2025
Օգնություն Հիսուս Քրիստոսից․ ինչու-ն և ինչպես-ը
Երիտասարդներին զորացնելու համար ապրիլ 2025


Երիտասարդներին զորացնելու համար ամենամսյա ուղերձ, ապրիլ 2025

Օգնություն Հիսուս Քրիստոսից ինչու-ն և ինչպես

Հասկացեք, թե ինչու է Հիսուս Քրիստոսը պատասխանը, և ինչպես է Նա օգնում ձեզ:

Հիսուս Քրիստոս

Նկարը՝ Դան Վիլսոնի

«Ես զգում եմ, որ անընդհատ սխալվում եմ: Դժվար է շարունակել փորձել»:

«Իմ վիճակը ծանր է։ Ես վստահ չեմ, թե ինչպես փոխել իմ ապագան»:

«Ես անհանգստանում եմ ապագայի համար: Ես վստահ չեմ, որ ունեմ հաջողության հասնելու կարողություն»։

«Ես ուժասպառ եմ, բայց դեռ ավելին կա անելու»:

Երբևէ ունեցե՞լ եք այս խնդիրներից որևէ մեկը։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Ինչ հարց կամ խնդիր էլ ունենաք, պատասխանը միշտ գտնվում է Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մեջ» («Պատասխանն է՝ Հիսուս Քրիստոս», ապրիլ 2023 գերագույն համաժողով [Լիահոնա, մայիս 2023, 127])։

Հեշտ է ասել․ «Հիսուս Քրիստոսն է պատասխանը»։ Մի փոքր ավելի շատ ջանք է պահանջվում հասկանալու համար, թե ինչու և ինչպես է Նա հանդիսանում պատասխանը։

Ինչու՞ է Քրիստոսը պատասխանը

Երբ Փրկիչը համբերությամբ տարավ Իր քավող զոհաբերությունը, Նա արեց երեք կարևոր բան.

  1. Նա հաղթեց մահին՝ թույլ տալով մեզ հարություն առնել։

  2. Նա վճարեց բոլոր մեղքերի գինը՝ հնարավորություն տալով մեզ ապաշխարել, աճել և վերադառնալ դեպի Աստված: Դա նաև օգնում է մեզ ներել ուրիշներին, երբ նրանք մեղք են գործում, քանի որ Քրիստոսն իր վրա վերցրեց նրանց մեղքերը:

  3. Նա զգաց բոլոր ցավերը, չարչարանքները, գայթակղությունները, հիվանդություններն ու թուլությունները (տես Ալմա 7.11-13)։ Դա նշանակում է, որ Նա հստակ գիտի, թե ինչպես օգնել և բուժել ձեզ և կարող է զորացնել ձեզ՝ դիմանալու փորձություններին և ձգտելու ավելի լավը դառնալ:

Ընտրեք ցանկացած խնդիր և կարող եք լուծումը կապել այդ երեք ճշմարտություններից մեկին կամ մի քանիսին:

Աղքատությո՞ւն։ Քանի որ Հիսուս Քրիստոսը տարավ ամեն ինչ, Նա հստակ գիտի, թե ինչ է դա: Միշտ չէ, որ Նա, որ վերացնում է խոչընդոտը, բայց Նա կարող է զորացնել այն մարդկանց, որոնք կրում են այդ բեռը (տես Մոսիա 24.15):

Ձախողո՞ւմ։ Քանի որ Քրիստոսը հաղթահարեց մեղքը, մեր ձախողումները մշտական չպիտի լինեն: Ապաշխարությունը ներառում է կատարելագործվել և ավելի շատ դառնալ այնպիսի անձ, որը Նա գիտի, որ մենք կարող ենք լինել:

Հիվանդությո՞ւն։ Քանի որ Նա հաղթեց մահին, մենք հարություն կառնենք կատարյալ մարմիններով, որոնք պաշտպանված կլինեն հիվանդությունից և ցավից: Քրիստոսը նաև «[վերցրեց] իր վրա … հիվանդություններ» (Ալմա 7.11)՝ դարձնելով Իրեն մխիթարություն և աջակցություն առաջարկող կատարյալ անձնավորություն:

Ինչպե՞ս է Քրիստոսը օգնում

Բայց նույնիսկ երբ մենք գիտենք, թե ինչու է Փրկիչը պատասխանը (այն բանի շնորհիվ, թե ով է Նա և ինչ է արել մեզ համար), մենք դեռ պետք է իմանանք, թե ինչպես ենք մենք օգնություն և ուժ ստանում Նրանից: Ահա մի քանի օրինակներ․

Աղոթք: Աղոթելով Հիսուս Քրիստոսի անունով՝ մեզ նման անկատար մարդիկ կարող են խոսել կատարյալ Աստծո հետ։ Մենք կարող ենք աղոթել մեզ անհրաժեշտ ուժի համար ցանկացած իրավիճակում, և Աստված ոչ միշտ կպատասխանի այնպես, ինչպես ցանկանում կամ ակնկալում ենք, այլ այն ձևով, որը կօրհնի մեզ: Փրկչի հրավերն իրական է. «Խնդրեք և պիտի ստանաք» (Հովհաննես 16.24, 3 Նեփի 27.29, Վարդապետություն և Ուխտեր 4.7):

Սուրբ Հոգու պարգևը: Երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին միավորված են նպատակով: Նրանք միասին են գործում։ Ամեն անգամ, երբ դուք առաջնորդություն կամ մխիթարություն զգաք Սուրբ Հոգուց, դուք կարող եք համարել, որ Քրիստոսը նույնպես օգնում է ձեզ:

Պահել ուխտերը։ Երեց Դեյլ Գ. Ռենլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է․ «Ուխտի արահետ եզրույթը վերաբերում է մի շարք ուխտերի, որոնցով մենք գալիս ենք Քրիստոսի մոտ և կապվում Նրա հետ: Այդ ուխտի կապի միջոցով մենք ստանում ենք Նրա հավերժական զորությունը» (ապրիլ 2023 գերագույն համաժողով [Լիահոնա, մայիս 2023, 36])։

Շնորհ։ Երբ մենք հավատք ենք դրսևորում առ Հիսուս Քրիստոս և ապաշխարում, մենք կարող ենք լրացուցիչ օգնություն և ուժ ստանալ (նաև կոչվում է շնորհ)՝ իրականացնելու բաներ, որոնք մենք չէինք կարողանա ինքնուրույն կատարել (տես Սուրբ գրությունների ուղեցույց, «Շնորհ»): Այս ուժը կամ շնորհը կարող է գալ բազմաթիվ աղբյուրներից՝ Սուրբ Հոգուց, ընկերոջից, անծանոթից, զգացումից: Այսինքն, ամեն բարի բան գալիս է Քրիստոսից (տես Մորոնի 7.22): Երբ դուք գտնում եք մի քիչ ավելի շատ համբերություն, մի քիչ ավելի շատ եռանդ, մի քիչ ավելի շատ ուժ՝ դիմանալու համար, նայեք դրանց որպես օգնություն Քրիստոսից:

Հիշեք ինչու և ինչպես

Այսպիսով, հաջորդ անգամ, երբ որևէ հարցի կամ խնդրի պատասխանի կարիք ունենաք, նայեք Քրիստոսին: Հիշեք, որ մեղքի, մահվան և մահկանացու կյանքի բոլոր այլ մարտահրավերների դեմ, Նրա հաղթանակի շնորհիվ, անհնարին ոչինչ չկա: Փնտրեք, թե Նա ինչպես կարող է օրհնել ձեզ, և դուք կտեսնեք Նրա ազդեցությունը ձեր կյանքում: Նա կատարելապես սիրում է ձեզ: