Ամենամյա հեռարձակումներ
Վստահեք Աստծուն


23:27

Վստահեք Աստծուն

Ս&Ի 2024 թ․ հունվար ամսվա ամենամյա հեռարձակում

Ուրբաթ, հունվարի 26, 2024 թ․

Օրհնություն է ձեզ դիմելը՝ ձեզ, որ այնքան շատ ջանքեր եք ներդնում երիտասարդ սերունդներին դեպի Քրիստոս առաջնորդելու համար։ Ձերն է ուսուցանելու և դարձի բերելու գործը։ Ձեր գործընկերը Սուրբ Հոգին է։ Ձեր պարգևը աննկարագրելի է։ Ինչպես ասել է Փրկիչը. «Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը … իմ Հոր արքայությունում»։1

Ես գնահատում եմ այն ամենը, ինչ մենք լսեցինք կրթության հանձնակատար երեց Քլարկ Գ. Գիլբերտից և Սեմինարների և ինստիտուտների կառավարիչ եղբայր Չադ Հ. Վեբից։ Ես հիացմունքով և ուրախությամբ եմ ծառայում նրանց հետ։ Ես հաստատում եմ այն իմաստուն առաջնորդությունն ու խորհուրդը, որ մենք հենց նոր ստացանք յուրաքանչյուրից։ Նրանք շատ փորձառու են իրենց ոլորտներում։ Ես ոգևորված եմ թե սեմինարիայում, թե ինստիտուտում գրանցված աճով, որի մասին զեկուցեց եղբայր Վեբը։ Շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր որևէ դերակատարում են ունեցել դրանում։

Հուսով եմ, որ դուք կհիշեք Երեց Գիլբերտի խոսքերը Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի, ինչպես նաև մյուս առաքյալների ու մարգարեների մարգարեական շեշտադրումները ուսումնասիրելու, ընդլայնելու և տարածելու մասին: Հատկապես օգտակար են նրա օրինակներն այն մասին, թե ինչպես է դա արվում և ինչպիսի արդյունավետությամբ է արվում: Հնարավոր է, որ դուք կարողանաք կրկնօրինակել դրանցից մի քանիսը և ոգեշնչում գտնել ձեր հանգամանքներում՝ այլ կիրառությունների համար։ Սա կարևոր նախաձեռնություն է Եկեղեցու կրթության հարցում և կտա կենսական պտուղներ։

Ես հատկապես ոգևորված եմ, նույնիսկ հետաքրքրված եմ այն ամենով, ինչ հայտարարեց եղբայր Վեբը սեմինարիայի թեմատիկ դասերի վերաբերյալ։ Նա շեշտեց, որ մենք կշարունակենք օգտագործել սուրբ գրությունների մեր հաջորդական մոտեցումը՝ որպես սեմինարիայի ուսումնական ծրագրի հիմք, սակայն շաբաթների մեծ մասում մենք կավելացնենք մի շարք դասեր այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ միսիաները, տաճարը, կրթական պատրաստությունը, սուրբ գրությունների ուսումնասիրության հմտությունները, էմոցիոնալ կայունությունը, կյանքի հմտությունները, վերջին օրերի մարգարեների ուսմունքները և այլն։ Ինձ համար դա նման է կարկանդակին հավելյալ մրգեր և թարմ համեմունք ավելացնելուն։ Շատ համեղ է լինելու։ Ձեզ հետ միասին ես ցանկանում եմ սովորել այս մոտեցումից, և ուրախ եմ, որ կարող եմ լրացուցիչ ինչ-որ բան տրամադրել նրանց, ովքեր ջանքեր են ներդնում ու զոհողությունների են գնում սեմինարիայում գտնվելու համար։ Ինչևէ, վայելեք կարկանդակը։

Ես կցանկանայի խոսել մի մտահոգության մասին, որը կարծես, անհանգստացնում է մեզ առավել, քան երբևէ՝ նախորդ սերունդների ժամանակ։ Ես նկատի ունեմ անհանգստության և դեպրեսիայի շատ իրական զգացումները և այն դառը պտուղները, որոնց կարող են հանգեցնել այս զգացումները՝ ծայրահեղ դեպքերում ներառելով թմրամիջոցների չարաշահումը, ինքնավնասումը և նույնիսկ ինքնասպանությունը։ Ահա որոշ վիճակագրական տվյալներ։

Համաշխարհային մասշտաբով 2004-2021թթ. դեռահասների շրջանում կլինիկական դեպրեսիայի դեպքերն աճել են՝ իգական սեռի դեպքում 13,1%-29,2%, իսկ արական սեռի դեպքում 5%-11,5%։2 12-17 տարեկան դեռահասների 21%-ը կյանքում առնվազն մեկ անգամ ունեցել է մեծ դեպրեսիվ դրվագ, իսկ անցյալ տարի՝ 15%-ը։3 Այս թվերը չեն ներառում իրավիճակային դեպրեսիայի և անհանգստության ավելի փոքր, բայց նշանակալի խնդիրը, որն ազդում է ավելի շատ երիտասարդների վրա։4 Ըստ WebMD-ի տվյալների՝ անհանգստությամբ տառապողների գրեթե 60%-ը ունենում է նաև դեպրեսիա և հակառակը։5

Եկեղեցու երիտասարդ անդամների շրջանում եկեղեցու երկարատև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2018 թվականին գլոբալ մասշտաբով 29%-ը պայքարել է անհանգստության կլինիկական մակարդակների դեմ։ Իհարկե, սա տատանվում է ըստ երկրների և կարող է չներկայացնել յուրաքանչյուր երկրի բոլոր երիտասարդներին, սակայն կլինիկական անհանգստության ցուցանիշը եղել է հետևյալը․ օրինակ՝ Միացյալ Նահանգներ 28%, Չիլի 32%, Ֆրանսիա և Բելգիա 16%, Հարավային Աֆրիկա 46%, Թայվան 18%, Նոր Զելանդիա 32%։6

Իհարկե, շատ գործոններ կարող են նպաստել կամ կապված լինել դեպրեսիայի և անհանգստության զարգացման հետ։ Որոշ դեպքերում կարող են առկա լինել գենետիկական գործոններ։ Կան նաև մի շարք արտաքին գործոններ, որոնք կարող են դեր խաղալ, ինչպիսիք են՝ դժբախտությունները (ներառյալ տրավման և անտեսումը), սթրեսի ենթարկվելը, դաստիարակության ոճը, սեռական կողմնորոշումը, հասակակիցների և սոցիալական խմբերի ազդեցությունը, դպրոցում առկա գործոնները, խառնվածքը և այլն։

Անհանգստության և դեպրեսիայի տարածվածության աճի հետ կապված համեմատաբար նոր գործոնը սոցիալական ցանցերի օգտագործումն է։ Դա գրավել է ԱՄՆ Գլխավոր Վիրաբույժի գրասենյակի ուշադրությունը, որը կատարել է զգուշացումներ։ Միացյալ Նահանգներում գնահատվում է, որ դեռահասների 95%-ն ունի սոցիալական ցանցերի հղումներ, ընդ որում՝ գրեթե երկու երրորդն ամեն օր օգտվում է սոցիալական ցանցերից։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս դեռահասները օրական միջինը 3․5 ժամ են անցկացնում սոցիալական ցանցերում և հայտնում, որ դա բացասաբար է անդրադառնում նրանց ինքնաընկալման վրա։ Կան առցանց ներգրավվածության որոշակի օրինաչափություններ, որոնք կանխատեսում են բացասական արդյունքներ՝ օրինակ՝ կիբերհարձակում, սեքստինգ և դումսքրոլինգ։ («Դումսքրոլինգը», ի դեպ, ձեզնից նրանց համար, ովքեր ինձ նման երբեք չեն լսել, վերաբերում է հեռախոսով կամ համակարգչով երկար ժամանակ ծախսելուն՝ կենտրոնանալով բացասական լուրերի վրա։ Ակնհայտ է, որ ոմանց համար այս սովորությունը մոլուցք է և մի տեսակ մռայլ մխիթարություն։) Սոցիալական մեդիայի պասիվ օգտագործումը, այսինքն՝ սոցիալական մեդիայի բովանդակությունը աննպատակ վերանայելու համար ժամանակ ծախսելը, մեծացնում է թերարժեքության և բացասական համեմատության զգացումը, մինչդեռ սոցիալական մեդիայի ակտիվ կամ նպատակային օգտագործումը, ինչպիսիք են՝ հրապարակումները, մեկնաբանությունները և կապը, նույն բացասական ազդեցությունը չունի։

Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ կան որոշակի պաշտպանիչ գործոններ, որոնք կարող են օգնել զսպել անհանգստությունը և դեպրեսիան։ Դրանք ներառում են ֆիզիկական ակտիվությունը, վստահությունը, համառությունը և ինքնատիրապետումը։

Անձամբ ես հավատում եմ, որ հիասթափության և անհանգստության մեծ մասը գալիս է Աստծո ծրագիրը չհասկանալուց կամ չհիշելուց և Նրա զորությանը չվստահելուց, երբ խնդիրներ են առաջանում։ Առանց Աստծո իրական լինելու, Նրա սիրո և Նրա երեխաների համար երջանկության ծրագրի վերաբերյալ համոզմունքի, երիտասարդները կարող են տեսնել իրենց ապագան մռայլ և անհաստատ։ Մենք չենք ակնկալում, որ սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչները դառնալու են խորհրդատուներ կամ հոգեկան առողջության մասնագետներ։ Ավելի շուտ, մենք հակակշիռ ենք ապահովում հասարակության այն գործոններին, որոնք նպաստում են անհանգստության և տպավորությունների մակարդակի բարձրացմանը։ Մենք հույսի աղբյուր ենք Մենք հույսի ձայնն ենք, հույս, որ արմատավորված է Աստծո հանդեպ հավատքի և վստահության վրա։

Մեր Երկնային Հոր փրկագնման ծրագրի ըմբռնումը, հատկապես այդ ծրագրի առանցքի՝ Հիսուս Քրիստոսի Քավության ընկալումը, տալիս է վերջնական վստահություն։ Այն կառուցում և պահպանում է հոգևոր և զգացմունքային ճկունություն՝ իմանալով մեր գոյության պատճառը և մահկանացու կյանքում մեր նպատակը։ Մենք ուսուցանում ենք ցուցումով և օրինակով, թե նրանք որտեղ կարող են փրկություն և աջակցություն փնտրել։ Թող Փրկչի խոսքերն ապրեն նրանց սրտերում. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։7 Մեր ուխտերը մեզ կապում են Նրա հետ, և Նրա հետ մենք նաև հաղթում ենք աշխարհին։

Մենք կարող ենք օգնել ուսանողներին և մյուսներին հաստատել իրենց անձնական հիմքը «մեր Քավչի վեմի վրա, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին», որ «երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և նրա զորեղ փոթորիկը հարվածի [նրանց], այն չի ունենա զորություն [նրանց] վրա՝ քաշելու [նրանց] վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը»։8 Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը դա արտահայտել է այսպես. «Տերը հայտարարել է, որ անկախ այսօրվա աննախադեպ մարտահրավերներից, նրանք, ովքեր իրենց հիմքը կառուցում են Հիսուս Քրիստոսի վրա և սովորում են օգտվել Նրա զորությունից, չպետք է ենթարկվեն այս դարաշրջանին հատուկ անհանգստություններին»:9

Մորմոնի Գրքի այս տարվա դասընթացը մեզ անհամեմատելի հնարավորություն է տալիս։ Որևէ այլ սուրբ գրություն այդքան հստակորեն չի ներկայացնում փրկագնման ծրագիրը։ Որևէ այլ գիրք ավելի համոզիչ կերպով չի ուսուցանում Հիսուս Քրիստոսի Քավության իրականությունն ու նշանակությունը։ Սուրբ գրությունների որևէ այլ կանոնիկ գիրք չունի Մորմոնի Գրքի դարձի բերող զորությունը՝ վկայելով այն մասին, որ Հիսուսը Քրիստոսն է, և Նա հաղթել է ֆիզիկական և հոգևոր մահին։ Մորմոնի Գիրքը ավետարանի ճշմարտության և ուրախության պարզ մեկնաբանումն է, որը կարելի է գտնել ավետարանի պատվիրաններին հետևելով։ Գրքի շարադրանքը լի է հաղթանակի օրինակներով։ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է, իսկ Աստծո խոսքի արժանիքն այն է,10 որ այն առաջ է բերում հավատք առ Փրկիչը․ հավատք, որը դուրս է մղում կասկածը, դեպրեսիան և անհանգստությունը, որոնք այլապես կարող են ճնշել մեզ, և դրանց փոխարեն պարգևում ուժ և վստահություն։

Խորհեք մի քանի օրինակների շուրջ․

Ահա Բենիամին թագավորի հայտնի խոստումը․ «Եվ բացի դրանից, ես կցանկանայի, որ դուք խորհեք օրհնված և երջանիկ վիճակի վրա նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները։ Քանզի, ահա, նրանք օրհնված են բոլոր բաներում՝ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր. և եթե նրանք հավատարիմ համբերում են մինչև վերջ, նրանք ընդունվում են երկնքում, որի շնորհիվ նրանք կարողանում են բնակվել Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում: Օ՜ հիշե՛ք, հիշեք, որ այս բաները ճշմարիտ են. քանզի Տեր Աստված է ասել դրանք»։11

Հիշեք Նեփիի հուսադրող հայտարարությունը, երբ իր հոր մահվան պահին նա բախվեց հալածանքի և ընկճվածության։

«Սակայն, չնայած Տիրոջ մեծ բարությանը՝ իր մեծ և զարմանալի գործերն ինձ ցույց տալիս, սիրտս բացականչում է. Ո՜վ թշվառ մարդ, որ ես եմ։ Այո, սիրտս վշտանում է … իմ անօրինությունների պատճառով։

Ես պարփակված եմ գայթակղությունների և մեղքերի պատճառով, որոնք, իրավամբ, այնքան հեշտությամբ նեղում են ինձ։

Եվ երբ ես ցանկանում եմ ուրախանալ, սիրտս հառաչում է՝ իմ մեղքերի պատճառով. այնուամենայնիվ, ես գիտեմ՝ ում եմ ապավինել։ …

Օ, այդ դեպքում, եթե ես տեսել եմ այդքան մեծ բաներ, եթե Տերը, մարդկանց զավակների հանդեպ իր բարեհաճությամբ, այցելել է մարդկանց այդքան մեծ ողորմածությամբ, ինչո՞ւ պիտի սիրտս լաց լինի և հոգիս քարշ գա վշտի հովտում և մարմինս հյուծվի և ուժս հատնի՝ իմ չարչարանքների պատճառով։ …

Ով Տեր, ես քեզ եմ ապավինել, և ես քեզ եմ ապավինելու հավիտյան»։12

Ալման պատմեց վերստին ծնվելու և ապա Աստծուն ապավինելու ուրախության մասին։

«Եվ արդ, երեք օրվա և երեք գիշերվա ընթացքում պրկված էի ես, նույնիսկ ցավերով անիծված հոգու։

«Եվ եղավ այնպես, որ երբ ես այսպես պրկված էի տանջանքից, մինչ ես տակնուվրա էի եղած իմ բազում մեղքերի հիշողությունից, ահա, ես հիշեցի նաև լսած լինելս՝ իմ հոր մարգարեանալը ժողովրդին, մի Հիսուս Քրիստոսի, մի Աստծո Որդու գալստյան վերաբերյալ՝ քավելու համար աշխարհի մեղքերը։

Արդ, երբ դատողությունս որսաց այս միտքը, ես գոչեցի իմ սրտում. Ով Հիսուս, դու, Աստծո Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ, որ դառը մաղձի մեջ եմ, և օղակված եմ մահվան հավիտենական շղթաներով։

Եվ արդ, ահա, երբ ես մտածեցի այս, ես այլևս չկարողացա հիշել իմ ցավերը. այո, ես այլևս տակնուվրա չէի լինում իմ մեղքերի հիշողությունից։

Եվ, Օհ, ինչպիսի ուրախություն, և ինչ սքանչելի լույս ես տեսա. այո, իմ հոգին լցվեց ուրախությամբ՝ նույնքան սաստիկ, ինչպիսին իմ ցավն էր։ …

Այո, և այդ ժամանակից ի վեր՝ մինչև այժմ, ես տքնել եմ առանց դադարելու, որ ես կարողանամ ապաշխարության բերել հոգիներ. որ ես կարողանամ բերել նրանց՝ ճաշակելու այն սաստիկ ուրախությունից, որից ես ճաշակեցի. որ նրանք նույնպես կարողանան ծնվել Աստծուց և լցվել Սուրբ Հոգով։ …

Եվ ես սատարվել եմ ամեն տեսակի փորձանքների և տագնապների ներքո, այո, և ամեն ձևի չարչարանքների մեջ. այո, Աստված ազատել է ինձ բանտից և կապանքներից, և մահից. այո, և ես դնում եմ իմ վստահությունը նրա վրա, և նա դեռ կազատի ինձ»։13

Ով կարող էր անհանգստության և խոր դեպրեսիայի համար ավելի շատ պատճառ ունենալ, քան Մորմոնը, որը ողբում էր․ «Ամբարշտության և պղծությունների մի անընդմեջ տեսարան է եղել իմ աչքերի առաջ այն ժամանակից ի վեր, ինչ ես ձեռնհաս եղա տեսնել մարդկանց ուղիները»։14 Այնուամենայնիվ, չնայած ողջ կյանքում վերապրած պատերազմներին և տրավմաներին, նա կարողացավ Մորոնիին ասել․ «Որդիս, հավատարիմ եղիր Քրիստոսին. և թող այն բաները, որ ես գրել եմ, չվշտացնեն քեզ՝ ծանրաբեռնելով քեզ ի մահ. այլ թող Քրիստոսը քեզ վեր բարձրացնի, և թող նրա տառապանքներն ու մահը, և իր մարմնի ցույց տալը մեր հայրերին, և նրա ողորմությունն ու երկայնամտությունը, և նրա փառքի և հավերժական կյանքի հույսը մնա քո մտքում հավիտյան»։15

Ալման նկարագրեց անըմբռնելի տառապանքներ կրելու Փրկչի սեփական օրինակը, նաև, թե մենք, հուսահատության փոխարեն, ինչպես կարող ենք դիմել Նրան՝ հանգստության և բժշկության համար։

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և դա՝ որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները։

Եվ նա վեր կառնի իր վրա մահ, որ նա կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ` համաձայն մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, համաձայն մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին ըստ նրանց թուլությունների:

… Աստծո Որդին տառապում է ըստ մարմնի, որպեսզի վեր առնի իր վրա իր ժողովրդի մեղքերը, որ նա կարողանա ջնջել նրանց օրինազանցությունները՝ համաձայն իր ազատման զորության. և այժմ, ահա սա է վկայությունը, որն իմ մեջ է։

Արդ, ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է ապաշխարեք և վերստին ծնվեք, քանզի Հոգին ասում է՝ եթե դուք չծնվեք վերստին, դուք չեք կարող ժառանգել երկնքի արքայությունը. հետևաբար, եկեք և մկրտվեք ապաշխարության համար, որպեսզի կարողանաք լվացված լինել ձեր մեղքերից, որպեսզի կարողանաք ունենալ հավատք առ Աստծո Գառը, որը վեր է առնում աշխարհի մեղքը, որը հզոր է փրկելու ու ամեն անարդարությունից սրբելու»։16

Մորմոնի Գրքում մենք սովորում ենք Տեր Քրիստոսի քավության միջոցով վերստին ծնվելու և սրբեր դառնալու ճշմարիտ իմաստի և գործընթացի մասին։17 Եթե մենք կարողանանք առաջնորդել մեր երիտասարդներին և չափահաս երիտասարդներին դեպի հոգևոր վերածնունդ, ապա դեպրեսիան կվերանա, և նրանց կյանքում ցանկացած անհանգստություն (ինչպիսին կարող է լինել ելույթ ունենալը, որ հեռարձակվելու է ամբողջ աշխարհում) բավականին կառավարելի կդառնա։ Նույնիսկ մահն ինքնին չի կարող սպառնալ նրանց խաղաղությանը, երբ նրանք ծնվեն Հոգուց և սովորեն վստահել Աստծուն։

Երեց Նիլ Ա. Մաքսվելը մի անգամ խոսել է «մարդկային անելանելի վիճակների» մասին, այն փաստի մասին, որ ամեն ինչ ավարտվում է մահով։ Մեր ձեռքբերումները, մեր հաջողությունները, մեր կապերը՝ ամեն ինչ ավարտ ունի, և եթե ավելին ոչինչ չկա, ապա, ինչպես «Քարոզիչն» է ասում Ժողովողում, «բոլորն ահա ունայնություն էին և հոգու տանջանք»18։ Մահը փաստ է, և մենք ստիպված ենք ընդունել, որ առանց մահը հաղթահարող զորության մեր կյանքը աննշան նպատակ կունենա։ Բարեբախտաբար, մենք գիտենք, որ մահը հաղթահարված է, կյանքը նպատակ ու իմաստ ունի, և ամեն ինչ ունայնություն չէ։ Իր Քավությամբ Հիսուս Քրիստոսը հաղթահարել է մարդկության մահվան կապանքները, և այժմ, ինչպես նկատել է Երեց Մաքսվելը, «կան միայն անձնական դժվարություններ [մեր անհատական մեղքերը, սխալները և ձախողումները], և դրանցից նույնպես մենք կարող ենք փրկվել՝ հետևելով Նրա ուսմունքներին, ով փրկեց մեզ ընդհանուր բնաջնջումից»։19

Այսպիսով, մենք առաջարկում ենք ավելի մեծ տեսլական, որն արտացոլված է Նախագահ Նելսոնի վերջին ելույթներից մեկում՝ «Ունեցեք սելեստիալ մտածելակերպ»։ Մենք պետք է օգնենք եկող սերունդներին մերժել «Կերեք, խմեք և զվարճացեք, քանզի վաղը մենք մեռնելու ենք» վերաբերմունքը, որ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում շատ մշակույթներում։ Կյանքի այս պարտվողական մոտեցումը անտեսում է փրկագնման և երջանկության մեծ ծրագիրը և կենտրոնանում է միայն անմիջական հաճույքների վրա։ Սա հանգեցնում է անկայուն օրինաչափությունների և ապրելակերպի։ Դա ուղիղ ճանապարհ է դեպի ուժասպառ անող անհանգստություն և կործանարար դեպրեսիա։ Նախագահ Նելսոնն անդրադարձել է այս հարցին անցյալ հոկտեմբերի գերագույն համաժողովի իր ելույթում։ Նա ասել է.

«Մահկանացու կյանքը վարպետության դաս է, որից սովորում ենք ընտրել հավերժական նշանակություն ունեցող մեծագույն բաները։ Չափազանց շատ մարդիկ ապրում են այնպես, կարծես այս կյանքով է սահմանափակվում ամեն բան։ Այնուամենայնիվ, ձեր այսօրվա ընտրությունները կորոշեն երեք բան՝ որտեղ եք ապրելու ամբողջ հավերժության ընթացքում, մարմնի տեսակը, որով հարություն կառնեք, և նրանց, ում հետ կապրեք հավերժ։ Ուստի, ունեցեք սելեստիալ մտածելակերպ»։20

Վերջերս հրապարակած Հարցերի սիրտը գրքում Նախագահ Նելսոնը մանրամասնել է այս միտքը՝ վկայակոչելով մի սարսափելի անձնական փորձառություն։ Նա ասել է.

«Իմ կյանքում մի քանի անգամ ես բախվել եմ մահվան հետ։ Դրանցից մեկը տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի վերջին Մապուտոյում (Մոզամբիկ)։ Մինչ ընթրում էին միսիայի տանը՝ Աֆրիկայի Հարավարևելյան Տարածաշրջանի նախագահ երեց Վիլյամ Վ. Պարմլիի և նրա կնոջ՝ Շանայի և Մոզամբիկ Մապուտո միսիայի նախագահ Բլեր Ջ. Փակարդի և նրա կնոջ՝ Սինդիի հետ, երեք զինված տղամարդիկ ներխուժեցին սենյակ։

Ծեծկռտուքի ժամանակ մի ավազակ ատրճանակը դրեց գլխիս և հայտարարեց, որ նրանք այնտեղ էին ինձ սպանելու և կնոջս առևանգելու համար, իսկ հետո սեղմեց ձգանը։ Հրացանի ձգանը չրխկաց, բայց չկրակեց։ Սխալ կրակոցը զայրացրեց ավազակին, որն այնուհետ հարվածեց դեմքիս և ինձ տապալեց հատակին։ Ես համոզված էի, որ դա իմ վերջն էր։ Հիշում եմ՝ մտածում էի․ «ես պատրաստվում եմ հեռանալ այս կյանքից և գնալ հաջորդ կյանք։ Սա շատ հետաքրքիր փորձառություն է լինելու»։

Միևնույն ժամանակ, մեկ այլ ավազակ ատրճանակը խփեց Վենդիի մեջքին, սկսեց օրորել նրա աթոռը՝ փորձելով բարձրացնել նրան՝ ասելով. «Դու մեզ հետ ես գալիս։ Դու մեզ հետ ես գալիս»։

Մի շարք հրաշք իրադարձությունների և քույր Սինդի Փաքարդի հերոսական գործողությունների շնորհիվ մեր կյանքը խնայվեց։ Այնուամենայնիվ, ինչպես նախկինում ունեցած մի քանի սարսափելի առիթների ժամանակ, ես հասկացա, թե որքան փխրուն է կյանքը և որքան համեմատաբար քիչ բաներ կան այս աշխարհում, որոնք հավերժական նշանակություն ունեն։ Մինչ այդ ավազակները սպառնում էին մեր կյանքին, ես չէի մտածում մրցանակների, կրթական աստիճանների կամ գովասանագրերի մասին։ Ես մտածում էի իմ ընտանիքի և ուխտերի մասին, որոնք կապել էի Տիրոջ հետ։

Ինձ վախեցնում է այն փաստը, որ մեզանից շատերն ապրում են իրենց կյանքն այնպես, ասես այս կյանքով է սահմանափակվում ամեն բան, և կյանքը չի շարունակվելու մահից հետո, և այստեղ մեր կատարած գործերը ազդեցություն չեն ունենալու ապագայի վրա։ Դա պարզապես ճիշտ չէ։

Խիստ կարևոր է, որ մենք չշեղվենք և դուրս չգանք ուխտի արահետից՝ տարված աշխարհի փայլով, այսինքն՝ մարդկանց կողմից մեծարվելու և նրանց մտադրությունների պատճառով։ Այդ իրադարձությունները ոչ մի նշանակություն չունեն հաջորդ աշխարհում։ «Կարևոր կլինի այն, որ մենք ուխտեր կապենք Աստծո հետ և պահենք դրանք»։21

Ես աղոթում եմ, որ մենք կարողանանք օգնել բոլոր նրանց, ում վրա որևէ ազդեցություն ունենք, ուխտեր կապել Աստծո հետ և պահել դրանք։ Օգնեք նրանց զարգացնել հավատք և վստահություն առ Աստված և հույս գտնել։ Օգնեք նրանց ապաշխարել և մնալ Փրկչի փրկագնող ողորմության մեջ և խաղաղություն գտնել։ Օգնեք նրանց վերածնվել որպես «Քրիստոսի զավակներ, Նրա որդիներ և Նրա դուստրեր»22 և ուրախություն գտնել։ Եվ թող որ դուք արժանանաք Աստծո հաճելի խոսքին. «Լա՜ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ»։23

Ես տալիս եմ ձեզ իմ հաստատուն և ստույգ վկայությունը Հիսուս Քրիստոսի Հարության վերաբերյալ։ Նրա Հարության փաստը ապացուցում է Հիսուս Քրիստոսի ավետարանի մեր ուսուցանած ճշմարտությունը և հավաստիացնում է, որ Նա ունի ողջ զորությունը երկնքում և երկրի վրա, որ Նա կարող է և կիրականացնի Իր խոստումները։ Նա ապրում է: Դուք Նրա հովիվներն եք, և ես օրհնում եմ ձեզ Նրա սիրով և Նրա գառներին ուսուցանելու և խնամելու ավելի մեծ կարողությամբ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: