2020–2024
Բժշկենք աշխարհը
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


13:51

Բժշկենք աշխարհը

Վերքերը կարող են բժշկվել, իսկ տարբերությունները կարող են անգամ հարթվել, երբ մենք պատվում ենք Աստծուն` մեր բոլորի Հորը և Հիսուս Քրիստոսին` Նրա Որդուն:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, այս փառահեղ Զատիկի տոներին մենք այնքան օրհնված ենք, որ կարող ենք հանդիպել և խորհուրդ ու ուղղորդում ստանալ Աստծո ծառաներից:

Մեր Երկնային Հոր սուրբ առաջնորդությունն ու ուսմունքները օգնում են մեզ ընթանալ կյանքի այս վտանգավոր ժամանակներում: Ինչպես մարգարեները կանխատեսել են՝ «հրդեհները և փոթորիկները» «պատերազմները և պատերազմների համբավները և զանազան տեղերում երկրաշարժերը» «և ամեն ձևի պղծությունները»,1 «պատուհասները»,2 «եւ սովերն ու մահտարաժամերը»3 քայքայում են ընտանիքները, համայնքները և նույնիսկ՝ ազգերը:

Կա ևս մեկ պատուհաս, որը տարածվում է երկիր մոլորակում` հարձակումներ իմ և ձեր կրոնական ազատության վրա: Այս աճող տրամադրվածությունը ձգտում է հեռացնել կրոնը և առ Աստված հավատքը՝ հանրային հրապարակից, դպրոցներից, համայնքային չափանիշներից և քաղաքացիական քննարկումներից: Կրոնական ազատության հակառակորդները ձգտում են սահմանափակումներ դնել անկեղծ համոզմունքների արտահայտման վրա: Նրանք նույնիսկ քննադատում են և ծաղրում են հավատքի ավանդույթները:

Այդպիսի վերաբերմունքը նսեմացնում է մարդկանց, արժեզրկում անձնական սկզբունքները, շիտակությունը, հարգանքը, հոգևորությունը և խղճի խաղաղությունը:

Ի՞նչ է կրոնական ազատությունը:

Դա երկրպագելու ազատությունն է իր բոլոր ձևերով, հավաքվելու ազատությունը, խոսքի ազատությունը, անձնական համոզմունքներով գործելու ազատությունը և ուրիշների համար նույնը անելու ազատությունը: Կրոնական ազատությունը թույլ է տալիս մեզանից յուրաքանչյուրին ինքնուրույն որոշել, թե ինչին ենք հավատում, ինչպես ենք ապրում և գործում՝ համաձայն մեր հավատքի, և ինչ է Աստված ակնկալում մեզանից:

Կրոնական ազատությունը սահմանափակելու այսպիսի ջանքերը նոր չեն: Ողջ պատմության ընթացքում հավատքի մարդիկ շատ են տառապել ուրիշների ձեռքից: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները բացառություն չեն:

Եկեղեցու վաղ ժամանակներից սկսած շատ մարդիկ, որոնք փնտրում էին Աստծուն, գալիս էին դեպի այս Եկեղեցին՝ աստվածային վարդապետության ուսմունքների պատճառով, ներառյալ՝ հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ, ապաշխարության, երջանկության ծրագրի և մեր Տիրոջ Երկրորդ Գալուստի հանդեպ:

Հակադրությունը, հալածանքը և բռնությունը պատուհասեցին մեր վերջին օրերի առաջին մարգարեին՝ Ջոզեֆ Սմիթին և նրա հետևորդներին:

1842 թ.-ի իրարանցման պայմաններում Ջոզեֆը հրապարակեց աճող Եկեղեցու 13 հիմնարար դրույթները, ներառյալ այս մեկը․ «Մենք պահանջում ենք մեր իսկ խղճի թելադրանքով Ամենազոր Աստծուն երկրպագելու արտոնությունը, և նույն արտոնությունը վերապահում ենք բոլոր մարդկանց. թող նրանք երկրպագեն ինչպես, որտեղ կամ ինչ որ կամենում են»:4

Նրա հայտարարությունը համապարփակ է, ազատագրող և հարգալից: Դա է կրոնական ազատության էությունը:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը նշել է նաև.

«Ես համարձակություն ունեմ հայտարարել երկնքի առջև, որ ես պատրաստ եմ իմ կյանքը տալ, պաշտպանելով ցանկացած երիցականի կամ մկրտականի կամ որևէ այլ դավանանքի լավ մարդու համար, [ճիշտ ինչպես ցանկացած մորմոնականի համար], քանի որ նույն սկզբունքը, որը կարող է ոտնակոխ անել Վերջին Օրերի Սրբերի իրավունքները, ոտնակոխ կանի նաև Հռոմեական Կաթոլիկների իրավունքները կամ որևէ այլ դավանանքի, որը կարող է ժողովրդականություն չվայելել և խիստ թույլ լինել իրեն պաշտպանելու համար։

Ազատության սերն է, [որ] ոգեշնչում է հոգիս՝ քաղաքացիական և կրոնական ազատություն` ողջ մարդկային ցեղի համար»։5

Մինչդեռ, Եկեղեցու վաղեմի անդամները հարձակման ենթարկվեցին և քշվեցին հազարավոր մղոններ Նյու Յորքից դեպի Օհայո, դեպի Միսսուրի, որտեղ կառավարիչը հրաման արձակեց, որ Եկեղեցու անդամներին «պետք է վերաբերվեն որպես թշնամիների և պետք է բնաջնջվեն կամ քշվեն նահանգից»:6 Նրանք փախան Իլլինոյս, բայց տանջանքները շարունակվեցին: Ամբոխը սպանեց մարգարե Ջոզեֆ Սմիթին, մտածելով, որ նրան սպանելը կկործաներ Եկեղեցին և կցրեր հավատացյալներին: Բայց հավատարիմներն ամուր մնացին: Ջոզեֆի իրավահաջորդը՝ Բրիգամ Յանգը, առաջնորդեց հազարավոր մարդկանց բռնագաղթի ճանապարհով՝ 1300 մղոն դեպի արևմուտք, որն այժմ Յուտայի նահանգն է:7 Իմ նախնիները այդ վաղ ռահվիրա վերաբնակիչների շարքում էին:

Այդ դաժան հալածանքի օրերից սկսած՝ Տիրոջ Եկեղեցու անդամների թիվը հաստատուն աճել է, դառնալով մոտ 17 միլիոն, որոնցից ավելի քան կեսն ապրում են Միացյալ Նահանգներից դուրս:8

2020թ.-ի ապրիլին Եկեղեցին տոնեց ավետարանի Վերականգնման 200-րդ տարեդարձը՝ աշխարհին ուղղված մի հռչակագրով, որը պատրաստվել էր Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների կողմից: Այն սկսվում է այս խոսքերով. «Մենք հանդիսավոր կերպով հայտարարում ենք, որ Աստված սիրում է Իր զավակներին աշխարհի յուրաքանչյուր երկրում»:9

Մեր սիրելի նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հետագայում հայտարարել է.

«Մենք հավատում ենք Աստծո բոլոր զավակների համար ազատությանը, բարությանը և ազնվությանը։

Մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք, յուրաքանչյուրս սիրառատ Հոր մի զավակ: Նրա Որդին` Տեր Հիսուս Քրիստոսը, հրավիրում է բոլորին գալ Իր մոտ՝ «սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին»:(2 Նեփի 26.33)»:10

Միասին դիտարկենք չորս ուղիներ, որոնցով հասարակությունը և անհատները օգտվում են կրոնական ազատությունից:

Առաջին: Կրոնական ազատությունը հարգում է առաջին և երկրորդ մեծ պատվիրանները՝ դնելով Աստծուն մեր կյանքի կենտրոնում: Մենք կարդում ենք Մատթեոսի գրքում.

«Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը»:11

«Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս»։12

Լինի աղոթարանում, ժողովատանը, մզկիթում, թե թիթեղյա տանիքով խրճիթում, Քրիստոսի աշակերտները և բոլոր համախոհ հավատացյալները կարող են նվիրվածություն արտահայտել Աստծուն` Նրան երկրպագելով և Նրա զավակներին ծառայելու պատրաստակամությամբ:

Հիսուս Քրիստոսը այդպիսի սիրո և ծառայության կատարյալ օրինակ է: Իր ծառայության ընթացքում Նա հոգ տարավ աղքատների մասին,13 բժշկեց հիվանդներին14 և կույրերին:15 Նա կերակրեց սովյալներին,16 բացեց Իր գիրկը փոքրիկ երեխաների համար,17 և ներեց նրանց, ովքեր Իրեն անիրավություն արեցին, նույնիսկ խաչեցին Իրեն:18

Սուրբ գրությունները նկարագրում են, որ Հիսուսը «ման եկավ բարիք գործելով»։19 Մենք էլ պետք է այդպես անենք:

Երկրորդ: Կրոնական ազատությունը խրախուսում է հավատքի, հույսի և խաղաղության դրսևորումներ:

Մենք՝ որպես Եկեղեցի, միանում ենք մյուս կրոններին՝ պաշտպանելով բոլոր հավատքների և համոզմունքների մարդկանց և իրենց համոզմունքների մասին խոսելու նրանց իրավունքը: Սա չի նշանակում, թե մենք ընդունում ենք նրանց համոզմունքները, ոչ էլ նրանք` մերը, բայց մենք ավելի շատ ընդհանուր բաներ ունենք, քան նրանց հետ, ովքեր ցանկանում են լռեցնել մեզ:

Վերջերս Իտալիայում ես ներկայացրի Եկեղեցին ամենամյա G20 միջկրոնական համաժողովում: Ես քաջալերվեցի, նույնիսկ ոգևորվեցի, երբ հանդիպեցի կառավարության և կրոնական առաջնորդների հետ ողջ աշխարհից: Ես հասկացա, որ վերքերը կարող են բժշկվել, իսկ տարբերությունները կարող են անգամ հարթվել, երբ մենք պատվում ենք Աստծուն` մեր բոլորի Հորը և Հիսուս Քրիստոսին` Նրա Որդուն: Բոլորի Մեծ Բժշկողը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն է:

Ես մի հետաքրքիր պահ ունեցա, երբ ավարտում էի ելույթս: Նախորդ յոթ խոսնակները իրենց ուղերձները չեզրափակեցին հավատքի ավանդույթի որևէ ձևով կամ Աստծո անունով: Երբ խոսում էի, ես մտածեցի. «Ուղղակի շնորհակալություն ասեմ և նստե՞մ, թե եզրափակեմ «Հիսուս Քրիստոսի անունով»: Ես հիշեցի, թե ով էի ես, և ես գիտեի՝ Տերը կկամենար, որ ես ասեի Իր անունը՝ իմ ուղերձը եզրափակելու համար: Եվ ես այդպես էլ արեցի: Հետ նայելով հասկացա, որ դա իմ հավատքն արտահայտելու հնարավորությունն էր, և ես ունեի կրոնի ազատություն՝ իմ վկայությունը բերելու Նրա սուրբ անվան մասին:

Երրորդ: Կրոնը ոգեշնչում է մարդկանց օգնել մյուսներին:

Երբ կրոնին տրվում է տարածք և ծաղկելու ազատություն, հավատացյալներն ամենուր կատարում են պարզ, իսկ երբեմն, հերոսական ծառայություններ: Հին հրեական «tikkun olam» արտահայտությունը, որը նշանակում է «վերանորոգել կամ բժշկել աշխարհը» արտացոլվում է այնքան շատերի ջանքերում այսօր: Մենք համագործակցել ենք կաթոլիկ բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք հայտնի են որպես Caritas International, Islamic Relief, և բազմաթիվ հրեական, հինդուական, բուդդայական, սիկհական և քրիստոնեական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ Փրկության բանակը և Ազգային քրիստոնեական հիմնադրամը: Միասին մենք ծառայում ենք միլիոնավոր կարիքավորների, և հենց վերջերս օգնել ենք պատերազմի փախստականներին վրաններով, քնապարկերով և սննդի պաշարներով,20 և տրամադրել ենք պատվաստումներ, ներառյալ պոլիոմիելիտի 21 և COVID-ի դեմ:22 Անելիքների ցուցակը երկար է, բայց կարիքները` նույնպես:

Անկասկած, հավատքի մարդիկ միասին աշխատելով կարող են նշանակալի ներդրումներ կատարել: Միևնույն ժամանակ, մեկմեկու ծառայելը հաճախ չի հայտարարվում, բայց փոխում է կյանքեր:

Ես մտածում եմ Ղուկասի գրքի օրինակի շուրջ, երբ Հիսուս Քրիստոսը օգնության հասավ Նայինի այրուն: Հիսուսը մի խումբ հետևորդների ուղեկցությամբ հանդիպեց այրու միակ որդու թաղման թափորին: Առանց նրա [մայրը] հայտնվել էր հուզական, հոգևոր և նույնիսկ ֆինանսական կործանման առաջ: Հիսուսը, տեսնելով նրա արցունքոտ դեմքը, ասաց. «Մի լար»:23 Եվ մոտ եկավ` դագաղին դպավ. և տանողները կանգնեցին:

«Երիտասարդ», - ասաց Նա,- «քեզ եմ ասում` Վեր կաց:

Եւ մեռելը վերկացաւ, նստեց եւ սկսեց խօսել: Եւ [Հիսուսը] նորան տուաւ իր մօրը»:24

Մահացածին հարություն տալը հրաշք է, բայց բարության և հոգատարության յուրաքանչյուր գործողություն որևէ մեկի համար, ով մաքառում է, ուխտի ճանապարհն է, որով մեզանից յուրաքանչյուրը նույնպես կարող է «[գնալ]» բարիք անելով», գիտենալով, որ «Աստված [մեզ] հետ [է]»:25

Եվ չորրորդը: Կրոնի ազատությունը գործում է որպես միավորող և առաջ մղող ուժ` արժեքներ և բարոյականություն ձևավորելու համար:

Նոր Կտակարանում մենք կարդում ենք, որ շատերն էին հեռանում Հիսուս Քրիստոսից, տրտնջալով Նրա վարդապետությունից. «Խիստ է այդ բանը, ո՞վ կարող է լսել դորան»:26

Այդ աղաղակը այսօր էլ լսվում է նրանցից, ովքեր ձգտում են կրոնը հեռացնել խոսակցությունից և ազդեցությունից: Բայց, եթե կրոնը չի աջակցում բնավորության ձևավորմանը և դժվարին ժամանակներին միջամտելով, ապա ուրիշ ո՞վ կարող է: Ո՞վ կուսուցանի ազնվություն, երախտագիտություն, ներողամտություն և համբերություն: Ո՞վ ցույց կտա գթություն, կարեկցանք և բարություն մոռացվածների և ոտնահարվածների հանդեպ: Ո՞վ կգրկի նրանց, ովքեր տարբերվում են, սակայն արժանավոր են՝ ինչպես Աստծո բոլոր զավակները: Ովքե՞ր կբացեն իրենց գիրկը նրանց առջև, ովքեր կարիքավոր են և չեն ձգտի ոչ մի փոխհատուցման: Ո՞վ ավելի շատ կհարգի խաղաղությունն ու հնազանդությունը օրենքներին, քան օրվա միտումները: Ո՞վ կարձագանքի Փրկիչի աղերսին «Գնա և դու էլ այնպես արա»:27

Մենք կանենք: Այո, եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք կանենք:

Ես ձեզ հրավիրում եմ պաշտպանել կրոնական ազատության գործը: Դա Աստծո կողմից տրված ազատ կամքի սկզբունքի արտահայտությունն է:

Կրոնական ազատությունը հավասարակշռություն է բերում մրցակցող փիլիսոփայություններին: Կրոնի բարիքը, դրա հասանելիությունը և սիրո դրսևորմամբ ամենօրյա գործերը, որոնք կրոնը ոգեշնչում է, բազմապատկվում է միայն այն դեպքում, երբ մենք պահպանում ենք արտահայտվելու և գործելու ազատության հիմնական համոզմունքները:

Ես վկայում եմ, որ Ռասսել Մ. Նելսոնը Աստծո ապրող մարգարեն է: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն է առաջնորդում և ղեկավարում այս Եկեղեցին: Նա քավեց մեր մեղքերը, խաչվեց և հարություն առավ երրորդ օրը:28 Նրա շնորհիվ մենք կարող ենք նորից ապրել ողջ հավերժության մեջ, և նրանք ովքեր այդպես են կամենում, կարող են լինել մեր Երկնային Հոր հետ: Այս ճշմարտությունը ես հռչակում եմ ողջ աշխարհին: Ես երախտապարտ եմ դա անելու ազատության համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Մորմոն 8.29–31, տես նաև Բ Տիմոթեոս 3.1–7, 12–13, Վարդապետություն և Ուխտեր 45.26–27:

  2. Վարդապետություն և Ուխտեր 87․6

  3. Մատթեոս 24․7:

  4. Հավատո Հանգանակ 1.11։

  5. Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 345։

  6. Lilburn W. Boggs letter to John B. Clark, Oct. 27, 1838, Mormon War Papers, Missouri State Archives, Jefferson City, Missouri, accessed Oct. 31, 2016, sos.mo.gov/cmsimages/archives/resources/findingaids/miscMormRecs/rg005_01/B1F49_1838.pdf.

  7. Տես Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատ. 2, No Unhallowed Hand, 1846–1893 (2020), 3–68:

  8. Անդամների և վիճակագրական գրառումների բաժին. 2021թ.-ի տարեվերջին` ընդամենը. 16,8 միլիոն անդամ, ԱՄՆ և Կանադա՝ 7 միլիոն անդամ, ԱՄՆ-ից և Կանադայից դուրս՝ 9,8 միլիոն անդամ:

  9. «Հիսուս Քրիստոսի Ավետարանի լրիվության վերականգնումը. երկհարյուրամյա հռչակագիր աշխարհին», ChurchofJesusChrist.org, ընթերցվել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից, որպես իր կիրակնօրյա ուղերձ 190-րդ ամենամյա գերագույն համաժողովի ժամանակ, ապրիլի 5, 2020թ.:

  10. Ռասսել Մ. Նելսոն, «Հիսուսն ասել է սիրեք բոլորին», Ընկեր, ապր. 2021, 2:

  11. Մատթեոս 22․37։

  12. Մատթեոս 22.39։

  13. Տես Մարկոս 10.21–22, 12.41–44, Ղուկաս 16.19–25:

  14. Տես Ղուկաս 4.40, 8.43–48:

  15. Տես Հովհաննես 9․1-7։

  16. Տես Մատթեոս 14.15–21, 15.32–38, Մարկոս 6.31–44, 8.6–9, Հովհաննես 6․1-14։

  17. Տես Մատթեոս 19:13–15:

  18. Տես Ղուկաս 23.33–34:

  19. Գործք 10.38:

  20. Տես Մարի Ռիչարդս, «Ինչպես է Եկեղեցին օգնում մարդասիրական օգնությամբ Արևելյան Եվրոպայում», Church News, Mar. 3, 2022, thechurchnews.com:

  21. Տես Սառա Ֆերգուսոն,«Աֆրիկայում արմատախիլ է արված վայրի պոլիոմiելիտը` հսկայական քայլ դեպի վերացում», UNICEF, Oct. 22, 2020, unicefusa.org:

  22. Տես Փեգի Ֆլեչեր Սթաք, «ՎՕՍ Եկեղեցին հատկացնում է 20 մլն՝ դոլարի աջակցություն COVID-ի դեմ գլոբալ պատվաստան» համար, Salt Lake Tribune, Feb. 26, 2021, sltrib.com:

  23. Ղուկաս 7.13:

  24. Ղուկաս 7.14-15:

  25. Գործք 10.38:

  26. Հովհաննես 6․60:

  27. Ղուկաս 10.37:

  28. Տես Ա. Կորնթացիս 15․4։