2024
Հիսուս Քրիստոսը «կենդանի», «բարի» և «ավելի գերազանց հույսի» աղբյուրն է
Դեկտեմբեր 2024


«Հիսուս Քրիստոսը «կենդանի», «բարի» և «ավելի գերազանց հույսի» աղբյուրն է», Լիահոնա, դեկտ. 2024։

Ամենամսյա Լիահոնա ուղերձ, դեկտեմբեր 2024

Հիսուս Քրիստոսը «կենդանի», «բարի» և «ավելի գերազանց հույսի» աղբյուրն է

Բեթլեհեմում մանկան ծնունդը նշելու այս հատուկ օրերին թող միշտ հիշենք, որ Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ՝ լինելու մեր Փրկիչն ու Քավիչը։

Մարիամն ու Հովսեփը մանուկ Հիսուսի հետ

Սուրբ Ծնունդը, Շարլոտե Անդրուս

Պետրոս առաքյալը և Մորմոնի Գրքի մարգարեներ Հակոբը և Մորոնին ընդգծում են Քրիստոսի հանդեպ հույս ունենալու հոգևոր պարգևը նմանատիպ ուսուցողական ձևերով։

Օրինակ՝ Պետրոսը հայտարարել է․ «Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ» (Ա Պետրոս 1.3, շեշտադրումն ավելացված է): Խնդրում եմ նկատել, որ «հույսը» նկարագրելու համար օգտագործվել է «կենդանի» բառը:

Հակոբը հայտարարել է․ «Ուստի, սիրելի եղբայրներ, հաշտվեք նրա հետ, նրա Միածին Որդու՝ Քրիստոսի քավությամբ, և դուք կարող եք ձեռք բերել հարություն, համաձայն հարության զորության, որը Քրիստոսի մեջ է, և ներկայացեք որպես Քրիստոսի առաջնապտուղներ Աստծո համար, ունենալով հավատք, և փառքի բարի հույս ձեռք բերած նրանում, նախքան նա իրեն հայտնի կդարձնի մարմնում» (Հակոբ 4.3, շեշտադրումն ավելացված է): Խնդրում եմ նկատել, որ «հույսը» նկարագրելու համար օգտագործվել է «բարի» բառը:

Իսկ Մորոնին ասել է․ «Եվ ես նաև հիշում եմ, որ դու ասել ես, որ դու մարդկանց համար օթևան ես պատրաստել, այո, նույնիսկ քո Հոր ապարանքներում, որով մարդ ավելի գերազանց հույս կարող է ունենալ. ուստի մարդ պետք է հուսա, այլապես չի կարող ժառանգություն ստանալ այն տեղում, որ դու պատրաստել ես» (Եթեր 12․32, շեշտադրումն ավելացված է)։ Խնդրում եմ նկատել, որ «հույսը» նկարագրելու համար օգտագործվել է «գերազանց» բառը:

Ի՞նչ է հույսը Քրիստոսում

Քրիստոսում հույս ունենալու հոգևոր պարգևը հավերժական կյանքի ուրախ ակնկալիքն է՝ «արժանիքների և ողորմության և Սուրբ Մեսիայի շնորհի» միջոցով (2 Նեփի 2.8), նաև արդարության խոստացված օրհնությունների մեծ ցանկությունն է։ Այս հատվածներում «կենդանի», «բարի» և «ավելի գերազանց» ածականները ենթադրում են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով հարության և հավերժական կյանքի ընդլայնվող և խանդավառ հավաստիացում։

Մարգարե Մորմոնը բացատրել է․

«Եվ բացի դրանից, իմ սիրելի եղբայրներ, ես կկամենայի խոսել ձեզ հետ հույսի վերաբերյալ: Ի՞նչպես կարող եք դուք ձեռք բերել հավատք, եթե դուք չունենաք հույս:

Եվ ի՞նչն է, որի համար դուք պիտի հույս ունենաք: Ահա, ես ասում եմ ձեզ, որ դուք կունենաք հույս, Քրիստոսի քավության և նրա հարության զորության միջոցով, բարձրացվելու դեպի հավերժական կյանք, և դա՝ ձեր հավատքի շնորհիվ առ նա՝ խոստումի համաձայն:

Ուստի, եթե մարդ ունի հավատք, նա անպայման պետք է ունենա հույս. քանզի առանց հավատքի չի կարող լինել որևէ հույս» (Մորոնի 7․40–42

Երկնային Հոր երջանկության ծրագիրը

Հույսն առ Քրիստոս, որը կենդանի է, բարի և ավելի գերազանց, սկսվում է այն գիտելիքից, որ Աստված՝ Հավերժական Հայրը, ապրում է: Նա մեր Հայրն է, և մենք Նրա հոգևոր զավակներն ենք: Մենք բառացիորեն Աստծո հոգևոր որդիներն ու դուստրերն ենք և Ժառանգել ենք աստվածային հատկանիշներ Նրանից։

Հայրը երջանկության ծրագրի հեղինակն է (տես Աբրահամ 3.22-28): Որպես Աստծո հոգևոր զավակներ և դուստրեր՝ մենք «ընդունեցինք Նրա ծրագիրը, ըստ որի Նրա զավակները պետք է ֆիզիկական մարմիններ ձեռք բերեին և աշխարհիկ փորձ կուտակեին՝ դեպի կատարելություն ընթանալու և իրենց աստվածային ճակատագիրը որպես հավերժական կյանքի ժառանգներ բացառիկ կերպով գիտակցելու համար»: Սուրբ գրություններում սովորում ենք. «Հայրն ունի մսից ու ոսկորից մարմին, այնպես շոշափելի, ինչպես մարդունը. Որդին՝ նույնպես» (Վարդապետություն և Ուխտեր 130․22): Այսպիսով՝ ֆիզիկական մարմիններ ձեռք բերելն անհրաժեշտ է մեր աստվածային ճակատագրին հասնելու առաջընթացի գործում։

Մենք երկակի էակներ ենք: Մեր հոգիները՝ մեր հավերժական մասը, հագած են ֆիզիկական մարմիններ, որոնք ենթակա են մահկանացու կյանքի ցանկություններին և հակումներին: Հոր երջանկության ծրագիրը ստեղծված է Իր զավակներին առաջնորդություն տրամադրելու համար, որպեսզի նրանք վերադառնան տուն՝ Իր մոտ, հարություն առած և վեհացած մարմիններով և ստանան հավերժական ուրախության և երջանկության օրհնությունները:

Մարիամը մանուկ Հիսուսի հետ

Մանուկ Հիսուսը, Շարլոտե Անդրուս

Հիսուս Քրիստոսի քավիչ դերը Երկնային Հոր ծրագրում

Հիսուս Քրիստոսը Հավերժական Հոր Միածին Որդին է: Նա եկավ աշխարհ՝ կատարելու Իր Հոր կամքը (տես 3 Նեփի 27.13)։ Հիսուս Քրիստոսը Հոր օծյալն է, Նրա անձնական ներկայացուցիչը մարդկության փրկությանը վերաբերող բոլոր բաներում: Նա մեր Փրկիչն ու Քավիչն է, որովհետև Նա հաղթեց և մահին, և մեղքը:

Ալման Գեդեոնի ժողովրդին մարգարեացել է Մեսիայի փրկող աշխատանքի վերաբերյալ.

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և դա՝ որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները։

Եվ նա վեր կառնի իր վրա մահ, որ նա կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ` համաձայն մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, համաձայն մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին ըստ նրանց թուլությունների:

Արդ, Հոգին գիտի բոլոր բաները. այնուամենայնիվ, Աստծո Որդին տառապում է ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա վեր առնել իր վրա իր ժողովրդի մեղքերը, որ նա կարողանա ջնջել նրանց օրինազանցությունները համաձայն իր ազատման զորությանը» (Ալմա 7.11–13):

