«2 Նեփի 1. Գտնել ավետարանի սկզբունքները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 1. Գտնել ավետարանի սկզբունքները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 1
Գտնել ավետարանի սկզբունքները
Պատկերացրեք, թե ինչ կզգայիք, եթե ձեր համակրած անձն իր կյանքի ավարտին մոտ լիներ և մի վերջին խորհուրդ կամ պատգամ տար ձեզ: Լեքին գիտեր, որ ինքը շուտով մահանալու է, ուստի նա խոսեց իր զավակների հետ, որպեսզի ոգեշնչի նրանց պահել Աստծո պատվիրանները: Նրա ուսուցանած ճշմարտությունները կարող են ոգեշնչման և առաջնորդության աղբյուր լինել ձեզ համար: Այս դասը կարող է օգնել ձեզ սովորել հայտնաբերել սկզբունքները, որոնք կիրառվելու դեպքում կարող են առաջնորդել ձեզ՝ ստանալու Աստծո օգությունը ձեր կյանքում:
Օգնեք ուսանողներին հայտնաբերել ավետարանի վարդապետությունն ու սկզբունքները Թեպետ երբեմն օգտակար է վարդապետությունը կամ սկզբունքն ուսանողներին ցույց տալը, սակայն նրանց ամենից հաճախ անհրաժեշտ է առաջնորդել և խրախուսել՝ վարդապետությունը և սկզբունքները ինքնուրույն հայտնաբերելու համար: Հետևողականորեն օգնեք ուսանողներին վարդապետությունն ու սկզբունքները ինքնուրույն հայտնաբերելու ունակություն ձեռք բերել:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին խրախուսեք կատարել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց ամենօրյա առաջադրանքը: Նրանց առաջարկեք 2 Նեփի 1 գլխում փնտրել ճշմարիտ սկզբունքները և պատրաստել մի օրինակ՝ դասին ներկայացնելու համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ինչ փնտրել
Ցուցադրեք ստորև ներկայացվող նկարը և ուսանողներին առաջարկեք կատարել համապատասխան վարժությունը։ Եթե կարծում եք, որ ձեր դասարանին ավելի կհամապատասխանի թաքնված պատկերով այլ վարժություն, ChurchofJesusChrist.org կայքում փնտրեք «թաքնված պատկերներ»:
Որպես այլընտրանք՝ կարող եք սենյակում թաքցնել տարբեր առարկաներ, ուսանողներին ասել ինչ փնտրել և դասարանին առաջարկել գտնել դրանք:
Ուսումնասիրեք ստորև ներկայացված նկարը և հաջորդ մեկ րոպեի ընթացքում փորձեք տեսնել, թե քանի թաքնված առարկա կարող եք գտնել:
-
Ո՞ր առարկաները հեշտությամբ գտաք: Որո՞նք գտնելու համար ավելի շատ ջանք պահանջվեց:
-
Ինչպե՞ս փոխվեց թաքնված առարկաները գտնելու ձեր ունակությունը, երբ չգիտեիք ինչ փնտրել:
Ուսանողներին առաջարկեք զույգերով կամ փոքր խմբերով պատասխանել ստորև ներկայացվող հարցին՝ նախքան պատասխաններով ամբողջ դասարանի հետ կիսվելը:
-
Ինչո՞վ է այս վարժությունը նման սուրբ գրությունների ուսումնասիրությանը:
Սուրբ գրությունների հետ կապված ձեր փորձառությունը կընդլայնեք, եթե ուսումնասիրության ժամանակ փնտրեք սկզբունքները:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե ինչ է սկզբունքը.
Ավետարանի սկզբունքը վարդապետորեն հիմնավորված ուղեցույց է՝ ազատ կամքի արդար կիրառման համար։ Սկզբունքները սերում են ավետարանական ավելի խոր ճշմարտություններից և տալիս են ուղղորդում ու չափանիշներ, երբ մենք առաջ ենք մղվում ուխտի ճանապարհին (Դեյվիդ Ա. Բեդնար, «Իմ ավետարանի սկզբունքները», Լիահոնա, մայիս 2021թ., 123):
1 Նեփի գրքում ձեր կողմից նախկինում ուսումնասիրված սկզբունքների որոշ օրինակներ են. եթե պահենք մեր ուխտերը, զինված կլինենք արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով (տես 1 Նեփի 14.14) և երբ մենք սուրբ գրությունները համադրում ենք մեզ հետ, մենք սովորում և օգուտ ենք քաղում դրանցից (տես 1 Նեփի 19.23):
-
Ինչպե՞ս համառոտ կբացատրեք, թե ի՞նչ է սկզբունքը։
-
Որո՞նք են այն մի քանի պատճառները, որոնց համար սկզբունքներ հայտնաբերելը կարող է օգտակար լինել մեր կյանքում:
Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները: Համոզվեք, որ նրանք հասկանում են, թե ինչ է սկզբունքը, և սկզբունքներն ինչպես կարող են ուղղորդել մեզ մեր կյանքում:
Ինչպես գտնել սկզբունքները
Ուսանողներին առաջարկեք կիսվել ստորև ներկայացվող հարցի վերաբերյալ իրենց պատասխաններով: 2 Նեփի 1 գլխի հատվածների օգնությամբ սկզբունքները գտնելու ուղիները բացատրելիս կամ մոդելավորելիս նրանք կարող են վերհիշել դասի համար իրենց պատրաստած նյութը:
-
Ի՞նչ եք արել անցյալում, որն օգնել է ձեզ գտնել սկզբունքները սուրբ գրություններում:
-
Ի՞նչն է դժվարություն եղել ձեզ համար, երբ փորձել եք գտնել սկզբունքները:
Սուրբ գրություններում սկզբունքները գտնելու արդյունավետ եղանակ է կարդալը և կարևոր բառեր, արտահայտություններ կամ գաղափարներ փնտրելը: Հետևյալ հարցերը կարող են օգնել դա անելու ընթացքում․
Ստորև ներկայացվող հարցերը և ցուցումները ցուցադրեք գրատախտակին և հանձնարարեք ուսանողներին արտագրել դրանք իրենց օրագրերում: Դրանք կարող են օգտակար հղումներ լինել սեմինարիայի ողջ ընթացքում և սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար:
-
Ո՞ր բառերը կամ արտահայտություններն էին կրկնվում կամ կարևոր թվում:
-
Այդ հատվածներում ի՞նչ նախազգուշացումներ կամ խոստումներ էին ներառված:
-
Ո՞րն է հիմնական գաղափարը կամ կետը, որը հեղինակը փորձել էր փոխանցել:
-
Սուրբ Հոգին ի՞նչն ընդգծեց ձեզ համար:
Այդ բառերով, արտահայտություններով կամ գաղափարներով շարադրեք մի ճշմարտություն, որը կարող է օգնել ձեզ ձեր կյանքում: Շարադրելուց հետո, տվեք ձեզ հետևյալ հարցերը.
-
Արդյո՞ք այս սկզբունքը ճի՞շտ է բոլոր իրավիճակների, ժամանակների և մշակույթների համար: Եթե ոչ, ո՞ր համապատասխանեցումներն այն կդարձնեին ճիշտ:
-
Արդյո՞ք այս սկզբունքն ինձ և այլոց ավելի կմոտեցնի Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
2 Նեփի 1 գլուխը պարունակում է Լեքիի վերջին խորհուրդներից մի քանիսը, որոնք նա տվեց իր զավակներին նախքան մահանալը: Նա հիշեցրեց նրանց Աստծո բարության մասին և մի քանի սկզբունք ուսուցանեց, որոնք նա հույս ուներ, որ կառաջնորդեն իր զավակներին կյանքի ընթացքում:
Կարդացեք 2 Նեփի 1.1–4 հատվածները՝ փնտրելով ճիշտ սկզբունքներ: Կարող եք օգտագործել վերևում կետանշաններով ներկայացված հարցերը:
-
Ի՞նչ գտաք:
Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել: Նրանք կարող են զանազան սկզբունքներ հայտնաբերել: Շնորհակալություն հայտնեք նրանց գործադրած ջանքերի համար և ասացեք, որ դա արժեքավոր է թե՛ ձեր, թե՛ դասարանի մյուս անդամների համար:
Հետևյալը Լեքիի ուսուցանած սկզբունքի օրինակ է՝ մենք կարող ենք պաշտպանվել Տիրոջով՝ հետևելով Նրա նախազգուշացումներին (տես 2 Նեփի 1.3–4):
Ճշմարտությունը բացահայտելուց հետո օգտակար կլինի խորհել, թե այն ինչ է նշանակում, և ինչպես կարող է օգնել ձեզ ձեր կյանքում:
Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչպես կարող են ավելի լավ հասկանալ կամ կիրառել իրենց գտած ճշմարտությունները: Անհրաժեշտության դեպքում ուղղեք հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը:
Հետևյալ հարցերից մի քանիսը կարող են օգտակար լինել.
-
Ինչպե՞ս է Տերը պաշտպանել ձեզ կամ ձեզ ծանոթ մարդկանց Իր նախազգուշացումներին հետևելու արդյունքում:
-
Ի՞նչ են ուսուցանում ձեզ Նրա նախազգուշացումներն Իր մասին, և ի՞նչ է զգում Նա ձեր հանդեպ:
Խորհեք, թե Տերն ինչ ձևերով կարող է նախազգուշացնել ձեզ այսօր, և ինչպես կարող եք արձագանքել:
Զարգացրեք սկզբունքներ գտնելու ունակությունը
Զարգացրեք սուրբ գրություններում սկզբունքներ գտնելու ունակությունը՝ հետևելով այդ գործընթացներին ստորև ներկայացվող վարժություններում:
Կարդացեք իր զավակներին տված Լեքիի վերջին խորհրդի հետևյալ հատվածներից առնվազն երկուսը: Այդ հատվածները կարող եք դիտել նաև «Լեքին ուսուցանում է իր ընտանիքին» տեսանյութում 0:393:35, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Ճիշտ սկզբունքները գտնելու համար օգտվեք «Ինչպես գտնել սկզբունքները» գործընթացից:
Ցուցադրեք կամ գրատախտակին գրեք հետևյալ հատվածները:
2 Նեփի 1 հատվածից ընտրեք մի ճշմարտություն, որն ըստ ձեզ, ամենաօգտակարը կլիներ ձեզ համար և ձեր օրագրերում գրեք հետևյալը.
-
Ձեր գտած սկզբունքը և այն հատվածը կամ հատվածները, որոնք գտել եք այդ սկզբունքում
-
Բացատրություն, թե ըստ ձեզ, այդ սկզբունքն ինչ է նշանակում
-
Եղանակները, որոնցով ճշմարտությունը ձեր կարծիքով կարող է առաջանորդել ձեզ և կարևոր օրհնություններ բերել ձեր կյանք
-
Այդ սկզբունքից ի՞նչ եք իմանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց պատասխաններով: Դա կարելի է անել, օրինակ այսպես. մի քանի ուսանող կարող են գրատախտակին գրել իրենց գտած սկզբունքները: Ապա մի ուսանողի առաջարկեք իր դասընկերների գրած բազմաթիվ սկզբունքներից ընտրել մեկը, որը նրան հետաքրքիր կամ իմաստալից կթվա: Այնուհետև, այդ սկզբունքը բացահայտած ուսանողը կարող է ներկայացնել իր պատասխանները վերևի հարցերին: Վարժությունը կարելի է կրկնել մի քանի անգամ: Ընդգծեք ուսանողների ներկայացրած հավերժական ճշմարտությունները և այն, թե այդ ճշմարտություններն իմացությունն ու կիրառումն ինչպես կարող է օգնել մեզ մեր կյանքում: Գովեք նրանց հաջող աշխատանքի համար: Կարող եք ներկայացնել նաև ձեր գտած որևէ սկզբունք:
Մտածեք, թե ինչ արեցիք 2 Նեփի 1 գլխի սկզբունքները գտնելու և հասկանալու համար:
-
Ինչպե՞ս կարող է ձեզ օգնել սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ շարունակաբար սկզբունքներ փնտրելը:
-
Ինչպես կարող է այն ազդել Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերության և Նրան նմանվելու ձեր ցանկության վրա:
Վկայեք սուրբ գրություններում սկզբունքները գտնելու կարևորության մասին և ուսանողներին առաջարկեք սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում հաճախակի օգտագործել այսօր սովորած հմտությունները: