«Ուխտեր, զորություն և խոստումներ», Լիահոնա, հոկտեմբեր 2025։
Լիահոնա ամսագրի ամենամսյա ուղերձ, հոկտեմբեր 2025
Ուխտեր, զորություն և խոստումներ
Տաճարն առանցքային դեր է խաղում Տեր Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ՝ հավատացյալներին խոստացված զորության և պաշտպանության համար։
Նկար՝ Ջոզեֆ Սմիթ, հեղինակ՝ Դեն Բուր
1833 թվականի մայիսին իմ չորրորդ նախապապը՝ Ասահել Փերին, իր մի քանի ընկերների հետ Նյու Յորքի հյուսիսից մեկնեց Կիրթլենդ (Օհայո)։ Նրանք նոր վերականգնված Եկեղեցու անդամներ չէին, բայց ցանկանում էին հանդիպել Մարգարե Ջոզեֆ Սմիթին։ Նրանք ժամանեցին ճիշտ ժամանակին՝ մասնակցելու Կիրթլենդի տաճարի կառուցման հարցը քննարկելու համար հրավիրված առաջին խորհրդին։
Խորհրդակցությունը սկսելուց հետո Մարգարեն ներկայացրեց տաճարի կառուցման ծրագիրը։ Ապա նա կոչ արեց ներկաներին արտահայտել իրենց զգացմունքները նման մեծածավալ ձեռնարկման վերաբերյալ։ Մեծամասնությունը պատասխանեց, որ Եկեղեցին չափազանց աղքատ է նման խնդիր լուծելու համար։ Նրանք առաջարկեցին կառուցել ավելի փոքր, ավելի քիչ ծախս պահանջող շենք։
Հաջորդող քննարկման ընթացքում Փերի պապը և նրա ընկերները հավաքվեցին, հանեցին իրենց գումարը և հաշվեցին այն։ Արդյո՞ք նրանք ունեին բավականաչափ գումար՝ վճարելու իրենց վերադարձի ուղևորության և տաճարի կառուցմանն աջակցելու համար։ Մի քանի րոպե անց պապիկս մոտեցավ Ջոզեֆ Սմիթին, հանեց հինգ դոլարանոց մի ոսկե մետաղադրամ և հանձնեց Մարգարեին։ (Նման մետաղադրամն այսօր կարժենա հարյուրավոր դոլարներ։)
Ջոզեֆը կանգնեց խորհրդի առջև և բարձրացրեց մետաղադրամը։ Ապա ոգևորությամբ ասաց, որ «աշխատանքը սկսվել է, և [Տիրոջ] Տունը կկառուցվի օրինակի պես, որը ցույց է տվել» Տեր Հիսուս Քրիստոսը։
Փերի ընտանիքը շուտով միացավ Եկեղեցուն Կիրթլենդում, մի քանի տարի անց նրանք ստացան իրենց տաճարային օրհնությունները Նավուի տաճարում, իսկ ավելի ուշ անցան հարթավայրերով և հասան Յուտա։
Երբ 1836 թվականին Կիրթլենդի տաճարը նվիրագործվեց, այն չափազանց փոքր էր բոլոր Վերջին Օրերի Սրբերին տեղավորելու համար, որոնք ցանկանում էին մասնակցել նվիրագործմանը։ Եկեղեցու աճին զուգընթաց մեծացավ նաև այն Սրբերի թիվը, որոնք ստիպված էին մասնակցել բացօթյա ժողովներին։ Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստը (1920–2007), որը ծառայել է որպես իմ ցցի նախագահ, երբ պատանի էի, և որպես խորհրդատու, երբ 2007 թվականին կանչվեցի որպես Բարձրագույն Իշխանություն, այս դիտարկումն է արել Եկեղեցու երկրորդ տաճարի վերաբերյալ.
«Նախքան Նավուի տաճարի շինարարությունը կավարտվեր 1846 թ., Սրբերը հավաքվում էին դրսում` հաճախ տաճարի մոտ, որպեսզի լսեին Ջոզեֆի և Եկեղեցու այլ ղեկավարների խոսքը: Երբեմն հազարավոր մարդիկ էին գալիս այդ հավաքներին», երբեմն նույնիսկ անբարենպաստ եղանակին։
«Ինչպես [երեց] Ջորջ Ա․ Սմիթն է նկատել իրեն հատուկ հումորով. «Մարգարե Ջոզեֆի օրերին … [Եկեղեցին] ծաղկում էր դրսում»»:
Մենք երախտապարտ ենք, որ մեր օրերում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ծաղկում է դրսում, ներսում և ամբողջ աշխարհում։ Այդ ծաղկումը ներառում է տաճարների կառուցումը աննախադեպ արագությամբ՝ «ցույց տրված օրինակի պես», օրինակ, որը միշտ ներառել է օրհնություններ, նվիրաբերում, հավատք և զոհաբերություն։
A Glorious Light—Kirtland Temple [Փառահեղ մի լույս` Կիրթլենդի տաճարը], նկարը՝ Գլեն Ս. Հոփկինսոնի, պատճենումն արգելված է
Ինչո՞ւ այդքան շատ տաճարներ
«Մեր նախորդները մարգարեացել են, որ տաճարներով կլցվեն Հյուսիսային և Հարավային Ամերիկան, Խաղաղ օվկիանոսի կղզիները, Եվրոպան և բոլոր վայրերը»,- ասել է նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը (1899–1994) մի քանի տասնամյակ առաջ։ «Եթե փրկագնման այս աշխատանքը պետք է կատարվի պատշաճ մասշտաբով, անհրաժեշտ կլինեն հարյուրավոր տաճարներ»։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է, որ մենք այսօր տաճարներ ենք կառուցում աննախադեպ արագությամբ, «որովհետև Տերն է մեզ հրահանգել դա անել։ Տաճարի օրհնություններն օգնում են հավաքել Իսրայելը վարագույրի երկու կողմում։ Այս օրհնությունները նաև օգնում են պատրաստել մի ժողովուրդ, որը կօգնի նախապատրաստել աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալուստին»:
Կիրթլենդի տաճարի նվիրագործման իր աղոթքում Ջոզեֆ Սմիթը աղոթեց, «որ բոլոր մարդիկ, ովքեր ոտք կդնեն Տիրոջ տան շեմքին, կարողանան զգալ քո զորությունը։ …
Եվ մենք խնդրում ենք քեզ, Սո՛ւրբ Հայր, որ քո ծառաները կարողանան դուրս գալ այս տնից քո զորությամբ զինված, և որ քո անունը լինի նրանց վրա, և քո փառքը պարուրի նրանց, և քո հրեշտակները պահպանեն նրանց» (Վարդապետություն և Ուխտեր 109․13, 22, շեշտադրումն ավելացված է, տես նաև հատված 23)։
Երբ կարդում եմ այդ տողերը, մտածում եմ Նեփիի վերջին օրերի տեսիլքի մասին։ Ուշադրություն դարձրեք նմանատիպ զգուշացմանը. «Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, տեսա Աստծո Գառի զորությունը, որ այն իջավ Գառի եկեղեցու սրբերի վրա և Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա, որոնք ցրված էին ողջ երկրի երեսին. և նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով» (1 Նեփի 14․14, շեշտադրումն ավելացված է)։
Ես հավատում եմ, որ վերջին օրերի տաճարները կարևոր դեր են խաղում Նեփիի մարգարեության կատարման գործում և առանցքային դեր ունեն Երկրորդ Գալուստից առաջ հավատարիմներին խոստացված պաշտպանության և զորության համար։
Մի քանի տարի առաջ, երբ ես ծառայում էի որպես համալսարանական ծխի եպիսկոպոս, ինձ հատկապես տպավորել էր իմ ծխի մի երիտասարդ կին։ Նա շարունակում է տպավորել ինձ։ Դուք ճանաչում եք նրան որպես Երիտասարդ կանանց գերագույն նախագահ Էմիլի Բել Ֆրիման։ Վերջերս գերագույն համաժողովի իր ելույթում նա ուսուցանեց, որ տաճարի միջոցով Հիսուս Քրիստոսը մեզ բարձրացնում է ավելի բարձր հոգևոր մակարդակ։
«Ամեն անգամ, երբ մտնում եմ Նրա տուն, ես զգում եմ ավելի խորացած ուխտի հարաբերություններ Նրա հետ»,- ասել է նախագահ Ֆրիմանը: «Ես սրբագործվել եմ Նրա Հոգով, օժտվել եմ Նրա զորությամբ և ձեռնադրվել եմ կառուցելու Նրա արքայությունը»:
Խոստացված զորություն
Նախագահ Նելսոնը հաճախ է խոսել Հիսուս Քրիստոսի զորության մասին, որը հասանելի է տաճարային ուխտերի միջոցով։ «Փրկչի հետ աշխատանքի լծվելը նշանակում է, որ ձեզ հասանելի են Նրա ուժը և փրկագնող զորությունը»,- ասել է նա։ Նախագահ Նելսոնը նաև ուսուցանել է․
«Երբ պահում ենք մեր տաճարային ուխտերը, Տիրոջ ամրապնդող զորությունն ավելի հասանելի է դառնում մեզ։ Տաճարում մենք պաշտպանություն ենք ստանում աշխարհի հարվածներից»:
«[Փրկչի] կարևոր արարողությունները մեզ կապում են Իր հետ՝ քահանայության սուրբ ուխտերի միջոցով։ Այնուհետև, երբ մենք պահում ենք մեր ուխտերը, Նա մեզ օժտում է Իր բժշկող, ամրապնդող զորությամբ: Օ, իսկ գալիք օրերին որքան ենք ունենալու Նրա զորության կարիքը»:
«Բարոյական և հոգևոր զորությունը, որը մեր ժողովրդին անհրաժեշտ է հիմա և առաջիկա օրերի համար, Հայր Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի զորությունն է։ Նրանց զորությունը մեզ համար հասանելի է դառնում՝ Նրանց հետ ուխտեր կապելու և պահելու միջոցով»։
Երկնային զորությունը կարևոր է, եղբայրներ և քույրեր, որովհետև մենք ապրում ենք չափազանց ամբարիշտ աշխարհում։ Առանց այդ զորության մենք չենք կարողանա «տոկալ նրա գալու օրվան» կամ «նրա երևալու ժամանակ … կանգուն մնալ» (Մաղաքիա 3․2)։ Մենք չգիտենք, թե երբ կլինի այդ օրը, բայց Նրա պատգամաբերն արդեն ուղարկվել է, որ «ճանապարհ պատրաստի» Նրա գալուստի համար (Մաղաքիա 3․1)։ Մինչդեռ, աշխարհը հանգիստ չի ընթանում դեպի այդ օրը։
Մենք ունենք հավատացյալներին խոստացված զորության կարիքը, որը կօգնի մեզ․
-
Թույլ տալ, որ Աստված տնօրինի մեր կյանքը։
-
Ապաշխարել և ավելի մոտենալ Տիրոջը։
-
Օրհնել, մխիթարել, առաջնորդել և սպասավորել։
-
«Ավելի լավ դիմակայել մեր փորձություններին, գայթակղություններին ու ցավերին» (տես Մոսիա 3․19)։
-
Գտնել խաղաղություն և ուրախություն Քրիստոսում, երբ քայլում ենք ուխտի ուղով։
-
Պատրաստ լինել «այրման օրվան» և պաշտպանվել «ամբարիշտների դժբախտությունից» (Վարդապետություն և Ուխտեր 109․46)։
-
Իրականացնել Տիրոջ գործը Նրա Երկրորդ Գալուստից առաջ։
Տուկսոնի (Արիզոնա) տաճարի գմբեթի լուսանկարը՝ Ջեյմս Ուիթնի Յանգի
Փրկության պահապանները
Երկնային Հոր գործը և փառքն է՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39)։ Յուրաքանչյուր տաճար կանգնած է որպես Աստծո փրկության ծրագրի երկրային պահապան՝ մատնանշելով Փրկչի առանցքային դերը այդ գործի և փառքի համար։
Զինված լինելով Նրա զորությամբ՝ յուրաքանչյուր ուխտ պահող տղամարդ և կին՝ ամուսնացած լինի, թե ոչ, որը հավատարմորեն պահում է տաճարային ուխտերը, կօրհնվի այս կյանքում և գալիք կյանքում։
Նախագահ Նելսոնը խոստացել է․ «Նպատակը, որին մեզանից յուրաքանչյուրը ձգտում է, Տիրոջ տանը զորությամբ օժտվելն է, ընտանիքներով կնքվելը, տաճարում կապած ուխտերին հավատարիմ մնալը, ինչը մեզ արժանի կդարձնի Աստծո մեծագույն պարգևին, որն է՝ հավերժական կյանքը։ Տաճարային արարողությունները և այնտեղ կապած ձեր ուխտերը կարևորագույն հիմք են՝ ձեր կյանքը, ձեր ամուսնությունն ու ընտանիքը ամրացնելու և հակառակորդի հարձակումներին դիմակայելու ձեր ունակության համար։ Տաճարում երկրպագությունը և ձեր ծառայությունը ձեր նախնիների համար կօրհնեն ձեզ ավելի մեծ անձնական հայտնություններով և խաղաղությամբ, ու կամրացնեն ուխտի ուղու վրա մնալու ձեր հանձնառությունը»։
Որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ՝ ես վկայում եմ, որ այս բաները ճշմարիտ են։
© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Liahona Message, October 2025-ի թարգմանությունը: Armenian․ 19611 201