«Տանը և Եկեղեցում ուսուցումը բարելավելու գաղափարներ», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
Տանը և Եկեղեցում ուսուցումը բարելավելու գաղափարներ
Երբ դուք ուսումնասիրում եք Փրկչի ավետարանը տանը և եկեղեցում, հաշվի առեք հետևյալ հարցերը.
-
Ինչպե՞ս կարող եք հրավիրել Հոգուն ձեր ուսումնասիրության ընթացքում։
-
Ինչպե՞ս կարող եք ձեր ուսումնասիրության ընթացքում կենտրոնանալ Փրկչի վրա:
-
Ինչպե՞ս կարող եք օգտվել ամենօրյա ուսուցման պահերից:
-
Ինչպե՞ս կարող եք խրախուսել ընտանիքի և դասարանի անդամներին ինքնուրույն ուսումնասիրել սուրբ գրությունները և կիսվել իրենց սովորածով:
Ահա մի քանի պարզ եղանակներ Աստծո խոսքի ուսումնասիրությունը բարելավելու համար:
Աղոթեք ոգեշնչման համար
Սուրբ գրությունները Աստծո խոսքն են, ուստի, խնդրեք Նրան օգնել, որ հասկանաք դրանք։
Փնտրեք ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին
Բոլոր բաները վկայում են Քրիստոսի մասին (տես 2 Նեփի 11.4, Մովսես 6.63), այնպես որ կարող եք նշել կամ ներկել այն հատվածները, որոնք վկայում են Փրկչի մասին, խորացրեք ձեր սերը Նրա հանդեպ և ուսուցանեք, թե ինչպես հետևել Նրան։ Երբեմն Փրկչի և Նրա ավետարանի մասին ճշմարտությունները նշվում են ուղղակիորեն, իսկ երբեմն էլ դրանք ակնարկվում են օրինակի կամ պատմության միջոցով: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ հավերժական ճշմարտություններ են ուսուցանվում այս հատվածներում։ Այս ճշմարտություններն ի՞նչ են ուսուցանում ինձ Փրկչի մասին»:
Լսեք Հոգուն
Ուշադրություն դարձրեք ձեր մտքերին ու զգացմունքներին, նույնիսկ, եթե դրանք կապված չեն ձեր կարդացած նյութի հետ: Այդ տպավորությունները կարող են լինել հենց այն, ինչը ձեր Երկնային Հայրը կամենում է, որ դուք իմանաք:
Գրի առեք ձեր տպավորությունները
Գոյություն ունեն տարբեր եղանակներ՝ գրանցելու ձեր տպավորությունները, որոնք գալիս են ուսումնասիրելիս: Օրինակ՝ դուք կարող եք պարզել, որ սուրբ գրությունների որոշ բառեր և արտահայտություններ տպավորություն են թողնում ձեզ վրա. դուք կարող եք նշել դրանք և ձեր մտքերը գրանցել որպես նշում ձեր սուրբ գրություններում: Կարող եք պահել օրագիր՝ ձեր ստացած հուշումները, զգացումները և տպավորությունները գրանցելու համար:
Ուրիշների հետ կիսվեք ձեր սովորածով
Անհատական ուսումնասիրության ժամանակ ստացած մտքերի քննարկումը լավ եղանակ է ուրիշներին ուսուցանելու, նաև կարդացածի վերաբերյալ ձեր անձնական հասկացողությունն ամրապնդելու համար: Կիսվեք ձեր սովորածով ընտանիքի անդամների և ընկերների հետ (անձամբ կամ թվային եղանակով) և հրավիրեք նրանց անել նույնը:
Սուրբ գրությունները կապեք ձեր կյանքի հետ
Մտածեք, թե պատմություններն ու ուսմունքները որքանով են առնչվում ձեր կյանքի հետ: Օրինակ` կարող եք հարցնել ինքներդ ձեզ. «Ի՞նչ փորձառություններ եմ ես ունեցել, որոնք նման են իմ կարդացածին»։
Հարցեր տվեք, երբ ուսումնասիրում եք
Երբ ուսումնասիրեք սուրբ գրությունները, ձեր մտքում հարցեր կառաջանան։ Այդ հարցերը կարող են առնչվել ձեր կարդացածին կամ ընդհանրապես ձեր կյանքին: Խորհեք այդ հարցերի շուրջ և փնտրեք պատասխաններ, երբ շարունակեք ուսումնասիրել սուրբ գրությունները:
Օգտագործեք սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերը
Ձեր կարդացած հատվածների վերաբերյալ լրացուցիչ գաղափարներ ձեռք բերելու համար օգտագործեք ծանոթագրությունները, Թեմատիկ ուղեցույցը, Աստվածաշնչի բառարանը, Սուրբ գրքերի ուղեցույցը և այլ օժանդակ նյութեր:
