«Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ», Լիահոնա, հունիս 2023։
Լիահոնայի ամենամսյա ուղերձ, հունիս 2023
Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ
Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է։ Սուրբ գրություններում Նրան դիմում են նաև որպես Հոգի կամ Մխիթարիչ։ Երբ մենք սովորենք լսել Նրա ձայնը, Նա կվկայի մեզ Հիսուս Քրիստոսի մասին և կօգնի մեզ սովորել ավետարանի ճշմարտությունները։
Աստվածագլխի անդամ
Երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին կազմում են Աստվածագլուխը։ Նրանք սիրում են մեզ և միասին աշխատում են իրականացնել փրկության ծրագիրը։ Թեև Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ունեն մսից և ոսկորից մարմին, սակայն Սուրբ Հոգին չունի։ Նա հոգի է։
Հոր և Որդու վկան
Սուրբ Հոգին «վկայում է Հոր և Որդու մասին» (2 Նեփի 31.18)։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք վկայություն ստանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին Սուրբ Հոգու միջոցով։
Վկայում է ճշմարտության մասին
Սուրբ Հոգին վկայում է ողջ ճշմարտության մասին։ Նա կօգնի մեզ իմանալ, որ ավետարանը, ներառյալ փրկության ծրագիրը, Աստծո պատվիրանները, Վերականգնումը և Հիսուս Քրիստոսի Քավությունը, ճշմարիտ են։ Նա կամրացնի մեր վկայությունը, եթե մենք շարունակենք աղոթել, պահել պատվիրանները և ուսումնասիրել ավետարանը։
Առաջնորդում և պաշտպանում է մեզ
Սուրբ Հոգին կարող է առաջնորդել մեզ որոշումներ կայացնելիս և պաշտպանել մեզ ֆիզիկական և հոգևոր վտանգից։ Նա կօգնի մեզ գտնել մեր հարցերի պատասխանները, եթե աղոթենք և փորձենք անել այն, ինչ ճիշտ է։ Նա միշտ կառաջնորդի մեզ «բարիք գործել» (Վարդապետություն և Ուխտեր 11․12)։
Մխիթարում է մեզ
Սուրբ Հոգուն երբեմն անվանում են «Մխիթարիչ» (Հովհաննես 14.26)։ Նա կարող է լցնել մեզ «հույսով և կատարյալ սիրով» (Մորոնի 8․26), երբ մենք անհանգստանում ենք, տխուր ենք կամ վախենում ենք։ Երբ Նա օգնում է մեզ զգալ Աստծո սերը, մենք կարող ենք հաղթահարել հուսահատությունը և զորանալ մեր փորձությունների ժամանակ։
Սուրբ Հոգու պարգևը
Երբ մենք մկրտվում ենք, ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը մի արարողության ժամանակ, որը կոչվում է հաստատում։ Երբ մենք ստանում ենք այս պարգևը, մենք կարող ենք ունենալ Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը, քանի դեռ արդար ենք ապրում։
Լուսանկարը՝ Ջ. Կիրկ Ռիչարդսի
Ինչպես ենք մենք լսում Սուրբ Հոգուն
Սուրբ Հոգին մարդկանց հետ հաղորդակցվում է տարբեր ձևերով։ Դրանք կարող են ներառել խաղաղ, մխիթարիչ զգացմունքները կամ մտքերը, թե ինչ ասել կամ անել: Երբ մենք աղոթում ենք առաջնորդության համար և լսում Նրա հուշումները, մենք կարող ենք սովորել, թե ինչպես է Նա խոսում մեզ հետ։
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Liahona Message, April 2023-ի թարգմանությունը։ Language. 19026 201