«Վարդապետություն և Ուխտեր 27.15–18․ «Ձեզ վրա վերցրեք Իմ ողջ սպառազինությունը»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ, (2025 թ․)
«Վարդապետություն և Ուխտեր 27.15–18», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 42. Վարդապետություն և Ուխտեր 27–28
Վարդապետություն և Ուխտեր 27․15–18
«Ձեզ վրա վերցրեք Իմ ողջ սպառազինությունը»
Աստծո հրեշտակից Ջոզեֆի ստացած ուղերձում Ջոզեֆին ուսուցանվեց այն մասին, թե ինչպես Սրբերը կարող են ավելի մեծ պաշտպանություն ստանալ Հիսուս Քրիստոսից: Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես Փրկիչը կարող է պաշտպանել մեզ այն ուղիներից, որոնցով Սատանան փորձում է գայթակղել և հուսահատեցնել մեզ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հակառակորդի հարձակումները
Ուսանողներից յուրաքանչյուրին տվեք թղթի մի փոքր թերթ։ Առաջարկեք ուսանողներին գրել թղթի վրա, թե ինչպես է հակառակորդը գայթակղում կամ փորձում հուսահատեցնել երիտասարդներին: Այնուհետև առաջարկեք նրանց ճմրթել թուղթը՝ դարձնելով գնդակ: Առաջարկեք որևէ ուսանողի կանգնել դասասենյակի առջևի մասում և փորձել խույս տալ կամ հետ մղել թղթե գնդակը, երբ մյուս ուսանողները նետեն այդ թղթե գնդակն իր վրա:
Առաջարկեք ուսանողներին գալ սենյակի առջևի մաս, հարթեցնել ճմրթած թղթերը և կիսվել դրանց վրա գրվածով: Դասարանին խնդրեք նշել, թե ինչպես են իրենք այսօր զգում այդ գայթակղությունները կամ հարձակումները:
-
Ի՞նչ կարող եք անել այս հարձակումներից պաշտպանվելու համար:
Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ խորհում եք ձեզ հանդիպած գայթակղությունների և հուսահատությունների մասին: Խորհեք, թե ինչպես է Տերն օգնել ձեզ հաղթահարել դրանք: Ինչպե՞ս եք դուք դեռևս պայքարում և Փրկչի ինչպիսի՞ օգնության կարիք ունեք: Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 27 գլուխը, փնտրեք ճշմարտություններ և ոգեշնչում, որոնք կօգնեն ձեզ։
Աստծո ողջ սպառազինությունը
Հաղորդության մասին Ջոզեֆ Սմիթին ուղղված Իր խոսքերից հետո (տես Վարդապետություն և Ուխտեր 27․1–4), Փրկիչը խոստացավ, որ Նա կվերադառնա երկիր և կճաշակի հաղորդությունը Իր հետևորդների հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 27․5–14)։ Այնուհետև Փրկիչն ուսուցանեց, թե ինչպես Սրբերը կարող են հոգևորապես պաշտպանված լինել Սատանայի զորությունից «մինչև ես գամ, և դուք վեր կհափշտակվեք, որ ուր որ ես եմ, դուք էլ լինեք» (Վարդապետություն և Ուխտեր 27.18)։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 27․15–18 հատվածները և փնտրեք, թե ինչպես կարող եք ստանալ Փրկչի պաշտպանությունը հակառակորդի դեմ:
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով: Անհրաժեշտության դեպքում օգնեք նրանց հասկանալ, որ եթե մենք մեզ վրա վերցնենք Փրկչի ողջ սպառազինությունը՝ կզորանանք դիմակայելու չարին։ Օգնեք ուսանողներին վերլուծել այս ճշմարտությունը: Դա կարող եք անել՝ ուսանողներին տալով հետևյալ հարցերից մի քանիսը։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Փրկիչը համեմատում Իր օգնությունն ու պաշտպանությունը սպառազինության հետ:
-
Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «կանգուն մնալ» (տես 15–16 հատվածները)։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերն ընդգծում Իր «ողջ սպառազինությունը»:
Առաջարկեք ուսանողներին նշել «իմ ողջ սպառազինությունը» արտահայտությունը հատված 15-ում: Ուսանողները կարող են պատկերացնել, որ իրենք պետք է գնան պատերազմի, բայց չունեն սպառազինություն: Ինչ-որ մեկը, ով կռվել և հաջողության է հասել բազմաթիվ պատերազմներում, իրենց սպառազինություն է տվել՝ պաշտպանվելու համար և պատրաստ է կռվել իրենց հետ միասին:
-
Ի՞նչ կզգաք այս մարդու հանդեպ:
-
Ինչո՞վ է այս իրավիճակը նման նրան, ինչ Փրկիչն է անում մեզ համար:
Փրկչի պաշտպանությունն ու օգնությունը
Պողոս առաքյալը գրել է. «Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով» (Հռովմեացիս 13.14)։ Վարդապետություն և Ուխտեր 27 գլխում նշված զանազան զրահները (տես նաև Եփեսացիս 6.11–18 հատվածները) կարող են խորհրդանշել այն եղանակները, որոնցով Փրկիչը կարող է պաշտպանել մեզ խաբեությունից, ամբարշտությունից, խառնաշփոթից և կասկածից, որոնք շրջապատում են մեզ: Նա առաջարկում է մեզ այդ պաշտպանությունը, երբ մենք գալիս ենք դեպի Իրեն:
Ուսանողներին տվեք ուղեկցող աշխատաթերթը: Նրանք կարող են լրացնել այն անհատապես կամ փոքր խմբերով: Խմբի յուրաքանչյուր անդամ կարող է ընտրել սպառազինության մի քանի մաս՝ դրանց վրա կենտրոնանալու համար: Եթե ուսանողները ցանկանան, նրանք կարող են նկարել որևէ բան, որը խորհրդանշում է սպառազինություն կամ պաշտպանություն, օրինակ՝ սաղավարտ, լանջապանակ կամ վահան և պիտակել այն «Հիսուս Քրիստոսի պաշտպանությունն ու օգնությունը»։ Այնուհետև նրանք կարող են գրել իրենց պատասխանները դրա շուրջ:
«ձեր վրա վերցրեք իմ ողջ սպառազինությունը» (Վարդապետություն և Ուխտեր 27․15)
Ստորև բերված սպառազինության յուրաքանչյուր մասի վերաբերյալ կարդացեք սուրբգրային հատվածները՝ փնտրելով, թե ինչո՞ւ է Փրկիչը նման սպառազինության: Ապա պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ գաղափարներ եք ձեռք բերում Փրկչի մասին՝ կատարելով այս համեմատությունը:
-
Ինչո՞ւ դա կարող է խթանել, որ դուք ցանկանաք գալ դեպի Նա՝ հենց հիմա ձեր կյանքում պաշտպանության ստանալու համար:
«Մեջքը ճշմարտությամբ գոտևորած» (Վարդապետություն և Ուխտեր 27․16)
Հովհաննես 14․6
«Արդարության լանջապանակը» (Վարդապետություն և Ուխտեր 27․16)
Եսայիա 59․16–17 (միջամտող բառը վերաբերում է մեկին, ով անում է այն, ինչ ուրիշները չեն կարողանում անել իրենց համար)
Փիլիպպեցիս 3․9
«Ոտքերը խաղաղության ավետարանի պատրաստությամբ պատած» (Վարդապետություն և Ուխտեր 27.16)։
Եսայիա 9․6
«Հավատքի վահանը» (Վարդապետություն և Ուխտեր 27․17)
Սաղմոս 28․7
«Փրկության սաղավարտը» (Վարդապետություն և Ուխտեր 27․18)
Եբրայեցիս 5․9
«Հոգու սուրը», որը Աստծո խոսքն է (Վարդապետություն եվ Ուխտեր 27․18)
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Երբ ուսանողներն ավարտեն, խնդրեք նրանց կիսվել իրենց մտքերով և փորձառություններով այն տարբեր եղանակների մասին, որոնցով Փրկիչը կարող է օգնել և պաշտպանել իրենց: Կարող եք կիսվել նաև ձեր սեփական մտքերով ու փորձառություններով:
Հագեք Իր ողջ սպառազինությունը
Կարող եք ուսանողներին հիշեցնել, որ այս հայտնությունը սկսվեց երկնային սուրհանդակի միջոցով, որը հայտնեց հաղորդության մասին Փրկչի ուսմունքները և երկիր վերադառնալու և Իր հետևորդների հետ հաղորդությունը ճաշակելու Փրկչի խոստումը (տես Վարդապետություն և Ուխտեր 27․1–14)։ Սա հուշում է, որ Փրկչին հիշելը և հաղորդության միջոցով Նրա հետ ուխտեր կապելը կարող է լինել հզոր միջոց, որը Տերը պատրաստել է մեզ համար՝ հագնելու Իր ողջ սպառազինությունը և «հավատարիմ լինելու մինչև [Նա գա]» (Վարդապետություն և Ուխտեր 27.18)։
-
Ինչպե՞ս կարող է հաղորդությունը հզոր միջոց լինել՝ մեր կյանք հրավիրելու Փրկչի օգնությունն ու պաշտպանությունը (Նրա ողջ սպառազինությունը):
Վերադարձեք դասի սկզբում ճմրթված ու նետված թղթերին։ Կարդացեք դրանցից մի քանիսը և առաջարկեք ուսանողներին կիսվել՝ ելնելով այն ամենից, ինչ նրանք այսօր սովորեցին, թե ինչպես Փրկիչը կարող է օգնել մեկին, ով բախվում է այդ գայթակղությանը կամ հուսահատությանը: Նրանք կարող են նաև պատմել, թե ինչպես որևէ մարդ կարող է դիմել Տիրոջը՝ ստանալու Նրա օգնությունն իր կյանքում: