2010–2019 թթ․
Ապրենք Մարգարեների խոսքերին համաձայն
Հոկտեմբեր 2014


10:42

Ապրենք Մարգարեների խոսքերին համաձայն

Երկնքի աստվածային նպատակների հետ ներդաշնակ լինելու համար մենք հաստատում ենք մարգարեին և ընտրում ապրել նրա խոսքերի համաձայն:

Մեր Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին և ցանկանում է, որ նրանք իմանան և հասկանան Իր երջանկության ծրագիրը: Ուստի, նա կանչում է մարգարեներ, ովքեր կարգվում են զորությամբ և իշխանությամբ՝ գործելու Աստծո անունով՝ Իր զավակների փրկության համար: Նրանք արդարակեցության սուրհանդակներ են, Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության անսահման զորության վկաները: Նրանք կրում են Աստվածային արքայության բանալիները երկրի վրա և լիազորում փրկող ծեսերի կատարումը:

Տիրոջ ճշմարիտ Եկեղեցում «միշտ երկրի վրա տվյալ պահին կա միայն մեկը, որին շնորհված է այս զորությունը և այս քահանայության բանալիները»: Մենք հաստատում ենք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին որպես մեր մարգարե, տեսանող և հայտնող: Նա հայտնում է Տիրոջ խոսքերը՝ առաջնորդելով և ղեկավարելով մեր ամբողջ Եկեղեցին: Ինչպես Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ Կրտսերն է բացատրել. «Եկեղեցու Նախագահը … միայն իրավունք ունի հայտնություններ ստանալ Եկեղեցու համար»:

Կենդանի մարգարեի վերաբերյալ Տերը պատվիրում է Իր Եկեղեցու մարդկանց.

«Դու պիտի ուշք դարձնես նրա բոլոր խոսքերին ու պատվիրաններին, որոնք նա կտա քեզ, երբ նա ստանա դրանք՝ ողջ սրբությամբ քայլելով իմ առաջ.

Քանզի նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից, ողջ համբերությամբ ու հավատքով:

Քանզի այդ բաները կատարելով, դժոխքի դռները չեն հաղթի ձեզ»:

Երկնքի աստվածային նպատակների հետ ներդաշնակ լինելու համար մենք հաստատում ենք մարգարեին և ընտրում ապրել նրա խոսքերի համաձայն:

Մենք նաև հաստատում ենք Նախագահ Մոնսոնի խորհրդականներին և Տասներկու Առաքյալների Քվորումներին որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Նրանք ունեն իրավունք, զորություն և իշխանություն՝ հայտարարելու Տիրոջ միտքն ու կամքը, որ հասու է Եկեղեցու Նախագահին: Նրանք խոսում են Քրիստոսի անունով: Նրանք մարգարեանում են Քրիստոսի անունով: Նրանք բոլոր բաներն անում են Հիսուս Քրիստոսի անունով: Նրանց խոսքում մենք լսում ենք Տիրոջ ձայնը և զգում ենք Փրկչի սերը: «Եվ ինչ որ նրանք խոսեն, երբ շարժվում են Սուրբ Հոգով, պիտի լինի սուրբ գրություն, … և Աստծո զորությունը ի փրկություն»: Տերն Ինքն է ասել. «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է»:

Մենք երախտապարտ ենք եկեղեցու համար, «Առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինված. որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է»: Տիրոջ տունը կարգուկանոնի տուն է, և մենք միշտ պետք է իմանանք, թե որտեղ պետք է փնտրենք մեր հարցերի պատասխանները և վստահ լինենք, թե ինչ ձայնի պետք է հետևենք: Մենք չպետք է լինենք «երերուած ու տատանուած վարդապետության ամեն քամուցը»: Աստված հայտնում է Իր խոսքը Իր կարգված ծառաների միջոցով, «սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար. Մինչև որ ամենքս հասնենք հավատքի և Աստծո Որդին ճանաչելու միությանը»: Երբ մենք ընտրում ենք ապրել մարգարեների խոսքերի համաձայն, մենք քայլում ենք դեպի հավերժական կատարելություն տանող ուխտյալ ճանապարհով:

Սովի շրջանում գոյատևելու համար մաքառող միայնակ մոր օրինակով մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում հաստատել մարգարեին: Տերը պատվիրեց Եղիա մարգարեին գնալ Սարեփթա, որտեղ կգտներ մի այրի կին, որին Աստված հրամայել էր օգնել իրեն: Երբ Եղիան մոտեցավ քաղաքին, նա տեսավ ցախ հավաքող կնոջը: Նա կանչեց նրան. «Խնդրեմ ինձ համար մի քիչ ջուր բեր մի ամանում, որ խմեմ»:

«Եվ երբոր նա գնաց բերելու, նրան կանչեց [կրկին] և ասեց. Խնդրեմ ինձ համար մի պատառ էլ հաց բեր ձեռքիդ:

Եվ նա ասեց. Կենդանի է քո Տեր Աստուածը, որ ես մի նկանակ չունեմ, բացի մի բուռ ալյուր սափորումը և մի քիչ յուղ կուժումը, և ահա մի երկու փայտ եմ ժողովում, որ գնամ և պատրաստեմ այն ինձ համար և իմ որդիի համար, որ ուտենք և մեռնենք»:

Եղիան պատասխանեց. «Մի վախենար, գնա արա քո խոսքի պես, միայն թե առաջ ինձ համար մի փոքր շոթ շինիր նրանից և բեր ինձ համար, և հետո քեզ և քո որդիի համար կշինես»:

Մի պահ պատկերացրեք, թե ինչ դժվար բան էր խնդրում մարգարեն սովահար կնոջից: Անշուշտ, Աստված Ինքը կարող էր սնունդ ապահովել Իր հավատարիմ ծառայի համար: Սակայն գործելով Տիրոջ անունով, Եղիան վարվեց ըստ ցուցումի, այսինքն՝ խնդրեց Աստծո սիրելի դստերից զոհաբերել այն, ինչ ուներ, մարգարեին նեցուկ լինելու համար:

Բայց Եղիան նաև հնազանդության դիմաց օրհնություն խոստացավ. «Որովհետև այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. Սափորումը ալյուրը պիտի չվերջանա և կուժիցը յուղը չպակասե»: Տերն այրուն հնարավորություն տվեց ընտրել՝ հավատալ և հնազանդվել մարգարեի խոսքերին:

Աշխարհում, որը արդարակեցության սովի և հոգևոր քաղցի վտանգի տակ է, մեզ պատվիրվել է աջակցել մարգարեին: Երբ հնազանդվում, պաշտպանում և հաստատում ենք մարգարեկան խոսքը, մենք տեսնում ենք, որ ունենք բավականաչափ հավատք՝ խոնարհ ընդունելու Տիրոջ կամքը, իմաստությունն ու ժամանակացույցը:

Մենք ականջ ենք դնում մարգարեական խոսքին, անգամ երբ այն թվում է ոչ այնքան ողջամիտ և հարմար: Ըստ աշխարհի չափանիշների՝ մարգարեին հետևելը կարող է համարվել համբավ չվայելող, քաղաքականապես սխալ և սոցիալապես անընդունելի: Սակայն մարգարեին հետևելը միշտ ճիշտ է: «Որովհետև ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը, և իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը»: «Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր»:

Տերը պատվում է և բարեհաճ է նրանց հանդեպ, ովքեր ականջ են դնում մարգարեական ուղղորդող խոսքին: Սարեփթացի այրին հնազանդվելով Եղիային փրկեց իր կյանքը և, ի վերջո, իր որդու կյանքը: Ինչպես մարգարեն էր խոստացել, «նա և կինը և իր տունը կերան բավական ժամանակ … Տիրոջ այն խոսքի պես, որ ասեց Եղիայի ձեռովը»:

Տերը «կկերակրի նրանց, ովքեր վստահում են Իրեն»: Մարգարեների խոսքերը մանանայի պես են մեր հոգու համար: Երբ ճաշակում ենք դրանից, մենք օրհնվում, պաշտպանվում և պահպանվում ենք՝ թե նյութական և թե հոգևոր առումով: Երբ սնուցվում ենք նրանց խոսքերով, մենք սովորում ենք ինչպես գալ Քրիստոսի մոտ և ապրել:

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին գրել է, որ մարգարեների միջոցով «Տերը հայտնում է փրկության մասին ճշմարտությունները, … փրկություն, որը Քրիստոսի մեջ է, և նա գծում է … դեպի հավերժական կյանք տանող ուղին: … Ամեն ժամանակաշրջանում՝ Տերն իր ժողովրդին տալիս է ուղղություն, որն իրենց հարկավոր է վտանգի պահին: Եվ իհարկե, գալիք օրերում կլինեն պահեր, երբ միայն Աստծո իմաստությունը իջնելով երկնքից և դուրս գալով մարգարեի շուրթերից, կկարողանա փրկել իր ժողովրդին»:

Ինձ համար, իմ Դափնու ուսուցչի կողմից ուսուցանված մարգարեների խոսքերի շնորհիվ ես պատկերացում կազմեցի ուխտյալ ամուսնական կապի մասին: Մարգարեների խոսքերը ինձ հավատք և հույս ներշնչեցին, որ ես կարողանայի պատրաստվել և ձեռք բերել երջանիկ տուն: Թե հին և թե մեր օրերի մարգարեների ուսմունքները պարբերաբար ուսումնասիրելն օգնեց ինձ յոթ երեխա ունենալ, ուսուցանել և դաստիարակել լարված և հաճախ հյուծող տարիներին: Սուրբ գրություններում տրված և այս ամբիոնից ուսուցանված մարգարեների խոսքերը սփոփանք, սեր, ուժ և ուրախ տրամադրություն պարգևող խոսքեր են, որոնք կիրառելի են բոլորիս համար:

Երբ ականջ ենք դնում մարգարեների խոսքերին, մենք կառուցում ենք մեր տները և կյանքը հավերժական ամուր հիմքի՝ «մեր Քավիչի վեմի վրա, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, … որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և նրա զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն չի ունենա զորություն ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը»:

Մենք ունենք ընտրություն: Մենք կարող ենք ընտրել անտեսել, կատակաբանել կամ ըմբոստանալ Քրիստոսի խոսքերի դեմ, որոնք կհնչեն Իր կարգված ծառաների կողմից: Բայց Փրկիչն ուսուցանել է, որ ովքեր այդպես կվարվեն, կկտրվեն Իր ուխտյալ ժողովրդից:

Երբ առ Քրիստոս հավատքով, անկեղծ միտումով և աղոթքով կարդանք և ուսումնասիրենք սուրբ մարգարեական խոսքերը, Սուրբ Հոգին ճշմարտությունը կխոսի մեր մտքում և սրտում: Թող որ մենք բացենք մեր ականջները լսելու համար, մեր սրտերը հասկանալու համար, և մեր մտքերը, որպեսզի Աստծո խորհուրդները բացվեն մեզ համար:

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո կողմից կանչված մարգարե է եղել և կա՝ երկրի վրա Հիսուս Քրիստոսի ավետարանը և Նրա քահանայությունը վերականգնելու համար: Եվ ես վկայում եմ, որ Նախագահ Մոնսոնը, ով առաջնորդում է մեզ այսօր, Աստծո ճշմարիտ մարգարե է: Թող մենք ընտրենք կանգնել մարգարեների հետ և ապրել նրանց խոսքերի համաձայն, մինչև որ կմիավորվենք հավատքով, կմաքրագործվենք Քրիստոսում և կլցվենք Աստծո Որդու գիտելիքով: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Հղումներ

  1. Վարդապետություն և Ուխտեր 132.7, տես նաև Handbook 2: Administering the Church (2010), 2.1.1. «Հիսուս Քրիստոսը կրում է Իր Եկեղեցուն պատկանող քահանայության բոլոր բանալիները: Նա Իր Առաքյալներին շնորհեց բոլոր բանալիները, որոնք պատկանում են երկրի վրա Աստծո արքայությանը: Ապրող ավագ Առաքյալը՝ Եկեղեցու Նախագահը, միակ մարդն է երկրի վրա, որ լիազորված է գործադրել քահանայության բոլոր բանալիները»:

  2. J. Reuben Clark Jr., “When Are the Writings and Sermons of Church Leaders Entitled to the Claim of Scripture?” (address to seminary and institute personnel, Brigham Young University, July 7, 1954).

  3. Վարդապետություն և Ուխտեր 21.4–6, շեշտադրումն ավելացված է:

  4. J. Reuben Clark Jr., “When Are the Writings and Sermons of Church Leaders Entitled to the Claim of Scripture?”

  5. Վարդապետություն և Ուխտեր 68.4:

  6. Վարդապետություն և Ուխտեր 1.38:

  7. Եփեսացիս Բ.20:

  8. Եփեսացիս Դ.14:

  9. Եփեսացիս Դ.12–13

  10. Գ Թագավորաց ԺԷ.10:

  11. Գ Թագավորաց ԺԷ.11–13, շեշտադրումն ավելացված է:

  12. Գ Թագավորաց ԺԷ.14:

  13. Եսայիա ԾԵ.9:

  14. Առակաց Գ.5:

  15. Գ Թագավորաց ԺԷ.15–16:

  16. Roger Hoffman, “Consider the Lilies.”

  17. Bruce R. McConkie, A New Witness for the Articles of Faith (Deseret Book Company, 1985), 478; punctuation modified; used by permission.

  18. Հելաման 5.12:

  19. Տես 3 Նեփի 20.23:

  20. Տես Մոսիա 2.9: