«Վարդապետություն և Ուխտեր 18․21–47․ «Ձեր ձեռքերով ես կգործեմ զարմանալի մի գործ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 18.21–47», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 29․ Վարդապետություն և Ուխտեր 18
Վարդապետություն և Ուխտեր 18․21–47
«Ձեր ձեռքերով ես կգործեմ զարմանալի մի գործ»
1829 թվականի հունիսին Փրկիչը Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին հանձնարարեց փնտրել մարդկանց, որոնք «սրտի ողջ նվիրվածությամբ» իրենց վրա կվերցնեն Իր անունը (Վարդապետություն և Ուխտեր 18․27)։ Այս մարդիկ հետագայում կկանչվեն որպես Տասներկու Առաքյալների Քվորումի առաջին անդամներ այս տնտեսության մեջ: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Տերն օգնում և օրհնում մեզ Իր Առաքյալներին կանչելու միջոցով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Տասներկու Առաքյալները
Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին մտածել այն օգնության մասին, որ Տերը տալիս է իրենց՝ ժամանակակից առաքյալների և մարգարեների միջոցով:
Գրատախտակին գրեք հետևյալ մասնագիտությունները․ բժիշկ, մեխանիկ, ատաղձագործ, երկաթագործ, ուսուցիչ։ Կարող եք նաև խնդրել ուսանողներին նշել այլ մասնագիտություններ, որոնցում մարդիկ հատուկ որակավորում են ստանում՝ մեզ օգնելու համար:
Հիշեք մի դեպք կամ հանգամանք, երբ դուք երախտապարտ եք եղել այս մասնագիտությունների տեր մարդկանց:
-
Ի՞նչ օգնություն կարող են մեզ ցուցաբերել եզակի որակավորում ունեցող այս մարդիկ:
-
Ինչպե՞ս են նրանք որակավորում ստանում:
Կարող եք ցուցադրել ներկայիս Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի նկարները։ Կարող եք առաջարկել ուսանողներին համառոտ կիսվել այս մարդկանց մասին իրենց իմացած ցանկացած տեղեկություններով՝ ներառյալ նրանց անունները, ընտանիքի մասին տվյալները և մասնագիտական գործունեությունը: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են այն, որ առաքյալները կանչված են Հիսուս Քրիստոսի կողմից՝ վկայելու Իր մասին ողջ աշխարհում (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Առաքյալ», scriptures.ChurchofJesusChrist.org)։
Փրկիչը սիրում է մեզ և կանչում է առաքյալներին՝ օգնելու մեզ յուրահատուկ եղանակներով:
-
Ի՞նչ օգնություն կարող են մեզ ցուցաբերել Փրկչի՝ հատուկ որակավորում ունեցող առաքյալները:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ չափանիշներով է Տերն ընտրում Իր առաքյալներին:
Բացատրեք, որ այսօր ուսանողները ավելին կիմանան առաքյալների և մարգարեների մասին, որոնց Փրկիչը կանչում է՝ առաջնորդելու մեզ: Կարող եք առաջարկել ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես է իրենց կյանքի վրա ազդել այն, որ այսօր երկրի վրա կան առաքյալներ և մարգարեներ: Խրախուսեք նրանց փնտրել ուսմունքներ, որոնք կարող են օգնել նրանց ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող է իրենց կյանքը օրհնվել վերջին օրերի մարգարեների և առաքյալների միջոցով:
Մեզ վրա վերցնենք Քրիստոսի անունը
Վարդապետություն և Ուխտեր 18 գլխում Տերը հրահանգեց Դեյվիդ Ուիթմերին և Օլիվեր Քաուդերիին փնտրել մարդկանց, որոնք մի օր կկանչվեն ծառայելու Տասներկու Առաքյալների Քվորումում (տես Վարդապետություն և Ուխտեր 18․37–38):
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.21–25 հատվածները և փնտրեք Տիրոջ խորհուրդը Օլիվերին:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Տերը ցանկանում, որ Դեյվիդն ու Օլիվերը հասկանան այն, ինչ դուք կարդում եք այս հատվածներում:
Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե իրենց կարծիքով, ինչ է նշանակում իրենց վրա վերցնել Քրիստոսի անունը։ Օգտակար կլինի նշել, որ մկրտության և հաղորդության միջոցով մենք ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք մեզ վրա վերցնել Փրկչի անունը: Ստորև ներկայացվող խոսքերը նույնպես կարող են օգտակար լինել.
Յոթանասունից երեց Փոլ Բ. Փայփերը ուսուցանում է, թե ինչ է նշանակում մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը:
Մեզ վրա վերցնելով Քրիստոսի անունը՝ մենք պարտավորվում ենք ընդունել Նրա ուսմունքները, Նրա հատկանիշները և, ի վերջո, Նրա սերը՝ յուրացնելով այն մեր մեջ այնպես, որ դրանք մեր մասը դառնան: (Փոլ Բ. Փայփեր, «Բոլոր մարդիկ պետք է իրենց վրա վերցնեն անունը, որը տրված է Հորից», Լիահոնա, նոյ. 2018, 44)
Առաքյալների որակավորումներն ու պարտականությունները
Տերը նաև հրահանգեց Դեյվիդին և Օլիվերին, թե ինչ անհրաժեշտ որակավորումեր պետք է ունենան նրանք, ովքեր կկոչվեն առաքյալներ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 18.26–27 հատվածները, փնտրելով որակավորումներ այս հատվածներում։ Նկատի ունեցեք, որ աշակերտներ բառը հատված 27-ում վերաբերում է նրանց, ովքեր կոչվելու են Առաքյալներ:
-
Ի՞նչ որակավորում էր Փրկիչը ցանկանում, որ Իր առաքյալներն ունենան:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Փրկիչը ցանկանում, որ այս որակավորումն ունենան նրանք, ովքեր ծառայում են որպես Իր Առաքյալներ:
-
Ինչպե՞ս կարող է ձեզ օգնել Փրկչի առաքյալների մասին դրա իմացությունը:
Բացատրեք, որ Փրկիչը առաքելական լրացուցիչ պարտականություններ է նկարագրել Վարդապետություն և Ուխտեր 18 գլխում և Վարդապետություն և Ուխտեր գրքի այլ բաժիններում։ Գրատախտակին կարող եք պատկերել ստորև ներկայացվող աղյուսակը և ուսանողներին առաջարկել արտանկարել այն իրենց օրագրերում: Կարող եք ավելացնել նաև 26–27 հատվածներից ուսանողների սովորած նյութը։ Այնուհետև ուսանողները կարող են կարդալ տրված հատվածները անհատապես կամ փոքր խմբերով և լրացնել աղյուսակը իրենց ուսումնասիրության օրագրում: Հետո յուրաքանչյուր խումբ կարող է ավելացնել իր պատասխաններից մեկը կամ երկուսը գրատախտակին տրված ցանկին:
Օգտագործեք Վարդապետություն և Ուխտեր 18․26–36 և 107.23 հատվածները՝ հետևյալ աղյուսակը լրացնելու համար․
|
Տերը ի՞նչ հատկանիշներ էր ցանկանում տեսնել Տասներկու Առաքյալների մեջ: |
Ի՞նչ էր Տերը ցանկանում, որ առաքյալներն անեին, որպեսզի օգնեին մարդկանց բերել Իր մոտ: |
Մի քանի ուսանողի առաջարկեք գրատախտակին շրջանակի մեջ առնել առաքյալների մասին որևէ բան, որն իրենց կարծիքով կարևոր է կամ նշանակալից: Առաջարկեք նրանց կիսվել, թե ինչու։ Կարող են նաև քննարկել հետևյալ հարցերը․
-
Այս հատվածներից ի՞նչ սովորեցիք այն մասին, թե Տերն ինչպես կարող է օգնել ձեզ և ուրիշներին Սուրբ Հոգու միջոցով:
-
Ինչպե՞ս կամփոփեիք այս հատվածներից առաքյալների մասին ձեր սովորածը։
Օգնեք ուսանողներին ամփոփել հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Փրկչի առաքյալներն օգնում են մեզ գալ Նրա մոտ և սովորել Նրա խոսքերը:
-
Ի՞նչ մտքեր ունեք այն մասին, որ Փրկչի առաքյալներն այսօր օգնում են ձեզ և ուրիշներին գալ Նրա մոտ։
Օրինակներ և ուսմունքներ ժամանակակից առաքյալներից
Ուսանողներին ժամանակ տվեք ուսումնասիրելու մեր օրերի այն առաքյալների օրինակները, որոնք համապատասխանում են որակավորումներին և կատարում են այն պարտականությունները, որոնք Տերը նախանշել է Վարդապետություն և Ուխտեր 18 գլխում։ Հետևյալ վարժությունը կարող է օգնել դա անել։
Որոշ ժամանակ հատկացրեք մեկ կամ մի քանի ժամանակակից առաքյալների ուսմունքներն ուսումնասիրելու համար: Կարող եք ուսումնասիրել գերագույն համաժողովի վերջին ելույթները, Եկեղեցու ամսագրերի հոդվածները կամ սոցիալական ցանցերի գրառումները: Ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչպես են առաքյալները կատարում իրենց դերը՝ օգնելով մեզ գալ Քրիստոսի մոտ: Կարող եք նույնիսկ փնտրել առաքյալի որևէ ուղերձ, որը վերաբերում է ձեր որոշակի կարիքին կամ հարցին:
Ուսանողներին բավարար ժամանակ հատկացնելուց հետո հնարավորություն տվեք դասարանի հետ կամ փոքր խմբերում կիսվել իրենց սովորածով: