«Դաս 52․ Վարդապետություն և Ուխտեր 38․15–27, 34–42․ Եղեք մեկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ, (2025 թ․)
«Վարդապետություն և Ուխտեր 38․15–27, 34–42», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 52. Վարդապետություն և Ուխտեր 37–40
Վարդապետություն և Ուխտեր 38․15–27, 34–42
Եղեք մեկ
Տերը ցուցումներ տվեց Իր Սրբերին, երբ նրանք պատրաստվում էին մեծ զոհաբերություններ անել՝ Օհայոյում հավաքվելու համար: Սրբերին տրված Իր հայտնության մեջ Փրկիչը բացահայտեց Իր բնավորությունը և հրավիրեց Իր ժողովրդին ապրել Իր նման: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի նմանվել Փրկչին՝ արժևորելով ուրիշներին և ձգտելով միասնության:
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին մտածել այն խմբերի մասին, որոնց պատկանում են և հարցնել այդ խմբերի անդամներին, թե իրենց կարծիքով ինչ է անհրաժեշտ միասնության համար: Ուսանողները կարող են խոսել ընտանիքի անդամի, քվորումի կամ դասարանի ղեկավարի, ուսուցչի կամ մարզչի հետ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Տերը կամենում է, որ մենք դառնանք այնպիսին, ինչպիսին Ինքն է
Կարող եք սկսել դասը՝ յուրաքանչյուր ուսանողին առաջարկելով գրել իր հետաքրքրություններից հինգը: Այնուհետև դասարանը բաժանեք փոքր խմբերի: Առաջարկեք նրանց կիսվել իրենց հետաքրքրություններով և ընդհանուր հետաքրքրությունների ցուցակ կազմել: Այնուհետև խնդրեք նրանց քննարկել, թե ինչու է երբեմն դժվար տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար միասնական լինելը և ինչու է միասնությունը կարևոր Քրիստոսի աշակերտների համար:
Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հարցերի շուրջ.
-
Ի՞նչ եմ մտածում և ինչպե՞ս եմ վերաբերվում նրանց, ովքեր տարբերվում են ինձանից։
-
Ինչպե՞ս կարող են իմ մտքերն ու գործողությունները հանգեցնել բաժանման կամ միասնության։
Խրախուսեք ուսանողներին ոգեշնչում փնտրել Սուրբ Հոգու միջոցով՝ օգնելու նրանց գտնել այն եղանակները, որոնցով նրանք կարող են հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին՝ ուրիշների հանդեպ իրենց ցուցաբերած վերաբերմունքով։
1830 թվականի դեկտեմբերին Ջոզեֆ Սմիթն աշխատում էր Աստվածաշնչի ոգեշնչված վերանայման վրա և ստացավ այն, ինչն այժմ գրված է Թանկագին Մարգարիտի Մովսես 6–7 գլուխներում: Այս գլուխները Ենովք անունով մարգարեի և նրա ժողովրդի մասին են: Նրանց առաքինության և միաբանության շնորհիվ Տերը կոչեց այս մարդկանց Սիոն:
Վարդապետություն և Ուխտեր 38 գլխում Փրկիչը հրահանգեց Սրբերին հավաքվել Օհայոյում: Նա ուսուցանեց նրանց Իր բնավորության մասին և ընդգծեց Սիոնի կառուցման սկզբունքները: Այս սկզբունքներին հնազանդվելը կօգնի Սրբերին պատրաստվել ստանալու Փրկչի օրենքը և օժտվելու Նրա զորությամբ (տես Վարդապետություն և Ուխտեր 38.32)։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38․24–27 հատվածները՝ փնտրելով այն հատկանիշները, որոնք Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ մենք զարգացնենք։
Երբ ուսանողները կարդան Վարդապետություն և Ուխտեր 38.24–27 հատվածները, կարող եք նշել 24–25 հատվածների կրկնվող արտահայտությունը։ Կարող եք նաև առաջարկել մի քանի ուսանողի դերախաղով ներկայացնել 26–27 հատվածների առակը։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «գնահատի իր եղբորը, ինչպես ինքն իրեն»։ (Տես Մատթեոս 22․36–39, Հովհաննես 13․34–35, Հակոբ 2․17–19։)
-
Ի՞նչ կարող ենք սովորել Փրկչի մասին 26–27 հատվածների առակից։
-
Ի՞նչ են մեզ ուսուցանում 24–27 հատվածներն այն մասին, թե ինչպես մենք կարող ենք նմանվել Հիսուս Քրիստոսին։
Օգնեք ուսանողներին բացահայտել նմանատիպ մի սկզբունք. Մենք կարող ենք նմանվել Հիսուս Քրիստոսին, եթե գնահատենք ուրիշներին և ձգտենք միասնության որպես Նրա աշակերտներ:
-
Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը ուրիշներին գնահատելու օրինակ հանդիսանում: Ինչո՞ւ է Նա միասնությունը խրախուսելու օրինակ հանդիսանում:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե ինչպես կարող ենք գնահատել ուրիշներին և լինել մեկ։
Ի վերջո, մենք հասկանում ենք, որ միայն Աստծո ճշմարիտ Հայրության ըմբռնումը կարող է հանգեցնել տղամարդկանց ճշմարիտ եղբայրության և կանանց ճշմարիտ քույրության լիարժեք գնահատման և արժևորման։ Այդ ըմբռնումը ոգեշնչում է մեզ տարանջատման պատերի փոխարեն մեծ ցանկությամբ և ոգևորությամբ կառուցել համագործակցության կամուրջներ։
(Russel M. Nelson, “Remarks at Worldwide Priesthood Celebration,” [address given at the “Be One” celebration June 1, 2018], newsroom.Churchofjesuschrist.org)
-
Ի՞նչ կարող ենք սովորել Սալեմում Ջոզեֆ Սմիթի փորձառությունից և Վարդապետություն և Ուխտեր 38․24–27 հատվածներում Տիրոջ ուսմունքներից։
Ցուցադրեք «Մեկ ՔրիստոսումChurchofJesusChrist.org» (4:48) տեսանյութը, որը հասանելի է կայքում՝ օգնելու ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Փրկիչն օգնում մեզ դառնալ միասնական:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38․34–36, 39–42 հատվածները՝ փնտրելով, թե ինչու կոչ արեց Փրկիչը միավորվել Օհայոյում հավաքվել պատրաստվող սրբերին։
-
Ի՞նչ գտաք, որը օգնեց Օհայո տեղափոխվողներին գնահատել միմյանց և լինել միասնական:
Հրաժարվել նախապաշարմունքից բխող վերաբերմունքից և գործողություններից
Օգտագործեք մարգարեների խոսքերը՝ ընդգծելու վարդապետությունն ու սկզբունքները. Այդ հմտությունը զարգացնելու համար տես «Ուսուցանեք սուրբ գրություններով և վերջին օրերի մարգարեների խոսքերով» դասընթացը՝ Ուսուցիչների կատարելագործման հմտություններ․ Ուսուցանեք վարդապետությունը ուսուցողական նյութում։ Կարող եք կիրառել հմտությունը՝ «պատրաստելով հրավերներ, որոնք օգնում են ուսանողներին սուրբ գրություններում գտած ճշմարտությունները կապել ապրող մարգարեների ասած խոսքերի հետ», ինչպես ցույց է տրված նախագահ Նելսոնից ստորև ներկայացվող ելույթում:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է ուրիշների հանդեպ մեր վերաբերմունքի կարևորության մասին։ Կարդացեք ելույթը կամ դիտեք «Թող Աստված տնօրինի» տեսանյութը (18:51, դիտել 10:40-ից մինչև 13:01-ը) ChurchofJesusChrist.org կայքում:
Մեզանից յուրաքանչյուրն ունի աստվածային ներուժ, քանի որ յուրաքանչյուրն Աստծո զավակ է: Յուրաքանչյուրը հավասար է Նրա աչքում: Այս ճշմարտության հետևանքները խորն են: Եղբայրներ և քույրեր, խնդրում եմ, ուշադիր լսեք, թե ինչ եմ ասելու հիմա: Աստված մի ռասային ավելի պակաս չի սիրում, քան մյուսին: Նրա վարդապետությունն այս հարցում պարզ է. Նա հրավիրում է բոլորին գալ Իր մոտ՝ «սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին» [2 Նեփի 26.33]:
Վստահեցնում եմ ձեզ, որ Աստծո առջև ձեր արժանավոր լինելու հեռանկարը չի որոշվում ձեր մաշկի գույնով: Աստծուն սիրելը կամ չսիրելը կախված է Աստծո և Նրա պատվիրանների հանդեպ ձեր նվիրվածությունից, և ոչ թե ձեր մաշկի գույնից:
Ես ցավում եմ, որ ամբողջ աշխարհում մեր սևամորթ եղբայրներն ու քույրերը տառապում են ռասիզմի և նախապաշարմունքների ցավոտ խտրականությունից: Այսօր ես կոչ եմ անում մեր անդամներին ամենուր՝ հրաժարվել նախապաշարմունքների վերաբերմունքից և գործողություններից: Ես խնդրում եմ ձեզ հարգանք ցուցաբերել Աստծո բոլոր զավակների հանդեպ:
Մեզանից յուրաքանչյուրի համար հարցը նույնն է՝ անկախ ռասայից: Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված ամենամեծ ազդեցությունն ունենա ձեր կյանքում: Թույլ կտա՞ք, որ Նրա խոսքերը, Նրա պատվիրաններն ու ուխտերը ազդեն ձեր ամենօրյա քայլերի վրա: Թույլ կտա՞ք, որ Նրա ձայնը գերակշռի մյուս ձայներին: Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ այն, ինչ Նա է ցանկանում, որ դուք անեք, ավելի կարևոր լինի ձեր մնացած բոլոր նպատակներից: Դուք պատրա՞ստ եք, որ ձեր «կամքը կուլ գնացած լին[ի Նրա] կամքին»: (Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2021, 84)
-
Ի՞նչը տպավորեց ձեզ նախագահ Նելսոնի ուսմունքներից:
-
Որո՞նք են այն եղանակները, որոնցով կարող ենք կանխել կամ հրաժարվել նախապաշարմունքից բխող վերաբերմունքից և գործողություններից։
Երբ ուսանողները քննարկում են մեջբերումից իրենց սովորածը, ուշադիր եղեք ձեր բոլոր ուսանողների նկատմամբ, ովքեր կարող են բախվել որևէ տեսակի նախապաշարմունքի կամ ռասիզմի։ Խնդրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես են իրենք օրհնվել՝ ձգտելով գնահատել ուրիշներին և միավորվել որպես Քրիստոսի աշակերտներ:
Հրավիրեք ուսանողներին աղոթքով գնահատել, թե որքան լավ են արժևորում ուրիշներին և ձգտում միասնության։
Միգուցե ուսանողները ցանկանան պատասխանել հետևյալ հարցերին իրենց ուսումնական օրագրում։
Աղոթքով խորհեք հետևյալ հարցերի շուրջ և պատասխանեք դրանցից մեկին կամ մի քանիսին ձեր ուսումնասիրության օրագրում.
-
Ի՞նչ կարող եք անել՝ Աստծո բոլոր զավակներին գնահատելու և նրանց հանդեպ սեր ցուցաբերելու համար։
-
Ինչպե՞ս կարող եք կանխել կամ հրաժարվել նախապաշարմունքից ելնող վերաբերմունքից և գործողություններից։
-
Ինչո՞ւ դա անելը կօգնի ձեզ ավելի շատ նմանվել Փրկիչին:
Կիսվեք ձեր զգացումներով ուրիշների հանդեպ մեր վերաբերմունքի կարևորության և Քրիստոսում մեկը դառնալու օրհնությունների վերաբերյալ։