Ավետարանի առաջին սկզբունքը հավատքն է առ Տեր Հիսուս Քրիստոս: Ճշմարիտ հավատքը կենտրոնանում է Փրկչի վրա և հնարավորություն է տալիս մեզ ապավինել Նրան և լիակատար վստահություն ունենալ Նրա զորության հանդեպ՝ փրկելու մեզ մահից, մաքրելու մեզ մեղքից և օրհնելու մեզ մեր ուժերից վեր ուժով:

Մորոնին վկայել է․ «Եվ մարդու փրկագնման շնորհիվ, որը Հիսուս Քրիստոսի միջոցով եկավ, նրանք ետ են բերվում Տիրոջ ներկայության մեջ. այո, այս ձևով են բոլոր մարդիկ փրկագնվում, որովհետև Քրիստոսի մահն իրականացնում է հարությունը, որն իրականացնում է փրկագնում մի անվերջ քնից, քուն, որից բոլոր մարդիկ պիտի արթնացվեն Աստծո զորությամբ, երբ փողը հնչի. և նրանք դուրս կգան՝ թե փոքր, թե մեծ, և բոլորը կկանգնեն նրա դատարանի առջև՝ փրկագնված և արձակված լինելով մահվան այս հավերժական կապանքից, մահ, որը ժամանակավոր մահ է» (Մորմոն 9․13

Ես վկայում եմ, որ Փրկիչը կոտրել է մահվան կապանքները: Նա հարություն է առել, Նա ապրում է, և Նա միակ աղբյուրն է կենդանի, բարի և ավելի գերազանց հույսի:

Խարիսխ հոգու համար

Եթեր մարգարեն վկայել է․ «Ուստի, ով որ հավատում է Աստծուն, կարող է անկասկած հուսալ ավելի լավ աշխարհի համար, այո, նույնիսկ մի տեղի՝ Աստծո աջ կողմում, հույս, որը գալիս է հավատքից, դառնում է խարիսխ մարդկանց հոգիների համար, ինչը դարձնում է նրանց կայուն և հաստատուն, միշտ հարստացնում բարի գործերով, առաջնորդում՝ փառաբանելու Աստծուն» (Եթեր 12:4, շեշտադրումն ավելացված է)։

Բեթլեհեմում մանկան ծնունդը նշելու այս հատուկ օրերին թող միշտ հիշենք, որ Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ՝ լինելու մեր Փրկիչն ու Քավիչը։ Նա առաջարկում է մեզ կյանքի, լույսի, նորոգման, սիրո, խաղաղության, հեռանկարի, ուրախության և հույսի անգնահատելի հոգևոր պարգևները:

Ես հրավիրում եմ ձեզ պատշաճ կերպով փնտրել Փրկչի հույսի հոգևոր պարգևը՝ ուսումնասիրելով հին և ժամանակակից մարգարեների ուսմունքներն ու վկայությունները Նրա քավիչ զոհաբերության և բառացի Հարության մասին։ Երբ դուք անեք սա, ես խոստանում եմ, որ Քավիչի աստվածայնության ձեր վկայությունը կամրանա, ձեր դարձը դեպի Նա կխորանա, կավելանա ձեր ցանկությունն ու վճռականությունը՝ կանգնելու որպես Նրա խիզախ վկա, և դուք կօրհնվեք խարիսխով՝ ձեր հոգու համար, մինչև իսկ կենդանի, բարի և ավելի գերազանց հույսով:

Առաքյալների հետ, որոնք դարերի ընթացքում վկայություն են բերել Նրա մասին, ես ուրախությամբ հայտարարում եմ իմ վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը կենդանի Աստծո կենդանի Որդին է։ Նա մեր հարություն առած Քավիչն է՝ փառավորված, շոշափելի՝ մսից ու ոսկորից մարմնով։ Եվ Աստծո հետ փրկագնման և հաշտության շնորհիվ, որ Տերը հնարավոր է դարձնում ողջ մարդկության համար, մենք կարող ենք ստանալ հոգևոր հավաստիացում ու կենդանի, բարի և ավելի գերազանց հույս, որ «Քրիստոսով բոլորը կկենդանանան» (Ա Կորնթացիներին 15.22):

Հղում

  1. «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան։