Ամենամյա հեռարձակումներ
Մարգարեն երկրում. Ընթացիկ մարգարեական շեշտադրումներ չափահաս երիտասարդների համար


24:38

Մարգարեն երկրում. Ընթացիկ մարգարեական շեշտադրումներ չափահաս երիտասարդների համար

Ս&Ի 2023 թ․ ամենամյա հեռարձակում

27 Հունվարի, 2023 թ․

Նախաբան

Դիմում եմ մեր կրոնի ուսուցիչներին, և իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ այն ամենի համար, ինչ դուք անում եք՝ ողջ Եկեղեցու երիտասարդներին և չափահաս երիտասարդներին ոգեշնչելու համար: Եկեղեցու ապագան բառացիորեն գտնվում է ձեր դասարաններում, և ինձ ոգեշնչում է այն եղանակը, որով դուք ծառայում և հոգ եք տանում ձեր ուսանողների մասին:

Ես սկսում եմ՝ ձեզ հետ կիսվելով մի փորձառությամբ, որը ես ունեցա այս աշնանը Մալադ գագաթի վրա, որը Սոլթ Լեյք Սիթիի և Ռեքսբուրգի (Այդահո) միջև ընկած ամենաբարձր կետն է: Մինչ ճամփորդում էի՝ կատարելու Եկեղեցու հանձնարարությունը, ես հստակ տպավորություն ստացա կրկին լսել նախագահ Նելսոնի ելույթը չափահաս երիտասարդների հոգևոր հավաքին, որը վերնագրված է «Ընտրություններ հավերժության համար»: Երբ բարձրացա գագաթը, ես երկու հստակ զգացողություն ունեցա: Նախ՝ ես սիրո զգացումով համակվեցի Եկեղեցու չափահաս երիտասարդների հանդեպ: Երկրորդ՝ ես ակնածանք զգացի ապրող մարգարեի հրաշքի հանդեպ, որը կանչված է՝ ուսուցանելու այս երիտասարդ չափահասներին դժվարին ժամանակներում: Ես կանգնեցրի մեքենան, որպեսզի գրի առնեմ այդ նախնական տպավորությունները, որոնք ի վերջո, կհանգեցնեին այն դիտողություններին, որոնցով ես այսօր կկիսվեմ ձեզ հետ:

Մենք ապրում ենք փոթորկալից ժամանակներում, բայց Տերը հայտարարել է. «Ես օրինակ կտամ ամեն ինչում, որպեսզի չխաբվեք. որովհետև սատանան երկրի վրա է, և նա դուրս է գալիս՝ խաբելով ազգերին»։1 Բայց ինչպես քույր Վենդի Նելսոնն է ուսուցանել, մինչ սատանան ամենուրեք է երկրի վրա, մենք նաև մարգարե ունենք այդ երկրի վրա, և մենք կարող ենք նրանից ճշմարտություն և հստակություն փնտրել այս վերջին օրերում:2

Այս երեկո ես կնշեմ հինգ մարգարեական թեմաներ, որոնք մարգարեն և առաքյալները շեշտադրել են, հատկապես Եկեղեցու չափահաս երիտասարդների համար: Եթե հաջորդ կիսամյակում ես վարեի «Ապրող մարգարեների ուսմունքները» դասընթացը, ուսումնական ծրագիրը կկենտրոնանար այս թեմաների վրա: Անկախ որոշակի դասընթացից՝ հուսով եմ, որ դուք թույլ կտաք, որ այս ուղերձները ազդեն թե՛ ձեր ուսումնական ծրագրի վրա, թե՛ ձեր ուսանողներին ուսուցանելու և սպասավորելու ձևի վրա:

Ընթացիկ հինգ մարգարեական շեշտադրումները, որոնց մասին մենք կցանկանայինք, որ դուք մտածեք, ներառում են.

  1. Ճանաչեք ձեր աստվածային ինքնությունը:

  2. Օգտվեք Հիսուս Քրիստոսի զորությունից և ձեր ուխտերից:

  3. Թույլ տվեք, որ Աստված տնօրինի և հետևեք Նրա մարգարեին:

  4. Սիրով ուսուցանեք ճշմարտությունը:

  5. Պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար։

1. Ճանաչեք ձեր աստվածային ինքնությունը:

Եթե ես փորձեի հասկանալ, թե մարգարեն ինչ մարգարեական շեշտադրումներ ունի չափահաս երիտասարդների համար, ես կսկսեի չափահաս երիտասարդների վերջին համաշխարհային հավաքից և դրա ուղերձից՝ «Ընտրություններ հավերժության համար» վերնագրով: Շատ երիտասարդներ այսօր մաքառումների մեջ են, քանի որ չեն հասկանում իրենց իսկական ինքնությունը: Նախագահ Նելսոնը հարցրել է․

«Ո՞վ եք դուք:

Առաջին հերթին դուք Աստծո զավակն եք:

Երկրորդ՝ որպես Եկեղեցու անդամ, դուք ուխտի զավակն եք: Եվ երրորդ՝ դուք Հիսուս Քրիստոսի աշակերտն եք»:3

Ուշադրություն դարձրեք, որ նախագահ Նելսոնը ուսուցանում է կարեկցանքով ու սիրով, բայց նա, այնուամենայնիվ, ուսուցանում է աստվածային ինքնության մասին առանցքային ճշմարտությունը: Լսեք նրա ելույթից հետևյալ հղումը.

[Սկսել տեսանյութը]

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն. Կան տարբեր պիտակներ, որոնք, իհարկե, ձեզ համար կարող են շատ կարևոր լինել: Խնդրում եմ՝ ինձ սխալ չհասկանաք։ Ես չեմ ասում, որ այլ դասակարգումներն ու որակավորումները էական չեն։ Ես պարզապես ասում եմ, որ ոչ մի որակավորում չպետք է հեռացնի, փոխարինի կամ առաջնահերթ լինի այս երեք մնայուն դասակարգումներից՝ «Աստծո զավակի», «ուխտի զավակի» և «Հիսուս Քրիստոսի աշակերտի»:

Ցանկացած որակավորում, որն անհամատեղելի է այդ երեք հիմնական դասակարգումների հետ, ի վերջո, ձեզ կհիասթափեցնի: Այլ բնորոշումները ժամանակի ընթացքում կհիասթափեցնեն ձեզ, քանի որ դրանք զորություն չունեն առաջնորդելու ձեզ դեպի հավերժական կյանք՝ Աստծո սելեստիալ արքայությունում:4

[Տեսանյութի ավարտ]

Չափահաս երիտասարդների համար առաջին մարգարեական շեշտադրումը, որը մենք առանձնացնում ենք, հետևյալն է՝ օգնել նրանց ճանաչել իրենց աստվածային ինքնությունը: Ես լիովին երաշխավորում եմ, որ նախագահ Նելսոնի ամբողջական դիտողությունները «Ընտրություններ հավերժության համար» ուղերձում առանցքային աղբյուր են ձեզ համար՝ որպես կրոնի ուսուցիչներ, քանի որ դուք աշխատում եք չափահաս երիտասարդների և Եկեղեցու երիտասարդների հետ:

2. Օգտվեք Հիսուս Քրիստոսի զորությունից և ձեր ուխտերից

Երկրորդը՝ աստվածային ինքնությունը պահպանելու համար մենք պետք է ուսուցանենք մեր չափահաս երիտասարդներին, որ օգտվեն Հիսուս Քրիստոսի զորությունից՝ պահելով իրենց ուխտերը: Նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Այն ամենը, ինչ սովորեցնում են տաճարում՝ ուսուցման և Հոգու միջոցով, մեծացնում է մեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի մասին: Նրա կարևոր արարողությունները մեզ կապում են Իր հետ՝ քահանայության սուրբ ուխտերի միջոցով։ Այնուհետև, երբ մենք պահում ենք մեր ուխտերը, Նա մեզ օժտում է Իր բժշկող, ամրապնդող զորությամբ: Օ՜, իսկ գալիք օրերին որքան ենք ունենալու Նրա զորության կարիքը»:5

Անցյալ տարի ԲՅՀ-ի հոգևոր երեկոյի իմ ելույթը վերնագրված էր՝ «Գտնել Քրիստոսի խաղաղությունը վտանգավոր ժամանակներում», որտեղ ես մի քանի անգամ մեջբերեցի նախագահ Նելսոնի խոսքերը:6 Հոգևոր երեկոյից հետո մեր դեկաններից մեկն ասաց, որ իրեն դուր եկավ այն մեջբերումը, որը ես անընդհատ օգտագործում էի նախագահ Նելսոնից: Ես բացատրեցի, որ իրականում կային չորս տարբեր մեջբերումներ, որոնք ես օգտագործել էի՝ բոլորը նույն կառուցվածքով:

Նախագահ Նելսոնը օգտագործում է մի ձևակերպված ոտանավոր, որտեղ յուրաքանչյուր հայտարարության ձախ կողմում նա խոսում է վերջին օրերի դժվարության, վտանգի, անհանգստության և իրարանցման մասին: Ոտանավորի աջ կողմում նա վստահությամբ և հույսով հայտարարում է, որ Հիսուս Քրիստոսի միջոցով, և Նրա միջոցով մեր ուխտերը պահելով՝ մենք կարող ենք հաղթահարել այս մարտահրավերները: Նախագահ Նելսոնի՝ գերագույն համաժողովի ուղերձներից ես առանձնացրել եմ այդպիսի ոտանավորներից առնվազն յոթը՝ այն ժամանակից ի վեր, երբ նա դարձել է մարգարե: Եկեք վերանայենք դրանցից միայն երկուսը նրա՝ «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը» ելույթից։

Մեջբերում #1. «Թանկագին եղբայրներ և քույրեր, սրանք վերջին օրերն են: Եթե ես և դուք ցանկանում ենք դիմակայել գալիք վտանգներին և ճնշումներին, անչափ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը ամուր հոգևոր հիմք ունենա, որը կառուցված է մեր Քավիչի՝ Հիսուս Քրիստոսի վեմի վրա»։7

Մեջբերում #2.«Տերը հայտարարել է, որ անկախ այսօրվա աննախադեպ մարտահրավերներից, նրանք, ովքեր իրենց հիմքը կառուցում են Հիսուս Քրիստոսի վրա և սովորում են օգտվել Նրա զորությունից, չպետք է ենթարկվեն այս դարաշրջանին հատուկ անհանգստություններին»:8

Կրկին, երկու հայտարարություններում էլ մարգարեն սկսում է ճանաչել այն մարտահրավերները, որոնց մենք կհանդիպենք վերջին օրերում: Այնուհետև հետևում է խոստումը, որ մենք կարող ենք հաղթահարել այդ մարտահրավերները և դրանց հետ կապված անհանգստությունները, երբ դիմենք Փրկչին և սովորենք օգտվել Նրա զորությունից:

Երբ առաջին անգամ հասկացա այս օրինաչափությունը, ես մտածեցի, որ Հիսուս Քրիստոսի հիշատակումը նշանակում է, որ եթե ես իմ վկայությունը խարսխեմ Փրկչի վրա, ապա կարող եմ դիմակայել վերջին օրերին սպասվող փորձություններին: Բայց ես մեծապես հավատում եմ, որ նախագահ Նելսոնը մեզ կոչ է անում նմանվել Փրկչին:

Հավանաբար երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հենց սրա մասին էր խոսում, երբ այս տարվա սկզբին ԲՅՀ-ում չափահաս երիտասարդներին ուղղված իր ուղերձում պատվիրեց մեզ սուրբ դառնալ Տիրոջ՝ Քրիստոսի Քավության միջոցով:

[Սկսել տեսանյութը]

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ. Բենիամին թագավորն ուսուցանել է, որ հավանաբար մահկանացու կյանքի հիմնական նպատակն է՝ դառնալ «սուրբ Տեր Քրիստոսի քավության զորության միջոցով, որը մեզանից կպահանջի դառնալ ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել նրա վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը» [Մոսիա 3.19, շեշտադրումն ավելացված է]:9

[Տեսանյութի ավարտ]

3. Թույլ տվեք, որ Աստված տնօրինի և հետևեք Նրա մարգարեին

Որպեսզի օգնենք երիտասարդներին ճանաչել իրենց աստվածային ինքնությունը և օգտվել Հիսուս Քրիստոսի զորությունից, մենք պետք է նաև ուսուցանենք նրանց առաջին տեղում դնել Աստծուն և հետևել Նրա մարգարեին: Ոչ մի տեղ այս ուղերձը չի ուսուցանվել այնքան զորեղ կերպով, որքան նախագահ Նելսոնի «թող Աստված տնօրինի» կոչի մեջ: Կարծես ամբողջ Եկեղեցու հետ հարցազրույց անցկացնելով՝ մարգարեն մեզ տալիս է հետևյալ վեց հարցերը.

  • «Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված տնօրինի ձեր կյանքում։

  • Պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված ամենամեծ ազդեցությունն ունենա ձեր կյանքում:

  • Թույլ կտա՞ք, որ Նրա խոսքերը, Նրա պատվիրաններն ու ուխտերը ազդեն ձեր ամենօրյա քայլերի վրա:

  • Թույլ կտա՞ք, որ Նրա ձայնը գերակշռի մյուս ձայներին:

  • Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ այն, ինչ Նա է ցանկանում, որ դուք անեք, ավելի կարևոր լինի ձեր մնացած բոլոր նպատակներից:

  • Դուք պատրա՞ստ եք, որ ձեր «կամքը կուլ գնացած լինի [Նրա] կամքին»:10

Տարիներ առաջ ես անձամբ զգացի, թե ինչ կնշանակեր թույլ տալ, որ Աստված տնօրինի իմ կյանքում: Արևելյան ափին նախնական ուսումնական կարիերայից հետո պարզ դարձավ, որ Տերը այլ ճանապարհ էր պատրաստել մեր ընտանիքի համար, որն ի վերջո, մեզ կտաներ դեպի Ռեքսբուրգ (Այդահո): Այն ժամանակ ես գանգատվում էի կնոջս. «Ես ինձ հարուստ երիտասարդ կառավարչի նման եմ զգում, միայն ես գիտեմ, թե ինչպես է ավարտվում առակը, ուստի ես գնալու եմ այն ճանապարհով, որով մեզ տանում են»։

Սա հազիվ թե լավագույն դիրքորոշումն էր, որ կարող էի ընտրել: Հենց հաջորդ առավոտյան ցցի ղեկավարության ժողովի ժամանակ խոսնակներից մեկը քննարկեց նույն առակը, որի մասին ես խոսել էի կնոջս հետ նախորդ երեկոյան: Նա ասաց, որ շատ է ցավում հարուստ երիտասարդ կառավարչի համար, ինչպես պատկերված է Հենրիխ Հոֆմանի՝ առակի նկարում: Եվ նա նկարագրեց, թե ինչպես էր հարուստ երիտասարդ կառավարիչը նայում այլ կողմ, մտածելով միայն այն մասին, թե ինքը ինչից էր հրաժարվում: Այլ կողմ նայելու բուն գործողությունը խանգարում էր նրան տեսնել ավելի լավ ճանապարհ, որը Փրկիչը ցույց էր տալիս նրան: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ամեն անգամ, երբ մենք թույլ ենք տալիս, որ Աստված տնօրինի մեր կյանքում, մենք հրաժարվում ենք մեր բնական եսից՝ Հիսուս Քրիստոսում շատ ավելի լավ բանի համար:

Աստծուն տնօրինել թույլ տալու օրինակը մեզանից պահանջում է նաև փնտրել և ստանալ անձնական հայտնություն: Նախագահ Նելսոնն ուսուցանել է դա «Հայտնություն եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար» իր ուղերձում:11 Երկնային ուղղորդումը նրան տրվել է ոչ միայն Եկեղեցու ծառայության մեջ, այլև բնակավայրի, կրթության, ում հետ ամուսնանալու, մասնագիտական աշխատանքի, իսկ ավելի ուշ՝ ծնողական դաստիարակության ընտրության հարցում: Հայտնություն ստանալու այս օրինաչափությունը առաջին քայլն է՝ թույլ տալու Աստծուն տնօրինել մեր կյանքում: Այն նաև կօգնի մեր չափահաս երիտասարդներին գտնել և ստանալ այն հայտնությունը, որի կարիքն ունեն, և որը կօրհնի նրանց այս ճգնաժամային ժամանակաշրջանում:

4. Սիրով ուսուցանեք ճշմարտությունը

Եթե հետևել եք, թե ինչպես են ուսուցանում մեր մարգարեներն ու առաքյալները, դուք կնկատեք ճշմարտությունն ուսուցանելու օրինաչափություն, նույնիսկ՝ քննադատության ժամանակ: Նրանք դա անում են սիրով, կարեկցանքով և ուրիշների հանդեպ Քրիստոսանման հոգածությամբ, այնուամենայնիվ, նրանք ուսուցանում են այն ճշմարտությունները, որոնք իրենց պատվիրված է ուսուցանել: Նախագահ Նելսոնը ցույց է տվել ճշմարտությունը սիրով ուսուցանելու այս օրինակը, երբ նա ուսուցանել է հավերժական ինքնության առաջնահերթությունը չափահաս երիտասարդներին ուղղված իր համաշխարհային ուղերձում:12 Նա դա արեց, երբ ԲՅՀ-ում ուսուցանեց Աստծո սիրո և օրենքների փոխհարաբերությունների մասին:13 Նախագահ Դալլին Հ. Օուքսը խոսեց այդ պատասխանատվության մասին անցյալ տարի Ensign College-ում չափահաս երիտասարդներին ուղղված իր ուղերձում:

[Սկսել տեսանյութը]

Նախագահ Դալլին Հ. Օուքս. «Հարգանք ցուցաբերելը չի նշանակում, որ մենք հեռանում ենք ընտանիքի վերաբերյալ մեր համոզմունքներից և հիմնական վարդապետությունից ու դրա կարևորությունից՝ Աստծո ծրագրում Իր զավակների հավերժական ճակատագրի համար, ինչպես բացահայտված է Ընտանիքի հռչակագրում:

Խնդրում եմ, հիշեք այն պատասխանատվությունը, որ մենք՝ Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի անդամներս, ունենք՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալներ: Մենք պետք է հայտարարենք ճշմարտությունն այնպես, ինչպես Աստված է հայտնել: Մենք ազատ չենք ընտրելու, թե որ ճշմարտությունները կքարոզենք ու կպաշտպանենք»։14

[Տեսանյութի ավարտ]

Այդ նույն ուղերձում նախագահ Օուքսը նկարագրեց հինգ ուղիներ, որոնցով մենք կարող ենք սիրով ուսուցանել ճշմարտությունը.

  1. Խուսափենք չափազանց վիճելի իրավիճակներից:

  2. Սիրենք ուրիշներին, ընդհանուր լեզու գտնենք, նույնիսկ, երբ մենք համաձայն չենք:

  3. Հավատարիմ մնանք ճշմարտությանը, նույնիսկ ուրիշների հետ մեր շփման մեջ:

  4. Լույս լինենք աշխարհի համար:

  5. Եվ շարունակենք խարսխված մնալ Հիսուս Քրիստոսում:

Ոմանք շարունակում են և կշարունակեն պնդել, որ ուրիշներին սիրելու համար հարկավոր է թերագնահատել Աստծո ճշմարտությունը: Բայց ուշադրություն դարձրեք նախագահ Օուքսի խորհրդին` կառչել ճշմարտությունից գոնե մեր հասանելիության սահմաններում: Այլ կերպ ասած, դրանք երկակի ընտրություններ չեն։ Լսեք երեց Հոլլանդի խորհուրդն այդ մասին, երբ նա խոսում էր ԲՅՀ պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակազմի հետ՝ այս հավասարակշռությունը ճիշտ պահպանելու կարևորության մասին:

[Սկսել տեսանյութը]

Երեց Հոլլանդ. «Մենք պետք է զգույշ լինենք, որ սերն ու կարեկցանքը չմեկնաբանվեն որպես ամենաթողություն և կողմնակալություն: Կամ, որ ավանդապաշտությունն ու հավատարմությունը սկզբունքներին չմեկնաբանվեն որպես անբարյացակամություն կամ անհավատարմություն մարդկանց հանդեպ: Որքանով որ ես կարող եմ ասել, Քրիստոսը երբեք ոչ մեկից չի թաքցրել Իր սերը, սակայն Նա նաև երբեք որևէ մեկին չի ասել. «Քանի որ ես սիրում եմ քեզ, դու ազատված ես Իմ պատվիրանները պահելուց»: Մենք նույնպես պետք է ձգտենք հասնել այդ նույն զգայուն, պահանջկոտ հավասարակշռությանը մեր կյանքում»:15

[Տեսանյութի ավարտ]

Երբ մենք անտեսում ենք Աստծո ճշմարտությունները, իրականում կարող ենք սահմանափակել Նրա զավակների հանդեպ մեծագույն սեր ցուցաբերելու մեր կարողությունը: Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է․

«Առաջին պատվիրանը առաջին տեղում դնելը չի նվազեցնում կամ սահմանափակում երկրորդ պատվիրանը պահելու մեր կարողությունը: Ընդհակառակը՝ հզորացնում և ամրապնդում է այն։ … Դա նշանակում է, որ մենք ուժեղացնում ենք մեր սերը՝ խարսխելով այն աստվածային զորության և նպատակի մեջ: … Աստծո հանդեպ մեր սերը բարձրացնում է ուրիշներին լիարժեք և կատարելապես սիրելու մեր կարողությունը, քանի որ մենք, ըստ էության, համագործակցում ենք Աստծո հետ՝ Նրա զավակների խնամքի հարցում»:16

5. Պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար

Չափահաս երիտասարդնե՛ր, իմ վերջին առանձնացրած մարգարեական շեշտադրումը վերաբերում է նրան, որ դուք պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար: Եթե ցանկանում եք հետևել մարգարեին՝ մեծ ուշադրություն դարձրեք նրա օգտագործած այնպիսի արտահայտություններին, ինչպիսիք են՝ «Ես խնդրում եմ ձեզ»: Գերագույն համաժողովի՝ «Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել» վերնագրով իր ելույթում նախագահ Նելսոնն ասաց. «Ես կոչ եմ անում Եկեղեցու բոլոր անդամներին ստանձնել նույն պատասխանատվությունը, որը տվել եմ մեր երիտասարդ չափահասներին այս տարվա մայիս ամսին: Ես հորդորեցի նրանց այն ժամանակ և ես խնդրում եմ ձեզ հիմա, որ պատասխանատու լինեք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ձեր վկայության համար:17

Եկեք լսենք նույն պատասխանատվության մասին, որը տրվեց չափահաս երիտասարդներին նրա՝ «Ընտրություններ հավերժության համար» ելույթում։

[Սկսել տեսանյութը]

Նախագահ Նելսոն. «Ես խնդրում եմ ձեզ, որ պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար։ Աշխատեք դրա համար: Պահպանեք այն։ Հոգ տարեք դրա մասին։ Զարգացրեք, որ այն աճի։ Սնուցեք այն ճշմարտությամբ։ Մի աղտոտեք այն անհավատ տղամարդկանց և կանանց կեղծ փիլիսոփայություններով, իսկ հետո զարմացեք, թե ինչու է ձեր վկայությունը նվազում:18

[Տեսանյութի ավարտ]

Ձեր վկայության համար պատասխանատվություն ստանձնելը նշանակում է, որ մենք խրախուսում ենք երիտասարդ չափահասներին հավատարմությամբ անդրադառնալ իրենց հարցերին: Հարցերին պատասխանելու օրինակը ուրվագծված է Ս&Ի Վարդապետության սերտման նյութերի էջում, որը վերնագրված է՝ «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ»: Երեց Լոուրենս Է. Քորբրիջը քննարկեց այս թեման՝ մեջբերելով առաջնային և երկրորդական հարցերի միջև եղած տարբերությունը:19 Առաջնային հարցերը վկայության հիմքում են Դրանք ներառում են՝ գիտենալ, որ Աստված մեր Հայրն է, Հիսուսը Քրիստոսն է և Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Երկրորդական հարցերը ներառում են հարցեր Եկեղեցու պատմության, բազմակնության և քահանայության իշխանության մանրամասների վերաբերյալ: Երկրորդական հարցերին կարելի է և պետք է պատասխան տրվի, բայց դրանք անվերջ են, և առանց համոզմունքի, իսկ առանց առաջնային հարցերի դրանք հազվադեպ են հանգեցնում վկայության:

Երեց Ռոբերտ Ս. Վուդը կիսվել է առաջնային հարցերի պատասխանների վրա խարսխվելու իր սեփական եղանակով, երբ աշխատում էր երկրորդական հարցերի վրա:20 ԲՅՀ-Այդահոյի ուսանողների հոգևոր երեկոյի իր ելույթում Երեց Վուդը նկարագրել է, թե ինչպես է ամբողջ գիշեր արթուն մնացել՝ կարդալով Մորմոնի Գիրքը և ստանալով դրա ճշմարտացիության մասին իր առաջին ակնհայտ վկայությունը: Հաջորդ շաբաթ դպրոցական մի ընկեր ասաց նրան, որ ապացույցներ ունի, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ չէ՝ ներկայացնելով գրքում եղած ժամանակագրական սխալների մի երկար ցուցակ: Երեց Վուդն ասաց իր ընկերոջը, որ շատ ուշ էր, և ինքը արդեն վկայություն ունի: Այսինքն՝ նա արդեն ուներ մի առաջնային հարցի պատասխան: Բայց նա առաջարկեց վերցնել ցուցակը և հարցերը լուծել։ Դրանցից մի քանիսն անմիջապես լուծվեցին, իսկ մյուսների համար ժամանակ պահանջվեց:

Այդ ընթացքում երեց Վուդը ծառայեց Եկեղեցում, ամուսնացավ տաճարում, կրթություն ստացավ, մեծացրեց իր ընտանիքը ավետարանով: Եվ միայն որպես Բարձրագույն Իշխանություն նրա կանչից մի քանի տարի անց այդ ցուցակի վերջին ժամանակագրական սխալը լուծվեց Կոռնելի համալսարանի պրոֆեսորի կողմից: Պատկերացնո՞ւմ եք, եթե Երեց Վուդը սպասեր պատասխանելու յուրաքանչյուր երկրորդական հարցին, նախքան առաջ կշարժվեր իր հիմնական հարցերի հանդեպ ունեցած հավատքով:

Նախագահ Նելսոնը բացատրեց մեր չափահաս երիտասարդներին, թե ինչպես վարվել իրենց հարցերըի հետ

[Սկսել տեսանյութը]

Նախագահ Նելսոն. «Եթե հարցեր ունենաք, իսկ ես հուսով եմ, որ կունենաք, պատասխաններ փնտրեք՝ հավատալու մեծ ցանկությամբ: Ավետարանի մասին սովորեք այն ամենը, ինչ կարող եք, և չմոռանաք առաջնորդության համար դիմել ճշմարտությամբ լի աղբյուրներին: Մենք ապրում ենք մի տնտեսության մեջ, երբ «ոչինչ ետ չի պահվի» [Վարդապետություն և Ուխտեր 121.28] Ուստի, ժամանակի ընթացքում Տերը կպատասխանի մեր բոլոր հարցերին»:21

[Տեսանյութի ավարտ]

Եզրափակում

Եղբայրներ և քույրեր, սիրելի ընկերներ, մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում։22 Բայց Տերը օրինաչափություն է պատրաստել ամեն ինչում, որպեսզի մենք չխաբվենք: Այդ օրինաչափությունից է մարգարեի ներկայությունը երկրի վրա, որը մեզ ճշմարտությունն է սովորեցնում: Արդյո՞ք մենք լսում ենք և արդյոք այն ազդում է այն բանի վրա, թե մենք ինչպես ենք ուսուցանում և սպասավորում մեր ուսանողներին:

Այս երեկո ես ուրվագծեցի հինգ ընթացիկ մարգարեական շեշտադրումներ, որոնց մենք կանդրադառնանք, երբ քննարկենք ձեր դերը՝ որպես կրոնի ուսուցիչներ: Այս թեմաները և դրանց հիմնական նյութերը ամփոփված են հետևյալ աղյուսակում.

Ընթացիկ մարգարեական շեշտադրումներ չափահաս երիտասարդների համար

Հիմնական ելույթներ

1. Ճանաչեք ձեր աստվածային ինքնությունը:

Ռասսել Մ․ Նելսոն, «Ընտրություններ հավերժության համար» (համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022), ChurchofJesusChrist.org։

2. Օգտվեք Հիսուս Քրիստոսի զորությունից և ձեր ուխտերից:

Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 93-96։

Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, “A Saint through the Atonement of Christ the Lord” (Brigham Young University devotional, Jan. 18, 2022), speeches.byu.edu

3. Թույլ տվեք, որ Աստված տնօրինի և հետևեք Նրա մարգարեին:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 92-95):

Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 93–96:

4. Սիրով ուսուցանեք ճշմարտությունը:

Dallin H. Oaks and Clark G. Gilbert, “Stand Fast with Love in Proclaiming Truth” (Ensign College devotional, May 17, 2022), ensign.edu

Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Առաջին պատվիրանը առաջին տեղում», (Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, դեկտեմբերի 22, 2022], 3, 4, speeches.byu.edu), speeches.byu.edu:

5. Պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար։

Ռասսել Մ․ Նելսոն, «Ընտրություններ հավերժության համար» (համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022), ChurchofJesusChrist.org։

Տես Lawrence E. Corbridge, “Stand Forever” (Brigham Young University devotional, Jan. 22, 2019), speeches.byu.edu:

Տես Robert S. Wood, “Be Ye Transformed by the Renewal of Your Mind” (Brigham Young University–Idaho devotional, May 13, 2003), byui.edu/devotionals:

“Acquiring Spiritual Knowledge,” S&I Doctrinal Mastery

Այս թեմաները բացահայտելիս մենք կենտրոնացել ենք մարգարեի՝ փրկության խարիսխ հանդիսացող ուղերձի վրա՝ «Ընտրություններ հավերժության համար»: Մյուս ուղերձներից շատերը տրվել են այնպիսի միջավայրերում, որտեղ մարգարեներն ու առաքյալները ուղղակիորեն խոսել են Եկեղեցու Կրթական համակարգի չափահաս երիտասարդների հետ հանդիպումների ժամանակ: Այս թեմաներից յուրաքանչյուրը բացահայտվել է ԵԿՀ համալսարանների նախագահների, այդ թվում՝ Ս&Ի կառավարիչ Եղբայր Չադ Վեբի, ինչպես նաև Եկեղեցու Կրթական խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարության հետ ուշադիր վերանայման միջոցով: Մենք խրախուսում ենք ձեզ ուսումնասիրել նշված հիմնական ելույթները: Կարդացեք դրանք: Ներառեք դրանք ձեր ուսուցման և ուսումնական ծրագրի մեջ: Ավելի կարևոր է, որ ընդգրկեք դրանք այն եղանակի մեջ, որով դուք պատասխանում եք հարցերին և սպասավորում եք ձեր ուսանողների կարիքները:

Ես գիտեմ, որ Աստծո մարգարեն առաջնորդում է մեզ այս վտանգավոր ժամանակներում: Թող որ մենք հետևենք այս խորհրդին և այլ մարգարեական խորհուրդներին, որոնք մենք կշարունակենք ստանալ, սա է իմ աղոթքը՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: