Լիահոնա
Մեր սիրելի Փրկչի հաղթանակը
Ապրիլ 2026 Լիահոնա


«Մեր սիրելի Փրկչի հաղթանակը», Լիահոնա, ապրիլ 2026։

Լիահոնա ամսագրի ամենամսյա ուղերձ, ապրիլ 2026

Մեր սիրելի Փրկչի հաղթանակը

Խոսքերով հնարավոր չէ նկարագրել Հիսուս Քրիստոսի թանկագին պարգևի մեծությունն ու անչափելի կարևորությունը։ Այն երբեք չի պահանջվի մեկ ուրիշից։ Նրա տառապանքը «մեկանգամյա էր» և բոլորի համար։

դատարկ գերեզման

Տարիների ընթացքում, երբ խորհել եմ, ուսումնասիրել և անսահման մխիթարություն եմ գտել մեր Փրկչի անչափելի պարգևի՝ Հիսուս Քրիստոսի Քավության մեջ, իմ խոնարհությունը միայն ավելի է խորացել։ Մարդկային միտքը հազիվ թե կարողանա ըմբռնել, թե մարդկության ճակատագիրն ինչպես ամբողջությամբ փոխվեց Գեթսեմանիում, խաչի վրա և գերեզմանում տեղի ունեցածի պատճառով։

Մենք բոլորս անցնում ենք վշտի և տառապանքի միջով

Ես՝ որպես առաքյալ, շատ եմ ճամփորդել և արտոնություն եմ ունեցել հանդիպելու աշխարհի շատ հատվածներում ապրող երեխաների, երիտասարդների և չափահասների։ Կյանքում կան մեծ ուրախության պահեր, բայց մի բան, որը ես տեսել եմ իմ սեփական աչքերով և զգացել սրտիս խորքում, այն է, որ երջանկությունից և ուրախությունից բացի կյանքում կան վշտի և տառապանքի պահեր։

Ես երբեք չեմ մոռանա այն պահը, երբ նստած էի չորս փոքր երեխաների հետ, որոնց ծնողների կյանքը դաժանորեն ավարտվել էր իրենց իսկ տանը՝ ներխուժած անձի կողմից, մինչ երեխաները քնած էին, կամ հանդիպումը մի կնոջ հետ, որին փոքր տարիքում բռնության էր ենթարկել մի վստահելի ազգական, կամ երբ նստած էի մի երիտասարդ աղջկա մահճակալի մոտ, որն ուղեղի վնասվածք էր ստացել հեծանիվից ընկնելուց հետո և շուտով մահանալու էր, նաև չեմ մոռանա այն կնոջ հուզառատ լացը, որի ամուսինը տարիներ շարունակ անպատկառ կերպով դավաճանել էր նրան և իր տաճարային ուխտերը։

Ես զգացել եմ մի զույգի ցավը, որի չափահաս զավակը այլևս չէր հավատում ավետարանի ճշմարտություններին և ձգտում էր թուլացնել ընտանիքի մյուս անդամների հավատքը։ Ես այցելել եմ ինքնասպանություն գործած խոստումնալից մի երիտասարդի հուսահատ ծնողներին և ընկերներին։ Ես զգացել եմ Աստծո ուզած կերպով տրտմությունն այն մարդկանց, որոնք մեղք են գործել և իսկապես ցանկացել են ապաշխարել, ինչպես նաև այն կործանարար ցավը, որը կրում են մեղքից տուժածներն ու տառապողները։

Ես տեսել եմ հոգեկան հիվանդության ծանր վիշտը թե՛ դրանից տառապողի և թե՛ նրանց համար, ովքեր լուռ տառապում են՝ տեսնելով նրա ցավը, բայց օգնելու քիչ կարողություն ունեն։ Ես տեսել եմ բնական աղետների, ջրհեղեղների, փոթորիկների, հրդեհների և երկրաշարժերի պատճառած հսկայական անձնական կորուստները։ Ես ականատես եմ եղել երկրներում առաջացած խռովություններին՝ քաղաքական ընդհարումների, պատերազմների և ավերածությունների հետևանքով, ինչպես նաև այն տառապանքներին, որոնք անսպասելիորեն պարտադրվել են նրանց, ովքեր անմեղ են և ձգտում են ապրել արդար կյանքով։

Փրկիչը բռնել է մեկի ձեռքը

Healing Hands [Բժշկող ձեռքեր], Քոլբի Լարսեն, պատճենումն արգելված է

Փրկիչը սատարում է մեզ

Խոսելով Հիսուս Քրիստոսի Քավության մասին՝ Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական նախագահ Ջեյմս Է․ Ֆաուստն (1920–2007) ասել է. «Վիրավորները պետք է անեն այն, ինչ կարող են՝ իրենց փորձությունների միջով անցնելու համար, և Փրկիչը «[կ]սատար[ի] իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» [Ալմա 7․12]: Նա կօգնի մեզ կրել մեր բեռները Կան վերքեր, որոնք այնքան ցավոտ և խորն են, որ չեն կարող բժշկվել առանց ավելի բարձր ուժի օգնության և հաջորդ կյանքում կատարյալ արդարադատության ու փոխհատուցման հույսի։ … Նա հասկանում է մեր ցավը և կքայլի մեզ հետ նույնիսկ մեր ամենախավար ժամերին»։

Ես ավելի ու ավելի եմ ձգտում Փրկչի սիրուն և Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մեզ խոստացված անվերջ օրհնություններին։ Նա չպաշտպանեց մեզ կյանքի դժվարին փորձություններից, որոնք անսահման ցավ են պատճառում, սակայն Նա պաշտպանեց մեզ հավիտենական տառապանքից և Երկնային Հորից օտարվելուց, և բոլորի մեղքերի համար կրած Իր տառապանքի միջոցով թույլ տվեց մեզ ունենալ կատարյալ ուրախության և հավերժական երջանկության հնարավորություն՝ Աստծո ներկայության մեջ։

Նախագահ Դալլին Հ․ Օուքսը մեզ հիշեցրել է. «Անշուշտ, մահկանացու կյանքում Աստծո ամենամեծ օգնությունը Փրկիչ Հիսուս Քրիստոսին ուղարկելն էր, որը պիտի տառապանքով վճարեր գինը և ներում շնորհեր ապաշխարած մեղքերին: Այդ ողորմած և փառահեղ Քավությունը բացատրում է, թե ինչու է հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոսը հանդիսանում ավետարանի առաջին սկզբունքը: Նրա Քավությունը «իրագործում է մեռելների հարությունը» (Ալմա 42․23), և «քավ[ում] աշխարհի մեղքերը» (Ալմա 34․8)՝ ջնջելով մեր բոլոր ապաշխարած մեղքերը և տալով մեր Փրկչին զորություն՝ սատարելու մեզ մեր մահկանացու թուլություններում»:

Փրկիչը Գեթսեմանիում

Հատված Prayer at Gethsemane [Աղոթք Գեթսեմանիում] նկարից, Դել Փարսոն, կարող է պատճենվել միայն Եկեղեցու օգտագործման համար

Հավերժության կարևորագույն իրադարձությունը

Երբ մտածում եմ այն տառապանքի մասին, որն անձամբ տեսել եմ, որն անսահմանորեն փոքր է՝ համեմատած երկրի վրա երբևէ ապրած կամ ապրող բոլոր մարդկանց հետ, չեմ կարող որևէ բառով նկարագրել իմ սրտում եղած զգացմունքներն այն մասին, թե ինչ էր տեղի ունենում Փրկչի սրտում, մտքում, մարմնում և հոգում՝ ողջ մարդկության մեղքերի և ցավի համար տարած համընդհանուր տառապանքի սրբազան պահերին։

Հավերժության կարևորագույն իրադարձությունը սկսվեց, երբ Հիսուսը գնաց «մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում» (Մատթեոս 26․36)՝ Երուսաղեմի պարիսպներից դուրս գտնվող Ձիթենյաց լեռան վրա։ Նա Իր աշակերտներին ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է» (Մատթեոս 26․38):

Եվ մի քիչ առաջանալով՝ երեսնիվայր ընկավ, աղոթում էր ու ասում. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի. բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու» [Մատթեոս 26.37, 39]: Նա վերադարձավ Իր աշակերտների մոտ, նրանց քնած գտավ, կրկին հեռացավ և երկրորդ անգամ աղոթեց։ «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ՝ այդ բաժակն ինձանից հեռու անցնի, որ այն չխմեմ, թող քո կամքը լինի։ … [Նա] երրորդ անգամ աղոթեց և նույն խոսքն ասաց» (Մատթեոս 26․42, 44):

Հիսուսը խմեց դառը բաժակը և տառապեց մեր մահկանացու ըմբռնումից վեր՝ թե՛ պարտեզում, թե՛ խաչի վրա։ Լինելով անմեղ՝ Նա Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, որպեսզի երբ մենք գանք Նրա մոտ և ապաշխարենք, մեր մեղքերն ու բեռները բարձրացվեն մեզանից (տես Բ Կորնթացիներին 5․21):

Հիսուսի տառապանքը, մահը և քավիչ զոհաբերությունը վաղուց էին սպասված։ Հիսուսի ծնունդից 700 տարի առաջ Եսային մարգարեացավ, որ «Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը» (Եսայի 53․6): Հիսուսը խոսեց Իր կյանքը որպես «փրկագին» տալու մասին (Մատթեոս 20․28, տես նաև Ա Տիմոթեոսին 2․6) «մեղքերի թողության համար»՝ (Մատթեոս 26․28) բոլոր նրանց համար, ովքեր կհավատային Նրան և կապաշխարեին իրենց մեղքերի համար։ Պետրոսը նկարագրեց, թե Նա ինչպես «չարչարվեց մեր մեղքերի համար» (Ա Պետրոս 3․18), որ Նրա վերքերով մենք բժշկվում ենք (տես Ա Պետրոս 2․24)։ Նա արեց այն, ինչը ոչ ոք չէր կարող անել, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ մեր Հոր ներկայություն։ Նա «մեր անօրենությունների համար հարվածվեց» (Եսայի 53․5):

Գեթսեմանիում տառապանքներից հետո Նրա տանջանքը շարունակվեց․ դավաճանությունը Նրա հետ քայլողի կողմից, ծաղրը անիրավ իշխանների առաջ, Նրա մարմնի խարազանման ցավը, փշե պսակը, որը դաժան և անողորմ զինվորները սեղմել էին Նրա գլխին (տեսՀովհաննես 18․2–3, 12–14, Մարկոս 15․15–20), և ծանր խաչը, որը սեղմվել էր Նրա պատռված մեջքի վրա, երբ Նա գնում էր դեպի Գողգոթա (տեսՀովհաննես 19․16–17

Խաչի վրա Գեթսեմանիում զգացած ծայրահեղ տառապանքը կրկնվեց այնպիսի ուժգնությամբ, որին ոչ մի մարդ չէր կարող դիմանալ։ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, մենակ կատարեց Իր Հոր կողմից տրված աստվածային հանձնարարությունը՝ զոհաբերել Իր կյանքը։ Զինվորներն ու իշխանները չէին կարող այն վերցնել Նրանից (տես Հովհաննես 10․18): Ակնածանքով և հեզությամբ Հիսուսը գլուխը խոնարհեց և ասաց. «Կատարված է» (Հովհաննես 19․30):

Նրա մահկանացու կյանքի վերջին պահն ավարտվեց։ Խոսքեր չկան նկարագրելու Նրա թանկագին պարգևի մեծությունը։ Այն երբեք չի պահանջվի մեկ ուրիշից։ Հիսուս Քրիստոսի չարչարանքը «միանգամյա» էր և բոլորի համար(Եբրայեցիներին 10․10

Նա հարությո՜ւն առավ

Իր աստվածային առաքելությունն ավարտելով՝ Նա դառնալու էր մարդկության պատմության մեջ առաջինը, որ գերեզմանից պիտի հարություն առներ՝ դեպի անմահություն (տեսԱ Կորնթացիներին 15․21–23

Գերեզմանի մոտ կանանց հրեշտակներն ասացին.

«Ի՞նչ եք ողջին մեռածների մեջ փնտրում։

Այստեղ չէ, այլ հարություն է առել» (Ղուկաս 24.5-6):

Իր առաքյալներին Նա ասաց. «Տեսե՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև ես ինքս եմ» (Ղուկաս 24․39): «Հետո միանգամից երևաց հինգ հարյուրից ավելի եղբայրների» (Ա Կորնթացիներին 15․6)։ Ականատեսները տեսան հարություն առած Փրկչին Նա մահացած չէր։ Նա ողջ էր։

Հիսուս Քրիստոսը կոտրեց մահվան հավիտենական շղթաններն ու կապանքները յուրաքանչյուր մարդու համար, որն է ապրել կամ կապրի երկրի վրա (տես Ա Կորնթացիներին 15․22)։ Նա հաղթեց մեր համընդհանուր թշնամուն. մահվան թշնամին ընդմիշտ պարտված է։

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը (1924–2025) ասել է. «Հիսուս Քրիստոսն Իր վրա է վերցրել ձեր մեղքերը, ձեր ցավերը, ձեր վշտերն ու ձեր թուլությունները։ Պետք չէ, որ դուք միայնակ կրեք դրանք։ Նա կների ձեզ, երբ դուք ապաշխարեք: Նա կօրհնի ձեզ այն ամենով, ինչի կարիքը դուք ունեք: Նա կբուժի ձեր վիրավոր հոգին: Երբ դուք լծվեք Նրա հետ, ձեր բեռները կթեթևանան: Եթե դուք Հիսուս Քրիստոսին հետևելու համար ուխտեր կապեք և պահեք, ապա կտեսնեք, որ ձեր կյանքի ցավալի պահերը ժամանակավոր են։ Ձեր չարչարանքները «կուլ [կգնան] Քրիստոսի ուրախության մեջ [Ալմա 31․38]»։

Ես՝ որպես Նրա կարգված առաքյալներից մեկը, ապրել եմ հոգևոր և անձնական պահեր, որոնք ինձ տվել են հաստատուն և անսասան վկայություն, որ Նա ապրում է։ Այս Սուրբ Զատիկի տոնին թող այս խոսքերը մեղմորեն մնան մեր մտքերում և սրտերում, երբ ուրախ երգենք. «Մի թողնիր, որ մոռանանք մենք, որ Դու մեռար մեզ համար»,

Հիսուս հարյավ։ Հիսուս հարյավ …

Մարդն ազատ է, մահն հաղթված։

Հիսուսն հաղթող հռչակված:

Հղումներ

  1. Ջեյմս Է. Ֆաուստ, «The Atonement: Our Greatest Hope», Liahona, հունվար 2002, 22։

  2. Դալլին Հ. Օուքս, «Աստվածային օգնություն մահկանացու կյանքի համար», Լիահոնա, մայիս 2025, 104։

  3. Նախորդ 10 պարբերությունների համար տես Նիլ Լ. Անդերսեն, Jesus Is the Christ (2023), 28–35։

  4. Ռասսել Մ․ Նելսոն, «Տեր Հիսուս Քրիստոսը կրկին կգա», Լիահոնա, նոյ. 2024, 122։

  5. «Փրկիչ, խոնարհ աղոթում ենք», Հիմներ և Մանկական երգեր, համար 26։

  6. «Հիսուս հարյավ» Հիմներ և Մանկական երգեր, համար 55։