«Վարդապետություն և Ուխտեր 23–24․ «Ես խոսում եմ ձեզ հետ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ, (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 23–24», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 38. Վարդապետություն և Ուխտեր 23–26
Վարդապետություն և Ուխտեր 23–24
«Ես խոսում եմ ձեզ հետ»
1830 թվականի ապրիլին՝ Եկեղեցու կազմավորումից անմիջապես հետո, Սրբերը բախվեցին դաժան հալածանքների: Չնայած այդ դժվարություններին՝ Փրկիչը շարունակեց զորացնել Եկեղեցին և անձնական խորհուրդներ տալ նրանց, ովքեր ջերմեռանդորեն ցանկանում էին իմանալ Իր կամքը: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ճանաչում են իրենց և կուղղորդեն իրենց կյանքում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ուղղորդում խնդրեք
Գրատախտակին կարող եք գրել հետևյալ հարցերը և առաջարկել ուսանողներին լուռ խորհել դրանց պատասխանների շուրջ։ Բավարար ժամանակից հետո խրախուսեք ուսանողներին մի արժեքավոր խորհուրդ հիշել, որը նրանք ստացել են այդ անձից, և մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել այդ խորհրդով:
-
Ո՞վ է ձեզ ամենից լավ ճանաչում:
-
Ի՞նչ գիտեն նրանք ձեր մասին։
-
Ի՞նչ չգիտեն նրանք ձեր մասին։
Թեև ուսանողները կարող են արժեքավոր խորհուրդներ ստանալ բազմաթիվ վստահելի աղբյուրներից, առաջարկեք նրանց խորհել, թե ինչու են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը խորհրդի լավագույն աղբյուրը հանդիսանում: Առաջարկեք ուսանողներին մտածել Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից խորհուրդ փնտրելու իրենց ներկայիս ջանքերի մասին: Արդյո՞ք նրանք կարծում են, որ իրենց ջանքերը բավարար են, թե՞ կարծում են, որ պետք է ինչ-որ ճշգրտումներ կատարել: Ուսանողներին առաջարկեք դասի ընթացքում աղոթքով մտածել այդ հարցերի շուրջ:
Տերը ճանաչում է ձեզ
Ջոզեֆ Սմիթը և մյուսները փնտրեցին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ուղղորդումը նոր վերականգնված Եկեղեցում իրենց դերերի վերաբերյալ: Վարդապետություն և Ուխտեր 23–24 բաժինները պարունակում են Փրկչի պատասխանը աստվածային ուղղորդում ստանալու նրանց անկեղծ ցանկությանը:
Կարող եք գրատախտակին գրել հետևյալ ճշմարտությունը. Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ճանաչում են մեզանից յուրաքանչյուրին և խորհուրդ կտան մեզ՝ մեր ցանկություններին և հանգամանքներին համապատասխան։
Երբ ուսանողները քննարկեն այս սկզբունքը, նշեք, որ մենք կարող ենք Աստծուց խորհուրդ ստանալ աղոթքի, սուրբ գրությունների, մարգարեների խոսքերի, ծնողների, վստահելի մեծահասակ ղեկավարների և այլ մարդկանց ու երևույթների միջոցով:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 23․1–6 հատվածները՝ փնտրելով այդ ճշմարտության ապացույցը։
-
Ի՞նչ ապացույց գտաք:
-
Ինչպե՞ս է այդ ապացույցն ազդում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ձեր պատկերացման վրա:
Քույր Քրիստինա Բ. Ֆրանկոն, որը ծառայում էր որպես Երեխաների միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական, ուսուցանել է․
Երկնային Հայրը նույնպես ճանաչում է ձեզ։ Նա գիտի որտեղ եք դուք, ով եք դուք, և ինչ է ձեզ անհրաժեշտ։ Նա լսում և պատասխանում է ձեր աղոթքներին: Անկախ նրանից, թե որքան միայնակ եք դուք ձեզ զգում, Նա միշտ ձեզ հետ է: Դուք երբեք միայնակ չեք: Դուք միշտ կարող եք դիմել Նրան։ (Քրիստինա Բ. Ֆրանկո «Երկնային Հայրը ճանաչում է ձեզ», Friend, հունիս 2018, 16)
-
Ինչպե՞ս է Աստված մեզ խորհուրդ տալիս՝ ըստ մեր ցանկությունների և հանգամանքների:
Նրանք կարող են ուղղորդել ինձ իմ կյանքում
Ուղեկցող աշխատաթերթը կօգնի ուսանողներին հասկանալ, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպես կարող են ուղղորդել իրենց՝ ըստ իրենց անձնական հանգամանքների: Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի կամ փոքր խմբերի և յուրաքանչյուրին տրամադրել աշխատաթերթի մեկ օրինակ: Հնարավորություն տվեք ուսանողներին ընտրել, թե ում մասին իրենք պետք է սովորեն: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո առաջարկեք ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց սովորածով:
Կարող եք նաև յուրաքանչյուր խմբին հանձնարարել սովորել մեկ կամ երկու հոգու մասին:
Վարդապետություն և Ուխտեր 23–24․ Խորհուրդ Տիրոջից
Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ․ Վարդապետություն և Ուխտեր 23–24
Ընտրեք հետևյալ մարդկանցից առնվազն երկուսին՝ նրանց մասին կարդալու համար: Հատվածներում փնտրեք արտահայտություններ, որոնք կապված են պատմական ամփոփումների հետ: Սա կարող է օգնել ձեզ տեսնել ապացույցներ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ճանաչում են յուրաքանչյուր մարդու և իրենց խորհուրդն են առաջարկում մարդկանց կյանքում:
Օլիվեր Քաուդերի
Օլիվերը դպրոցի ուսուցիչ էր։ Նա ծառայում էր որպես գրագիր Ջոզեֆ Սմիթ Կրտսերի համար՝ Մորմոնի Գիրքը թարգմանելու ժամանակ: Նա Մորմոնի Գրքի Երեք Վկաներից մեկն էր և վերականգնված Եկեղեցու երկրորդ երեցը: Նյու Յորք նահանգի Ֆայեթ քաղաքում նա կիսվեց ավետարանով Ուիթմերների ընտանիքի և իր մյուս ընկերների հետ։ Մի քանի անգամ դրսևորվել էր նրա հպարտությունը, այդ թվում՝ մեկ անգամ, հատկապես, երբ նա գրեց Ջոզեֆ Սմիթ Կրտսերին հայտնության մի մասի վերաբերյալ, որի հետ ինքը համաձայն չէր: Իր հպարտության պատճառով նա որոշ ժամանակով՝ 1838-1847թթ. հեռացավ Եկեղեցուց:
Հայրում Սմիթ
Հայրումը Մարգարե Ջոզեֆ Սմիթի ավագ եղբայրն էր: Նա օգնեց Մորմոնի Գրքի հրատարակմանը՝ ուղղակիորեն աշխատելով տպագրիչի հետ: Նա մեծ ցանկություն ուներ քարոզելու վերականգնված ավետարանը, բայց նրան խնդրեցին սպասել և պատրաստվել՝ ուսումնասիրելով Աստծո խոսքը (տես Վարդապետություն և Ուխտեր 11.21–22)։ Նա ծառայեց Նյու Յորք նահանգի Քոլսվիլ քաղաքում՝ որպես Եկեղեցու առաջին ճյուղի նախագահ: Հայրումը կատարեց իր պարտականությունը Եկեղեցու հանդեպ և հավատարիմ մնաց Տիրոջը իր ողջ կյանքի ընթացքում:
Ջոզեֆ Նայթ Ավագ
Ջոզեֆ Նայթ Ավագը Ջոզեֆ Սմիթ Կրտսերի մոտ ընկերն էր և շատ լավ էր վերաբերվում նրան: Նա Մարգարեին ապահովում էր անհրաժեշտ պարագաներով, երբ վերջինս աշխատում էր Մորմոնի Գրքի թարգմանության վրա: Նա ցանկանում էր մյուսների հետ մկրտվել Եկեղեցու կազմավորման օրը, սակայն հետաձգեց դա, քանի որ ուզում էր ավելի խորն ուսումնասիրել Մորմոնի Գիրքը: Վարդապետություն և Ուխտեր 23 բաժնում Տիրոջ խորհուրդը ստանալուց անմիջապես հետո Ջոզեֆ Նայթ Ավագը որոշեց մկրտվել: Նա իր ողջ կյանքի ընթացքում մնաց Եկեղեցու հավատարիմ անդամը:
Ջոզեֆ Սմիթ Կրտսեր
Ջոզեֆ Սմիթ Կրտսերը Տիրոջ Մարգարեն էր: 1830 թվականի ապրիլին Ջոզեֆը կազմավորեց վերականգնված Եկեղեցին: Նոր Եկեղեցին անմիջապես ենթարկվեց հալածանքի: Ջոզեֆին ձերբակալեցին կեղծ մեղադրանքներով, ապա ազատ արձակեցին։ Նա իր ընտանիքի կարիքները հոգալու և միևնույն ժամանակ Եկեղեցին ղեկավարելու պարտավորություն ուներ: «Որքան էլ զբաղված էր նոր եկեղեցու գործերով, նա պետք է ցաներ իր արտերը, որպեսզի աշնանը բերք ստանար: Ֆերմայում Էմմայի հորը պարտքի վճարման ժամկետն արդեն անցել էր, և եթե Ջոզեֆը բերք չստանար, ապա պետք է մեկ այլ միջոց գտներ իր պարտքը մարելու համար» (Սրբեր, 1․90)։
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Երբ ուսանողներն ավարտեն իրենց ուսումնասիրությունը, առաջարկեք նրանց կիսվել իրենց գտած ապացույցներով առ այն, որ Տերը ճանաչում էր այդ մարդկանց:
Կարող եք ցուցադրել «Երկնային Հայրը ճանաչում է ինձ» (3:18) տեսանյութը, որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել մտածելու իրենց սեփական փորձառությունների մասին և կիսվելու դրանցով:
Հետևյալ հարցերը կարող են օգնել ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը և զգացողությունը՝ իրենց մասին Տիրոջ տեղեկացվածության վերաբերյալ: Կարող եք ժամանակ տրամադրել ուսանողներին իրենց պատասխանները ուսումնական օրագրերում գրելու համար: Որոշ ուսանողներ կարող են կարծել, որ Տերը չի ճանաչում իրենց: Յուրաքանչյուր ուսանողի վստահեցրեք, որ Նա ճանաչում է իրենց և խրախուսեք նրանց շարունակել փնտրել Տիրոջ օգնությունն ու առաջնորդությունը:
-
Ի՞նչ ապացույց եք տեսել, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ճանաչում են ձեզ և տեղյակ են ձեր մասին:
-
Ինչպե՞ս է դա ազդել Նրանց հետ ձեր հարաբերությունների վրա:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ խորհուրդ կտան ձեզ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ձեր ներկայիս հանգամանքներում:
Առաջարկեք պատրաստակամ ուսանողներին կիսվել իրենց կամ ուրիշների փորձառություններով, որոնք օգնել են իրենց հասկանալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը տեղյակ են իրենց մասին: Հիշեցրեք ուսանողներին, որ չկիսվեն անձնական կամ գաղտնի տեղեկություններով։
Կարող եք անձնական վկայություն բերել կամ կիսվել փորձառությամբ, որը ցույց է տալիս, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ճանաչում են մեզանից յուրաքանչյուրին և խորհուրդ կտան մեզ՝ ըստ մեր ցանկությունների և հանգամանքների։