնակցել Իսրայելի հավաքմանը:
Տերը հավաքում է նրանց, ովքեր կնախընտրեն թույլ տալ, որ Աստված իրենց կյանքում ամենակարևոր ազդեցությունն ունենա:
Դարեր շարունակ մարգարեները կանխատեսել են այս հավաքումը [տես Եսայիա 11.11–12, 2 Նեփի 21.11–12, Մոսիա 15.11], և այժմ այն տեղի է ունենում: Որպես Տիրոջ Երկրորդ Գալուստի հիմնական նախադրյալ՝ դա աշխարհի ամենակարևոր գործն է: …
Երբ մենք խոսում ենք Իսրայելը վարագույրի երկու կողմերում հավաքելու մասին, իհարկե, նկատի ունենք միսիոներական, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքները: Մենք նաև նկատի ունենք հավատ և վկայություն կառուցել նրանց սրտերում, ում հետ ապրում, աշխատում և ծառայում ենք։ Ամեն անգամ, երբ մենք որևէ բան ենք անում, որն օգնում է որևէ մեկին վարագույրի այս կամ այն կողմում Աստծո հետ ուխտեր կապել և դրանք պահել, մենք օգնում եք հավաքել Իսրայելը: (Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 92-93)
-
Ի՞նչ սովորեցիք այս խոսքերից այն մասին, թե ինչպես կարող եք օգնել Տիրոջը հավաքել Իսրայելը:
«Լույս հեթանոսների համար»
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 86․11 հատվածը և փնտրեք, թե ինչ է ուսուցանել Փրկիչն այն մասին, թե մենք ինչպես կարող ենք օգնել մարդկանց հավաքվել Իր շուրջը:
Օգտակար կլինի բացատրել, որ հեթանոսներ բառը հատված 11-ում կարող է վերաբերել նրանց, ովքեր Եկեղեցու անդամներ չեն:
Հաջորդ հարցի քննարկման ընթացքում կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ Մատթեոս 5.14–16 և 3 Նեփի 18.24 հատվածները։ Նրանք կարող են կիսվել, թե այս հատվածներն ինչ են ավելացնում իրենց հասկացողությանը:
-
Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում լինել «լույս հեթանոսների համար»:
-
Ի՞նչ եղանակներով կարող եք օգնել հավաքել Իսրայելը՝ Փրկչի լույսով կիսվելով ուրիշների հետ:
Կարող եք գրատախտակին գրել ուսանողների գաղափարները։ Այս քննարկման ընթացքում կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել իրենց ունեցած փորձառություններով: Լրացուցիչ օրինակներ տեսնելու համար ցուցադրեք «Լուսավորեք աշխարհը. Հետևեք Հիսուս Քրիստոսի օրինակին։ Կիսվեք Նրա լույսով. Ծառայեք այնպես, ինչպես Նա ծառայեց» տեսանյութերը (2:17) 0:29-2:17-ը, որոնք հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում:
Իսրայելը Փրկչի հետ հավաքելու ծրագիր կազմեք
Ուսանողներին օգնեք կիրառել իրենց ուսումնասիրած ճշմարտությունները՝ առաջարկելով նրանց իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերից մեկին կամ երկուսին:
-
Ի՞նչ եք ձգտելու անել, որպեսզի հավաքվեք Փրկչի շուրջը:
-
Ի՞նչ հատուկ քայլեր եք կատարելու, որպեսզի օգնեք Փրկչին հավաքել Իսրայելը:
Ներառեք մանրամասներ այն մասին, թե ինչպես և երբ եք իրականացնելու ձեր նպատակը:
Մի քանի ուսանող կարող են կիսվել իրենց գրածով: Վկայեք ձեր քննարկած ճշմարտությունների մասին և ուսանողներին խրախուսեք գործել իրենց սահմանած նպատակների համաձայն: