2010–2019 թթ․
Մի վախեցիր, միայն հավատա
Հոկտեմբեր 2015


19:30

Մի վախեցիր, միայն հավատա

Երբ մենք ընտրում ենք հավատքը, կատարելագործում ենք այն ապաշխարության միջոցով, և հետևում ենք մեր Փրկչին, Հիսուս Քրիստոսին, մենք բաց ենք անում մեր հոգևոր աչքը այն պայծառության առջև, որը հազիվ ենք պատկերացնում:

Բաբելոն և Դանիել

Երկու հազար վեց հարյուր տարի առաջ, Բաբելոնը գերտերություն էր: Հին պատմիչներից մեկը նկարագրում է, թե ինչպես էին Բաբելոնի պարիսպները, շրջապատում քաղաքը, որոնք ունեին 300 ոտնաչափ (90 մ) բարձրություն և 80 ոտնաչափ (25 մ) հաստություն: «Իր վեհաշուքությամբ, - գրում է նա, - որևէ այլ քաղաք նույնիսկ չէր կարող հավակնել մոտենալ … նրան»:

Այդ ժամանակ Բաբելոնը համարվում էր կրթության, օրենքի և փիլիսոփայության աշխարհի կենտրոնը: Նրա ռազմական հզորությունը չգերազանցված էր: Այն խարխլել էր նաև Եգիպտոսի ուժը, ինչպես նաև ներխուժեց, ոչնչացրեց և բնաջնջեց Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, հեշտությամբ հպատակեցրեց Երուսաղեմը Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ ծառայության տանելով Իսրայելի լավագույն ու առավել խելացի զավակներին:

Այդ գերիներից մեկը Դանիել անունով մի երիտասարդ էր: Շատ գիտնականներ այն կարծիքին են, որ Դանիելը այդ ժամանակ 12-ից 17 տարեկանի սահմանում էր: Մտածեք սրա մասին իմ սիրելի երիտասարդ Ահարոնյան Քահանայություն կրողներ: Դանիելը մոտավորապես ձեր տարեկիցն էր, երբ վերցվեց թագավորական պալատ ուսանելու լեզուներ, օրենք, կրոն և գիտություն աշխարհիկ Բաբելոնում:

Կարո՞ղ եք ինքներդ ձեզ պատկերացնել, թե ինչ զգացողություն կարող էր ունենալ, տնից հարկադրաբար 500 մղոնի (800 կմ) վրա օտար քաղաքում հայտնված թշնամիների կրոնի վարդապետությունները ուսուցանող մեկին:

Դանիելը մեծացավ որպես Եհովայի հետևորդ: Նա հավատում և երկրպագում էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստծուն: Նա ուսանել էր մարգարեների խոսքերը և գիտեր Աստծո և մարդու փոխգործակցության մասին:

Բայց հիմա, դեռևս իր շատ երիտասարդ տարիքում նա գերության մեջ ուսանող էր Բաբելոնում: Ճնշումը նրա վրա պետք է, որ շատ ուժեղ լիներ, որպեսզի հրաժարվեր իր հին համոզմունքներից և ընդուներ Բաբելոնյանը: Բայց նա հավատարիմ մնաց իր հավատքին՝ և՛խոսքով, և՛գործով:

Ձեզանից շատերը գիտեն ինչպես կարելի է պաշտպանել ոչ հանրաճանաչ ճշմարտությունը: Համացանցային մերօրյա խոսակցական լեզվով մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես ենք «կրակի մատնվում» նրանց կողմից, ովքեր մեզ հետ համաձայն չեն: Բայց Դանիելը միայն չէր վտանգվում ենթարկվելով հանրային ծաղրի: Բաբելոնում, նրանք ովքեր հոգևոր իշխանություններին մարտահրավեր էին նետում հասկանում էին բառացիորեն և փոխաբերական իմաստով ինչ է նշանակում լինել «կրակի մատնված»: Սա ակնհայտ էր Դանիելի ընկերներ՝ Սեդրաքի, Միսաքի, և Աբեդ-նագովի հնազանդության օրինակում:

Ես չգիտեմ, արդյո՞ք Դանիելի համար հեշտ էր այդ միջավայրում լինել հավատացյալ: Որոշ մարդիկ օրհնված են, քանի որ օժտված են հավատալու բնական ձիրքով: Նրանց համար հավատքը երկնային ընծա է: Բայց ես ենթադրում եմ, որ Դանիելն էլ մեզանից շատ-շատերի նման պետք է աշխատեր մեր վկայությունների համար: Ես վստահ եմ, որ Դանիելը ծնկաչոք ժամեր է անցկացրել աղոթելով, իր հարցերն ու մտավախությունները աղոթքով բացահայտելով և հավատալով, որ կգտնի պատասխանները ու սպասել է Տիրոջը՝ ըմբռնման և իմաստության համար:

Եվ Տերը օրհնեց Դանիելին: Թեև նրա հավատը վիճարկվել և ծաղրանքի էր ենթարկվել նա հավատարիմ է մնում այն ամենին ինչ գիտեր սեփական փորձից, ճշմարտությունից չշեղվելու համար:

Դանիելը հավատաց: Դանիելը չկասկածեց:

Եվ հետո, մի գիշեր, Նաբուգոդոնոսոր թագավորը մի երազ տեսավ, որ մտահոգել էր իրեն: Նա հավաքեց գիտնականների և խորհրդականների իր թիմը և պահանջեց, որ նրանք վերծանեն իր երազը և բացահայտեն դրա իմաստը:

Դա նրանց, իհարկե, չհաջողվեց: Նրանք աղերսեցին. «Ոչ մեկը չի կարող անել ինչ դու ասացիր»: Բայց դա միայն Նաբուգոդոնոսորին ավելի զայրացրեց, և նա հրամայեց, բոլոր իմաստուններին, մոգերին, մոգությամբ զբաղվող քրմերին, և խորհրդականներին մասնատել, այդ թվում նաև Դանիելին ու Իսրայելացի մյուս երիտասարդ ուսանողներին:

Ձեզանից, ովքեր ծանոթ են Դանիելի գրքին, գիտեն թե ինչ տեղի ունեցավ հաջորդիվ: Դանիելը Նաբուքոդոնոսորից լրացուցիչ ժամանակ խնդրեց, և նա իր հավատարիմ ընկերների հետ միասին դիմեցին իրենց հավատքի և բարոյական ուժի աղբյուրին: Նրանք աղոթեցին և այդ օրհասական պահին խնդրեցին Աստծո օգնությունը իրենց կյանքում: Եվ «այն ժամանակ … տեսիլքում հայտնուեցավ Դանիելին այն գաղտնիքը»:

Դանիելը՝ նվաճված ազգի մի երիտասարդ, ով չարաշահվել և հալածվել էր իր տարօրինակ հավատքի համար, գնաց թագավորի առաջ, բացահայտեց նրա երազը ու տվեց դրա մեկնաբանությունը:

Այդ օրից սկսած, Աստծու հանդեպ ունեցած իր հավատարմության համար Դանիելը դարձավ թագավորի վստահված խորհրդատուն, ով ողջ Բաբելոնում հայտնի դարձավ իր իմաստությամբ:

Տղան, ով հավատում էր և ապրում իր հավատքով դարձավ Աստծո մարդը: Մարգարե: Արդար իշխան:

Մենք նմա՞ն ենք Դանիելին

Մեզ բոլորիս, ովքեր կրում են Աստծո սուրբ քահանայությունը, ես հարց եմ տալիս, արդյո՞ք մենք նման ենք Դանիելին:

Արդյո՞ք մենք մնացել ենք հավատարիմ Աստծուն:

Արդյո՞ք մենք անում ենք բոլոր այն բաները, որ ուրիշներին ենք ասում, որ պետք է անեն, թե՞ պարզապես քրիստոնյաներ ենք, որ կրոնի մասին հիշում ենք միայն կիրակի օրը:

Արդյո՞ք մեր ամենօրյա գործողությունները հստակ ցույց են տալիս այն, ինչ պնդում ենք հավատալ:

Արդյո՞ք մենք օգնում ենք «աղքատներին և կարիքավորներին, հիվանդներին ու չարչարվածներին»:

Արդյո՞ք ասում ենք բաներ, որոնք ճիշտ են, իսկ ինքներս դրան չենք հետևում և կամ արդյո՞ք խանդավառորեն անում ենք միայն ճիշտ բաներ:

Եղբայրներ, մեզ շատ է տրվել: Մեզ ուսուցանվել են Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի աստվածային ճշմարտությունները: Մեզ է վստահվել քահանայության իշխանությամբ օգնել մեր մերձավորներին և երկրի վրա կառուցել նախ թագավորությունը, ապա Աստծու արդարությունը փնտրել: Մենք հոգևոր իշխանության առատ շնորհի շրջանում ենք ապրում: Մենք ունենք ճշմարտության լրիվությունը: Մենք ունենք քահանայության բանալիները, որ կնքենք երկրի վրա և երկնքում: Սուրբ գրությունները, ապրող մարգարեների և առաքյալների ուսմունքները հասանելի են այնպես, ինչպես երբեք հասանելի չեն եղել նախկինում:

Իմ սիրելի ընկերներ, եկեք այս ամենին անկարևոր չվերաբերվենք: Այդ օրհնությունների և արտոնությունների հետ մեկտեղ գալիս են մեծ պարտականություններ և պարտավորություններ: Եկեք ընդունենք և կատարենք այդ պարտականությունները և պարտավորությունները:

Հնագույն քաղաք Բաբելոնը ավերակների է վերածվել: Նրա ծաղկուն շրջանը վաղուց է վերացել: Բայց Բաբելոնի աշխարհիկ ու երկրային հաճույքներն ու արատները դեռևս գոյատևում են: Այժմ մեր պատասխանատվությունն է ապրել որպես հավատացյալ մի աշխարհում, որ լի է մարդկանցով, ովքեր չեն հավատում: Մեր մարտահրավերն է մեր առօրյա կյանքում հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի սկզբունքներին և իսկապես հետևել Աստծո պատվիրաններին: Մենք պետք է հանգիստ վերաբերվենք ճնշումներին, չշեղվենք կեղծ մարգարեների հանրածանոթ տենդենցներով, արհամարհենք անաստվածների ծաղրը, դիմադրենք չարի գայթակղություններին և հաղթահարենք մեր սեփական ծուլությունը:

Պարզապես մտածեք սրա մասին: Որքա՞ն ավելի հեշտ կլիներ Դանիելի համար Բաբելոնի ուղիներին հետևելը: Նա կարող էր մի կողմ դնել սահմանափակող վարքականոնը, որ Աստված տվել էր Եբրայեցի երեխաներին: Նա կարող էր ըմբոշխնել թագավորի կողմից տրամադրված առատ ու հարուստ մթերքները և զիջեր մարմնավոր մարդու հաճույքներին: Նա կխուսափեր ծաղրից:

Նա կլիներ հայտնի:

Նա շատ լավ կմերվեր հասակակիցների հետ:

Նրա ուղին կարող էր լինել շատ ավելի պարզ:

Սա, իհարկե, մինչև այն օրը, երբ թագավորը պահանջեց իր երազի բացատրությունը: Այնուհետև Դանիելը կպարզեր, որ նա, ինչպես Բաբելոնի մյուս «իմաստունները» կորցրել էր իր կապը ճշմարտության և իմաստության իսկական աղբյուրի հետ:

Դանիելը կատարեց իր ճիշտ ընտրությունը և ձեռք բերեց փրկություն: Մենք դեռևս փորձվում և փորձարկվում ենք:

Քաջություն է հավատալը

Սատանան, մեր հակառակորդը, ուզում է, որ ձախողենք: Նրա ջանքերի մի մասը ստեր տարածելն է, որպեսզի ոչնչացնի մեր հավատը: Նա խորամանկորեն առաջարկում է, որ կասկածամիտը, թերահավատը, ցինիկը, հարուստ կենսափորձ ունեն և խելացի են, իսկ նրանք, ովքեր հավատում են Աստծուն և Նրա հրաշքներին տգետ, իրականությունից կտրված և կամ մտամոլոր են, ընդունակ չեն իրենց մտածելակերպով նորմալ ընկալելու: Սատանան քարոզում է, որ սոցիալապես ընդունելի է կասկածել հոգևոր պարգևներին և իսկական մարգարեների ուսմունքներին:

Կարծում եմ կկարողանամ օգնել, որ բոլորը հասկանան մի պարզ փաստ: Մենք հավատում ենք Աստծուն, այն բաների համար, որ մենք գիտենք մեր սրտով և մտքով, և ոչ այն բաների համար, որ մենք չգիտենք: Մեր հոգևոր փորձառությունները, երբեմն, չափազանց նվիրական են, որպեսզի բացատրենք աշխարհիկ բառերով, բայց դա չի նշանակում, որ նրանք իրական չեն:

Երկնային Հայրը իր զավակների համար պատրաստել է հոգևոր խրախճանք, առաջարկելով ամեն տեսակ համեղ երևակայական սնունդ և փոխարենը վայելելու այդ հոգևոր պարգևները, ցինիկները կողքից նայելով բավարարվում և շարունակում են ընդունել սկեպտիցիզմը, կասկածամտությունը և անհարգալիությունը:

Ինչու՞ մարդ իր կյանքի ընթացքը անցնի և բավարարվի միայն այն փոքր քանակով, որ կարող է միայնակ ընկալել, եթե մեր Երկնային Հորը հասնելով նա կարող է ընկալել հոգևոր գիտելիքներով հագեցած հսկայական քանակ, որը կարող է նրա միտքը ընդարձակել իմաստությամբ և կլցնի նրա հոգին ուրախությամբ:

Երբ մարդկանց հետ դուք և ես խոսում ենք հավատքի և դավանանքի մասին, արդյո՞ք հաճախ չենք լսում, «Կուզենայի կարողանալ հավատալ այնպես ինչպես դուք»:

Սատանայի կեղծարար մեկ այլ հայտարարությունն է. հավատքը հասանելի է միայն որոշ մարդկանց, բայց ոչ բոլորին: Հավատքի մեջ չկա կախարդանքի աղբյուր: Բայց ցանկանալ հավատալ դա առաջին անհրաժեշտ քայլն է: Աստված անաչառ է: Նա ձեր Հայրն է: Նա ցանկանում է խոսել ձեզ հետ: Սակայն, այն պահանջում է փոքր-ինչ գիտական մոտեցում, այն պահանջում է Աստծո խոսքի փորձարկում և «հավատի ցուցաբերում»: Այն նաև պահանջում է փոքր-ինչ խոնարհություն: Եվ այն պահանջում է բաց սիրտ ու բաց միտք, նոր գաղափարներ ընդունելու ցանկություն: Այն պահանջում է ձգտում՝ այդ բառի լիարժեք իմաստով: Եվ, թերևս, ամենադժվարը, այն պահանջում է համբերատար լինել և սպասել Տիրոջը:

Եթե մենք չջանանք հավատալ, մենք կնմանվենք այն մարդուն, ով անջատում է լուսարձակը, ապա մեղադրում է լուսարձակին լույս չտալու համար:

Վերջերս ես զարմացել էի և միաժամանակ տխրել, երբ լսեցի, որ Ահարոնյան Քահանայության կրողը հպարտ է փաստով, որ ինքն իրեն հեռացրել է Աստծուց: Նա ասել է. «Եթե Աստված բացահայտի իրեն ինձ մոտ, ապա ես կհավատամ: Իսկ մինչ այդ, ես ճշմարտությունը կգտնեմ հենվելով իմ ընկալման և ինտելեկտի վրա, որ կօգնի ինձ հասկանալ, թե ինչ պետք է անեմ»:

Ես չգիտեմ այս երիտասարդի մտքերն ու զգացմունքները, չեմ կարող օգնել, բայց ահավոր ցավում եմ նրա համար: Ինչ արագ է նա մերժում Տիրոջ առաջարկած նվերները: Այս երիտասարդը չի արել այն, ինչ անհրաժեշտ էր հայտնություն ստանալու համար, իսկ հետո բավարարվել է իր խելացի դիտարկմամբ, որ չի ստացել հայտնություն:

Ցավոք, սա այսօր, կարծես թե, բավականին հայտնի մոտեցում է: Եթե մենք կարողանանք իրերի ճշմարտացիության ապացույցը թողնել Աստծու պատասխանատվությանը, կարծում ենք, որ կարող ենք ինքներս մեզ արդարացնել Աստծո պատվիրաններին լրջորեն հետևելու և պատասխանատվություն վերցնելու համար մեր Երկնային Հոր հետ հարաբերություններում:

Եղբայրներ, թույլ տվեք պարզ խոսել, ոչինչ չկա ազնիվ կամ տպավորիչ ցինիկ լինելու մեջ: Թերահավատությունը հեշտ բան է, որևէ մեկը դա կարող է անել: Հավատքով կյանքն է, որ պահանջում է բարոյական ուժ, նվիրում և քաջություն: Նրանք, ովքեր ամուր են բռնվում հավատքից շատ ավելի տպավորիչ են, քան նրանք, ովքեր սկսում են կասկածել, երբ շփոթեցնող հարցեր կամ մտահոգություններ են առաջանում:

Բայց դա չպետք է զարմացնի մեզ, հավատքը չի գնահատվում հասարակության կողմից: Աշխարհը երկարատև պատմություն ունի մերժելու այն ամենը, ինչը չի ընկալում: Եվ որոշակի դժվարություն կա ընկալելու այն բաները, որոնք չի կարելի տեսնել: Բայց միայն այն, որ մենք ինչ-որ բան չենք կարող տեսնել ֆիզիկապես, դեռ չի նշանակում, որ այն գոյություն չունի: Իսկապես, «շատ բաներ կան, երկնքում և երկրում … քան այն պարունակում է կամ կարելի է պատկերացնել» մեր դասագրքերում, գիտական ամսագրերում և աշխարհիկ փիլիսոփայություններում: Տիեզերքը լի է զարմանահրաշ բաներով, բաներ՝ որ կարող են իմաստավորվել միայն հոգևոր աչքերով:

Հավատքի խոստումը

Երբ մենք ընտրում ենք հավատալու ուղին, հավատք ենք գործադրում ապաշխարության համար և հետևում մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, մենք բացում ենք մեր հոգևոր աչքերը այն զարմանահրաշ բաների առաջ, որ հազիվ ենք պատկերացնում: Այսպիսով, մեր հավատը ավելի կհզորանա, և մենք նույնիսկ շատ ավելին կտեսնենք:

Եղբայրներ, ես վկայում եմ, որ նույնիսկ ամենադժվար պահերին, Փրկիչը ձեզ կասի նույն բանը, ինչ ասեց Գալիլեայի մարդաշատ փողոցում մտահոգ հորը. «Մի վախեցիր, միայն հավատա»:

Մենք կարող ենք ընտրել հավատալը:

Երբ հավատում ենք, մենք ի վիճակի ենք սկսել:

Մենք կհայտնաբերենք ճշմարտությունը

Մենք կգտնենք խաղաղություն:

Շնորհիվ մեր հավատքի, մենք երբեք ոչ սոված կլինենք, ոչ ծարավ: Աստծու պարգևները մեզ հնարավորություն կտան, ապրել մեր հավատքին համապատասխանաբար և կլցնեն մեր հոգին ինչպես ջրի մի աղբյուր, «որ հավիտենական կյանքի համար կբխե»: Մենք կզգանք իսկական և տևական ուրախություն:

Ուստի, իմ սիրելի բարեկամներ, Աստծո քահանայության մեջ սիրելի իմ եղբայրներ:

Քաջություն ունեցեք հավատալու:

Մի՛ վախեցեք, միայն հավատացեք:

Դանիելի նման եղեք:

Ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, լինի երիտասարդ թե ծեր, գտնի նորովի ուժ, քաջություն և ցանկություն հավատալու: Մեր ուսուցիչ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Herodotus, The History of Herodotus, trans. George Rawlinson, 4 vols. (1875), 1:244.

  2. Սեդրաքը, Միսաքը և Աբեդ-նագովը նետվեցին բոցավառ հնոցի մեջ (տես Դանիել 3):

  3. Դանիել 2.19

  4. Տես Դանիել 2

  5. Վարդապետություն և Ուխտեր 52:40:

  6. Տես Գործք 10.34–35

  7. Բայց ահա, եթե դուք արթնացնեք և զարթնեցնեք ձեր ունակությունները, մինչև անգամ իմ խոսքերի վրա մի փորձարկմամբ, և գործադրեք հավատքի մի մասնիկ, այո, նույնիսկ եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ, թույլ տվեք, որ այդ ցանկությունը գործի ձեր մեջ, մինչև որ դուք հավատաք, այնպես որ դուք կարողանաք տեղ տալ իմ խոսքերի մի մասին 32.27:

  8. Ուիլիամ Շեքսպիր, Համլետ, գործ. 1, պատկեր 5, տող 167–68

  9. Տես Վարդապետություն եւ Ուխտեր 50.24

  10. Մարկոս 5.36

  11. Տես Մորմոնի 10.3–5

  12. Տես Եսայիա 26.3

  13. Տես Հովհաննես 6.35

  14. Հովնան 4.14

  15. Տես 2 Նեփի 2.25