2010–2019 թթ․
Լինենք միաբան
2018թ․ ապրիլ


10:20

Լինենք միաբան

Որպեսզի հասնենք մեր վսեմ նպատակակետին, մենք միմյանց կարիքը ունենք և պետք է միաբան լինենք:

Աշխարհի ամենաուշագրավ արարածներից մեկը Միապետ թիթեռն է: Երբ ամուսնուս ընտանիքի հետ Սուրբ Ծննդյան տոներին ուղևորվում էինք Մեքսիկա, մենք այցելեցինք թիթեռների ապաստարան, որտեղ միլիոնավոր «միապետ» թիթեռներ անցկացնում են ձմեռը: Շատ հաճելի է ներկա լինել այդպիսի տպավորիչ տեսարանի և խորհել միասնության ու աստվածային օրենքներին հնազանդվելու այս օրինակի մասին, որ Աստծո արարածներն են ցուցադրում:

«Միապետ» թիթեռ
«Միապետ» թիթեռների խումբ

«Միապետ» թիթեռները հմուտ թռչողներ են: Նրանք օգտագործում են արեգակի դիրքը, որպեսզի գտնեն իրենց անհրաժեշտ ուղղությունը: Ամեն գարնան նրանք ճամփորդում են հազարավոր կիլոմետրեր՝ Մեքսիկայից Կանադա, իսկ աշնանը վերադառնում են Մեքսիկայի նույն սրբազան սոճու անտառները: Նրանք այդպես թռչում են ամեն տարի, թափահարելով իրենց փոքրիկ թևերով: Նրանք իրենց ուղևորության ընթացքում գիշերը հավաքվում են ծառերի վրա հոծ խմբերով, որպեսզի պաշտպանվեն ցրտից և գիշատիչներից:

Թիթեռների խճանկար
Թիթեռների մեկ այլ խճանկար

Թիթեռների խումբը կոչվում է խճանկար: Մի՞թե դա գեղեցիկ պատկեր չէ: Խճանկարում յուրաքանչյուր թիթեռ յուրահատուկ է և տարբեր, սակայն այս թվացյալ փխրուն արարածներին սիրառատ Արարիչն օժտել է գոյատևման, ճամփորդելու, բազմանալու և կյանք տարածելու ունակությամբ, երբ նրանք թռչում են մի ծաղկից մյուսը՝ տարածելով ծաղկափոշին: Եվ, չնայած, յուրաքանչյուր թիթեռ յուրահատուկ է, նրանք աշխատում են միասին՝ աշխարհը դարձնելով ավելի գեղեցիկ ու արգասաբեր վայր:

«Միապետ» թիթեռների նման, մենք ևս մեր երկնային տունը վերադառնալու ճանապարհին ենք, որտեղ կմիանանք մեր Երկնային Ծնողների հետ: Թիթեռների նման, մեզ ևս տրվել են աստվածային հատկանիշներ, որոնք մեզ թույլ են տալիս խուսանավել կյանքում, որպեսզի «լցն[ենք] [մեր] ստեղծման չափը»: Նրանց նման, եթե մենք էլ միավորենք մեր սրտերը, Տերը կպաշտպանի մեզ, ինչպես «հավն է իր թևերի տակ հավաքում իր ճտերին», և կդարձնի մեզ մի գեղեցիկ խճանկար:

Տղանե՛ր և աղջիկնե՛ր, երիտասա՛րդ կանայք և երիտասա՛րդ տղամարդիկ, մենք միասին ենք այս ճանապարհին: Որպեսզի հասնենք մեր վսեմ նպատակակետին, մենք միմյանց կարիքը ունենք և պետք է միաբան լինենք: Փրկիչը պատվիրել է մեզ. «Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»:

Հիսուս Քրիստոսը Իր Հայր Աստծո հետ միաբանության բարձրագույն օրինակն է: Նրանք մեկ են նպատակով, սիրով և գործերով՝ «Որդու կամքը կուլ գնացած լինելով Հոր կամքին»:

Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Իր Հոր հետ միաբանության Տիրոջ կատարյալ օրինակին և ավելիմիաբանված լինել Նրանց ու միմյանց հետ:

Մի ոգեշունչ օրինակ է զետեղված Գործք Առաքելոց 1.14-ում: Մենք կարդում ենք. «[Տղամարդիկ] միշտ միաբան աղօթք եւ աղաչանք էին անում կանանց հետ»:

Կարծում եմ, կարևոր է, որ «միաբան» բառը մի քանի անգամ կրկնվում է Առաքելոց գրքում, որտեղ մենք կարդում ենք այն մասին, թե Հիսուս Քրիստոսի հետևորդներն ինչ արեցին անմիջապես այն բանից հետո, երբ որպես հարություն առած էակ, Նա համբարձվեց երկինք, կարդում ենք նաև օրհնությունների մասին, որ նրանք ստացան իրենց ջանքերի շնորհիվ:Կարևոր է նաև, որ մենք նման օրինակներ գտնենք հավատարիմների մեջ Ամերիկա մայրցամաքում այն ժամանակ, երբ Տերը այցելեց ու ծառայեց նրանց: «Միաբան» նշանակում է՝ համաձայնության մեջ, միասնական և բոլորը միասին:

Որոշ գործեր, որ հավատարիմ Սրբերը միաբան կատարում էին երկու վայրերում էլ, հետևյալն էին՝ վկայում էին Հիսուս Քրիստոսի մասին, ուսումնասիրում էին Աստծո խոսքը և սիրով ծառայում միմյանց:

Տիրոջ հետևորդները մեկ էին նպատակով, սիրով և գործերով: Նրանք գիտեին, թե ովքեր էին իրենք, ինչ պետք է անեին, և անում էին այդ Աստծո ու միմյանց հանդեպ սիրով: Նրանք հոյակապ խճանկարի մասն էին, որը միաբան առաջ էր ընթանում:

Օրհնությունները, որ նրանք ստանում էին, լի էին Սուրբ Հոգով, հրաշքներ էին տեղի ունենում նրանց մեջ, Եկեղեցին աճում էր, հակառակություն չկար մարդկանց միջև, և Տերը օրհնում էր նրանց բոլոր բաներում:

Մենք կարող ենք ենթադրել, որ պատճառը, որով նրանք այդքան միաբան էին, այն էր, որ իրենք անձամբ գիտեին Տիրոջը:Նրանք մոտ էին Նրան և վկա էին եղել Նրա աստվածային առաքելությանը, Նրա գործած հրաշքներին ու Նրա Հարությանը: Նրանք տեսել ու շոշափել էին Նրա ձեռքերն ու ոտքերը: Նրանք անշուշտ գիտեին, որ Նա էր խոստացված Մեսիան՝ աշխարհի Քավիչը: Նրանք գիտեին, որ «Նա է ողջ բժշկության, խաղաղության և հավերժական առաջընթացի աղբյուրը»:

Նույնիսկ, եթե մենք չենք տեսել Փրկիչին մեր աչքերով, մենք կարող ենք իմանալ, որ Նա ապրում է: Երբ մենք մոտենանք Նրան, երբ մենք ձգտենք Սուրբ Հոգու միջոցով անձնական վկայություն ստանալ Նրա աստվածային առաքելության մասին, մենք ավելի լավ կհասկանանք մեր նպատակը, Աստծո սերը կբնակվի մեր սրտերում, մենք վճռականություն կունենանք մեկ լինելու մեր ընտանիքների, ծխերի և համայնքների խճանկարում և կծառայենք միմյանց «ավելի նոր, ավելի լավ եղանակներով»:

Հրաշքները պատահում են, երբ Աստծո զավակները աշխատում են միասին, ուղղորդվելով Հոգու կողմից, որ հասնեն կարիքավորներին:

Փրկարարները ջրով հեղեղված փողոցներում

Մենք այնքան շատ պատմություններ ենք լսել բարեկամական սիրո մասին, որ մարդիկ ցուցադրում են աղետների ժամանակ: Օրինակ, երբ անցյալ տարի Հյուստոն քաղաքը տուժեց մեծ ջրհեղեղից, մարդիկ մոռացան իրենց սեփական կարիքների մասին և գնացին փրկարարական աշխատանքներ կատարելու: Երեցների քվորումի նախագահը օգնության կոչ արեց համայնքին և արագ կազմավորվեց 77 նավակներից բաղկացած շարժակազմ: Փրկարարները գնում էին ջրհեղեղից տուժած տարածքները և ընտանիքներին տեղափոխում մեր ժողովատներից մեկը, որտեղ նրանք ստանում էին օթևան և շատ անհրաժեշտ օգնություն: Անդամներն ու ոչ անդամները աշխատում էին միասին մեկ նպատակով:

Միսիոներներն ուսուցանում են իսպաներեն

Չիլիի Սանտյագո քաղաքում Սփոփող Միության նախագահը ցանկություն հայտնեց օգնել իր համայնքի ներգաղթյալներին, ովքեր եկել էին Հաիթիից: Խորհրդակցելով իր քահանայության ղեկավարների հետ, նա և այլ ղեկավարներ հանդես եկան ներգաղթյալների համար իսպաներենի դասեր անցկացնելու գաղափարով, որպեսզի օգնեին նրանց ավելի լավ ինտեգրվել իրենց նոր համայնքում: Ամեն կիրակի առավոտ միսիոներները մեկտեղ հավաքվում էին իրենց պատրաստակամ ուսանողների հետ: Միաբանության զգացումը այդ շենքում ոգեշնչող օրինակ էր այն մարդկանց, ովքեր ունեին տարբեր ծագում, բայց ծառայում էին միաբանությամբ:

Կամավորները Մեքսիկայում

Մեքսիկայում հազարավոր անդամներ ժամերով ճամփորդեցին, որպեսզի օգնեն երկու խոշոր երկրաշարժերից փրկված մարդկանց: Նրանք եկան գործիքներով, մեքենայական սարքավորումներով և մերձավորի հանդեպ սիրով: Երբ կամավորները միասին հավաքվեցին մեր ժողովատներից մեկում՝ սպասելով հրահանգների, Իքսյուհաթան քաղաքի քաղաքապետը հուզվեց և արցունքները հոսեցին նրա աչքերից, երբ տեսավ «Քրիստոսի մաքուր սիրո» այդպիսի դրսևորումը:

Տերը հիմա մեզ հնարավորություն է տալիս ամեն ամիս խորհրդակցել քահանայության քվորումների և Սփոփող Միությունների հետ միասին, որպեսզի մենք բոլորս կարողանանք եռանդուն մասնակիցներ լինել մեր ծխերի ու ճյուղերի խճանկարում, որում մենք բոլորս տեղ ունենք և որտեղ կա բոլորիս կարիքը:

Մեր ճանապարհները տարբեր են, սակայն մենք քայլում ենք միասին: Մեր ճանապարհ ասելով նկատի չունենք, թե մենք ինչ ենք արել կամ որտեղ ենք եղել, դա վերաբերում է նրան, թե մենք ուր ենք գնում և ինչ ենք դառնում միաբանվելով: Երբ մենք խորհրդակցում ենք միասին՝ առաջնորդվելով Սուրբ Հոգու կողմից, կարող ենք տեսնել՝ թե որտեղ ենք մենք և որտեղ մենք պետք է լինենք: Սուրբ Հոգին մեզ տալիս է տեսլական, որը չենք կարող տեսնել մեր բնական աչքերով, քանի որ «հայտնությունը ամենուրեք մեր մեջ է», և երբ ի մի ենք բերում այդ հայտնությունը, մենք ավելի շատ բան ենք հասկանում:

Երբ մենք աշխատում ենք միաբան, մեր նպատակը պետք է լինի փնտրել և կատարել Տիրոջ կամքը, մեր խթանը պետք է լինի սերը, որը զգում ենք Աստծո և մերձավորի հանդեպ, և մեր մեծագույն ցանկությունը պետք է լինի «ջանասիրաբար աշխատելը», որպեսզի կարողանանք ուղի պատրաստել մեր Տիրոջ փառահեղ վերադարձի համար: Միակ ուղին, որով կկարողանանք անել այդ, միաբան լինելն է:

«Միապետ» թիթեռների նման, եկեք միասին նպատակասլաց շարունակենք մեր ուղին, յուրաքանչյուրս ներդնելով մեր ավանդն ու հատկանիշները, աշխատենք այս աշխարհը դարձնել ավելի գեղեցիկ ու արգասաբեր, ամեն անգամ կատարելով մի փոքր քայլ, և Աստծո պատվիրանների հետ լինել ներդաշնակ:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոստացել է մեզ, որ երբ մենք հավաքվենք Իր անունով, Նա կլինի մեր մեջ: Ես վկայում եմ, որ Նա ապրում է և Նա հարություն է առել այնպիսի մի գեղեցիկ գարնանային առավոտ, ինչպիսին այսօր է: Նա է բոլոր միապետերի Միապետը, «թագավորների Թագավորը և տերերի Տերը»:

Թող մենք մեկ լինենք Հոր և Նրա Միածին Որդու մեջ, երբ առաջնորդվում ենք Սուրբ Հոգով, այս է իմ խոնարհ աղոթքը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես Աբրահամ 3.26, 4.7, 9-12, 15, 18, 21, 24–25։

  2. Կա մի հետաքրքիր փաստ «Միապետ» թիթեռների մասին. նրանք փոխում են երեք սերունդ, մինչ կատարում են իրենց ուղևորությունը դեպի Կանադա: Սակայն մի «առաջնակարգ սերունդ» կատարում է ամբողջ ճամփորդությունը դեպի հարավ՝ Մեքսիկա, անցկացնում է ձմեռն այնտեղ և կատարում առաջին վերադարձի շրջանը դեպի հյուսիս: (Տես “Flight of the Butterflies” [video, 2012]; “‘Flight’: A Few Million Little Creatures That Could,” WBUR News, Sept. 28, 2012, wbur.org:)

  3. Տես “Why Do Monarchs Form Overnight Roosts during Fall Migration?” learner.org/jnorth/tm/monarch/sl/17/text.html:

  4. Տես “What Is a Group of Butterflies Called?” amazingbutterflies.com/frequentlyaskedquestions.htm, տես նաև “kaleidoscope,” merriam-webster.com:Kaleidoscope բառը հունարեն kalos (գեղեցիկ) և eidos (ձև) բառերից է։

  5. Տես « Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, մայիս 2017, 145:

  6. Վարդապետություն և Ուխտեր 88.19, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 88.25:

  7. Տես Մոսիա 18.21:

  8. 3 Նեփի 10․4

  9. Վարդապետություն և Ուխտեր 38.27

  10. Մոսիա 15․7

  11. Գործք Առաքելոց 1.14, ավելացված շեշտադրում:

  12. Որոշ բաներ, որ Սրբերն անում էին Երուսաղեմում. ընտրեցին նոր Մարգարե և «ձեզանից եօթը վկայուած մարդիկ ընտրեցէք» և հաստատեցին նրանց (տես Գործք Առաքելոց 1.26, 6.3–5), միասին հավաքվում էին Պենտեկոստեի օրը (տես Գործք Առաքելոց 2.1), վկայում էին Հիսուս Քրիստոսի մասին (Գործք Առաքելոց 2.22–36, 3.13–26, 4.10, 33, 5.42), մարդկանց ապաշխարության էին կանչում և մկրտում էին նրանց (տես Գործք Առաքելոց 2.38–41), շարունակում էին եղբայրներ լինել հացը կտրելիս և աղոթքի մեջ (տես Գործք Առաքելոց 2.42), միասին էին և ամեն բան ընդհանուր էր (տես Գործք Առաքելոց 2.44–46, 4.34–35), հաճախում էին տաճար (տես Գործք Առաքելոց 2.46), «հաց էին կտրում տներումը, եւ ուրախութիւնով եւ սրտի միամտութիւնով կերակուր էին ուտում» (տես Գործք 2.46), օրհնում էին Աստծուն և «բոլոր ժողովրդի առաջին շնորհք ունէին» (տես Գործք Առաքելոց 2.47), հնազանդ էին հավատքին (տես Գործք 6.7), շարունակ աղոթում էին և «աղօթքին եւ խօսքի պաշտամունքին հետեւինք» (տես Գործք Առաքելոց 6.4): Որոշ բաներ, որ Սրբերն անում էին Ամերիկա մայրցամաքում. քարոզում էին Քրիստոսի ավետարանը (տես 3 Նեփի 28.23), կազմավորում էին Քրիստոսի եկեղեցին (տես 4 Նեփի 1.1), մկրտում էին մարդկանց (տես 4 Նեփի 1.1), ամեն մարդ արդար էր վարվում մեկը մյուսի հետ (տես 4 Նեփի 1.2), նրանց մեջ բոլոր բաներն ընդհանուր էին (տես 4 Նեփի 1.3), կրկին կառուցեցին քաղաքներ (տես 4 Նեփի 1.7–9), ամուսնանում էին (տես 4 Նեփի 1.11), նրանք քայլում էին՝ ըստ այն պատվիրանների, որոնք ստացել էին իրենց Տիրոջից (տես 4 Նեփի 1.12), շարունակում էին ծոմապահությունով ու աղոթքով, (տես 4 Նեփի 1.12), հաճախ հավաքվելով միասին, ինչպես աղոթելու, այնպես էլ լսելու Տիրոջ խոսքը (տես 4 Նեփի 112):

  13. Որոշ օրհնություններ, որոնք Սրբերը ստացան Երուսաղեմում. Նրանք լցված էին Սուրբ Հոգով (տես Գործք Առաքելոց 2.4, 4.31), նրանք ստացան լեզուների և մարգարեության պարգևները և խոսում «Աստծո հրաշալի գործերի մասին» (տես Գործք Առաքելոց 2.4–18), «շատ հրաշքներ եւ նշաններ էլ էին գործվում առաքեալների ձեռովը» (տես Գործք Առաքելոց 2.43), հրաշքներ էին տեղի ունենում (տես Գործք Առաքելոց 3.1–10, 5.18–19, 6.8, 15), ավելի շատ մարդիկ էին միանում Եկեղեցուն (տես Գործք Առաքելոց2.47, 5.14): Որոշ օրհնություններ, որոնք Սրբերը ստացան Ամերիկա մայրցամաքում. մարդիկ դարձի էին գալիս դեպի Տերը (տես 3 Նեփի 28.23, 4 Նեփի 1.2), սերունդը օրհնվեց (տես 3 Նեփի 28.23), նրանց մեջ չկային հակառակություններ և վիճաբանություններ,(տես 4 Նեփի 1.2, 13, 15, 18), չկային հարուստ և աղքատ (տես 4 Նեփի 1.3), նրանք բոլորը դարձվել էին ազատ, և երկնային պարգևի ճաշակողներ (տես 4 Նեփի 1.3), երկրում դեռ շարունակվում էր խաղաղություն տիրել(տես 4 Նեփի 1.4), եղան հզոր հրաշքներ գործված (տես 4 Նեփի 1.5, 13), Տերը խիստ բարգավաճեցրեց նրանց (տես 4 Նեփի 1.7, 18), ժողովուրդը զորացավ, և շատ արագ բազմացավ, և դարձավ մի չափազանց գեղեցիկ և հմայիչ ժողովուրդ (տես 4 Նեփի 1.10), նրանք օրհնվում էին՝ ըստ այն մեծաքանակ խոստումների, որոնք Տերը տվել էր նրանց (տես 4 Նեփի 1.11), «չկար ոչ մի հակառակություն երկրում Աստծո սիրո շնորհիվ, որը բնակվում էր մարդկանց սրտերում» (տես 4 Նեփի 1.15), «չկային նախանձություններ, ոչ էլ պայքարներ, ոչ էլ խլրտումներ, ոչ էլ պոռնկություններ, ոչ էլ ստախոսություններ, ոչ էլ սպանություններ, ոչ էլ որևէ ձևի հեշտասիրություն. և, անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով» (տես 4 Նեփի 1.16), «չկային ո՛չ ավազակներ, ո՛չ մարդասպաններ, ո՛չ էլ կային Լամանացիներ կամ որևէ այլ տեսակի -ացիներ. այլ նրանք մեկ էին՝ Քրիստոսի զավակները և Աստծո արքայության ժառանգները» (տես 4 Նեփի 1.17), Տերն օրհնում էր նրանց բոլոր իրենց գործերում (տես 4 Նեփի 1.18):

  14. Ջին Բ. Բինգամ, «Եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի», Լիահոնա, նոյեմբեր 2017, 85:

  15. Տես 4 Նեփի 1.15:

  16. Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Եկեղեցու պատվիրակները», Լիահոնա, նոյեմբեր 2016, 62։

  17. Մորոնի 7.47

  18. Նիլ Լ․ Անդերսեն, «Օժանդակներն օգտագործում են նոր ուսուցման գրադարանը», Լիահոնա ապրիլ 2011, 76:

  19. Տես Մատթեոս 22.37–40:

  20. Հակոբ 5․61

  21. Տես Մատթեոս 18․20։

  22. Ա Տիմոթեոս 6.12