«Հիսուս Քրիստոս․ Զատիկի հույսը և խոստումը», Լիահոնա, ապրիլ 2025
Լիահոնա ամսագրի ամենամսյա ուղերձ, ապրիլ 2025
Հիսուս Քրիստոս․ Զատիկի հույսը և խոստումը
Զատիկի հույսով և խոստումով Հիսուս Քրիստոսը իրականացնում է մեր սրտերի իղձերը և պատասխանում մեր հոգու հարցերին:
Լուսանկարները` Մայքլ Դանֆորդի
Խնդրում եմ, ստեղծեք մի հանգիստ պահ և հոգևոր սրբավայր, երբ կարդաք այս ուղերձը:
Շատ հաճախ մեր աշխարհը աղմկոտ է՝ խճճված կեղծավորությամբ և հպարտությամբ: Բայց երբ մենք խոցելի ենք և անկեղծորեն ընդունում ենք Աստծո ազդեցությունը մեզ վրա, Զատիկի հույսն ու խոստումը Հիսուս Քրիստոսում իրական են դառնում: Նման պահերին մենք աղերսում ենք.
«Ինչպե՞ս կարող եմ նորից տեսնել իմ ընտանիքի անդամին, իմ ընկերոջը, իմ սիրելիին»:
«Կարճատև, «եսակենտրոն» հարաբերությունների աշխարհում ես որտե՞ղ գտնեմ և զգամ խաղաղություն, հույս և հաղորդակցություն Աստծո հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 107.19), ինձ շրջապատող մարդկանց և ինքս ինձ հետ»:
«Կա՞ մեկը, ում կարող եմ սիրել, և ով իսկապես կսիրի ինձ: Կարո՞ղ են ուխտի հարաբերությունները աճել և շարունակվել ոչ թե ինչպես հեքիաթ, այլ մահվան կապանքներից ավելի ամուր կապերով՝ իսկապես երջանիկ և հավիտյան»:
«Որտեղ շատ ցավ, տառապանք և անարդարություն կա, ինչպե՞ս կարող եմ նպաստել խաղաղությանը, ներդաշնակությանը և փոխըմբռնմանը՝ Հիսուս Քրիստոսում և Նրա վերականգնված ավետարանում ու Եկեղեցում»:
Զատիկի այս տոնին ես կիսվում եմ իմ վկայությամբ Հիսուս Քրիստոսի և Նրա խոստման ու հույսի մասին:
Ուխտին պատկանելու և նպատակի խոստումը
Աստված՝ մեր Հավիտենական Երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսը՝ Նրա սիրելի Որդին, և Սուրբ Հոգին անձամբ մոտ են մեզ: Նրանց անսահման և հավերժական լույսը, կարեկցանքը և փրկագնող սերը միահյուսված են արարման և մեր գոյության նպատակի մեջ (տես Ալմա 30.44, Մովսես 6.62–63):
Երկնքի նախաերկրային Խորհրդում «առավոտյան աստղերը միասին ցնծությամբ երգում էին, ու երբ Աստծու բոլոր որդիները [և դուստրերը] ուրախությամբ աղաղակում էին» (Հոբ 38.7): Մենք ընտրեցինք ընտրություն կատարելու հնարավորությունը։ Այժմ մենք հավատով ենք ընթանում: Մեր սեփական փորձի միջոցով մենք բացահայտում ենք Աստծո խոստացած գեղեցկությունը, պարզությունը, ուրախությունը և նպատակը՝ մահկանացու կյանքի անորոշությունների, հուսահատությունների և մարտահրավերների մեջ:
Հարկավոր չէ, որ մենք միայնակ թափառենք՝ չհասկանալով մեր նպատակն ու ուղղությունը: Մենք կարող ենք հաղորդակցվել երկնքի հետ, կառուցել հավատք և պատկանելություն ընտանիքում և Սրբերի տանն ու համայնքում, ինչպես նաև դառնալ մեր ամենաճշմարիտ, ամենաազատ, ամենաիրական, ուրախ ես-ը՝ Աստծո պատվիրաններին կամավոր և ուրախ հնազանդվելու միջոցով: Քավությունը Հիսուս Քրիստոսում և Նրա միջոցով բերում է այս ուխտի պատկանելությունը:
Հիսուս Քրիստոսի կյանքի և առաքելության հույսը
Զատիկի հույսն ու խոստումը ամեն օր ներառում են օրհնություններն ու ուսմունքները, որոնցով Հիսուս Քրիստոսը կիսվել է Իր կատարյալ մահկանացու ծառայության ընթացքում: Նախասահմանված լինելով ի սկզբանե՝ Հիսուս Քրիստոսը ծնվեց որպես Աստծո Միածին Որդին (տես Հակոբ 4.5, Ալմա 12.33–34, Մովսես 5.7, 9): Նա Աստծո ու մարդկանց առաջ զարգանում էր իմաստությամբ, հասակով ու շնորհով (տես Ղուկաս 2.52): Ձգտելով կատարել միայն Իր Հոր կամքը՝ Հիսուս Քրիստոսը ներեց մեղքերը, բժշկեց տկարությունները, հարություն տվեց մահացածներին և մխիթարեց հիվանդներին ու միայնակներին:
Մի անգամ՝ 40 օր ծոմ պահելուց հետո Նա վկայեց. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն [տալու], հարստահարվածներին ազատ արձակելու» (Ղուկաս 4․18, Եսայի 64․1)։
Մեզանից յուրաքանչյուրը դրանցից մեկն է:
Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսը լվաց Իր աշակերտների ոտքերը (տես Հովհաննես 13.4-8): Թե՛ Հին, թե՛ Նոր աշխարհում «կենդանի ջուրը» և «կյանքի հացը»՝ Ինքը՝ անձնապես հաստատեց հաղորդությունը: Հաղորդության սուրբ արարողության ժամանակ մենք դիմում ենք Հորը և ուխտ ենք կապում մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը, միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները, որպեսզի մենք Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենանք (տես Ղուկաս 22.19–20, 3 Նեփի 18.7, 10–11):
Գեթսեմանիի պարտեզում Հիսուսն ավելի շատ չարչարվեց, քան մարդը կարող է տառապել՝ մեզ փրկագնելու և մեր փոխարեն քավելու համար: Արյուն եկավ յուրաքանչյուր ծակոտիից։ Հիսուս Քրիստոսը տարավ բոլոր մարդկանց ցավը, որպեսզի մենք չտառապենք, եթե ապաշխարենք (տես Վարդապետություն և Ուխտեր 18․11; 19․16):
Հիսուս Քրիստոսին դավաճանեցին, կեղծաբար մեղադրեցին, ծաղրեցին ու խարազանեցին, և փշե պսակ դրեցին Նրա խոնարհ գլխին (տես Մատթեոս 27.26, 29, Մարկոս 15.15, 17, 20, 31, Ղուկաս 22.63, Հովհաննես 19.1–2): «Մեր հանցանքների համար վիրավորվեց … նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայի 53․5)։ Նա «խաչի վրա բարձրացվեց», որպեսզի մեզ դեպի Իրեն բերի (տես 3 Նեփի 27.14–15): Այնուամենայնիվ, նույնիսկ խաչի վրա Հիսուս Քրիստոսը ներեց (տես Ղուկաս 23.34): Նա խնդրեց Հովհաննեսին հոգ տանել Իր մոր մասին (տես Հովհաննես 19.26–27): Նա իրեն լքված էր զգում (տես Մատթեոս 27.46, Մարկոս 15.34): Որպեսզի իրականանա գրվածը, Նա ասաց. «Ծարավ եմ» (տես Հովհաննես 19.28): Երբ ամեն ինչ կատարվեց, Նա «հոգին ավանդեց» (Ղուկաս 23.46, տես նաև Հովհաննես 10.17–18):
Հիսուս Քրիստոսը գիտի, թե ինչպես սատարել մեզ մեր հիվանդությունների, տկարությունների, միայնության, մեկուսացման և դժվարությունների մեջ (տես Ալմա 7.12): Նման տառապանքները հաճախ գալիս են ուրիշների ընտրության հետևանքով: Նա նաև գիտի, թե ինչպես մեզ հետ ուրախանալ մեր բերկրանքով և երախտագիտությամբ, ինչպես հուզվել մեզ հետ, երբ մեր ուրախությունը լիարժեք է: Նա քնքշորեն կանչում է մեզ Իր անունով, Իր ձայնով՝ դեպի Իր հոտը: Նա ամենուր կանչում է յուրաքանչյուր մարդու։ Նա հրավիրում է մեզ տեսնել և հասկանալ մահկանացու կյանքը հավերժության հեռանկարից: Երբ մենք ուղիղ ենք քայլում և պահում մեր ուխտերը, Նա խոստանում է, որ բոլոր բաները միաժամանակ կգործեն մեր բարիքի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 90.24, Հռոմեացիներին 8.28):
Նրա ժամանակին և ձևով, ամեն ինչ ոչ միայն կվերականգնվի իր սկզբնական վիճակին, այլ նաև իր առավելագույն ներուժին: Իսկապես, Հիսուս Քրիստոսը կարող է ազատել մեզ գերությունից և մեղքից, մահից և դժոխքից և կարող է օգնել մեզ իրականացնել մեր աստվածային ինքնությունը, երբ մենք դառնում ենք ավելին, քան երբևէ պատկերացրել ենք՝ հավատքի և ապաշխարության միջոցով:
Ազատման խոստումը
Հիսուս Քրիստոսի շնորհիվ մահը վերջը չէ։ Զատիկին մենք հայտարարում ենք․
Իր Հոր պատվիրանով և զորությամբ Հիսուսը կարող էր տալ Իր կյանքը և վերստին ստանալ այն (տես Հովհաննես 10.17): Մինչ Հիսուս Քրիստոսի մարմինը գտնվում էր գերեզմանում, Նա սպասավորում և կազմակերպում էր հոգիների աշխարհում՝ հայտարարելով «մահվան կապանքներից նրանց փրկագնումը» (Վարդապետություն և Ուխտեր 138.16):
Երրորդ օրը առավոտյան Նա հարություն առավ գերեզմանից: Նա խոսեց Մարիամի հետ: Էմմաուսի ճանապարհին Նա հայտնվեց երկու աշակերտներին, Իր առաքյալներին և այլ մարդկանց։ (Տես Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20։)
Քիազմային վկայությամբ Նա հրավիրեց Իր աշակերտներին իրենց ցանցերը նետել նավի մյուս կողմը. այս անգամ, թեև կրկին ձկներով լի, ուռկանները չպատռվեցին (տես Հովհաննես 21.6–11, Ղուկաս 5.3–7): Նա կերակրեց աշակերտներին և երեք անգամ աղաչեց Պետրոսին, որ արածեցնի Իր ոչխարներին ու գառներին (տես Հովհաննես 21.12–17): Նա համբարձվեց երկինք՝ հայտարարելով, որ Իր աշակերտներն այն ժամանակ և մենք բոլորս՝ այժմ, պետք է կիսվենք Զատիկի փառահեղ լուրով և Նրա ավետարանով յուրաքանչյուր ազգի, ցեղի և ժողովրդի հետ (տես Մատթեոս 28.19–20, Մարկոս 16.15):
Հիսուս Քրիստոսը մեր Բարի Հովիվն է և Աստծո Գառը: Նա տվեց Իր կյանքը հանուն Իր գառների և տալիս է Իր կյանքը Իր գառներին: Պարտեզում և խաչի վրա Նա կրեց անտանելի չարչարանքներ ու քավեց մեզ համար։ Ժամանակի և հավերժության մեջ Նա օրինակով ցույց է տալիս մեզ, թե ինչպես է «մահը բացում անցումը դեպի հավերժություն»:
Քրիստոսի Քավության և Հարության զորության միջոցով մեր մարմիններն ու հոգիները կվերամիավորվեն ֆիզիկական հարության ժամանակ: Մենք փառավոր կլինենք, կվերականգնվենք հոգեպես և ֆիզիկապես, վերջույթ առ վերջույթ: Նույնիսկ մեր գլխի մազերը կվերականգնվեն։ Մենք կազատվենք մահկանացու կյանքի տկարություններից, հիվանդություններից, ֆիզիկական վթարներից և մտավոր անկարողությունից: Քրիստոսի Քավությունը կարող է օրհնել մեզ՝ հաղթահարելու յուրաքանչյուր տեսակի հոգևոր բաժանում և հոգևոր մահ: Ապաշխարության պայմանով մենք ազատվում ենք ամեն մեղքից և վշտից ու պատրաստ ենք սիրո և ուրախության հավերժական լիության համար: Մաքուր, սրբագործված, ազատ և մեր ամենաթանկ ընտանեկան հարաբերություններով մենք կարող ենք վերադանալ մեր Հոր Աստծո և Հիսուս Քրիստոսի փառավոր, սելեստիալ ներկայությունը:
Մենք նորից կտեսնենք մեր սիրելիներին։ Երբ վերամիավորվենք մեր սիրելի մարդկանց հետ, մենք կտեսնենք միմյանց հավերժության հեռանկարով՝ ավելի մեծ սիրով, հասկացողությամբ և բարությամբ: Հիսուս Քրիստոսի Քավությունը կարող է օգնել մեզ հիշել, թե ինչն է կարևոր, և մոռանալ այն, ինչը կարևոր չէ: Ավելի մեծ հավատքով և երախտագիտությամբ մեր Փրկչին և հարաբերությունները տեսնելը բերում է խաղաղություն, բարձրացնում է բեռները, հաշտեցնում սրտերը և միավորում ընտանիքները ժամանակի և հավերժության մեջ:
Առատության և ուրախության հույս
Տոնելով Զատիկը այն բոլոր օրհնությունների համատեքստում, որ տալիս է Հիսուս Քրիստոսը, կարող ենք ներառել՝ երկնքի բացվող պատուհանները, որթատունկի շատացող բերքը, և սքանչելի դարձող երկրները: Զատիկը Հիսուս Քրիստոսում ներառում է նաև՝ մխիթարել և հոգ տանել այրիների և որբերի, քաղցածների և անօգնականների մասին, նրանց մասին, ովքեր վախենում են, բռնության են ենթարկվում կամ միամտաբար հայտնվում են փորձության մեջ: Տեղյակ լինելով յուրաքանչյուրի մասին՝ Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ տեսնել և ծառայել սիրով ու կարեկցանքով, ինչպես Ինքն է անում:
Բոլոր լավ բաներում Հիսուս Քրիստոսը առատորեն վերականգնում է (տես Հովհաննես 10.10, Ալմա 40.20–24): Նա խոստանում է, որ «երկիրը լի է, և բավականաչափ կա նաև խնայելու համար» (Վարդապետություն և Ուխտեր 104.17): Նրա կողմից բոլոր բաների վերականգնումը ներառում է Իր ավետարանի լրիվությունը, Նրա քահանայության իշխանությունն ու զորությունը, և սուրբ արարողություններն ու ուխտերը, որոնք գտնվում են Նրա Եկեղեցում, որը կոչվում է Նրա անունով՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի:
Զատիկը Հիսուս Քրիստոսում ներառում է ավելի շատ Տիրոջ տաճարներ, որոնք շատ տեղերում ավելի են մոտենում Աստծո զավակներին՝ մեր սրտեր բերելով «ազատարարները Սիոն լեռան վրա» վարդապետությունը (տես Աբդիա 1.21): Տերը մեզ համար տալիս է սրբագործող, անշահախնդիր ճանապարհ՝ առաջարկելու երկրի վրա այն, ինչի կարիքն ու ցանկությունն ունեն հեռացած սիրելիները հավերժության մեջ, որը նրանք չեն կարող ձեռք բերել իրենց համար:
Սա է իմ հույսը, խոստումը և վկայությունը: Ես վկայում եմ մեր Հայր Աստծո, մեր Փրկիչ ու Քավիչ Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին: Զատիկին և ամեն օր, թող մենք հավերժական հույս և խոստում գտնենք Աստծո երջանկության աստվածային ծրագրի մեջ՝ մահկանացու կյանքից անմահության և հավերժական կյանքի աստվածային փոխակերպման ուխտի ճանապարհով: Ամեն օր թող Հիսուս Քրիստոսի Քավության վստահությունը բարձրացնի մեր բեռները, օգնի մեզ մխիթարել ուրիշներին իրենց վշտերի մեջ և ազատել մեր հոգիները՝ ստանալու Նրա լիակատար ուրախությունը:
Զատիկի հույսով և խոստումով Հիսուս Քրիստոսը իրականացնում է մեր սրտերի իղձերը և պատասխանում մեր հոգու հարցերին:
© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Liahona Message, April 2024-ի թարգմանությունը։ Armenian. 19612 201