Երիտասարդներին զորացնելու համար ամենամսյա ուղերձ, ապրիլ 2026
Ձեր գործած սխալներից հետո՝ անգամ մեծ սխալներից
Մենք շատ բան կարող ենք սովորել Պետրոսից Փրկչի, Նրա Քավության և կրկին փորձելու մասին։
Peter’s Denial [Պետրոսի ուրացումը], Քարլ Բլոխ
Մեզանից շատերն ունեն առնվազն մեկ հիշողություն, որը կցանկանայինք պարզապես մոռանալ։ Անկախ նրանից՝ դա լիակատար ամոթի պահ էր, ֆիզիկական ցավ պատճառող վթար, թե վեճ, որի ժամանակ դուք ասել եք այնպիսի բառեր, որոնք կցանկանայիք հետ վերցնել, կյանքում բազմաթիվ պահեր կան, որոնց դեպքում «կրկին փորձել» կամ նույնիսկ «ջնջել» կոճակը չափազանց գրավիչ է հնչում։
Դառը մարգարեությունն իրականացել է
Պետրոս առաքյալը Նոր Կտակարանի ամենից ուշագրավ անձերից մեկն էր։ Նա ուներ այնպիսի հավատք և քաջություն, որ ջրի վրայով քայլեց դեպի Հիսուսը, բայց ընդամենը մի քանի պահ անց նա թույլ տվեց, որ իր վախերը հաղթահարեն իրեն, և սկսեց սուզվել՝ օգնության կանչելով Տիրոջը (տես Մատթեոս 14․28–31): Թեև մենք չգիտենք Պետրոսի կյանքի բոլոր մանրամասները, սակայն գիտենք մի դեպք, երբ նա դառնապես լաց եղավ։
Իր ձերբակալությունից ընդամենը մի քանի ժամ առաջ Հիսուս Քրիստոսը մարգարեացավ, որ աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած, Պետրոսը երեք անգամ կուրանար Իրեն։ Պետրոսը հրաժարվեց հավատալ նման մարգարեությանը և «առավել ևս պնդում էր և ասում՝ Ես քեզ չեմ ուրանա, եթե նույնիսկ հարկ լինի քեզ հետ մեռնել» (Մարկոս 14․31):
Իհարկե, Փրկչի մարգարեությունն իրականացավ։ Փրկչի ձերբակալության հետ կապված սարսափի ու վախի մթնոլորտում Պետրոսի քաջությունը դավաճանեց նրան։ Երկու անգամ հերքելուց հետո, որ ճանաչում է Փրկչին, և երրորդ անգամ ճնշման ենթարկվելուց հետո «Պետրոսը սկսեց նզովել ու երդվել՝ Ես չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խոսում եք» (Մարկոս 14․71):
Երբ աքաղաղը երկու անգամ կանչեց, և Պետրոսը հիշեց Փրկչի մարգարեությունը, նա «դառնապես լաց եղավ» (Մատթեոս 26․75):
Բայց սա նրա պատմության ավարտը չէ։
Անկյան թեքում՝ ընդմիշտ փոփոխություն
Սուրբ գրություններից մենք իմանում ենք, որ Պետրոսի վախերը երբեք այլևս չգերազանցեցին նրա վկայությանը Հիսուս Քրիստոսի մասին։ Նա համարձակորեն վկայում էր Փրկչի մասին ամեն հնարավորության դեպքում՝ անկախ դա անելու անձնական վտանգից։ Հիշե՛ք, Պետրոսն ուսուցանում էր մի ժողովրդի, որը հենց նոր էր խաչել Հիսուս Քրիստոսին։ Վտանգն իրական էր։
Երբ Պետրոսը բժշկեց ի ծնե կաղ մի մարդու՝ պատվիրելով նրան. «Հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց և քայլի՛ր» (Գործք Առաքելոց 3․6), նրան ձերբակալեցին Հովհաննեսի հետ միասին և հարցաքննեցին, թե նա ինչպես է կատարել այս հրաշքը։
Պետրոսը համարձակորեն պատասխանեց. «Արդ թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, և որին Աստված մեռելներից հարություն տվեց. նրանով է սա հիմա ձեր առաջ առողջացած կանգնել։
Սա է ձեզանից՝ շինողներիցդ անարգված այն քարը, որ անկյունաքար դարձավ։ Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել» (Գործք Առաքելոց 4․10–12)։
Ի՜նչ համարձակ պատասխան։ Եվ նրա համոզմունքների հստակ ապացույցը։
Անկատար ծառաներ՝ կատարելապես ծառայելու կարողությամբ
Մեզանից յուրաքանչյուրը մեղանչելու է այս կյանքում։ Չնայած մեր բոլոր ջանքերին, մենք ժամանակ առ ժամանակ չենք արդարացնելու մեր հույսերն ու մտադրությունները։ Ինչպես Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Ջեֆրի Ռ․ Հոլլանդը (1940–2025) մի անգամ ուսուցանել է. «Բացառությամբ իր կատարյալ Միածին Որդու, Աստծո ողջ ունեցածը անկատար մարդիկ են, որոնց հետ պետք է աշխատի»։
Ձեր հոգևոր արժեքը չի սահմանվում կամ սահմանափակվում ձեր գործած սխալներով՝ անգամ մեծ սխալներով։ Քանի որ Պետրոսը ապաշխարեց, և Քրիստոսը ներեց նրան, Քրիստոսին ուրանալը չխանգարեց նրան հետագայում մեծ զորությամբ վկայել, ուսուցանել և դարձի բերել։ Սուրբ գրությունները լի են այլ աշակերտների օրինակներով, որոնք մեղանչել են, ապաշխարել և շարունակել իրենց ճանապարհը Քրիստոսի հանդեպ հավատքով։
Սատանան միշտ կփորձի համոզել ձեզ, որ ձեր սխալներն ավելանում են, և որ դուք երբեք չեք կարողանա հաղթահարել դրանք։ Անտեսեք նրա ստերը։
Քույր Թամարա Վ․ Ռունիան՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդականը, ուսուցանել է. «Դուք պետք է լսեք սա, ուստի ես բարձրաձայն կասեմ այս խոսքերը. «Դուք ձեր ներքին ձայնը կամ ձեր թույլ տված սխալները չեք»: Գուցե դուք նույնպես պետք է բարձրաձայն ասեք սա։ Սատանային ասեք՝ «Այսօրվանից՝ ոչ»։ Հետևում թողեք նրան։
Զգացեք այդ փոփոխությունը՝ Աստծու ուզած տրտմությունը, որը ձեզ դարձնում է դեպի ձեր Փրկիչը, և տեսեք, թե ինչպես է Նրա շնորհը մտնում ձեր կյանք և նրանց կյանք, ում սիրում եք: Ես խոստանում եմ, որ այն պահին, երբ մենք կոտրված սրտով խիզախորեն մոտենանք Նրան, Նա անհապաղ այնտեղ կլինի»:
Christus Consolator [Քրիստոս՝ Մխիթարիչ], Քարլ Բլոք
Ձեր պայծառ օրերն առջևում են
Այս Սուրբ Զատկի տոնին, երբ ավելի շատ խորհեք Փրկչի Քավության շուրջ, հիշեք, որ ապաշխարելու և կրկին փորձելու ունակությունը մեծագույն պարգևներից մեկն է, որը դուք երբևէ կարող եք ստանալ։ Հիսուս Քրիստոսի շնորհիվ ձեր ամենավատ սխալները կարող են ներվել, ապա ընկնել՝ ինչպես ծանր շղթաներ։
«Փրկիչը անսահման ավելի պայծառ է, քան ամոթի խավարը»,- ուսուցանել է քույր Ռունիան։
Հիսուս Քրիստոսի շնորհիվ հույսը միշտ կարող է պայծառորեն շողալ առջևում, երբ դուք կենտրոնացած մնաք Նրա վրա։
© 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly For the Strength of Youth Message, April 2022-ի թարգմանությունը։ Armenian. 20064 201