2024
Զգեստավորվեք Տեր Հիսուս Քրիստոսով
Մայիս 2024


11:56

Զգեստավորվեք Տեր Հիսուս Քրիստոսով

Մեր ուխտերը պատվելով՝ մենք Աստծուն հնարավորություն ենք տալիս մեզ վրա հեղել այդ ուխտերի հետ կապված խոստացված բազում օրհնությունները:

Իմ երկու փոքր երեխաներին մեծացնելիս ես կարդացի գրքեր, որոնք զվարճալի և գրավիչ էին, բայց նաև խորհրդանիշներ էին օգտագործում իրենց պատմություններում: Երբ երեկոյան միասին կարդում էինք, ես հաճույքով օգնում էի իմ երեխաներին հասկանալ այն խորհրդանիշները, որոնց միջոցով հեղինակը ուսուցանում էր խոր սկզբունքներ, այդ թվում՝ ավետարանի սկզբունքներ։

Մի օր ես գիտակցեցի, որ մեր կրտսեր որդին լիովին հասկացել էր դա, երբ նա դեռահաս էր: Նա սկսել էր մի նոր գիրք կարդալ և պարզապես ցանկանում էր վայելել պատմությունը, բայց նրա միտքը շարունակ փորձում էր ավելի խոր իմաստ գտնել այն ամենի մեջ, ինչ նա կարդում էր: Նա հիասթափված էր, բայց ես ներքուստ ուրախ էի։

Հիսուսն ուսուցանում էր պատմությունների և խորհրդանիշների միջոցով․ մանանեխի հատիկի միջոցով՝ հավատքի զորությունն ուսուցանելու մասին, կորած ոչխարի միջոցով՝ հոգիների արժեքի մասին, անառակ որդու առակի միջոցով՝ Աստծո բնույթը ուսուցանելու մասին: Նրա առակները խորհրդանիշներ էին, որոնց միջոցով Նա կարող էր ավելի խոր դասեր տալ նրան, ով «լսելու ականջ ունի»: Բայց նրանք, ովքեր չեն փնտրում ավելի խոր իմաստ, չեն հասկանա, ճիշտ այնպես, ինչպես շատերը, ովքեր կարդացել են այդ նույն գրքերը, որոնք ես կարդացել եմ իմ երեխաների համար, երբեք չեն իմացել, որ այդ պատմությունների մեջ ավելի խոր իմաստ կար և շատ ավելին կարելի էր հասկանալ դրանցից։

Երբ Հայր Աստված Իր Միածին Որդուն զոհաբերեց մեզ համար, Հիսուս Քրիստոսը դարձավ մեր Երկնային Հոր անմահ սիրո բարձրագույն խորհրդանիշը մեզանից յուրաքանչյուրի համար: Հիսուս Քրիստոսը դարձավ Աստծո Գառը:

Մենք արտոնություն և օրհնություն ունենք Աստծո հետ ուխտեր կապել, որտեղ մեր սեփական կյանքը կարող է դառնալ այդ ուխտի խորհրդանիշը: Ուխտերը ստեղծում են այնպիսի հարաբերություններ, որոնք թույլ են տալիս Աստծուն ձևավորել և փոխել մեզ ժամանակի ընթացքում և վեհացնել մեզ, որ ավելի նմանվենք Փրկչին և ավելի ու ավելի մոտենանք Նրան և մեր Հորը, իսկ վերջում մտնենք Նրանց ներկայությունը:

Երկրի վրա յուրաքանչյուր մարդ Աստծո սիրելի որդին է կամ դուստրը: Երբ մենք որոշում ենք լինելու ուխտի մի մասը, դա լավացնում և ամրապնդում է մեր հարաբերությունները Նրա հետ: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ երբ մենք ընտրում ենք ուխտեր կապել Աստծո հետ, Նրա հետ մեր հարաբերությունները կարող են շատ ավելի սերտանալ, քան մինչև մեր ուխտը, և դա հնարավորություն է տալիս Նրան ավելի շատ օրհնել մեզ Իր սիրով և ողորմությամբ՝ ուխտի սիրով, որը եբրայերենում նշվում է hesed: Ուխտի ուղին ամբողջությամբ նվիրված է Աստծո հետ մեր փոխհարաբերություններին՝ Նրա հետ մեր hesed փոխհարաբերություններին։

Մեր Հայրը ցանկանում է ավելի խոր հարաբերություններ ունենալ Իր բոլոր որդիների և դուստրերի հետ, բայց դա մեր ընտրությունն է։ Երբ մենք որոշում ենք ավելի մոտենալ Նրան ուխտի հարաբերությունների միջոցով, դա թույլ է տալիս Նրան ավելի մոտենալ մեզ և ավելի շատ օրհնել մեզ։

Աստված սահմանում է մեր կապած ուխտերի պայմաններն ու պարտավորությունները: Երբ որոշում ենք մտնել այդ հարաբերությունների մեջ, մենք Նրան ուխտի խորհրդանշական գործողությունների միջոցով վկայում ենք, որ պատրաստ ենք ենթարկվել Նրա սահմանած պայմաններին: Մեր ուխտերը պատվելով՝ մենք Աստծուն հնարավորություն ենք տալիս մեզ վրա հեղել այդ ուխտերի հետ կապված խոստացված բազում օրհնությունները, ներառյալ ավելի մեծ զորություն` փոխվելու և ավելի նմանվելու մեր Փրկչին: Հիսուս Քրիստոսը մեր կապած բոլոր ուխտերի կենտրոնում է, և ուխտի օրհնությունները հնարավոր են դառնում Նրա քավող զոհաբերության շնորհիվ:

Ընկղմումով մկրտությունը խորհրդանշական դարպասն է, որով մենք մտնում ենք Աստծո հետ ուխտի հարաբերությունների մեջ: Ջրի մեջ ընկղմվելը և նորից բարձրանալը խորհրդանշում է Փրկչի մահը և Հարությունը դեպի նոր կյանք: Երբ մենք մկրտվում ենք, խորհրդանշական կերպով մահանում ենք և նորից ծնվում Քրիստոսի ընտանիքում և ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք Նրա անունը վերցնել մեզ վրա: Մենք ինքներս ենք մարմնավորում այդ ուխտի խորհրդանիշը։ Նոր կտակարանում մենք կարդում ենք․ «Ձեզանից ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին»։ Մեր մկրտությամբ մենք խորհրդանշականորեն զգեստավորվում ենք Քրիստոսով:

Հաղորդության արարողությունը նաև մատնանշում է Փրկչին: Հացն ու ջուրը խորհրդանշում են մեզ համար թափված Քրիստոսի մարմինն ու արյունը։ Նրա Քավության պարգևը խորհրդանշականորեն առաջարկվում է մեզ ամեն շաբաթ, երբ քահանայություն կրողը, որը ներկայացնում է Փրկչին, առաջարկում է մեզ հաց և ջուր: Երբ մենք կատարում ենք Նրա մարմնի և արյան խորհրդանիշները ուտելու և խմելու գործողությունը, Քրիստոսը խորհրդանշականորեն դառնում է մեր մի մասը: Մենք կրկին զգեստավորվում ենք Քրիստոսով, երբ ամեն շաբաթ նոր ուխտ ենք կապում:

Երբ մենք ուխտեր ենք կապում Աստծո հետ Տիրոջ տանը, մենք ավելի ենք խորացնում մեր հարաբերությունները Նրա հետ: Այն ամենը, ինչ մենք անում ենք տաճարում, մատնանշում է մեր Հոր ծրագիրը մեզ համար, որի հիմքում Փրկիչն է և Նրա քավող զոհաբերությունը: Տերը կսովորեցնի մեզ տող առ տող՝ արարողությունների և ուխտերի խորհրդանիշների միջոցով, երբ մենք բացենք մեր սրտերը և աղոթքով ձգտենք հասկանալ ավելի խոր իմաստները:

Որպես տաճարային օժտման մաս, մենք լիազորված ենք կրելու սուրբ քահանայության հանդերձը: Դա և սուրբ պարտավորություն է, և սուրբ արտոնություն:

Շատ կրոնական ավանդույթներում հատուկ արտաքին հագուստը կրում են որպես մարդու համոզմունքների և Աստծուն նվիրվածության խորհրդանիշ, իսկ ծիսական հագուստը հաճախ կրում են նրանք, ովքեր ղեկավարում են երկրպագության ծառայությունները: Այդ սուրբ զգեստները խոր նշանակություն ունեն նրանց համար, ովքեր կրում են դրանք: Սուրբ գրություններում մենք կարդում ենք, որ հին ժամանակներում սուրբ ծիսական հագուստը նույնպես կրում էին տաճարային ծեսերի հետ միասին:

Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մեզանից նրանք, ովքեր որոշել են ուխտեր կապել Աստծո հետ Տիրոջ տանը, տաճարային երկրպագության ժամանակ կրում են սուրբ ծիսական արտաքին հագուստ, որը խորհրդանշում է հին տաճարային ծեսերի ժամանակ կրած հագուստը: Մենք նաև կրում ենք սուրբ քահանայության հանդերձը՝ ինչպես տաճարային երկրպագության ժամանակ, այնպես էլ մեր առօրյա կյանքում:

Սուրբ քահանայության հանդերձը նույնպես շատ խորհրդանշական է և մատնանշում է Փրկչին: Երբ Ադամն ու Եվան ճաշակեցին պտղից և ստիպված եղան լքել Եդեմի պարտեզը, նրանց տրվեց կաշվից հանդերձներ ծածկվելու համար։ Հավանական է, որ որևէ կենդանի էր զոհաբերվել այդ կաշվե հանդերձները պատրաստելու համար, որը խորհրդանշում է Փրկչի զոհաբերությունը մեզ համար: Կաֆարը եբրայերեն բառ է քավության համար, և դրա իմաստներից մեկն է՝ «ծածկել»։ Մեր տաճարային հանդերձը հիշեցնում է մեզ, որ Փրկիչը և Նրա Քավության օրհնությունները ծածկում են մեզ մեր ողջ կյանքի ընթացքում: Երբ մենք ամեն օր հագնում ենք սուրբ քահանայության հանդերձը, այդ գեղեցիկ խորհրդանիշը դառնում է մեր մի մասը:

Նոր Կտակարանի Հռոմեացիների գրքում կարդում ենք. «Գիշերն անցել է, ու ցերեկը՝ մոտեցել, ուրեմն խավարի գործերը դեն գցենք և լույսի զենքերը հագնենք ․․․ Զգեստավորվեք Տեր Հիսուս Քրիստոսով»։

Ես այնքան երախտապարտ եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում սուրբ քահանայության հանդերձը կրելու արտոնության համար, որը հիշեցնում է ինձ, որ Փրկիչը և Նրա անսահման Քավության օրհնությունները մշտապես ծածկում են ինձ իմ մահկանացու ճամփորդության ընթացքում: Այն նաև հիշեցնում է ինձ, որ երբ ես պահում եմ Աստծո հետ կապած ուխտերը Տիրոջ տանը, ես խորհրդանշականորեն զգեստավորվում եմ Քրիստոսով, ով լույսի զենք է։ Այն կպաշտպանի ինձ չարից, ինձ զորություն և ավելի մեծ ունակություն կտա, և կլինի իմ լույսն ու առաջնորդը՝ այս աշխարհիկ խավարի և դժվարությունների միջով:

Սուրբ քահանայության հանդերձը նույնպես շատ խորհրդանշական է և մատնանշում է Փրկչին: Գիտեմ, որ եթե պատրաստ եմ սուրբ հանդերձը կրել, ապա այն դառնում է իմ խորհրդանիշը Քրիստոսին: Դա իմ անձնական նշանն է Աստծուն և ոչ թե ուրիշներին:

Ես այնքան երախտապարտ եմ իմ Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի համար։ Մեզ համար կատարած Նրա քավող զոհաբերությունը դարձավ Նրա և մեր Երկնային Հոր անսահման սիրո մեծագույն խորհրդանիշը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ, այդ սիրո և զոհաբերության շոշափելի խորհրդանիշներով՝ Փրկչի ձեռքերին, ոտքերին և կողքին դաջված նշաներով, որոնք մնացին նույնիսկ Նրա հարությունից հետո։

Երբ պահում եմ Աստծո հետ կապած իմ ուխտերն ու պարտականությունները, այդ թվում՝ կրում եմ սուրբ քահանայության հանդերձը, իմ կյանքը կարող է դառնալ իմ սիրո և երախտագիտության անձնական խորհրդանիշ իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ, և ցանկություն, որ Նա միշտ իմ կողքին լինի:

Եթե դուք դեռ չեք արել դա, ես հրավիրում եմ ձեզ ավելի խոր հարաբերություններ ընտրել Աստծո հետ՝ ուխտեր կապելով Նրա հետ Տիրոջ տանը: Ուսումնասիրեք մեր մարգարեի ելույթները (ներառյալ նրա ելույթների ծանոթագրությունների գեղեցիկ ուսմունքները, որոնք գրեթե առկա են համաժողովի ելույթների մեծ մասում): Նա տարիներ շարունակ բազմիցս խոսել է ուխտերի մասին և հատկապես Եկեղեցու նախագահ դառնալուց հետո: Սովորեք նրա ուսմունքներից՝ գեղեցիկ օրհնությունների և ավելի մեծ զորության ու կարողության մասին, որոնք կարող են լինել ձերը՝ Աստծո հետ ուխտեր կապելու և պահելու միջոցով:

Ընդհանուր Ձեռնարկը նշում է, որ տաճարային ուխտեր կապելու համար պարտադիր չէ ունենալ միսիայի կանչ կամ նշանված լինել ամուսնանալու համար: Անձը պետք է լինի առնվազն 18 տարեկան, այլևս չհաճախի ավագ դպրոց կամ դրան համարժեք դպրոց, լինի առնվազն մեկ տարվա Եկեղեցու անդամ։ Պահանջվում են նաև անձնական սրբության չափանիշներ: Եթե դուք ցանկություն ունեք խորացնելու ձեր հարաբերությունները ձեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ՝ սրբազան ուխտեր կապելով Տիրոջ տանը, ես հրավիրում եմ ձեզ խոսել ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ և տեղեկացնել նրան ձեր ցանկությունների մասին: Նա կօգնի ձեզ իմանալ, թե ինչպես պատրաստվել ընդունելու և հարգելու այդ ուխտերը:

Աստծո հետ ուխտի փոխհարաբերությունների միջոցով մեր կյանքը կարող է դառնալ մեր Երկնային Հոր հանդեպ մեր նվիրվածության և խոր սիրո, Նրա հանդեպ մեր hesed-ի (ուխտի սիրո) կենդանի խորհրդանիշը և կարող ենք առաջադիմել և, ի վերջո, նմանվել մեր Փրկչին՝ պատրաստվելով մի օր մտնելու Նրանց ներկայությունը: Ես վկայում եմ, որ այդ ուխտի հարաբերությունների մեծ օրհնությունները արժանի են դրան: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես Մարկոս 4.33-34:

  2. Տես Մատթեոս 17.20։

  3. Տես Ղուկաս 15․3-7։

  4. Տես Ղուկաս 15․11–32:

  5. Մատթեոս 13․9։

  6. Տես Մատթեոս 13․10-13:

  7. Տես Հովհաննես 3․16-17։

  8. Տես Հովհաննես 1․29, 1 Նեփի 11․20–22, տես նաև Ռասսել Մ. Նելսոն, «Քավությունը», Ensign, նոյ. 1996, 34–35։

  9. «Մեզ հետ ուխտի մեջ մտնելով՝ Աստված ոչ միայն կապում է մեզ Իր հետ, այլ կարծես Նա կապում է մեզ Իր մեջքին և տանում այնտեղ, որտեղ միայն Նա կարող է գնալ» (Kerry Muhlestein, God Will Prevail: Ancient Covenants, Modern Blessings, and the Gathering of Israel [2021], 8)։ Տես Վարդապետություն և Ուխտեր 133․53:

  10. «Մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների սիրելի ոգեղեն որդին է կամ դուստրը, և, որպես այդպիսին, յուրաքանչյուրն ունի աստվածային բնույթ և ճակատագիր» («Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան):

  11. «Hesed-ը մի եզրույթ է, որը նկարագրում է ուխտի հարաբերություններ, որի շրջանակներում երկու կողմերն էլ պարտավոր են հավատարիմ և նվիրված լինել միմյանց: Քանի որ Աստված hesed ունի նրանց հանդեպ, ովքեր ուխտ են կապել Իր հետ, ապա սիրում է նրանց», … Նա կշարունակի աշխատել նրանց հետ և փոխվելու հնարավորություններ ընձեռել։ … Նա կօգնի գտնել դեպի Իրեն տանող ճանապարհը», ճիշտ այնպես, ինչպես Նա ժամանակ առ ժամանակ վարվեց Իր ուխտի ժողովրդի հետ Հին Կտակարանի ժամանակներում: «Երբ մենք ուխտի մեջ ենք մտնում Աստծո հետ, մենք ուխտ ենք կապում Մեկի հետ, Ով միշտ կպահի Իր խոսքը: Նա կանի այն ամենը, ինչ կարող է, առանց ոտնահարելու մեր ազատ կամքը, որպեսզի օգնի մեզ պահել մերը» (Ռասսել Մ. Նելսոն, «Հավերժական ուխտը», Լիահոնա, հոկտ. 2022, 6, 11, տես նաև Muhlestein, God Will Prevail, 9–12; Deuteronomy 7:9

  12. Աստված երբեք չի խզի Իր ուխտի հարաբերությունները: «Նա չի դադարի օգնել մեզ, և մենք երբեք չենք սպառի Նրա ողորմած համբերատարությունը մեր հանդեպ» (Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», 6)։ Մենք ուրախությամբ կապված ենք հավիտենական ուխտի միջոցով:

  13. Տես Երեմիա 31․33, 1 Նեփի 17․40, Ռասսել Մ. Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյ. 2020, 92։

  14. Տես Հակոբոս 4․8, Վարդապետություն և Ուխտեր 88․63։

  15. Ռասսել Մ. Նելսոն, «Ուխտերը», Լիահոնա, նոյ․ 2011, 86։

  16. Տես Մոսիա 5․5, 18․8-10։

  17. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր գանձեր», Լիահոնա, նոյ. 2019, 77, Ռասսել Մ. Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյ. 2021, 94, Ռասսել Մ. Նելսոն, «Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել», Լիահոնա, նոյ. 2022, 96, Քամիլ Ն․ Ջոնսոն, «Հիսուս Քրիստոսը սփոփանք է», Լիահոնա, մայիս 2023, 82, Դեյլ Գ. Ռենլանդ, «Աստծո զորության հասանելիությունը ուխտերի միջոցով», Լիահոնա, մայիս 2023, 35–37, Ջին Բ․ Բինգհեմ, «Աստծո հետ կապած ուխտերը զորացնում, պաշտպանում և պատրաստում են մեզ հավերժական փառքի համար», Լիահոնա, մայիս 2022, 66։

  18. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», 7։

  19. Տես Հռովմայեցիս 6․3–4, Կողոսացիս 2․12։

  20. Տես 2 Նեփի 31․13, Մորոնի 6․3, Վարդապետություն եվ Ուխտեր 20․77։

  21. Գաղատացիս 3․27։

  22. Տես Ղուկաս 22․19-20:

  23. Տես Հովհաննես 6.56։

  24. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Հաճախ ես լսում եմ այն արտահայտությունը, որ մենք հաղորդություն ենք ընդունում՝ մկրտության ժամանակ կապած ուխտերը նորոգելու համար: Չնայած դա ճշմարիտ է, բայց շատ ավելին է, քան այդ: Ես նոր ուխտ կապեցի: Դուք նոր ուխտեր եք կապել» (Դեյլ Գ. Ռենլանդ, «Անսասան նվիրվածություն առ Հիսուս Քրիստոս», Լիահոնա, նոյեմբեր 2019, 25, տողատակի ծանոթագրություն 18)։

  25. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», 10։

  26. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», 93-94։

  27. Sես 2 Նեփի 28․30:

  28. Տես «Տաճարային սուրբ հանդերձ», ChurchofJesusChrist.org։

  29. Տես Ելից 28, 40․12–13։

  30. Տես «Տաճարային սուրբ հանդերձ», ChurchofJesusChrist.org։

  31. Տես Ծննդոց 3.21։

  32. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Քավությունը», 34։

  33. Հռովմայեցիս 13․12, 14։

  34. Տես Եփեսացիս 6․10-18։

  35. Տես Մոսիա 24․13–15, Դեյվիդ Ա. Բեդնար, «Իրենց բեռները հեշտությամբ տանեին», Լիահոնա, մայիս 2014, 88-89։

  36. Տես Սաղմոս 119․105, 1 Նեփի 17․13։

  37. Երեց Նիլ Ա. Մաքսվելը տարիներ առաջ ուսուցանել է․ «Աստծո կամքին ենթարկվելը այն եզակի անձնական բանն է, որը մենք կարող ենք դնել Նրա զոհասեղանին» («Swallowed Up in the Will of the Father,” Ensign, Nov. 1995, 24)։

  38. Ոչ թե անձնական նախասիրությունների, անհարմար կամ ոճային լինելու պատճառով, այլ որոշ բժշկական պայմանների պատճառով որոշ մարդկանց համար հանդերձ կրելը շատ ավելի դժվար է: Տերը ճանաչում է մեր սրտերը և հասկանում է Իր հետ ունեցած մեր պարտավորությունները հարգելու մեր ցանկությունը: Տես, օրինակ՝ Մոսիա 4.24-25:

  39. Մենք չպետք է դատենք ուրիշների կողմից տաճարային հանդերձի օգտագործումը: Տես Ալմա 41․14, տես նաև Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ողորմածները ողորմություն են գտնում», Լիահոնա, մայիս 2012, 70, 75։

  40. Տես Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Ոչ ոք Նրա հետ չէր», Լիահոնա, մայիս 2009, 86–88։

  41. Տես Հովհաննես 3․16–17, 15․12–13, Վարդապետություն և Ուխտեր 34․3։

  42. Տես Եսայիա 49․14-16։

  43. Տես Ռասսել Մ. Նելսոն՝ Հավիտենական ուխտը, 4–11, Ռասսել Մ. Նելսոն՝ «Հոգևոր գանձեր», 76–79, Ռասսել Մ. Նելսոն՝ «Թող Աստված տնօրինի», 92–95, Ռասսել Մ. Նելսոն՝ «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», 93–96, Ռասսել Մ. Նելսոն՝ «Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել», 95–98, Ռասսել Մ. Նելսոն՝ «Մեկ կարևոր խնդրանք իմ քույրերին», Լիահոնա, նոյ. 2015, 95–97։

  44. Տես Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 26.5.1, 27.2.2, Ավետարանի գրադարան։

  45. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Ամփոփիչ ելույթ», Լիահոնա, նոյեմբեր 2019, 121։

  46. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», 11։