«Ես կբժշկեմ նրանց», Լիահոնա, փետրվար 2025։
Ամենամսյա Լիահոնա ամսագրի ուղերձ, փետրվար 2025
«Ես կբժշկեմ նրանց»
Փրկչի բժշկող ծառայությունը աստվածային նախերգանքը և խոստումն է տևական ֆիզիկական և զգացմունքային բուժման, որը կտրվի մեզանից յուրաքանչյուրին Հարության ժամանակ։
Ես դեռ վառ հիշում եմ որոշ երկար թռիչքներ, որոնք կատարել եմ իմ մասնագիտական կյանքի ընթացքում որպես ավիաընկերության կապիտան։
Դրանցից մեկի ժամանակ ես սկսում էի թռիչքը Գերմանիայում առավոտյան ժամը 11․00-ին, իսկ Կալիֆորնիայում վայրէջք էի կատարում 13․00-ին՝ նույն օրը։ Տեղական մեկնումների և ժամանման ժամերը համեմատելով՝ կարող է թվալ, որ Ատլանտյան օվկիանոսով և Հյուսիսային Ամերիկա մայրցամաքով թռիչքը տևել է ընդամենը երկու ժամ։ Բոինգ 747-ը արագ էր սլանում, բայց ոչ այդքան արագ։ Իրականում մեզանից պահանջվում էր մոտ 11 ժամ՝ կախված քամուց, 5600 մղոն (9000 կմ) անցնելու համար։
Քանի որ մենք թռչում էինք դեպի արևմուտք, մեր թռիչքի ընթացքում արևը երբեք մայր չէր մտնում։ Մենք վայելում էինք լուսավոր ցերեկը Գերմանիայից Կալիֆորնիա ամբողջ ճանապարհին։
Գերմանիա վերադառնալը, սակայն, բոլորովին այլ պատմություն էր։ Նույնիսկ երբ մենք օդ էինք բարձրանում անմիջապես կեսօրին, երբ թռչում էինք դեպի արևելք, մայրամուտն ավելի արագ էր սկսվում, քան սովորաբար լինում էր, և մինչ մենք դա կնկատեինք, վրա էր հասնում գիշերը։
Այս երկար թռիչքների ընթացքում հոգիս հաճախ լցվում էր ակնածանքով, երբ մտածում էի այս երկրի գեղեցկության և Աստծո արարչագործության մասին։ Նույնիսկ գիշերով թռչելիս՝ լիակատար մթության մեջ ես վստահորեն գիտեի, որ արևը նորից կծագի, որ պայծառ լույսը կվերադառնա և ջերմություն ու կյանք կհաղորդի նոր օրվան՝ նախքան մեր ճանապարհորդության ավարտը։ Իմ թռիչքի հանգամանքներից ելնելով կարող էր այնպես թվալ, որ արևը մայր էր մտնում ավելի դանդաղ կամ ավելի արագ, բայց ես գիտեի, որ արևը երկնքում էր մնում մշտապես, հաստատուն և հուսալի կերպով։
Ես այդպես եմ զգում նաև Աստծո դեպքում։ Քանի որ ես խորապես հիմնավորված վստահություն ունեմ Աստծո իմաստության և նպատակի վերաբերյալ, Նրա ողջ արարչագործության համար, ես կարող եմ զգալ ուրախ հույս և հարատև խաղաղություն, երբ մտածում եմ մեր մահկանացու գոյության մասին։ Մենք Աստծո զավակներն ենք։ Նա սիրում է մեզ: Նա գիտի մեր հանգամանքները։ Նա պատրաստ է օգնել։ Այս ճշմարտությունները չեն փոխվում, նույնիսկ երբ մեզ շրջապատող այլ բաները թվում են անկայուն և անկանխատեսելի։
Մենք բոլորս ապրում ենք խավարի, վշտի և անորոշության պահեր, որոնք սպառնում են մեր խաղաղությանը։ Որքա՜ն երախտապարտ եմ ճշմարտության և լույսի հուսալի և ճշմարիտ աղբյուրի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 88․6-11)։ Հիսուս Քրիստոսը աշխարհի լույսն ու կյանքն է: Նրա և Նրա քավող զոհաբերության շնորհիվ մենք հույս ունենք ապագայի նկատմամբ, հասանելիություն դեպի աստվածային լույս՝ լուսավորելու մեր ճանապարհորդության խավար օրերը և մեղքի ու մահվան դեմ վերջնական հաղթանակի խոստում։
«Նա սիրում է աշխարհը»
Հիսուս Քրիստոսը միակ կատարյալ մարդն էր, ով երբևէ քայլել է երկրի վրա։ Իր կատարյալ կյանքի շնորհիվ Նա ոչ մի պարտք չուներ արդարադատությանը։ Մեր հանդեպ սիրուց մղված՝ Նա տվեց Իր կյանքը մեզանից յուրաքանչյուրի համար անհատապես և Աստծո բոլոր զավակների համար միասին՝ բացելու անմահության և հավերժական կյանքի դուռը։
Անկախ այն ամենից, ինչին սատանան կստիպի մեզ հավատալ, մեզանից ոչ ոք դուրս չէ մեզ փրկելու Փրկչի կարողության սահմաններից։ Մեզանից ոչ ոք զրկված չէ ներման շնորհից։ Մեզանից ոչ ոք զրկված չէ լինելու «հավերժորեն օղակված նրա սիրո բազուկների մեջ» (2 Նեփի 1.15)։
Բոլոր պարգևներից այս մեծագույնը գալիս է Հիսուս Քրիստոսի Քավության հնարավորություն տվող և փրկագնող զորությունից։ Գեթսեմանիում և Գողգոթայում տարած Իր տառապանքների շնորհիվ Փրկիչը գիտի, թե ինչպես փրկել և օգնել մեզ մեր յուրաքանչյուր և բոլոր թուլություններից (տես Ալմա 7․12)։
«Նա չի անում որևէ բան, բացի դա լինի ի օգուտ աշխարհի. քանզի նա սիրում է աշխարհն այնքան, որ նա վայր է դնում իր սեփական կյանքը, որպեսզի կարողանա ձգել բոլոր մարդկանց իր մոտ» (2 Նեփի 26․24)։
Հիսուս Քրիստոսը մեր ուժն է։
Նա ձեռք է մեկնում։
Նա վերականգնում է։
Նա փրկում է։
«Երբ Փրկիչը [տվեց Իր քավող զոհաբերությունը] ողջ մարդկության համար, Նա բացեց մի ճանապարհ, որով նրանք, ովքեր հետևում են Իրեն, կարողանան ստանալ Իր բժշկող, զորացնող և փրկագնող զորությունը»,- ասել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը։
Այդ ուժը, ինչպես արևը, միշտ իր տեղում է։ Այն երբեք չի թուլանում։ Փրկչին հետևելու ընտրությունը նման է ստվերից դուրս գալուն և դեպի արևի լույսը քայլելուն, որտեղ մենք կարող ենք ստանալ Աստծո լույսի, ջերմության և սիրո օրհնությունները։ Ես գիտեմ, որ մի օր մենք ետ կնայենք և կլցվենք երախտագիտությամբ, որ կայացրել ենք հավերժ կարևոր որոշում՝ վստահելու Հիսուս Քրիստոսին և Նրա աստվածային սիրուն՝ մեզ բարձրացնելու և զորացնելու համար։
«Վերադա[րձեք] ինձ մոտ»
Մորմոնի Գիրքը պատմում է մի ժողովրդի մասին, որ երեք օր անցկացրեց ամենաթանձր խավարի մեջ, որը հետևեց Փրկչի Խաչելությանը։ Նրանց շրջապատող ֆիզիկական խավարը կարող է խորհրդանշել այն հոգևոր խավարը, որը մենք բոլորս զգում ենք մեղքի պատճառով։ Այնուհետև ժողովուրդը լսեց Քրիստոսի ձայնը, որը նրանց հրավիրում էր դուրս գալ խավարից և դեպի Իր լույսը գնալ.
«Այժմ չե՞ք վերադառնա ինձ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերից, և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ» (3 Նեփի 9․13)։
«Եվ որպես զոհ դուք պիտի մատուցեք ինձ կոտրված սիրտ և փշրված հոգի» (3 Նեփի 9․20)։
«Սրտի ողջ նվիրվածությամբ ապաշխարեք և վերադա[րձեք] ինձ մոտ» (3 Նեփի 10․6)։
Փրկիչը այդ նույն հրավերներն է ուղղում մեզ այսօր, երբ մենք մոլորվում ենք խավարի մեջ։ Ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր արևածագ նշում է նոր օրվա սկիզբը, ամեն անգամ, երբ մենք ապաշխարում ենք, մենք ստանում ենք նոր սկիզբ, պայծառ նոր սկիզբ։
Դա չի նշանակում, որ ամեն ինչ այդքան հեշտ է։ Ապաշխարություն նշանակում է փոփոխություն, իսկ փոփոխությունն արագ չի կատարվում։ Մինչդեռ ճշմարիտ ապաշխարությունը ներառում է «ըստ Աստծու ուզածի տրտմություն» (Բ Կորնթացիներին 7․10)։ Այն պահանջում է, որ մենք ընդունենք և խոստովանենք մեր սխալները՝ ներողություն խնդրելով Աստծուց և նրանցից, ում հնարավոր է վնասել ենք։ Ամենից շատ այն պահանջում է, որ մենք փնտրենք «Ամենակարող Տիրոջ Հոգին», որպեսզի մենք կարողանանք զգալ «մեր սրտերում մի զորեղ փոփոխություն, … որ մենք այլևս հակված չենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք» (Մոսիա 5․2)։
Այդ տեսակի փոփոխությունը երկար ճանապարհորդություն է, բայց հենց որ դուք անում եք առաջին քայլը, «ձեր փրկության օրը» սկսվում է, և «փրկագնման մեծ ծրագիրն անհապաղ պիտի իրագործվի ձեզ համար» (Ալմա 34․31)։
Մեր անկեղծ ապաշխարության միջոցով Աստված խոստանում է ներել և այլևս չհիշել մեր մեղքերը։ Երբ մենք դժվարանում ենք մոռանալ մեր մեղքերը, եկեք ձգտենք վստահել ներելու Տիրոջ խոստումին և սովորենք ներել ուրիշներին և ինքներս մեզ։
«Մեր հոգիները վնասվում են, երբ մենք կատարում ենք սխալներ և գործում մեղքեր»,- ուսուցանել է նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924-2015)։ «Բայց ի տարբերություն մեր մահկանացու մարմինների, երբ ապաշխարության գործընթացն ավարտվում է, ոչ մի սպի չի մնում Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ»:
Կույր մարդու բժշկումը, Կարլ Հեյնրիխ Բլոխ
«Բերե՛ք նրանց այստեղ»
Փրկիչը Ամենամեծ Բժիշկն է։ Նրա բուժիչ զորության ամենագեղեցիկ դրսևորումներից մեկը գտնվում է Մորմոնի Գրքում՝ Հին Ամերիկայում Նրա անձնական ծառայության նկարագրության մեջ․
«Ունե՞ք ձեր մեջ այնպիսիք, որ հիվանդ են»։ Հարցրել է Նա։ «Բերե՛ք նրանց այստեղ։ Ունե՞ք դուք կաղեր, կամ կույրեր, կամ խեղվածներ, կամ հաշմանդամներ, կամ բորոտներ, կամ որ չորացած են, կամ, որ խուլ են, կամ որ չարչարված են ինչ-որ ձևով: Բերե՛ք նրանց այստեղ, և ես կբժշկեմ նրանց, քանզի ես կարեկցանք ունեմ ձեզ վրա. իմ սիրտը լցված է ողորմությամբ։ …
Եվ եղավ այնպես, որ երբ նա այսպես խոսեց, ողջ բազմությունը, միախմբված գնաց առաջ իրենց հիվանդներով և իրենց չարչարվածներով, իրենց կաղերով և իրենց կույրերով և իրենց խուլերով, և բոլոր նրանց հետ, որոնք չարչարված էին ինչ-որ ձևով. և նա բժշկեց նրանցից ամեն մեկին, երբ նրանք առաջ բերվեցին նրա մոտ» (3 Նեփի 17.7, 9)։
Ամեն անգամ, երբ Փրկիչը բժշկում էր նրանց, ովքեր «չարչարված էին ինչ-որ ձևով», և՛ Իր Հարությունից առաջ, և՛ հետո, դա վկայում էր մեր հոգիները բուժելու Նրա բացառիկ զորության մասին։ Յուրաքանչյուր հրաշք բժշկություն միայն նախերգանքն ու խոստումն էր հարատև ֆիզիկական և էմոցիոնալ բժշկության, որը կտրվի մեզանից յուրաքանչյուրին Հարության ժամանակ, որը «Տիրոջ բժշկության կատարյալ գործողությունն է»։
Ճիշտ է, այս կյանքում բժշկության համար մեր աղոթքները միշտ չէ, որ պատասխանվում են այնպես, ինչպես մենք հույս ունենք, բայց դրանք երբեք չեն անտեսվում։ Բուժման ժամանակը կգա, ինչպես գիշերվա խավարը ճիշտ ժամանակին միշտ զիջում է իր տեղը փառավոր արևածագին։
Ինչպես նախագահ Նելսոնը վկայել է՝ «Մեր հավատքը երբեք չգնահատված չի մնում։ Ես գիտեմ, որ գերիմաստուն Երկնային Հայրն ավելի հեռուն է տեսնում, քան մենք։ Մենք տեղյակ ենք միայն մեր մահկանացու խնդիրների և ցավերի մասին, իսկ Նա տեղյակ է մեր հավերժ առաջընթացի և ներուժի մասին: Եթե մենք աղոթում ենք՝ Նրա կամքը իմանալու և այդ կամքին համբերությամբ և քաջությամբ հնազանդվելու համար, երկնային բժշկումը կարող է տեղի ունենալ Նրա ձևով և ժամանակին»:
Վերջերս կինս՝ Հարիեթը, և ես մեր աղոթքներում ներառեցինք հատուկ հույս և աղերսանք նրանց համար, ում մենք սիրում ենք։ Մենք աղոթեցինք, որ նրանց առողջապահական թիմին տրվի հատուկ կարողություն՝ բուժելու նրանց հիվանդությունները։ Մենք տպավորված էինք ավելացնելու, որ նույնիսկ եթե անհապաղ բուժում կամ վերականգնում տեղի չունենա, Փրկչի բժշկող զորությունը կարողանա նրանց մխիթարություն և խաղաղություն բերել։ Փրկչի քավիչ զորության բուժիչ ազդեցությունը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ մեր հուզական, հոգևոր և նույնիսկ ֆիզիկական առողջության վրա, քան ցանկացած երկրային բուժում, որ մենք կարող ենք ստանալ։ Հիսուս Քրիստոսն է Բժիշկը այս կյանքում և հավերժության մեջ։
Իմ եղբայրներ և քույրեր, սիրելի ընկերներ, ես վկայում եմ, որ մեր Փրկչի ողորմությունը բավական է բուժելու ձեր վերքերը, մաքրելու ձեզ մեղքից, զորացնելու ձեզ գալիք փորձությունների դեմ և օրհնելու ձեզ հույսով, իմաստությամբ և Նրա խաղաղությամբ։ Նրա զորությունը միշտ առկա է՝ մշտական և հուսալի, նույնիսկ երբ մենք որոշ ժամանակ հեռու ենք զգում Նրա սիրուց, լույսից և ջերմությունից։
Ես աղոթում եմ, որ մենք երբեք չկորցնենք մեր ակնածանքը և խորը երախտագիտությունը այն ամենի համար, ինչ Հիսուս Քրիստոսն արել է մեզ համար։ Խնդրում եմ, իմացեք, որ դուք կատարելապես սիրված եք և հիշեք, թե ինչ է ձեզ խոստացվել հավերժորեն։
«Թող Աստված շնորհի ձեզ, որ ձեր բեռները թեթև լինեն՝ նրա Որդու [Հիսուս Քրիստոսի] ուրախության միջոցով» (Ալմա 33․23)։
© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Liahona Message, February 2025-ի թարգմանությունը։ Armenian. 19609 201