Հասկացեք սուրբ գրությունների համատեքստը
Դուք կարող եք գտնել կարևոր գաղափարներ սուրբգրային հատվածների վերաբերյալ՝ հասկանալով դրանց համատեքստը՝ ներառյալ տվյալ պատմության հանգամանքները կամ միջավայրը: Օրինակ՝ իմանալով այն մարդկանց պատմությունն ու համոզմունքները, որոնց հետ խոսել է Աստված, ավելի լավ կհասկանաք Նրա խոսքերի իմաստը:
Ուսումնասիրեք վերջին օրերի մարգարեների և առաքյալների խոսքերը
Կարդացեք, թե վերջին օրերի մարգարեներն ու առաքյալներն ինչ են ուսուցանել այն սկզբունքների մասին, որոնք դուք գտնում եք սուրբ գրություններում:
Ապրեք ըստ ձեր սովորածի
Սուրբ գրությունների ուսումնասիրությունը պետք է ոչ միայն ոգեշնչի մեզ, այլև առաջնորդի մեզ փոխել մեր ապրելակերպը: Լսեք, թե կարդալիս Հոգին ինչ է հուշում ձեզ անել, իսկ հետո գործեք ըստ այդ հուշումների:
Օգտագործեք երաժշտություն
Առաջարկվող օրհներգերն ու երեխաների երգերը կարելի է գտնել Եկ, հետևիր ինձ ծրագրում։ Օգտագործեք հոգևոր երաժշտություն՝ հրավիրելու Հոգին և խորացնելու ձեր հավատքն ու վկայությունը ավետարանի ճշմարտությունների մասին:
Անգիր սովորեք սուրբ գրությունները
Ընտրեք սուրբ գրության որևէ հատված, որը կարևոր է ձեզ համար, ձեր ընտանիքի և դասարանի համար, նաև անգիր սովորեք՝ կրկնելով այն ամեն օր կամ որևէ հուշող խաղ խաղալով:
Կիսվեք առարկայական դասերով
Գտեք առարկաներ, որոնք առնչվում են գլուխներին և հատվածներին, որոնք դուք կարդում եք: Մտածեք, թե յուրաքանչյուր առարկան ինչպես է առնչվում սուրբ գրությունների ուսմունքներին:
Նկարեք, գտեք կամ լուսանկարեք
Կարդացեք մի քանի հատված, իսկ հետո նկարեք ինչ-որ բան, որն առնչվում է ձեր կարդացածի հետ: Կամ կարող եք նկար փնտրել Ավետարանի պատկերագրքում և Gospel Library հավելվածի մեկ այլ վայրում: Կարող եք նաև լուսանկարել, որը ցույց է տալիս այն, ինչ սովորել եք:
Ներկայացրեք մի պատմություն
Պատմությունը կարդալուց հետո հրավիրեք ընտանիքի անդամներին կամ դասարանի անդամներին բեմադրել այն: Այնուհետև խոսեք այն մասին, թե պատմությունն ինչպես է առնչվում այն իրավիճակների հետ, որոնք դուք ունենում եք։
Եղեք ճկուն տնային ուսումնասիրության ժամանակ
Եթե ունեք ընտանիքի անդամներ, ովքեր չեն ցանկանում մասնակցել սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրությանը, փնտրեք նրանց հետ շփվելու այլ ուղիներ: Օրինակ՝ կարող եք նրանց հետ զրուցելիս անմիջականորեն կիսվել հավերժական ճշմարտությամբ կամ կիսվել սուրբգրային կարևոր հատվածով այնպես, որ դա չլինի քարոզի կամ պարտադրանքի նման։ Պարտադիր չէ, որ սուրբ գրությունների ուսումնասիրությունը նույն կերպ լինի ամեն ընտանիքում։ Երեխաներից ոմանք ավելի լավ են արձագանքում սուրբ գրությունների անհատական ուսումնասիրությանը։ Աղոթեք և հետևեք Հոգու հուշումներին:
Ուսուցիչների խորհրդի ժողովներ ծնողների համար։ Եթե ցանկանում եք լրացուցիչ օգնություն ձեր երեխաներին ուսուցանելիս, պարզեք, թե արդյոք ձեր ծուխը ծնողների համար ուսուցիչների խորհրդի ժողովներ է անցկացնում (տես Ընդհանուր ձեռնարկ, 17.5)։ Այս ժողովները հնարավորություն են տալիս ծնողներին խորհրդակցել և միասին սովորել, թե ինչպես բարելավել իրենց ուսուցումը: Նրանք կարող են քննարկել Ուսուցանել Փրկչի ձևով գրքույկի սկզբունքները, այս էջերի գաղափարները՝ ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրությունը բարելավելու համար, նաև ուսումնառության ու ուսուցման առաջարկները, որոնք կարելի է գտնել Եկ, հետևիր ինձ ձեռնարկում: