Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ
Որովհետև մեր Փրկիչը մահացավ Գողգոթայի վրա, մահը ուժ չունի մեզանից ոչ ոքի վրա:
Վերջերս թերթում էի ընտանեկան լուսանկարների ալբոմները: Փայփայված հուշերը հեղեղեցին միտքս, երբ նկար նկարի ետևից տեսնում էի հարազատներիս նկարները, հավաքված ընտանեկան հավաքներին, ծնունդներին, տարեդարձերին: Այն ժամանակից, երբ այդ լուսանկարներն արվել են, ընտանիքի սիրված անդամներից շատերը արդեն հեռացել են այս կյանքից: Ես մտածեցի Տիրոջ խոսքերի մասին. «Ապրեք միասին սիրով, այնպես որ սգաք նրանց կորստի համար, ովքեր մահանում են»: Ես կարոտում եմ յուրաքանչյուրին, ով հեռացել է ընտանեկան շրջանից:
Թեև դժվար և ցավալի է, մահը մեր մահկանացու կյանքի էական մասն է: Մենք սկսում ենք այստեղ մեր ճանապարհորդությունը, հեռանալով մեր նախաերկրային կյանքից և գալով երկիր: Բանաստեղծ Վորդսվորթը այս ճանապարհորդության մասին գրել է իր ոգեշնչված ձոն անմահությանը: Նա գրել է.
Կյանքն առաջ է ընթանում: Պատանեկությունը փոխարինում է մանկությանը, իսկ հասունությունը գալիս է անգամ ավելի վստահ: Փնտրելով և խորհելով կյանքի նպատակները և խնդիրները, մենք բոլորս վաղ, թե ուշ կանգնում ենք կյանքի տևողության հարցի դիմաց, ինչպես նաև անձնական և հավերժական կյանքի հարցի դիմաց: Այս հարցերն առավել սուր են իրենց զգացնել տալիս, երբ մեր սիրելիները հեռանում են մեզանից, կամ, երբ մենք պետք է հեռանանք նրանցից, ում սիրում ենք:
Այդ պահերին, մենք մտածում ենք համաշխարհային մի հարցի մասին, որը հին օրերի Հոբը այսպես է ձևակերպել, երբ դարեր առաջ հարցրել է.«Եթե մարդս մեռավ, միթե՞յ կկենդանանայ»:
Այսօր, ինչպես և միշտ, անհավատի ձայնը հարցականի տակ է դնում Աստծո խոսքը, և յուրաքանչյուրը պետք է ընտրի, թե ում լսի: Հանրաճանաչ իրավաբան և աթեիստ Քլերենս Դերոուն հայտարարել է. «Ոչ մի կյանք մեծ արժեք չունի, իսկ ամեն մահ փոքր կորուստ է»: Գերմանացի փիլիսոփա և պեսսիմիստ Շոպենհաուերը գրել է. «Անմահություն ցանկանալ նշանակում է ցանկանալ մեծ սխալի անընդհատ կրկնողություն»: Եվ նրանց խոսքերին ավելացվում է նոր սերունդներինը, երբ հիմար մարդիկ կրկին խաչում են Քրիստոսին, քանի որ փոխում են Նրա հրաշքները, կասկածում են Նրա աստվածային էությանը և մերժում են Նրա Հարությունը:
Ռոբերտ Բլատչֆորդը իր Աստվածն ու իմ մերձավորը գրքում եռանդորեն գրոհում է Քրիստոնեական համոզմունքները, ինչպիսին են` Աստվածը, Քրիստոսը, աղոթքը և անմահությունը: Նա համարձակորեն պնդում է. «Ես հայտարարում եմ, որ այն ամենը, ինչ մտադրվել եմ ապացուցել, ապացուցել եմ լիովին և վերջնականապես, որ ոչ մի Քրիստոնեա, որքան էլ նշանավոր կամ ընդունակ էլ որ լինի, չի կարող պատասխանել իմ բարձրացրած հարցերին կամ կասկածի տակ դնել իմ փաստարկները»: Նա իրեն շրջապատեց անհավատության պատերով: Ապա մի զարմանալի բան տեղի ունեցավ: Նրա պատը փոշիացավ: Նա մնաց խոցելի և անպաշտպան: Աստիճանաբար նա սկսեց գտնել դեպի հավատք վերադարձի իր ճանապարհը, որը քարկոծում և ծաղրում էր: Ի՞նչը պատճառ դարձավ այդ մեծ փոփոխության համար: Նրա կինը մահացավ: Կոտրված սրտով նա մտավ մի սենյակ, որտեղ պառկած էր կնոջ մահկանացու մարմինը: Նա կրկին նայեց այն դեմքին, որն այդքան սիրում էր: Դուրս գալով, նա ասաց ընկերոջը. «Դա նա է, և միևնույն ժամանակ, նա չէ: Ամեն ինչ փոխվել է: Մի բան, որ կար, այլևս չկա: Նա նույնը չէ: Այն, ինչ հեռացել է, միայն կարող է հոգին լինել»:
Ավելի ուշ նա գրում է. «Մահն այն չէ, ինչ որոշ մարդիկ պատկերացնում են: Դա միայն նման է մյուս սենյակ գնալուն: Այդ մյուս սենյակում մենք կգտնենք … սիրելի կանանց և տղամարդկանց, քաղցր երեխաներին, որոնց սիրել և կորցրել ենք»:
Դիմադրելով Քրիստոսի աստվածային էությանը կասկածելու այսօրվա աշխարհի միտումին, մենք փնտրում ենք հղման կետ, անբիծ աղբյուր, անգամ ականատեսի վկայություն: Աստվածաշնչյան ժամանակներից Ստեփանոսը, դատապարտված լինելով դաժան մահվան, նայեց դեպի երկինք և ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված, և Մարդի Որդին կանգնած Աստծո աջ կողմումը»:
Ո՞ւմ չի կարող համոզել Կորնթացիներին տրված Պողոսի հուզիչ վկայությունը: Նա հայտարարել է, թե «Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ` գրքերի համեմատ: Եվ թե թաղվեցավ, և թե երրորդ օրը հարություն առավ` գրքերի համեմատ: Եվ … երևացավ Կեփասին, հետոյ այն տասներկուսին: … Եվ, - ասում է Պողոսը, - ամենից հետոյ ինձ էլ երևեցավ»:
Մեր տնտեսության մեջ, նույն վկայությունը համարձակորեն տրվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից, երբ նա և Սիդնի Ռիգդոնը վկայել են. «Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ նա ապրում է»:
Սա այն գիտելիքն է, որն ամրացնում է: Սա այն ճշմարտությունն է, որը մխիթարում է: Սա այն հավաստիացումն է, որն առաջնորդում է նրանց, ովքեր վշտի ծանրության տակ են, և տանում է նրանց խավարից դեպի լույս:
1997 թվին Սուրբ Ծննդյան երեկո ես մի հրաշալի ընտանիքի հանդիպեցի: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ անսասան վկայություն ուներ ճշմարտության և Հարության իրականության մասին: Ընտանիքը բաղկացած էր մորից, հորից և չորս երեխաներից: Բոլոր երեխաները` երեք որդիները և մեկ դուստրը, ծնվել էին մկանային դիստրոֆիայի մի շատ հազվադեպ արատով, և բոլորը հաշմանդամ էին: Մարկը, որն այդ ժամանակ 16 տարեկան էր, ողնուղեղի վիրահատություն էր տարել, որպեսզի ավելի ազատ կարողանար շարժվել: Երկու մյուս տղաները, Քրիստոֆերը, 13 տարեկան, և Ջեյսոնը, 10 տարեկան, ստիպված էին մի քանի օրով մեկնել Կալիֆորնիա նմանատիպ վիրահատություն անցնելու նպատակով: Միակ դուստրը` Շաննան, այդ ժամանակ հինգ տարեկան էր և մի սքանչելի երեխա: Բոլոր երեխաները խելացի էին և լի հավատքով, և ակնհայտ էր, որ նրանց ծնողները, Բիլը և Շերին, հպարտ էին յուրաքանչյուրով: Մենք ժամանակ անցկացրեցինք միասին, և այդ ընտանիքի առանձնահատուկ ոգին լցրեց իմ գրասենյակը և տոգորեց իմ սիրտը: Ես և հայրը օրհնություններ տվեցինք վիրահատությանը պատրաստվող երկու տղաներին, իսկ հետո ծնողները խնդրեցին փոքր Շաննային երգել ինձ համար: Նրա հայրը նշեց, որ նա թոքերի թուլություն ունի, և դա կարող է դժվար լինել, սակայն աղջիկը ուզում էր փորձել: Ձայնագրված ժապավենի ուղեկցությամբ, գեղեցիկ ու մաքուր ձայնով, առանց բաց թողնելու որևէ նոտա, նա երգեց պայծառ ապագայի մասին.
Երբ նա ավարտեց, զգացմունքները խեղդում էին բոլորիս: Այդ հանդիպման հոգևոր վերելքը ստեղծեց այդ տարի իմ Սուրբ Ծննդյան մթնոլորտը:
Ես կապ էի պահում այդ ընտանիքի հետ, և երբ ավագ որդին, Մարկը, դարձավ 19 տարեկան, նրա համար հնարավորություն ստեղծվեց հատուկ միսիա ծառայել Եկեղեցու վարչական կենտրոնում: Հետագայում, մյուս երկու եղբայրները նույնպես հնարավորություն ունեցան նման միսիաներ ծառայելու:
Մոտ մեկ տարի առաջ, Քրիստոֆերը, որը 22 տարեկան էր, մահացավ այն հիվանդությունից, որով տառապում էին բոլոր երեխաները: Ապա, անցած սեպտեմբեր ես լուր ստացա, որ փոքրիկ Շաննան, արդեն 14 տարեկան, մահացավ: Թաղման արարողությանը Շաննան մեծ հարգանքների արժանացավ: Հենվելով ամբիոնին, ողջ մնացած եղբայրներից յուրաքանչյուրը, Մարկը և Ջեյսոնը, հուզիչ ընտանեկան պատմություններ պատմեցին: Շաննայի մայրը դուէտով գեղեցիկ երաժշտական համար կատարեց: Հայրը և պապիկը հուզիչ քարոզ կարդացին: Թեև նրանց սրտերը կոտրված էին, յուրաքանչյուրը զորեղ և խորը վկայություն բերեց Հարության իրականության և այն փաստի մասին, որ Շաննան դեռ ապրում է, ինչպես ապրում է նրա եղբայր Քրիստոֆերը, սպասելով իրենց ընտանիքի հետ փառավոր վերամիավորմանը:
Երբ ես պետք է խոսեի, հիշեցի մոտ ինը տարի առաջ ընտանիքի այցը իմ գրասենյակ և պատմեցի այն գեղեցիկ երգի մասին, որ Շաննան երգեց այդ օրը: Ես ավարտեցի այս մտքով. «Որովհետև մեր Փրկիչը մահացավ Գողգոթայի վրա, մահը ուժ չունի մեզանից ոչ ոքի վրա: Շաննան ապրում է, ողջ և առողջ, և նրա համար այն սքանչելի օրը, որի մասին նա երգում էր 1997 թվի Սուրբ Ծննդյան երեկո, այն օրը, որի մասին նա երազում էր, այժմ այստեղ է»:
Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք ծիծաղում ենք, լաց ենք լինում, աշխատում ենք, խաղում ենք, սիրում ենք, ապրում ենք: Ապա մահանում ենք: Մահը մեր ընդհանուր ժառանգությունն է: Բոլորը պետք է անցնեն դրա դարպասներով: Մահը տանում է տարեցներին, հոգնածներին և մաշվածներին: Այն այցելում է հույսի ծաղկման մեջ և սպասումների փառքի մեջ գտնվող երիտասարդներին: Ոչ էլ փոքր երեխաներն են ազատվում նրա ճանկերից: Պողոս Առաքյալի խոսքերով. «Մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել»:
Եվ մենք կմնայինք մահացած, եթե չլիներ այդ մեկ Մարդը և Նրա առաքելությունը, որն է Հիսուս Նազովրեցին: Ծնվելով ախոռում, դրվելով մսուրի մեջ, Նրա ծննդով իրականացվեցին շատ մարգարեների ոգեշնչված հայտարարությունները: Նա սովորում էր վերևից: Նա տալիս էր կյանք, լույս և ճանապարհ: Բազմությունները հետևում էին Նրան: Երեխաները պաշտում էին Նրան: Հպարտները մերժում էին Նրան: Նա խոսում էր առակներով: Նա ուսուցանում էր օրինակով: Նա ապրում էր կատարյալ կյանքով:
Այսպիսով, թագավորների Թագավորը և տերերի Տերը եկավ, նրան դիմավորեցին որպես մի թշնամու, մի լրտեսի: Ապա հետևեց ծաղրանքը, որոնք ոմանք կոչեցին դատ: «Խաչել նրան, խաչել նրան»կոչերը լցրեցին օդը: Ապա սկսվեց դեպի Գողգոթայի բլուր բարձրացումը:
Նա ենթարկվեց ծաղրի, ստորացման, ծիծաղի, նվաստացման և մեխվեց խաչին բացականչությունների ներքո. «Քրիստոսը` Իսրայելի թագավորը թող հիմա խաչիցը իջնէ, որ տեսնենք և հավատանք»: «Ուրիշներին ապրեցրեց, թող իրեն էլ ապրեցնէ»: Նա պատասխանեց. «Հայր, թողիր դորանց. որովհետև չգիտեն, թե ինչ են անում»: «Հոգիս քո ձեռն եմ ավանդում, և այս ասելով, հոգի տվավ»: Նրա մարմինը սիրող ձեռքերով տեղավորվեց քարե դամբարանի մեջ:
Շաբաթվա առաջին օրը, վաղ առավոտյան Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը, Հակոբոսի մայրը, մյուսների հետ եկան գերազման: Ի զարմանս նրանց, իրենց Տիրոջ մարմինը չկար: Ղուկասը գրում է, որ փայլուն հանդերձներով երկու տղամարդ կանգնեցին նրանց կողքին և ասացին. «Ի՞նչ եք կենդանին մեռելների մեջ որոնում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»:
Հաջորդ շաբաթ Քրիստոնեա աշխարհը տոնում է պատմության ամենանշանավոր տոնը: Հասարակ արտահայտությունը. «Այստեղ չէ, այլ հարություն առավ», մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի բառացի Հարության առաջին հաստատումն էր: Առաջին Զատկի այդ առավոտ դատարկ գերեզմանը սփոփող հաստատում և հաստատող պատասխան տվեց Հոբի հարցին. «Եթե մարդս մեռավ, միթե՞յ կկենդանանայ»:
Բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, մենք Հոբի հարցը պատասխանի կվերածենք. «Եթե մարդս մեռավ, միթե՞յ կկենդանանայ: Մենք գիտենք, քանի որ ունենք հայտնված ճշմարտության լույսը»: «Ես եմ հարությունը և կյանքը, - ասել է Վարդապետը: «Ինձ հավատացողը թեև մեռնի էլ, կապրի: Եվ ամեն ով որ կենդանի է և ինձ հավատում է, հավիտյան չի մեռնիլ»:
Արցունքների և փորձությունների միջից, վախերի և վշտերի միջից, սիրելիներին կորցնելու ցավի և միայնակության միջից, կա մի հավաստիացում, որ կյանքը հավերժ է: Մեր Տերը և Փրկիչը կենդանի վկայությունն է, որ դա այդպես է:
Իմ ողջ սրտով և իմ հոգու եռանդով ես բարձրացնում եմ իմ ձայնը վկայության մեջ որպես հատուկ վկա և հայտարարում եմ, որ Աստված ապրում է: Հիսուսը Նրա Որդին է, Հոր Միածինը մարմնի մեջ: Նա մեր Քավիչն է: Նա մեր Միջնորդն է Հոր առաջ: Դա Նա էր, ով զոհվեց խաչի վրա մեր մեղքերը քավելու համար: Նա դարձավ Հարության առաջնապտուղը: Որովհետև Նա մահացավ, մենք բոլորս կրկին կապրենք: «Oh, ինչ ուրախություն է այս միտքը պարգևում, գիտեմ, ապրում է Փրկիչն իմ»: Թող ողջ աշխարհն իմանա դա և ապրի ըստ այդ գիտելիքի, դրա համար ես խոնարհ աղոթում եմ Տեր և Փրկիչ` Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: