2010–2019 թթ․
Կանգնել Եկեղեցու ղեկավարների կողքին
Ապրիլ 2016


14:1

Կանգնել Եկեղեցու ղեկավարների կողքին

Արդյոք դուք կանգնա՞ծ եք Եկեղեցու ղեկավարների կողքին այս մթագնող աշխարհում այնպես, որ տարածեք Քրիստոսի Լույսը:

Մենք մեր ջերմ ողջույններն ենք հղում նոր կանչված Բարձրագույն Իշխանություններին, Տարածքային Յոթանասունականներին և Երեխաների խմբի հրաշալի նոր գերագույն նախագահությանը: Խորին երախտագիտությամբ մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր հետ կանչվեցին: Մենք սիրում ենք ձեզանից յուրաքանչյուրին:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, քիչ առաջ մենք մասնակցեցինք շատ օրհնյալ մի փորձառությանը, բարձրացնելով մեր ձեռքերը՝ հաստատելու այս վերջին օրերում Աստծո կողմից կանչված մարգարեներին, տեսանողներին ու հայտնողներին, ինչպես նաև մյուս ղեկավարներին ու գերագույն պաշտոնյաներին: Ես երբեք անտարբեր կամ անփույթ կերպով չեմ վերաբերել Տիրոջ ծառաներին հաստատելու և նրանց կողմից առաջնորդվելու հնարավորությանը: Ընդամենը ամիսներ առաջ, ընդունելով իմ սեփական նոր կոչումը որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, ես երախտապարտ եմ ձեր հաստատող ձայնի ու վստահության համար: Ես գնահատում եմ ձեր պատրաստակամությունը՝ կանգնելու իմ և բոլոր այս մեծ առաջնորդների կողքին:

Հոկտեմբեր ամսին իմ հաստատվելուց անմիջապես հետո ես հանձնարարությամբ ուղևորվեցի Պակիստան, և այնտեղ գտնվելու ժամանակ հանդիպեցի այդ երկրի հրաշալի ու նվիրված սրբերին: Նրանք փոքրաքանակ են, բայց մեծահոգի: Տուն վերադառնալուց կարճ ժամանակ անց ես ստացա հետևյալ նամակը եղբայր Շակիլ Արշադից՝ մի հաճելի անդամից, որին այնտեղ հանդիպել էի. «Շնորհակալություն, Երեց Ռասբենդ, Պակիստան այցելելու համար: Ես ուզում եմ Ձեզ ասել, որ մենք … Եկեղեցու անդամներս … աջակցում և սիրում ենք Ձեզ: [Մենք] այնքան բախտավոր ենք, որ Դուք եղաք այստեղ և մենք լսեցինք Ձեր խոսքը: Դա ուղղակի մի ոսկե օր էր իմ ընտանիքի կյանքում, որ մենք հանդիպեցինք մի Առաքյալի»:

Եղբայր Արշադի նման սրբերի հանդիպելը, ինչպես նաև ինձ հետ կապված ոսկե օր արտահայտությունը լսելը մի բացառիկ ու խոնարհեցնող փորձառություն էր ինձ համար:

Հունվարին Եկեղեցու ղեկավարները մասնակցեցին ամբողջ աշխարհից երիտասարդների և նրանց ղեկավարների ու ծնողների հետ «Դեմ առ դեմ» հեռարձակմանը: Հեռարձակումը համացանցում ուղիղ եթերով էր ընթանում, ընդգրկելով 146 երկրների տարբեր վայրեր: Որոշ վայրերի ժողավատներում մեծ լսարան կար, մյուսները ներկայացնում էին ընդամենը մեկ երիտասարդի, ով տնից դիտում էր հեռարձակումը: Ընդհանուր առմամբ, հարյուր հազարավոր մարդիկ էին միացել:

Դեմ առ դեմ երեց Ռասբենդի, քույր Օսկարսոնի և եղբայր Օուենի հետ

Մեր երիտասարդ օգտատերերի, երաժիշտների և այլոց աջակցությամբ ընթացող ծրագրի ժամանակ, կապվելով մեր վիթխարի լսարանի հետ, քույր Բոննի Օսկարսոնը, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահը, եղբայր Սթիվեն Վ. Օուենը, Երիտասարդ Տղամարդկանց գերագույն նախագահը և ես պատասխանում էինք մեր երիտասարդների հարցերին:

Մեր նպատակն էր ներկայացնել 2016թ. ընդհանուր թեման՝ «Առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ», 2 Նեփի գլխից, որտեղ ասվում է. «Ուստի, դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք»:

Ի՞նչ մենք սովորեցինք, կարդալով մեր երիտասարդների հարյուրավոր հարցերը: Մենք իմացանք, որ մեր երիտասարդները սիրում են Տիրոջը, աջակցում են իրենց ղեկավարներին, և ցանկանում են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Հարցերը վկայում են սովորելու ցանկության մասին, այն ճշմարտություններն ավելացնելու մասին, որոնք արդեն կան մեր վկայություններում և ավելի պատրաստված լինելու «առաջ մղվել Քրիստոսի հանդեպ հաստատակամությամբ»:

Ավետարանի վերականգնումը սկսվել է երիտասարդից՝ Ջոզեֆ Սմիթից, ով հարց տվեց: Փրկչի ուսմունքներից շատերը Նրա առաքելության ժամանակ սկսվում էին հարցով: Հիշենք Նրա հարցը Պետրոսին. «Իսկ դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ»: Եվ Պետրոսի պատասխանն էր. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին»: Մենք պետք է օգնենք միմյանց գտնել Երկնային Հոր պատասխանները՝ Հոգու առաջնորդությամբ:

Այդ հեռարձակմանը ես ասացի երիտասարդներին.

«Այս Եկեղեցու ղեկավարները օտար մարդիկ չեն ձեր հարցերի, մտահոգությունների, և մարտահրավերների պարագայում:

Մենք ունենք երեխաներ, ունենք թոռներ: Մենք հաճախ ենք հանդիպում աշխարհի երիտասարդների հետ: Եվ մենք աղոթում ենք ձեզ համար, մենք խոսում ենք ձեր մասին շատ սուրբ վայրերում, և մենք սիրում ենք ձեզ»:

Ես կցանկանայի կիսվել այդ իրադարձության մասին բազմաթիվ արձագանքներից մեկով:

Կանադայի Ալբերտա նահանգի Գրանդե Պրերիից Լիսան գրել է. «Այս «Դեմ առ դեմ» իրադարձությունը հրաշալի էր: Ինչպիսի՛ ուժ հաղորդվեց այն իմ վկայությանը և ավետարանի մասին իմ համոզմունքներին: Մենք այնքան օրհնված ենք ունենալու ոգեշնչված ղեկավարներ, ովքեր կանչվել են ծառայելու տարբեր պաշտոններում»:

Ավելի վաղ, Յուտայի Փլեզանթ Գրուվից Լիզը գրել էր. «Ես երախտապարտ եմ իմ հավատքի և հնարավորության համար աջակցելու Աստծո մարգարեին ու նրա հետ ծառայող տղամարդկանց և կանանց»:

Մենք այսօր հաստատեցինք ղեկավարներին, ովքեր աստվածային ոգեշնչմամբ կանչվել են ուսուցանելու և առաջնորդելու մեզ, և ովքեր կոչ են անում մեզ զգուշանալ վտանգներից, որոնց մենք հանդիպում ենք ամեն օր, սկսած Հանգստյան օրը հազվադեպ հիշելուց, ընտանիքին սպառնացող վտանգներից, կրոնական ազատության ոտնահարումներից, ընդհուպ մինչև վերջին օրերի հայտնության վիճարկումից: Եղբայրներ և քույրեր, լսո՞ւմ ենք արդյոք մենք նրանց խորհուրդը:

Բազմաթիվ անգամներ համաժողովների, հաղորդության ժողովների ու Երեխաների խմբի դասերի ժամանակ մենք երգել ենք այս քնքուշ խոսքերը. «Առաջնորդիր, քայլիր ինձ հետ»: Ի՞նչ նշանակություն ունեն այս բառերը ձեզ համար: Ո՞վ է ձեր մտքին գալիս, երբ մտածում եք այդ խոսքերի մասին: Զգացե՞լ եք արդյոք առաքինի ղեկավարների ազդեցությունը, Հիսուս Քրիստոսի այդ աշակերտների, ովքեր թե անցյալում, և թե այսօր շարունակում են մասնակից լինել ձեր կյանքին, ովքեր քայլում են Տիրոջ ուղիով ձեզ հետ միասին: Նրանք կարող են շատ մոտ լինել՝ ձեր տանը, կամ ձեր տեղական համայնքներում, կամ էլ խոսեն ամբիոնից գերագույն համաժողովի ժամանակ: Այս աշակերտները կիսվում են մեզ հետ վկայություն ունենալու օրհնությամբ՝ Տեր Հիսուս Քրիստոսի մասին, այս Եկեղեցու ղեկավարի, մեր հոգիների առաջնորդի, ով խոստացել է. «Ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին»:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը պատմել է մի պատմություն, երբ հրավիրվել էր իր ցցի նախագահ` Փոլ Ք. Չայլդի տուն, նախապատրաստվելու համար Մելքիսեդեկյան Քահանայություն ստանալուն: Դա մի հատուկ օրհնություն էր նախագահ Չայլդի համար, ով չգիտեր այդ ժամանակ, որ ուսուցանում էր Ահարոնյան Քահանայություն կրող պատանուն, ով մի օր դառնալու էր Աստծո մարգարեն:

Ես ունեցել եմ իմ սեփական ուսուցման պահերը մեր սիրելի մարգարե՝ Նախագահ Մոնսոնից: Իմ մտքում կամ իմ սրտում չկա ոչ մի հարց, որ նա Տիրոջ մարգարեն է երկրի վրա: Ես եղել եմ խոնարհ մասնակիցը, երբ նա ստացել է հայտնություն և գործել է համաձայն դրա: Նա ուսուցանել է մեզ հասնել միմյանց, պաշտպանել ու փրկել: Դա էր ուսուցանվել Մորմոնի Ջրերի մոտ: Նրանք, ովքեր «փափագում» էին … «կոչվել նրա ժողովուրդը» պատրաստ էին «կրելու մեկը մյուսի բեռը», «սգալու նրանց հետ, ովքեր սգում են» և «կանգնելու որպես Աստծո վկաներ»:

Ես կանգնում եմ այսօր որպես Աստծո՝ Հավերժական Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի վկա: Ես գիտեմ, որ մեր Փրկիչն ապրում է, սիրում է մեզ և առաջնորդում է Իր ծառաներին, ձեզ և ինձ, իրականացնելու համար Իր զորավոր նպատակները այս երկրի վրա:

Երբ մենք առաջ ենք մղվում, հետևելով մեր ղեկավարների խորհրդին և զգուշացումներին, մենք հետևեում ենք Տիրոջը այն ժամանակ, երբ աշխարհը գնում է մեկ այլ ուղղությամբ: Մենք ընտրում ենք ամուր բռնել երկաթե ձողից, լինել վերջին օրերի սրբեր, լինել Տիրոջ այգում, և լցված լինել «չափազանց մեծ ուրախությամբ»:

Այսօր գոյացող հարցը հստակ է. արդյոք դուք կանգնա՞ծ եք Եկեղեցու ղեկավարների կողքին այս մթագնող աշխարհում, այնպես, որ կարողանաք տարածել Քրիստոսի Լույսը:

Ղեկավարների հետ հարաբերությունները շատ կարևոր են և նշանակալից: Անկախ նրանց տարիքից, անկախ նրանից, մոտ են նրանք մեզ, թե հեռու, կամ թե երբ կարող են ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա, նրանց ազդեցությունն արտացոլված է ամերիկացի բանաստեղծ Էդվին Մարքամի հետևյալ խոսքերի մեջ.

Ճակատագիրը մեզ եղբայրներ է դարձնում.

[Ոչ մեկ] իր ճանապարհը մենակ չի անցնում:

Այն, ինչ գործում ենք մենք ուրիշների կյանքում,

Մեր կյանք է միշտ վերադառնում:

Շակիլ Արշադը, իմ ընկերը Պակիստանից, աջակցեց ինձ՝ ինչպես իր եղբորը և ընկերոջը: Եվ ձեզանից շատերն այդպես արեցին: Երբ մենք պատրաստակամ ենք բարձրացնելու միմյանց, մենք հաստատում ենք այս զորեղ խոսքերը. «Ոչ մեկ իր ճանապարհը մենակ չի անցնում»:

Ամենաշատը մենք մեր Փրկչի, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կարիքն ունենք: Սուրբ գրությունների պատմություններից մեկը, որ ինձ միշտ հուզել է հոգեպես, այն է, երբ Հիսուս Քրիստոսը քայլում էր ջրի վրայով դեպի Իր աշակերտները, որոնք Գալիլեյան ծովում նավարկում էին: Նրանք նոր կանչված ղեկավարներ էին, ինչպես մեզանից շատերն այս բեմի վրա այսօր: Պատմությունը գրված է Մատթեոսի գրքում.

«Բայց նաւն արդէն ծովի մէջ տեղն էր, ու ալեկոծվում էր, որովհետեւ քամին ներհակ էր:

Եւ գիշերի չորրորդ պահին Հիսուսը ծովի վերայ գնալով նորանց մօտ եկավ:

Եւ աշակերտներն երբոր տեսան նորան ծովի վերայ գնալիս, շփոթվեցան և… վախից աղաղակեցին:

Եւ Հիսուսը շուտով խօսեց նորանց հետ եւ ասեց. Քաջ եղէք, ես եմ՝ մի վախենաք»:

Պետրոսը լսեց այդ հրաշալի քաջալերանքը Տիրոջից:

«Եւ Պետրոսը պատասխան տուաւ նորան և ասեց, Տէր, եթէ դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վերայով քեզ մօտ գամ:

Նա էլ ասեց, Եկ»:

Բավականին համարձակ քայլ էր: Պետրոսը ձկնորս էր և ծանոթ էր ծովի վտանգներին: Սակայն, նա պարտավորվել էր հետևել Հիսուսին, գիշեր, թե ցերեկ, նավի մեջ, թե ցամաքի վրա:

Պատկերացնում եմ, թե ինչպես Պետրոսը ցատկեց նավակից դուրս, չսպասելով երկրորդ հրավերին և սկսեց քայլել ջրի վրայով: Իսկապես, սուրբ գրությունն ասում է. «[Նա] ջրերի վերայովը գնաց, որ գայ Հիսուսի մօտ»: Քանի որ քամին ուժգին ու սաստիկ դարձավ, և ալիքներն ալեկոծվում էին նրա ոտքերի մոտ, Պետրոսը «վախեցավ, եւ երբոր սկսեց ընկղմվիլ, աղաղակեց և ասեց, Տէ՛ր, փրկիր ինձ:

Եւ շուտով Հիսուսը իր ձեռքը մեկնեց՝ նորան բռնեց»:

Ի՛նչ հզոր դաս է: Տերն այնտեղ էր, որ նրան օգներ, ճիշտ ինչպես այստեղ է, որ ձեզ և ինձ օգնի: Նա մեկնեց Իր ձեռքը և քաշեց Պետրոսին դեպի Իրեն և դեպի ապահովություն:

Ես այնքան հաճախ եմ ունեցել Փրկչի ու Նրա փրկող ձեռքի կարիքը: Այժմ ավելի շատ, քան երբևէ, ես Նրա կարիքն ունեմ, ինչպես և ձեզանից յուրաքանչյուրը: Ժամանակ առ ժամանակ, հայտնվելով նավակի այն կողմում, այլ կերպ ասած՝ անծանոթ վայրերում, ես վստահություն եմ զգացել, գիտակցելով, որ չէի կարող անել դա միայնակ:

Ինչպես մենք քննարկեցինք Դեմ առ դեմ հեռարձակման ժամանակ, Տերը հաճախ է օգնում մեզ մեր ընտանիքի անդամների ու ղեկավարների միջոցով, հրավիրելով մեզ գալ Իր մոտ, ճիշտ ինչպես նա օգնեց Պետրոսին, փրկելով նրան:

Դուք նույնպես կունենաք շատ պահեր, երբ պետք է արձագանքեք հաճախ հնչող հրավերին. «Եկեք Քրիստոսի մոտ»: Չէ, որ մեր այս մահկանացու կյանքն ամբողջությամբ այդպիսին է: Կանչ կարող է գալ՝ փրկելու ընտանիքի անդամին, կամ՝ միսիա ծառայելու, Եկեղեցի վերադառնալու, սուրբ տաճարն այցելելու և ինչպես մենք վերջերս լսեցինք մեր հրաշալի երիտասարդներից «Դեմ առ դեմ» նախաձեռնության ժամանակ՝ «Եկեք, օգնեք ինձ, պատասխանեք իմ հարցին»: Պատշաճ ժամանակին մեզանից յուրաքանչյուրը պիտի լսի կանչը. «Արի տուն»:

Ես աղոթում եմ, որ մենք հասնենք, հասնենք ու բռնենք Փրկչի ձեռքը, որը Նա մեկնում է մեզ, հաճախ Իր աստվածային զորությամբ կանչված ղեկավարների և մեր ընտանիքի անդամների միջոցով, և լսենք գալու Նրա կանչը:

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Ես սիրում եմ Նրան և ես գիտեմ իմ ողջ սրտով, որ Նա սիրում է մեզանից յուրաքանչյուրին: Նա մեր մեծ Օրինակն է և մեր Հոր բոլոր զավակների սուրբ առաջնորդը: Այս մասին ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը, Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն:

Հղումներ

  1. Facebook comment from Shakeel Arshad to Ronald A. Rasband, Dec. 2, 2015.

  2. 2 Նեփի 31.20

  3. Մատթեոս 16.15

  4. Մատթեոս 16.16

  5. Ronald A. Rasband, in Face to Face, Jan. 20, 2016, lds.org/media-library.

  6. Face to Face response from Lisa Jarvis, from Grande Prairie, Alberta, Canada

  7. Tweet from Liz Darger, Pleasant Grove, Utah, Apr. 4, 2015

  8. «Աստծո զավակն եմ», Օրհներգեր, համ. 301

  9. Վարդապետություն և Ուխտեր 68.6

  10. Տես Թոմաս Ս. Մոնսոն, “Our Sacred Priesthood Trust,” Լիահոնա, մայիս 2006, 55–56:

  11. Մոսիա 18.8–9

  12. Տես Մոսիա 18.8–9:

  13. 1 Նեփի 8.12

  14. Edwin Markham, “A Creed,” Lincoln and Other Poems (1901), 25.

  15. Մատթեոս 14.24–27

  16. Մատթեոս 14.28–29

  17. Մատթեոս 14.29

  18. Մատթեոս 14.30–31

  19. Մորոնի 10.32