Հիշեք, հիշեք
2023 թվականի Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո
3 դեկտեմբերի 2023 թ․, կիրակի
Այնտեղ, որտեղ ես ապրում եմ, նոյեմբեր ամսից սկսած մեզ շրջապատող բնությունը կարծես խամրում է և քնի մեջ ընկնում: Կանաչ տերևների խշշոցը, որն իմ ականջին մեղմորեն փչում էր և երգում գարնան ու ամռան ամիսներին, իր տեղը զիջում է անպտուղ ծառերին և ոտքերիս տակ չորացած ու ընկած տերևների փշրվող ձայնին։ Երբեմնի ուրախ թռչունները լռում են, և ծաղկաթերթիկների ու ծաղկման քաղցր բուրմունքը կարծես լքում է օդը: Բնության տարրերը, որոնք ես կապում եմ կյանքի ազդակների հետ, որոշ ժամանակով նահանջում են, և անցյալի լռության ու դատարկության մեջ տարին փակվում է, ու դեռևս չհասցնելով տխրել՝ Սուրբ ծննդյան պարգևը գալիս է։
Եվ Աստծո մեծ աշխարհի իմ անկյունում ես հիշում եմ։ Հիշում եմ ուշադրություն դարձնել այն ծառերին, որոնք միշտ կանաչ են մնում՝ տարածելով փայտային, կծու և հողեղեն բույրեր: Հիշում եմ ուշադրություն դարձնել այն ծաղիկներին և հատապտուղներին, որոնք կարմիր կամ ապշեցուցիչ սպիտակ են, և սիրում եմ լսել ծանոթ երգեր, որոնք թափանցում են սրտեր, տներ և երկրպագության տներ՝ հռչակելով «աշխարհին ուրախություն», նաև ուշադրություն դարձնել Սուրբ ծննդյան խորհրդանիշներին, որոնց մասին «երկինքն ու երկիրը երգում են» ինձ հետ միասին և հրավիրում ինձ հիշելու:
Այս տոների հրաշալիքներից մեկն այն է, որ թվում է, թե ողջ քրիստոնեական աշխարհը և մեր սահմաններից դուրս գտնվող շատ մարդիկ այս օրերն անցկացնում են նպատակաուղղված փնտրելով և իրենց կյանքը լցնելով Սուրբ ծննդյան տոնի հիշողության խորհրդանիշներով:
Սուրբ ծնունդն այն կամուրջն է, որով մենք քայլում ենք և որն առաջնորդում է մեզ դեպի նոր տարի։ Եվ մինչ մենք անցնում ենք մեր ճանապարհը, մեզ հրավիրում են մտածել «հավիտենական Աստծո, Տիրոջ, Արարչի» հրաշքի մասին,1 որը ծնվել է խոնարհ պայմաններում՝ Դավթի քաղաքում և «խանձարուրով փաթաթված ու մսուրի մեջ դրված»։2 Երբ կատարում ենք Սուրբ ծննդյան մեր ուխտագնացությունը, գուցե կարող ենք ինքներս մեզ տեսնել որպես ժամանակակից տղամարդ և կին մոգեր, որոնք նայում են մշտադալար ծառերի վերևում գտնվող աստղերին և մեր շուրջբոլորը փայլող լույսերին և «շատ ուրախանում»3 այն ցուցանակներից, որոնք առաջնորդում և ուղղորդում են մեր քայլերը դեպի Հիսուս Քրիստոսը, դեպի Նա, ով «աշխարհի լույսն է»:4 Եթե այս օրերին օդում կախված ինչ-որ համեմունքի բույր ենք զգում, գուցե դա մեզ հիշեցնի «կենդանի Աստծո որդուն»5 ընծաներ բերելու մասին, սակայն ոչ թե «ոսկի, կնդրուկ և զմուռս»,6 այլ մեր «կոտրված սրտի և փշրված հոգու» պաշտամունքային զոհաբերությունը։7 Իսկ մեր շրջապատում նրանք, ովքեր սիրում և խնամում են երեխաներին, թերևս նման ենք ներկայիս հովիվներին, որոնք «հսկում են [մեր] հոտը»8 և լսում են երկրային հրեշտակներին, որոնք ուղարկվել են Տիրոջ կողմից «մի վախեցեք» հրավերով, քանի որ նրանք գալիս են, որ ցուցումներ տան, թե որտեղ կարելի է գտնել մեր Փրկչին:9 Արդյոք հիշո՞ւմ ենք այս «մեծ ուրախության ավետիքը» շշնջալ մեր երեխաների ականջին՝ որպես վկայություն: Որպեսզի, երբ նրանք մանկական հետաքրքրությամբ որսան Սուրբ ծննդյան կարմիր, կանաչ, ոսկե և սպիտակ գույները, հիշեն իրենց Քավիչ Հիսուս Քրիստոսի կատարյալ և մաքուր քավող զոհաբերությունը, ով նրանց առաջարկում է փրկության և նոր ու հավերժական կյանքի պարգևը:
Սուրբ ծնունդը մեզ թույլ է տալիս հոգևոր ճամփորդություն կատարել դեպի Բեթլեհեմ, որպեսզի վկայություն ձեռք բերենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին, իսկ հետո այդ վկայությունը առաջ տանենք և արձակած լեզուներով, ոտքերով ու ձեռքերով «հայտնի դարձնենք» այն «ամենուր»10 և վկայություն բերենք այն ամենի վերաբերյալ, ինչ մենք իմացել ենք Նրա մասին: Մենք կարող ենք այդ ուխտագնացությունը կատարել դեպի Փրկիչը՝ հիշելով:
Աստված մեզ տալիս է հիշողության պարգևը, որպեսզի մենք չմոռանանք Նվիրողին, որպեսզի զգանք Նրա անսահման սերը մեր հանդեպ, և ի պատասխան՝ սովորենք սիրել Նրան: Հին դարերի մարգարե Մորոնին հորդորում է մեզ «հիշել, որ ամեն բարի պարգև գալիս է Քրիստոսից»։11 Մեր Փրկիչը նվիրում է ոչ այնպես, ինչպես աշխարհն է առաջարկում՝ ժամանակավոր, մասնակի և ժամանակի ընթացքում քայքայման ենթարկվող: Հիսուս Քրիստոսը տալիս է տևական պարգևներ, նույնիսկ կարևոր պարգևներ՝ ներառյալ.
-
Հոգու պարգևներ, ինչպիսիք են գիտելիքը, իմաստությունը, վկայությունը և հավատքը:12
-
Սուրբ Հոգու պարգևը:
-
Հավերժական կյանքի պարգևը։
Եվ երբ խորհենք մեր կյանքում ստացած մեծ և փոքր «լավ պարգևների» մասին, կարո՞ղ ենք տեսնել Տիրոջ ձեռքը, որը փրկում է, զորացնում և սփոփում մեզ:
Թեև երբեմն մեր միտքն ու սիրտը կարող են մոլորվել և հեռանալ Նրանից, Տիրոջ կայուն էությունը հավաստիացնում է մեզ, որ Նա չի մոռանում մեզ՝ լինի դա Սուրբ ծննդին կամ որևէ այլ ժամանակ: Տերը հայտարարել է, որ մենք փորագրված ենք Իր ձեռքերի ափերի վրա։13 Նա միշտ պահում է Իր խոստումները։ Նա հիշում է մեր ու մեր հայրերի հետ կապած ուխտերը: Նա լսում և հիշում է Երկնային Հորն ուղղված մեր աղոթքները՝ լինեն դրանք ասված ծնկի իջած՝ մեր սենյակներում, թե պահված՝ մեր սրտերում: Ինչպես նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է ուսուցանել, Տերը հիշում է «միջամտել նրանց կյանքին, ովքեր հավատում են Իրեն»:14 Նա հիշում է ներել մեզ այնքան անգամ, որքան մենք ապաշխարում ենք: Նա հիշում է մեզ հետ խոսել սուրբ գրությունների և մարգարեների միջոցով, որ օգնի մեզ միշտ գտնել տուն վերադառնալու ուղին, անկախ նրանից, թե որքան շատ ենք շեղվել և որքան հեռուն ենք գնացել: Եվ Նա հիշում է ուղարկել Իր Հոգին, որ ճգնի մեզ հետ, երբ մենք ջանքեր ենք գործադրում պահելու «Նրան միշտ հիշելու»15 մեր սուրբ խոստումը։
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը ուսուցանել է․ «Երբ բառարանում փնտրում եք ամենակարևոր բառը, այն կարող է լինել հիշեք բառը։ Քանի որ մենք բոլորս ուխտեր ենք կապել, ․․․ մենք ամենաշատը կարիք ունենք հիշելու»։ Նա շարունակում է․ «Ահա թե ինչու բոլորը ամեն կիրակի մասնակցում են հաղորդության ժողովին, որպեսզի ընդունեն հաղորդությունը և լսեն, թե ինչպես են քահանաներն աղոթում, որ նրանք «միշտ կհիշեն Նրան և կպահեն Նրա պատվիրանները, որոնք նա տվել է իրենց»: … Այդ բառը հիշեք բառն է։ Այդ ծրագիրը հիշեք բառն է»։16
Աստծուն հիշելով մենք բոցավառում ենք մեր հոգևոր լիցքի զորությունը և ոգեշնչվում ենք գործելու աստվածահաճո ձևերով: Մտածեք այս ուսմունքների մասին, որոնք նախագահ Նելսոնը հրավիրել է մեզ հիշել.
-
«Թող Աստված տնօրինի ձեր կյանքում» և «ձեր ժամանակի արդար բաժինը հատկացրեք Նրան»։
-
«Փնտրեք և սպասեք հրաշքների»:
-
«Վերջ դրեք հակամարտություններին ․․․ ձեր կյանքում»17 և եղեք խաղաղարար:18
Սուրբ ծնունդը կարող է առիթ հանդիսանալ իրագործելու այդ առաջարկները և հիմնվել մեր բնական հակումների վրա՝ հիշելով և ավելի շատ մտածելով Հիսուս Քրիստոսի մասին, խորհելով նրա ծննդյան հրաշքի մասին և ավելի շատ ընկերակցելով Աստծո զավակների հետ։ Սուրբ ծննդյան տոներին բնորոշ հիշատակի խորհրդանիշները հաճախ ճանաչվում են, երբ մենք.
-
Հիշում ենք Սուրբ ծննդյան բարեմաղթանքները փոխանցել ընկերներին, ընտանիքին և անծանոթներին:
-
Հիշում ենք նվերներ տալ՝ որպես սիրո արտահայտություն:
-
Հիշում ենք, որ պետք է առատաձեռն լինենք կարիքավորների հանդեպ և հյուրընկալ լինենք նրանց հանդեպ, ովքեր մտնում են մեր տները:
-
Հիշում ենք, որ պետք է ընդգծենք ընտանեկան հավաքույթների և ավանդույթների կարևորությունը, որոնք Սուրբ ծնունդը դարձնում են տարբերվող և եզակի:
Շատերիս համար տարվա այս տոներին միևնույն կերակուրները պատրաստելու մեր սերը, ընտանեկան պատմությունները անընդհատ վերապատմելը և մեր տոնածառերը խաղալիքներով զարդարելը կարևոր գործողություններ են, որոնք մեզ համար պահպանում են կարևոր փորձառությունները հիշելու մեր բնական ցանկությունը: Հատուկ կերակուրները, պատմությունները և տոնական զարդարանքները կարող են որպես հուշ ծառայել մեր ընդհանուր հիշողությունների համար: Նույնիսկ տարվա այս եղանակին ավելի առատաձեռն լինելու մեր ցանկությունը կարող է ուշադրություն հրավիրել երախտապարտ լինելու մասին հիշելու մեր մտադրության վրա: Սուրբ ծննդյան օրերին մեր ունեցած հատուկ սիրո շնորհիվ մեր ձգտումները և արարքները կարող ենք կենտրոնացնել Հիսուս Քրիստոսի վրա․ «Հիշեք, հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»։19 Հիշեք, որ երբ մոտենում ենք այս տարվա ավարտին և կամրջով անցնում դեպի նոր տարին, որպես տղամարդ և կին մոգեր, որպես արթուն հովիվներ, մենք դա անում ենք Տիրոջ հզոր ձեռքով։20
Այսպիսով, որտեղ էլ որ ապրեք աշխարհում, հիշեք, որ ուշադրություն դարձնեք խորհրդանիշների բազմազանությանը, որոնք հրավիրում են ձեզ փնտրել Քրիստոսին: Այն ամենի մեջ, ինչի վրա կենտրոնանում ենք տարվա այս եղանակին՝ մեր ամեն ասված խոսքի և ամեն այցելած մարդու համար, եկեք չմոռանանք հիշել ճշմարիտ Նվիրողին. Նրան, ով երբեք չի մոռանում մեզ և մեզ զորություն է տալիս Իր Հոգու միջոցով հիշելու Իրեն՝ այս Սուրբ ծննդյան ժամանակ և ամբողջ տարվա ընթացքում: Նա «ուրախություն է բերում աշխարհին» և հրավիրում, որ մեր սրտերում «իր համար տեղ պատրաստենք»21 Թագավորին ընդունելու համար: Նա է այն հաստատուն հիմքը, որով մենք քայլում ենք։ Նա է լույսը աշխարհի և կենդանի Աստծո Որդին։ Ես վկայում եմ Նրա՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: