«Նախագահ Նելսոնը նշում է ծննդյան 100-ամյակը», Լիահոնա, նոյեմբեր 2024։
Եկեղեցու նորություններ
Նախագահ Նելսոնը նշում է ծննդյան 100-ամյակը
2024 թվականի սեպտեմբերի 9-ին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավարները միացան ընտանիքին և ընկերներին՝ պատվելու մարգարե և Եկեղեցու նախագահ Ռասսել Մ․ Նելսոնին՝ իր 100-րդ ծննդյան օրը։
Իրադարձությունը տեղի էր ունենում Սոլթ Լեյք Սիթիում և հեռարձակվում էր ողջ աշխարհում: Այն համակցված էր կենդանի երաժշտությամբ, զանազան հավատքների ղեկավարների կողմից տեսաուղերձներով, Եկեղեցու ղեկավարների և նախագահ Նելսոնի ընտանիքի անդամների ելույթներով, և տեսանյութերով Եկեղեցու անդամների կողմից, որոնք կիսվում էին, թե իրենք ինչպես են սպասավորել այն մեկին։
Նախագահ Նելսոնը շնորհակալություն հայտնեց ընտանիքին, ընկերներին և Վերջին Օրերի Սրբերին՝ իրենց բարության և աջակցության համար։ Նա իր գնահատանքն արտահայտեց անհամար ծննդյան ուղերձների և իր «99+1» հրավերի համաշխարհային արձագանքի համար, որտեղ նա հրավիրել էր մարդկանց «ձեռք մեկնել այն «մեկին» մեր կյանքում, ով հնարավոր է, մոլորված կամ միայնակ է զգում» (Facebook, հունիսի 1, 2024թ․, facebook.com/russell.m.nelson):
Մարգարեն շեշտադրեց հավատքի կարևորությունը, կյանքի վերաբերյալ հավերժական հեռանկարը, և Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը։ «Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ձեր կյանքի տևողությունն այնքան կարևոր չէ, որքան ձեր ապրած կյանքի տեսակը»,- ասաց նախագահ Նելսոնը։ «Մեզանից յուրաքանչյուրի համար, նույնիսկ 100-ամյա մարդու համար, կյանքը արագ է անցնում։ Իմ աղոթքն է, որ դուք թույլ տաք Աստծուն տնօրինի ձեր կյանքում։ Ուխտեր կապեք Նրա հետ։ Մնացեք ուխտի արահետի վրա։ Պատրաստվեք վերադառնալ և կրկին ապրել Նրա հետ»։
Նախագահներ Դալլին Հ. Օուքսը և Հենրի Բ․ Այրինգը՝ նախագահ Նելսոնի խորհրդականները Առաջին Նախագահությունում, կիսվեցին իրենց դիտարկումներով՝ վեց ու կես տարի մարգարեի հետ կողք կողքի աշխատելու վերաբերյալ: Նրանք ընդգծեցին նախագահ Նելսոնի ջերմությունը, ուրիշների հանդեպ հարգանքը և քրիստոսանման պահվածքը։
«Նախագահ Նելսոնի հետ սենյակում կամ ժողովի լինելը կամ զրուցելը ձեզ պարզապես հնարավորություն է տալիս զգալ, թե ինչպիսին կլիներ Փրկչի հետ լինելը»,- ասաց նախագահ Օուքսը։ «Նա Փրկչի ներկայացուցիչն է։ Եվ նա մեր օրինակն է»։