«Եվ դուք նույնպես կարող եք դա իմանալ»
Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո
Կիրակի, 5 դեկտեմբերի 2021 թ․
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, իմ մանկության տարիներին իմ հայրական տանը Սուրբ ծնունդն անցել է ծնողներիս հայրենի ավանդույթներին համաձայն: Մայրս ԱՄՆ էր ներգաղթել Շվեդիայից, իսկ հայրս՝ Ֆինլանդիայից։1 Երբ պատրաստվում էինք Սուրբ ծնունդին, մենք մեր տոնածառը զարդարում էինք ձեռագործ խաղալիքներով, իսկ մայրս թխում էր, թխում և թխում: Ինչքան գիտեմ, նա ազգականն էր քույր Քրեյգի տատիկ Լունդգրենի հետ: Սուրբ ծննդյան նախօրեի մեր տոնակատարությունները սկսվում էին հեքիաթային շվեդական սեղանով, որտեղ կային մայրիկիս պատրաստած ավանդական նրբախորտիկները՝ կոլոլակներ, բրնձի պուդինգ և հացի տեսակներ, տորթեր ու թխվածքաբլիթներ: Սուրբ ծննդյան նախօրեի տոնակատարությունները ավարտվում էին Յուլտոմտենի (Jultomten)՝ Ձմեռ պապի ժամանումով, ով նվերներ էր բերում բոլոր երեխաներին: Բայց Յուլտոմտենի (Ձմեռ պապի) գալուց առաջ մայրս միշտ հավաքում էր եղբորս, քույրերիս և ինձ, որպեսզի լսեինք, թե ինչպես էր հայրս կարդում Սուրբ ծննդյան պատմությունը Նոր Կտակարանից:
Հայրս լռակյաց մարդ էր, ով քիչ էր խոսում՝ ինչպես մայրենի լեզվով, այնպես էլ անգլերենով, որը նա սովորել էր չափահաս տարիքում։ Նրա ազնվությունը աննրբանկատության աստիճանի էր հասնում և նույնիսկ երբեք գովեստի խոսքեր չէր ասում: Նա իրատեսական մարդ էր և ավելորդ խոսքերից խուսափում էր։ Սուրբ ծննդյան նախօրեին նա կարդաց Ղուկասի 2-րդ գլխից: Նա կարդաց Բեթլեհեմ կատարած Հովսեփի և Մարիամի ճամփորդության մասին, հովիվներին հրեշտակի հայտնվելու մասին, Հիսուսի ծնվելու մասին, նաև, թե ինչպես էր Մարիամը խորհում այն ամենի մասին, ինչ կատարվել էր իր հոգում: Բայց հայրս չսահմանափակվեց 19-րդ հատվածով. նա շարունակեց Մարիամի և Հովսեփի պատմությունը, ովքեր մանուկ Հիսուսին բերեցին Երուսաղեմի տաճար՝ Մովսեսի օրենքին համապատասխան զոհաբերություն մատուցելու համար:
Հայրս կարդաց.
«Եւ ահա Երուսաղէմումը մի մարդ կար, որի անունը Սիմէօն էր, …
Եւ նորան պատգամ էր եղած Սուրբ Հոգիիցը, որ մահ չի տեսնիլ, մինչեւ որ Տիրոջ Քրիստոսին կ’տեսնէ։
Եւ Հոգիովն եկաւ տաճարը, եւ երբոր [Մարիամը և Հովսեփը] Յիսուս երեխային բերին, …
[Սիմեոնը վերցրեց Նրան] իր գիրկը, եւ Աստուծուն օրհնեց, եւ ասեց.
Հիմա արձակում ես քո ծառային, ով Տէր, քո խօսքի պէս խաղաղութիւնով.
Որովհետեւ իմ աչքերը տեսան քո փրկութիւնը,
Որ պատրաստեցիր ամեն ժողովուրդների առաջին»։2
Այդ պահին հայրս միշտ դադար էր տալիս։ Հետո նա բերում էր իր վկայությունը։ Անգլերենի առոգանությամբ և իրեն հատուկ հակիրճ ձևով հայրս հայտարարում էր. «Հնարավոր է, ես չկարողանամ իմ գիրկն առնել մանուկ Հիսուսին, բայց ես գիտեմ, ինչպես Սիմեոնը գիտեր, որ այդ երեխան Աստծո Որդին էր՝ իմ Փրկիչն ու Քավիչը: Նա իրական է, և Նա ապրում է»: Այս խոսքերից հետո նա նայում էր մեզանից յուրաքանչյուրին իր բաց կապույտ աչքերով և գլխի շեշտակի շարժումով ասում. «Եվ դուք նույնպես կարող եք դա իմանալ»:
Հայրս և մայրս գիտեին, թե ով էր Բեթլեհեմի այդ մանուկը, և գիտեին, թե Նա ինչ կիրականացներ, երբ մեծանար։ Այս գիտելիքը փոխակերպել էր նրանց: Նրանք ցանկանում էին, որ մենք՝ երեխաներս, ոչ միայն հավատանք իրենց խոսքերին,3 այլ նաև ինքներս իմանանք դա, որպեսզի մենք նույնպես փոխակերպվենք: Ծնողներիս վկայություններից ոգեշնչված, ես բռնեցի ուխտի ճանապարհը՝ «դա նույնպես իմանալու» ցանկությամբ:
Երբ ես 11 տարեկան էի, մեր ընտանիքն ապրում էր Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում: Միսիայի նախագահը հրավիրել էր բոլոր երիտասարդներին կարդալ Մորմոնի Գիրքը: Ես փաստացի ընդգրկված չէի հրավերի մեջ, բայց եղբայրս այդ ժամանակ սարկավագ էր, և նա ընդունեց մարտահրավերը: Ես միշտ ցանկացել եմ եղբորս նման լինել և անել այն, ինչ նա անում է, ուստի միացա նրանց։ Ծնողներս ինձ և եղբորս ու քույրերիս տվել էին սուրբ գրությունների մեկական հավաքածու, և ես սկսեցի կարդալ ամեն երեկո:
Մի քանի ամիս անց նախագահ Գոստա Մալմը՝ միսիայի նախագահության խորհրդականը,4 խրախուսեց, որ Մորմոնի Գիրքը կարդացող երիտասարդները հարցնեն Աստծուն դրա ճշմարտացիության մասին: Ես որոշեցի այդպես վարվել: Այդ գիշեր ես սպասեցի, մինչև եղբայրս քնեց։ Ես վեր կացա անկողնուց, ծնկի իջա սառը հատակին և սկսեցի աղոթել: Շուտով զգացի, որ ինձ ասում էին. «Ես միշտ ասում էի քեզ, որ այն ճշմարիտ է»: Եվ դրա հետ մեկտեղ մի աննկարագրելի հանգստություն տիրեց ինձ։ Սուրբ Հոգու զորությամբ ես ինքս հասկացա, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:5
Ճիշտ ինչպես խոստացվել էր Մորմոնի Գրքի Նախաբանում, «[Սուրբ Հոգու զորությամբ] ես նույնպես իմացա, որ Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է, որ Ջոզեֆ Սմիթը Նրա մարգարեն է այս վերջին օրերում, և որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կրկին վերահաստատված Տիրոջ թագավորությունն է երկրի վրա՝ ի նախապատրաստություն Մեսիայի Երկրորդ Գալստյան»։6 Այդ գիտելիքը՝ դրան հաջորդող վկաների հետ, փոխակերպեց ինձ այնպես, ինչպես իմ ծնողներին:
Այդ գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, և որ Նա խաչվեց աշխարհի մեղքերի համար, հոգևոր պարգև է։7 Այս պարգևը կապված չէ քահանայության որևէ պաշտոնի կամ որոշակի սեռի հետ. ավելի շուտ, այն հասանելի է բոլոր նրանց, ովքեր որակավորվում են դրա համար: Մեզ չեն խնդրում Փրկիչին ընծայել ոսկի, կնդրուկ և զմուռս՝ այդ գեղեցիկ հոգևոր պարգևին համապատասխանելու համար: Մեզ խնդրում են, որ նվիրենք ինքներս մեզ։8 Մորմոնի Գրքի Ամաղեկի մարգարեն խնդրեց ժողովրդին՝ ասելով. «Եվ արդ … ես կկամենայի, որ դուք գայիք դեպի Քրիստոսը, որը Սուրբն է Իսրայելի, և ճաշակեիք նրա փրկությունից և նրա փրկագնման զորությունից: Այո՛, եկեք նրա մոտ և մատուցեք ձեր ողջ հոգիները նրան՝ որպես ընծա, … և ինչպես կենդանի է Տերը, դուք կփրկվեք»։9
Տարիների ընթացքում ես ականատես էի լինում, թե ինչպես էին ծնողներս ծառայում ուրիշներին։ Ես ականատես էի լինում, թե նրանք ինչպես էին պահում Աստծո հետ կապած ուխտերը։ Ես ականատես էի լինում, թե նրանք ինչպես են ջանասիրաբար կատարում տնային այցելությունները՝ ձգտելով սպասավորել նրանց, ում ծառայում էին։ Ես ականատես էի լինում, թե նրանք ինչպես են մասնակցում տաճարային արարողություններին և ընդունում Եկեղեցու կոչումները։ Ամեն տարի՝ Սուրբ ծննդյան նախօրեին, Սիմեոնի հետ միասին հայրս վկայում էր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին։ Տարիներ շարունակ հայրս «նույնպես իմանալու» հրավերն էր հղում իր հարազատներին և թոռներին։
Մորմոնի Գրքի մասին իմ պատանեկության փորձառությունից տասնամյակներ անց ես կանչվեցի Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական և գերագույն համաժողովին ելույթ ունենալու հանձնարարություն ստացա։ Քույրերս համոզված էին, որ 92-ամյա հայրս կարող է դիտել համաժողովը, և հատկապես՝ իմ ելույթը: Համաժողովից հետո ես գնացի նրա տուն։ Ես հարցրի. «Հայրի՛կ, դիտեցի՞ր համաժողովը»: Նա պատասխանեց. «Այո»։ Ես հարցրի. «Լսեցի՞ր իմ ելույթը»: Նա պատասխանեց. «Այո»։ Մի քիչ բարկացած ես փնթփթացի. «Դե՛, հայրիկ, ի՞նչ ես մտածում»։ Նա պատասխանեց. «Օ՜, շատ լավ էր: Ես համարյա հպարտ էի»:
Երկար դադարից հետո նա ասաց․ «Դեյլ, պետք է մի բան ասեմ քեզ»։ Ապա, ես նկատեցի, որ մինչ փորձում էի հաճոյախոսություն կորզել նրանից, հայրս ինձ գովաբանելուց շատ ավելի կարևոր մտքերով էր տարված: Նա շարունակեց․ «Գիշերը ես հայտնություն ստացա: Երազ տեսա, որ մահացել եմ և տեսա Փրկիչին։ Նա առավ ինձ Իր բազուկների մեջ և ասաց ինձ, որ իմ մեղքերը ներված են: Այնքան լավ էի զգում»: Հայրս այդքանն ասաց բարձրաձայն։ Սակայն նրա դեմքի արտահայտությունը խոսուն էր․ նա ճանաչում էր Հիսուս Քրիստոսին։ Նա գիտեր, որ Բեթլեհեմի մանուկը, ով «զարգանում էր իմաստութիւնով և հասակով, և շնորհքով`Աստուծոյ և մարդկանց մոտ»,10 իր փրկությունն էր, գիտեր, որ Աստծո Որդին հասակ առավ և քավեց իր մեղքերը։ Եվ հայրս այդ մասին գիտեր այս երազից դեռ շատ առաջ: Երազը պարզապես գորովագութ ողորմություն էր՝ նվեր էր սիրող Երկնային Հոր կողմից մի ծերունու, ով մահացավ դրանից երկու ամիս անց: Երբևէ ստացած Սուրբ ծննդյան բոլոր նվերներից առավել, ես գնահատում եմ վկայության և հավատքի պարգևը, որի օրինակ են եղել իմ հայրը և մայրը:
Այս Սուրբ ծնունդին խնդրեք, որ ձեր Երկնային Հայրը ձեզ ընծայի աշխարհի Փրկիչի կենդանի իրողության մասին իմանալու հոգևոր պարգևը։ Սուրբ ծննդյան ժամանակաշրջանը՝ ուսումնասիրելու և Նրա բնավորությունն ու հատկանիշները ընդօրինակելու բնական ու գեղեցիկ ժամանակ է: Երբ այդպես վարվեք, դուք կիմանաք, որ Հիսուսը Քրիստոսն է` Աստծո Որդին, և որ Նա քավել է ձեր մեղքերը: Այս գիտելիքն ավելի լավն ու հարատև է, քան ցանկացած պարգև, որը Jultomten-ը (Ձմեռ պապը) երբևէ կաորղ է բերել ձեզ, քանի որ այն կփոխակերպի ձեզ։ Դուք կիմանաք, որ Փրկիչը սիրում է վերականգնել այն, ինչ դուք չեք կարող վերականգնել, բուժել վերքերը, որոնք դուք չեք կարող բուժել, ուղղել այն, ինչ անուղղելիորեն կոտրվել է, փոխհատուցել ձեր ունեցած ցանկացած անարդարության համար և ընդմիշտ նորոգել նույնիսկ փշրված սրտերը:
Իմ երկնային հոր նման, հնարավոր է, ես չկարողանամ իմ գիրկն առնել մանուկ Հիսուսին, բայց ես գիտեմ, ինչպես Սիմեոնը գիտեր, որ այդ երեխան Աստծո Որդին էր՝ իմ Փրկիչը ու ձեր Փրկիչը, իմ Քավիչն ու ձեր Քավիչը: Նա իրական է, և Նա ապրում է: Եվ դուք նույնպես կարող եք դա իմանալ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։